Ռուսիայի միավորում
Ռուսիայի միավորում, XIII դարում սկսված մասնատված ռուսական իշխանությունների վերամիասնացման գործընթաց նոր քաղաքական կենտրոնների շուրջ, որոնք իրականացնում էին «ռուսական հողերի հավաքման» քաղաքականություն։ Միացումը իրականացվում էր տարբեր ձևերով՝ ժառանգության միջոցով, գնելու եղանակով, գրության (ярлык) միջոցով, որը ստացվում էր Հորդայից և գրավման միջոցով։ Հյուսիս-Արևելյան Ռուսիայում այդ գործընթացը գլխավորում էր Մոսկվայի Մեծ Իշխանությունը, որը հաղթող դուրս եկավ Տվերի Մեծ Իշխանության հետ կոշտ մրցակցային պայքարում և այլ իշխանությունների հետ պայքարներում և դարձավ կենտրոնացված Ռուսական պետության հիմքը։ Հարավ-Արևմտյան Ռուսիայում ռուսական հողերի հավաքումը իրականացնում էր Լիտվական Մեծ Իշխանությունը, որը XV դարի վերջին հասել էր իր առավելագույն տարածքային ընդլայնման։ Երկու համախմբող կենտրոնների միջև ծագեց դաժան պայքար Հին Ռուսական պետության ժառանգության համար, որն իր արտահայտությունը ստացավ ռուս-լիտվական երկարատև և, Ռեչ Պոսպոլիտայի ստեղծումից հետո, ռուս-լեհական պատերազմներում։ Հետագայում՝ սկսած XVII դարի երկրորդ կեսից, այդ հակամարտության գերակշռությունը հաստատապես անցնում է Ռուսիային։ XVIII դարի վերջին արևմտառուսական հողերի միավորումը Ռուսական կայսրությանը՝ «Отторженная возвратихъ» նշանաբանի տակ, ինչպես նաև Գալիցյան Ռուսիայի կարճատև միավորումը՝ Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում, Ռուսիայում ընդունվում էր որպես այդ գործընթացի տրամաբանական շարունակություն և ավարտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIII դարի սկզբին Ռուսիան բացկացած էր մեկ ու կես տասնյակ իշխանություններից, որոնցից մեծամասնությունում ընթանում էր ավելի փոքր կալվածքների առաջացման ինտենսիվ գործընթաց։ Միևնույն ժամանակ հասունանում էին միավորման մի քանի հնարավոր կենտրոններ։ Հյուսիս արևելքում առավել հզոր ռուսական հողեր էին հանդիսանում Վլադիմիրո-Սուզդալյան և Սմոլենսկյան հողերը։ XIII դարի սկզբին Վլադիմիրյան մեծ իշխան Վսեվոլոդ Յուրևիչի (Վսեվոլոդ III) անվանական գերակայությունը ճանաչվում էր բոլոր ռուսական հողերի կողմից, բացի Չերնիգովից և Պոլոցկից և նա դատավոր էր հանդիսանում հարավային իշխանների Կիևի համար վեճերում։
XIII դարի սկզբներին առաջատար դիրքեր էին գրավում սմոլենսկյան Ռոստիսլավիչների տունը, որոնք, ի տարբերություն այլ իշխանների, իրենց իշխանությունները չէին մասնատում փոքր կալվածքների այլ ձգտում էին հողեր գրավել իրենց տարածքներից դուրս։ Հարավ արևմուտքում, Մոնոմախիչների ներկայացուցիչ Ռոման Մստիսլավիչի Գալիչ ժամանելու և նրա կողմից մեկ միասնական պետության մեջ Գալիցյան հողերը և Վոլինը միավորելու ժամանակ, հզորագույն իշխանություն դարձավ Գալիչ-Վոլինյան իշխանությունը։ 1239 թվականին Ռոմանի որդին՝ Դանիլը, իր հողերին միավորեց Տուրովո-Պինսկի իշխանությունը, իսկ 1240 թվականին գրավեց Կիևը։ Վերջինիս դեպքում կազմավորվեց կիսաէթնիկական կենտրոն, բացված Կենտրոնական Եվրոպայի հետ շփումների համար։
Սակայն կենտրոնացան բնական գործընթացը խափանվեց մոնղոլական արշավանքով (1237-1240 թվականներ)։ Ռուսական հողերի հետագա միավորումը ընթանում էր ծանր արտաքին քաղաքական պայմաններում և, առաջին հերթին, թելադրվում էր քաղաքական նախադրյալներով։ Վլադիմիրյան իշխան Յարոսլավ Վսեվոլոդիչը 1243 թվականին Բատիր խանից գրություն ստացավ ամբողջ Ռուսիայի վերաբերյալ և իր կառավարչին ուղարկեց Կիև։ Սակայն Յարոսլավի մահվանից հետո, որը 1246 թվականին թունավորվեց Մոնղոլական Կայսրության մայրաքաղաք Կարակորումում, երկու գրություն տրվեց նրա որդիներին՝ Անդրեյին՝ Վլադիմիրյան իշխանության, իսկ Ալեքսանդր Նևսկուն՝ Կիևի և Նովգորոդի համար։
Հարավային Ռուսիաում միակ հզոր իշխան մնաց Դանիլ Ռոմանովիչ Գալիցկին։ 1250-1253 թվականներին նա գրավեց յատվագան հողերը և Սև Ռուսիան, իսկ 1254 թվականին Հռոմի Պապի ձեռքից ստացավ Ռուսիայի արքայի տիտղոսը։ Դանիլը իր ուժերով դուրս եկավ Հորդայի դեմ և բազմաթիվ պարտությունների մատնեց նրա զորքերին, այդպիսով դառնալով առաջին ռուսական կառավարիչը, որին հաջողվեց իր հողերից դուրս մղել մոնղոլ-թաթարներին։ Համենայն դեպս, ազատվել հորդյան կախումից Գալիչ-Վոլինյան իշխանությանը չհաջողվեց։ 1325 թվականին Ռոմանովիչների դինաստիան հեռացվեց իշխանությանից, որը սկիզբ դրեց գալիչ-վոլինյան ժառանգության համար պայքարին։ Դրա արդյունթը հանդիսացավ իշխանության բաժանումը Լեհական Թագավորության և Լիտվական մեծ իշխանության միջև։
XIII դարի երկրորդ կեսին նախկինում գոյություն ունեցող հողերի մեծամասնությունը երթարկվեց տարածքային մասնատման։ Նրանց միջև կապերը՝ քաղաքական հարաբերություններից և առևտրից մինչև մեկը մյուսի հիշատակումը տարեգրություններում, հասցվեց նվազագույնի։ Կիևը անկման մեջ էր։ Այնտեղ կառավարում էին գավառային իշխանները, որոնք չէին հավակնում Ռուսիայի նկատմամբ գերակշռության։ Նախկին գործող անձինք անհետացել էին, նոր միավորող կենտրոններ դարձան այն իշխանությունները, որոնք նախկինում նկատելի դեր չէին խաղում։
XIV դարում ռուսական հողերի մեծամասնությունը միավորված հայտնվեցին Վիլնոյի՝ Լիտվական մեծ իշխանության մայրաքաղաքի, շուրջ։ XIII-XV դարերի ընթացքում, լիտվական իշխաններ Գեդիմինովիչների տոհմի տիրույթներում, կամավոր ենթակայության կամ տիրապետման ճանապարհով, հայտնվեցին Գորոդենսկոյի, Պոլոցկու, Վիտեբսկի, Տուրովո-Պինսկի և Կիևի իշխանությունները, ինչպես նաև Չերնիգովշչինայի, Վոլինի, Պոդոլի, Սմոլենշչինայի և մի շարք այլ ռուսական հողերի մեծ մասը։ Այսպիսով անցյալում մնաց Ռյուրիկովիչների միանձնյա կառավարումը և Ռուսիայի տոհմային միասնությունը։
Լիտվայի կազմի մեջ մտնելը թուլացրեց, իսկ այնուհետև վերջ դրեց Ոսկե Հորդայի գերագույն իշխանությանը այդ հողերի նկատմամբ։ Մեծ իշխան Օլգերդը ցանկություն էր հայտնում իր տիրակալման տակ միավորել ամբողջ Ռուսիան։ Լիտվական մեծ իշխանությունը մեծագույն հզորության հասավ մեծ իշխան Վիտովտի կառավարման տարիներին։ Լիտվայի կողմից Սմոլենսկյան իշխանության գրավումից հետո, XIV դարի երկրորդ կեսին, լիտվական տիրապետությունները սերտորեն մոտեցան Մոսկովյան իշխանության սահմաններին։ Թուլացած Հարավային Ռուսիայում լիտվացիները լուրջ մրցակիցներ չհանդիպեցին։
Այլ իրավիճակ էր Հյուսիս-արևելյան Ռուսիայում, որտեղ, առաջվա պես, կառավարում էին Ռյուրիկովիչները՝ Մոնոմախի ժառանգները։ Այնտեղ գոյություն ունեին մի քանի խոշոր իշխանություններ, որոնք մեկը մյուսի հետ պայքարում էին Վլադիմիրյան իշխանության նկատմամբ վերահսկողության համար։ XIV դարի սկզբներից Վլադիմիրյան մեծ իշխանները սկսեցին կրել «համայն Ռուսիայի» մասնիկով տիտղոսներ, սակայն նրանց իրական իշխանությունը սահմանափակվում էր միայն Վլադիմիրյան հողերի տիրույթներով և Նովգորոդով։ XIII դարում Վլադիմիրին տիրակալում էին Տվերի, Կոստրոմայի, Պերեյասլավլի և Գորոդեցի իշխանները, XIV դարում՝ Տվերի, Մոսկվայի և Սուզդալի։ Վլադիմիրի գրավման պայքարում գերակշռությունը աստիճանաբար հայտնվեց Մոսկովյան իշխանության կողմը, որին նպաստեց առաջին մոսկովյան իշխանների ակտիվ և հեռանկարային քաղաքականությունը։ Դմիտրի Դոնսկոյի ժամանակ Վլադիմիրը դարձավ մոսկովյան ժառանգական տիրույթ։ Մեծ նշանակություն ունեցավ միտրոպոլիտի նստավայրի տեղափոխումը Վլադիմիրից Մոսկվա, որը դարձավ վերականգնվող Ռուսական պետության հոգևոր կենտրոն։ Մոսկվայի, որպես համառուսական կենտրոնի, հաստատման համար, նույնպես, կարևոր նշանակություն ունեցավ մոսկովյան իշխան Դմիտրի Դոնսկոյի հաղթանակը Կուլիկովյան ճակատամարտում (1380 թվական)։
Հյուսիս-արևմտյան Ռուսիան (Նովգորոդը և Պսկովը) երկար ժամանակ մնում էին որպես ինքնավար միավորներ՝ խուսանավելով երկու կենտրոնների միջև, չնայած Յարոսլավ Վսեվոլոդիչի ժամանակներից Նովգորոդը, հազվագյուտ բացառությամբ, ենթարկվում էր վլադիմիրյան իշխաններին։ 1333 թվականին Նովգորոդի գահին հրավիրվեց լիտվական իշխան Նարիմունտ Գեդիմինովիչը[1]։
Երկու ռուսական պետությունների՝ Մոսկվայի և Լիտվայի, հետագա զարգացումը ընթանում էր տարբեր պատմական ճանապարհներով։ Նրանց կազմերի մեջ մտնող հողերի միջև արագորորեն զարգանում էր տարբերակումներ։ Մոսկովյան իշխանությունում՝ Հորդայի ազդեցության տակ, զարգանում էր կենտրոնացված կառավարման համակարգը՝ բռնապետական իշխանական տիրակալությամբ, ազնվականությունը գտնվում էր իշխանական ծառաների վիճակում։ Լիտվական մեծ իշխանությունը, մասամբ պահպանելով Կիևյան Ռուսիայի ավանդույթները (այսպես կոչված հնության սկզբունքը), զարգանում էր կենտրոնական Եվրոպայի օրինակով՝ պահապանելով վասալային հարաբերությունները ազնվականության և իշխանների միջև, քաղաքների ինքնավարությամբ և որոշ ժողովրդավարական ինստիտուտներով։
1385 թվականի Կրևյան Ունիայի պայմանագրի ստորագրումից հետո Լիտվական մեծ իշխանությունը և Լեհական թագավորությունը միավորվեցին լիտվական մեծ իշխան Յագայլոյի և նրա հետնորդների միասնական տիրակալության տակ, որոնք կառավարում էին երկու պետությունները մինչև XVI դարի վերջը։ Ռուս-լիտվական պատերազմների շարքը՝ XV դարի վերջից մինչև XVI դարի սկիզբը, հանգեցրեց Լիտվական մեծ իշխանության տարածքների զգալի կրճատմանը։
Հյուսիս-արևելյան Ռուսիայի միավորումը, որպես միասնական կենտրոնացված Ռուսական պետություն ավարտվեց Իվան III-ի (Նովգորոդի (1478 թվական), Տվերի (1485 թվական), Վյատկայի հողերի (1489 թվական), Վերխովյան իշխանության, Պոսեմյաի և Հյուսիսային երկրի(1500 թվական) միավորումները) և Վասիլի III-ի (Պսկովի (1510 թվական) և Ռյազանի (1521 թվական) ձևական ինքնավարության վերացումը, Սմոլենսկի գրավումը (1514 թվական)) գահակալությունների ժամանակ։ Դրանց հետ միաժամանակ տեղի էր ունենում Մոսկովյան իշխանության ներսում վերջին կալվածքների վերացումը։ Իվան III դարձավ, նաև, Ռուսիայի առաջին ինքնավար տիրակալը՝ հրաժարվելով ենթարկվել Հորդայի խանին։ Ինչպես և նրա նախորդները՝ Դմիտրի Շեմյակը և Վասիլի II-ը, նա օգտագործեց «Համայն Ռուսիայի տիրակալ»-ի տիտղոսը՝ դրանով հավակնելով բոլոր ռուսական հողերի վրա։
XV դարի վերջը - XVI դարի սկիզբը դարձան մի տեսակ սահման, մինչև որը միավորած հողերը հետագայում դարձան Ռուսիայի ամբողջական մասը։ Հին Ռուսիայի մնացյալ ժառանգության միավորման գործընթացը ձգձգվեց ևս 250-300 տարի և մինչ այդ ժամանակ այնտեղ ուժ հավաքեցին սեփական ազգագրական գործընթացները։
1558 թվականին սկսված Լիվոնյան պատերազմը, որի մեջ 1561 թվականին մտավ Լիտվական մեծ իշխանությունը, նրա համար դարձավ ծանր լուծ։ 1569 թվականին նա ստիպված էր միավորվել Լեհական թագավորության հետ և կազմավորել միասնական պետություն՝ հայտնի որպես Ռեչ Պոսպոլիտա։ Բացի ամենից, Լիտվական մեծ իշխանությունը զրկվեց հարավռուսական (այժմ ուկրաինական) հողերից, որոնք անցան Լեհաստանի տիրակալության տակ։ 1596 թվականի Բրեստի ունիան բերեց Ռեչ Պոսպոլիտայի ուղղափառ բնակչության պառակտման՝ ունիտների և ուղղափառների հակամարտության և Ունիան չընդունողների պետական խտրականության։ Երկու կողմերի բանավեճի ընթացքում նկատվում էր ինչպես ունիտների հետագա օտարումը համառուսական միասնության գաղափարից, այնպես էլ դեպի այն ուժգին անդրադարձը Արևմտյան Ռուսիայի ուղղափառ գործիչների շրջանակներում։
1654 թվականին սկսվեց ռուս-լեհական պատերազմը (1654-1667 թվականներ), որում Ռուսիան նորից իր առջև նպատակ դրեց միավորել բոլոր ռուսական հողերը Մոսկվայի շուրջ և Հին ռուսական պետության վերականգնումը իր նախկին սահմաններով։ Պատերազմի արդյունքում Ռուսիային միավորվեց Ձախակողմյան Ուկրաինան։ 1686 թվականին Մոսկովյան պատրիարքարանին վերաենթարկվեց Կիևյան թեմը։ Աջակողմյան Ուկրաինայի (առանց Գալիցիայի) և Բելառուսիայի հողերը Ռուսական Կայսրության կազմի մեջ մտան Ռեչ Պոսպոլիտայի երկրորդ բաժանման արդյունքում՝ 1793 թվականին։ Այդ ռուսական հողերի միավորումը անցնում էր «Отторженная возвратихъ» նշանաբանի տակ։
XIX դարում Ռուսաստանին չմիավորված միակ մաս մնում էր Գալիցիան, որը Ռեչ Պոսպոլիտայի բաժանման արդյունքում անցել էր Ավստրո-Հունգարիային։ Ռուսաստանից Ավստրո-Հունգարիային առաջարկություններ էին ստացվում փոխանակելու Գալիցյան թագավորությունը՝ տարածքով հավասար լեհական հողերի հետ, սակայն դրանք մերժվում էին։ Գալիցիայի հողերում ավստրիացիները ցանկանում էին ստեղծել էթնիկական համայնք՝ ռուտեններ (Ruthenen)[2], որոնք հրաժարվում էին ռուսների հետ միավորումից։ Ավստրիայի կողմից բռնակալական քաղաքակությանն ի պատասխան, ինչպես նաև, հասարակական առանցքային դիրքերում լեհական գերակշռման, Գալիցիայում ձևավորվեց Ռուսական շարժում, որը պաշտպանում էր համառուսական ժողովրդի հետ մշակութային միասնության։ Իշխանության կասկածանքների արդյունքում այն երկարատև ժամանակի ընթացքում իր վրա ուժեղ հալածանքներ էր զգում, որոնք սրացան Առաջին Համաշխարհային պատերազմի նախաշեմին։ Գալիցյան ճակատամարտից և 1914 թվականին ռուսական բանակի կողմից Լվովի գրավումից հետո, Գալիցիայի միավորումը Ռուսաստանին ընդունվեց որպես Ռուսիայի միավորման բազմադարյա գործընթացի ավարտ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Новгородская первая летопись
- ↑ Ярослав Шимов. Габсбургское наследие Западной Украины Արխիվացված 2010-08-14 Wayback Machine
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |