Անվանումը կապում են քաղաքի առասպելական հիմնադիր Կիյի անվան հետ։ Ըստ հնագիտական տվյալների՝ Կիևն առաջացել է 5-րդ դարի վերջին 6-րդ դարի սկզբին որպես պոլյաններ արևելասլավոնական ցեղի կենտրոն։
Միջնադարյան աղբյուրներում հիշատակվում է հաճախ որպես Մանքերման (Մանկերման)[1]։
Կիև անունը կապվում է քաղաքի առասպելական հիմնադիր Կիյի հետ։ Հիմնադրվել է VI-VII դար։ Մինչև 1132 թվականը եղել է Կիևյան Ռուսիայի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը։ 1240 թվականին ավերել են մոնղոլ-թաթարները։ 1471 թվականին եղել է Լիտվական մեծ իշխանության Կիևյան վոյեվոդության կենտրոն։ 1569 թվականին Լյուբլինյան ունիայով անցել է Լեհաստանին։ 1654 թվականին Ուկրաինայի վերամիավորումը Ռուսաստանին պատմական մեծ նշանակություն է ունեցել նաև Կիևի համար։ 19-րդ դարում զարգացել է արդյունաբերությունը, բացվել են բուհեր (1834 թվականին՝ համալսարանը, 1898 թվականին՝ պոլիտեխնիկական ինստիտուտը և այլն)։
10-րդ դարում Կիևը կազմված էր Վերին (որտեղ Դեսյատիննայա եկեղեցին էր, 989-996) և Ստորին (Պոդոլ) քաղաքներից։ Վերին քաղաքի կոմպոզիցիոն կենտրոնը Սոֆիայի տաճարն է (1037, վերակառուցվել է 17-րդ դարում, որմնանկարները և խճանկարները՝ 11-րդ դար)։ 11-րդ դարում են կառուցվել Կիև-Պեչորյան մայրավանքի և Վիդուբեցկի մենաստանի առաջին կառույցները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 398)։