Կոստրոմա, քաղաք, Ռուսաստանի Կոստրոմայի մարզի կենտրոնը։ Գտնվում է Վոլգայի ափին, Մոսկվայից 330 կմ հեռավորության վրա։ Նավահանգիստ է, երկաթուղային կայարան։ 277 հազար բնակչություն (2021 թվական)։ Վուշավերամշակման խոշորագույն կենտրոն է։
Կան մեքենաշինական, փայտամշակման, վուշի, տեքստիլ և այլ ձեռնարկություններ, ՋԷԿ, ՊՇԷԿ (40 կմ հարավարևելյան), տեխնոլոգիական, գյուղատնտեսական, մանկավարժական ինստիտուտներ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ, վուշի արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտներ, դրամատիկական և տիկնիկային թատրոններ։ Կոստրոմայում պահպանված ճարտարապետական հուշարձաններից են՝ Հայտնության մենաստանը (XVI դ.)՝ քարե պարիսպներով, աշտարակներով (XVI —XVII դդ.), Սուրբ Երրորդության տաճարով (1650-1652 թվականներ), զանգակատնով (1603-1605 թվականներ) և այլ կառույցներով Իպատևսկի մենաստանը (այժմ՝ փայտի ճարտարապետության թանգարան-արգելանոց), XVII դարի եկեղեցիներ։ 1781-1784 թվականների հատակագծով Կոստրոման կառուցապատվել է կլասիցիզմի ոճի շենքերով։ Խորհրդային ժամանակաշրջանում կառուցվել են բնակելի միկրոշրջաններ, կանգնեցվել են Վ. Ի. Լենինի (բրոնզ, գրանիտ, 1927 թվական, քանդակագործ՝ Մ. Ֆ. Լիստոպադ և ուրիշներ), Իվան Մուսանինի (գրանիտ, 1967, քանդակագործ՝ Ն. Ա. Լավինսկի և ուրիշներ) հուշարձանները։ Առաջին անգամ հիշատակվում է 1213 թվականին։ 1977 թվականին Կոստրոման պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 624)։