Վալետա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վալետա
BeltValletta
Դրոշ Զինանշան
Flag of Valletta, Malta.svg Valletta coa.svg

View of the Old Walled City of Valletta and its harbor. Malta, Mediterranean Sea.jpg
Կոորդինատներ: 35°53′52″ հս․ լ. 14°30′45″ ավ. ե. / 35.89778° հս․. լ. 14.51250° ավ. ե. / 35.89778; 14.51250
Երկիր Մալթա Մալթա
Հիմնադրված է XVI դար թ.
Մակերես 0.8 կմ²
ԲԾՄ 56±1 մետր
Պաշտոնական լեզու Մալթերեն
Բնակչություն 9.000 մարդ (2011)
Խտություն 7,491 մարդ/կմ²
Ազգային կազմ Մալթացիներ
Կրոնական կազմ Քրիստոնեություն
Տեղաբնականուն վալետացի
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ 356
Փոստային ինդեքսներ VLT
Վալետան
Պաշտոնական կայք cityofvalletta.org (անգլ.)
##Վալետա (Մալթա)
Red pog.png

Վալետան, կամ Լա Վալետան (մալթ.՝ Belt Valletta, անգլ.՝ Valletta) Մալթայի Հանրապետության մայրաքաղաքն է, երկրի տնտեսական և քաղաքական կենտրոնը[1]։ Անվանումը ստացել է մագիստրոս Ժան Պարիզո դե լա Վալետի անունից, որը հիմնադրել և պաշտպանել է քաղաքը օսմանցիներից:

Զարգացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալթա կղզու ափերը ներկայացնում են ոլորուն գիծ՝ կտրատված հարմարավետ շատ խորշերով։ Աշխարհագրական այս առանձնահատկությամբ է բացատրվում այն հանգամանքը, որ այժմյան Վալետայի տարածքը բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա.9-րդ դարից, երբ կղզին գաղութացրել են փյունիկեցիները։ Դարերի ընթացքում Մալթան ձեռքից ձեռք է անցել. մ.թ.ա.7-րդ դարում այն պատկանում էր հույներին, մ.թ.ա 6-րդ դարից՝ Կարթագենին, մ.թ. 218 թվականից՝ Հռոմին: Այնուհետև այն գրավեցին վանդալները, որոնց փոխարինեցին բյուզանդացիները, իսկ 869 թվականին՝ արաբները։ Նորմանները, ովքեր 11-րդ դարում Մալթան միացրին Սիցիլիային, դարձան կղզու վերջին տերերը՝ 16-րդ դարի սկզբին այն նվիրելով Մալթայի օրդենին։

Վալետայի պատմությունն սկսվում է այն պահից, երբ մալթացի ասպետների բազում ջոկատներ Ժան դե Լա Վալետի գլխավորությամբ հետ մղեցին Սուլեյման Iի ղեկավարությամբ արշիպելագը նվաճելու եկած թուրքական զորքերին։ Մալթայի բնակիչների համար հաղթանակը բավական ծանր եղավ, որն էլ հանգեցրեց այն գաղափարին, որ քաղաքը պետք է ամրացնել թշնամու հետագա հարձակումներից պաշտպանվելու համար։

Մալթայի օրդենի մագիստրը 1566 թվականի մարտի 28-ին անձամբ առաջին քարը դրեց նոր քաղաքի հիմքում։ Քրիստոնեական ողջ աշխարհի առատ նվիրաբերումների շնորհիվ՝ շինարարական աշխատանքները մեծ արագությամբ զարգացան։ Շինարարությունը ղեկավարում էր իտալացի ճարտարապետ Ֆրանչեսկո Լապարելին, որը ողջ Եվրոպայի քաղաքաշինության մեջ առաջին անգամ հնարավորություն ստացավ ամեն ինչ անել ճարտարապետական նորմերի և օրենքների համաձայն։ Մշակվեց կեղտաջրերի հեռացման և աղբահանության հատուկ համակարգ, ինչը թույլ տվեց աշխատանքներն իրականացնել առանց շինարարական աղբի կուտակման։ Փողոցները նախագծվել էին այնպիսի եղանակով, որ ծովից փչող բրիզը, ամենուր թափանցելով, մաքրում էր օդը՝ ստեղծելով օդորակիչի էֆեկտ։

Անմիջապես ստեղծվեց քաղաքի նախագծման բաժին, որը գործում է մինչ օրս։ Բաշինը որոշել էր քաղաքի տները կառուցել մեկ գծով, դրանց անկյունները զարդարել քանդակներով, իսկ բակում ջրհոր կառուցել՝ անձրևաջրերը հավաքելու համար։ Արգելված էր այգիներ հիմնել տների առաջ։

Տների և հասարակական շինությունների ստեղծմանը զուգահեռ՝ մայրաքաղաքի շուրջը ստեղծվեցին պաշտպանական կառույցներ։ Հինգ տարվա ընթացքում այդ աշխատանքներն ավարտվեցին։ Փորվեցին նաև խոր խրամներ՝ առանձնացնելով Վալետան կղզու հիմնական մասից։ Խրամների երկարությունը կազմում էր 1000, խորությունը՝ 18, իսկ լայնությունը՝ 20 մետր։

1570 թվականից քաղաքի շինարարությունը շարունակեց Լապարելիի աշակերտ Ջերոլամո Կասարը։ Նրա ղեկավարությամբ քաղաքում կառուցվեցին պալատներ և եկեղեցիներ։ Վալետայում զարգանոմ էին առևտուրը, արհեստներն ու արվեստը: Վալետայի զարգացմանը նպաստեց և այն հանգամանքը, որ օրդենի ասպետները, ազատվելով թուրքական նվաճումների սպառնալիքներից, սկսեցին հոգալ սեփական հարմարավետ կյանքի մասին և կառուցեցին շքեղ առանձնատներ ու պալատներ։

1798 թվականին ասպետները, կորցնելով մարտական ոգին և կարգուկանոնը, չկարողացան, ավելի շուտ չուզեցին պայքարել Նապոլեոնի զորքերի դեմ։ Ընդհակառակը, նրանցից շատերը, ֆրանսիական արմատներ ունենալով, ոգևորությամբ ընդունեցին կայսրին։ Ասպետների այսպիսի դիրքորոշումը հնարավորություն տվեց քաղաքին խուսափելու ավերումից։ 1800 թվականին Վալետան ամբողջ կղզու հետ անցավ անգլիացիների ձեռքը և մնաց նրանց տիրապետության տակ մինչև 1974 թվականը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը լուրջ վնասներ կրեց գերմանացիների ռմբակոծության հետևանքով։ 1974 թվականի Վալետան դարձավ անկախացած Մալթայի Հանրապետության պաշտոնական մայրաքաղաքը։

Բնական պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալետայի ափամերձ թաղամասի տեսարան

Վալետան գտնվում է Մալթա կղզու հյուսիս-արևմտյան մասի՝ ժեռուտ թերակղզու վրա՝ Միջերկրական ծովի բնական երկու նավահանգիստների միջև՝ Մարսամշետ և Գրանդ Հարբոր։ Քաղաքի փողոցների մի մասը ձգվում է Սկիբերաս լեռան լանջերով։ Քաղաքում իշխում է միջերկրածովյան կլիման, որն աչքի է ըմկնում շոգ, չոր ամառներով (հուլիսին ջերմաստիճանը հասնում է +36°-ի) և մեղմ, անձրևոտ ձմեռներով (ջերմաստիճանը չի իջնում +4°-ից): Տեղումների տարեկան քանակը 550 մմ է։ Քաղաքում, ինչպես և երկրում, գետ չկա։ Ստորգետնյա ջրերը մասամբ աղի են. այդ պատճառով բնակչությունը ստիպված է հավաքել անձրևաջուրը գյուղատնտեսական նպատակներով։ Բուսականությունն աղքատ է, հիմնականում՝ թփուտային։ Բույսերի որոշ տեսակներ օգտագործվում են դեղորայքի և օծանելիքի արտադրության մեջ։

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Վալետա
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 22,2 26,7 33,5 29,1 35,3 40,1 42,7 43,8 37,4 34,5 28,2 23,9 43,8
միջին առավելագույնը (°C) 15,5 15,5 17,2 19,7 24,0 28,4 31,4 31,6 28,4 24,9 20,5 17,0 22,8
միջին ջերմաստիճանը (°C) 12,6 12,4 13,7 15,9 19,6 23,7 26,5 27,0 24,5 21,4 17,5 14,2 19,1
միջին նվազագույնը (°C) 10,5 10,1 10,9 12,7 15,6 19,1 21,5 22,3 20,6 18,1 14,8 12,0 15,7
բացարձակ նվազագույնը (°C) 1 0,6 1,4 4,4 7,0 11,0 15,0 13,0 12,8 8,0 6,0 3,7 0,6
տեղումների քանակը (մմ) 89,0 61,3 40,9 22,5 6,6 3,2 0,4 7,0 40,4 89,7 80,0 112,3 553,3
Աղբյուր՝ [1] (ռուսերեն)

Բնակչություն, լեզու, կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալետան ունի մոտ 9.000 բնակիչ, որոնք հիմնականում մալթացիներ են՝ հետնորդները փյունիկեցիների, ովքեր հնում գաղութացրել էին Մալթան։

Քաղաքի բնակիչները խոսում են երկու լեզվով՝ անգլերեն և մալթերենՙ: Մալթերենը արաբերենի մի բարբառ է, որն իր վրա է կրել իտալերենի, մասնավորապես՝ սիցիլական բարբառի ազդեցությունը։

Բնակչության մեծ մասը դավանում է կաթոլիկություն:

Մշակութային նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. Դիմեխի հուշարձանը

Վալետայի գլխավոր փողոցը՝ Հանրապետության փողոցը, որն իր անունը ստացել է 1974 թվականին, անցնում է կենտրոնով, քաղաքը կիսում երկու մասի և ավարտվում Սուրբ Էլմոյի ամրոցի մոտ, որը Վալետան պաշտպանող գլխավոր ամրոցներից է եղել։ Մեր օրերում ամրոցում տեղակայված է ռազմական թանգարանը: Հանրապետության փողոցի շինությունները հարավեվրոպական ոճի վառ օրինակներ են։

Քաղաքի դարպասները բերում են Ազատության հրապարակ, որտեղ աջից գտնվում է Սենտ Ջեյմս Կավալյերի աշտարակը. անմիջապես նրա մոտ գտնվում է Օբերժ դե Կաստիլ (ֆր.՝  Auberge de Castille, բառացի՝ կաստիլական պանդոկ) ասպետական ապարանքը, որը Մալթայի վարչապետի նստավայրն է։ Ազատության հրապարակի դիմաց Պալացո Ֆերերին է՝ իտալական դասական ոճով կառուցված ամենագեղեցիկ պալատներից մեկը։ Փոքր-ինչ հեռվում արքայական օպերայի շենքն է։ Օբերժ դե Պրովանսի շենքը, որը կառուցվել է 1574 թվականին անգլիական կառավարման ժամանակ, Մալթայի հասարակական կյանքի կենտրոնն էր և կոչվում էր Յունիոն ակումբ։ Այժմ այդտեղ գտնվում է հնագիտության ազգային թանգարանը։

Քաղաքի կենտրոնական՝ Հանրապետության փողոցը

Հանրապետության փողոցը հատում է մի քանի հրապարակներ։ Դրանցից մեկում՝ Պալատների հրապարակում է գտնվում Մեծ մագիստրի ապարանքը, որը կառուցվել է 1570-ից 1580 թվականներին։ Այժմ այդ շենքում են գտնվում նախագահի նստավայրը և Մալթայի Հանրապետության խորհրդարանը։ Պալատի սրահների մի մասը բաց է զբոսաշրջիկների համար։

Վալետայում է գտնվում ամբողջ հանրապետության միակ համալսարանը, որը հիմնադրվել է 1769 թվականին և համաշխարհային ճանաչում ունի բժշկական գիտությունների դասավանդման ասպարեզում։ Քաղաքում է գտնվում նաև կղզու անգլիկան առաջին եկեղեցին՝ Սուրբ Պետրոսի տաճարը։

Քաղաքի տեսարժան վայրերից են Կասա-Ռոսա-Պիկոլան՝ Մալթայում վերջինը կառուցված պալատներից մեկը, և քաղաքի ամենահին եկեղեցիներից մեկը՝ ճիզվիտների եկեղեցին։

Վալետան հռչակվել է 2018 թվականի՝ Եվրոպայի մշակութային մայրաքաղաք[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Атлас мира. Роскартография, 2010. ISBN 978-5-85120-295-7
  2. «Valletta - European Capital of Culture 2018» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքներ Flag of Europe.svg

Աթենք  · Ամստերդամ · Բեռլին  · Բրատիսլավա  · Բրյուսել  · Բուդապեշտ  · Բուխարեստ  · Դուբլին  · Վալետա  · Վարշավա  · Վիենա  · Վիլնյուս  · Կոպենհագեն  · Լիսաբոն  · Լյուբլյանա · Լոնդոն · Լյուքսեմբուրգ  · Մադրիդ  · Նիկոսիա  · Փարիզ  · Պրահա  · Ռիգա · Հռոմ  · Սոֆիա  · Ստոկհոլմ  · Տալլին  · Հելսինկի