Գիտահետազոտական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բազմակարծության համաշխարհային կենտրոնի շենքը (Օտավա, Օնտարիո, Կանադա)

Գիտահետազոտական ինստիտուտ, գիտահետազոտական կենտրոն, հատուկ կազմակերպություն, որը զբաղվում է գիտական հետազոտություններով և մշակումներով։ Որպես գիտական հիմնարկություն, «ինստիտուտ» անունն առաջին անգամ կիրառվևլ է Գիտությունների և արվեստների ֆրանսիական ազգային ինստիտուտի նկատմամբ։ 19-20-րդ դարերի սահմանագլխին գիտահետազոտական ինստիտուտներ ստեղծվեցին Եվրոպայի և Ամերիկայի մի շարք երկրներում։ Նախապես գիտահետազոտական ինստիտուտերը մասնավոր ձեռնարկություններ էին և հիմնականում զբաղվում էին բնագիտության հարցերով։ Հետագայում հանդես եկան նաև պետական գիտահետազոտական ինստիտուտներ՝ ընդգրկելով գիտության ու արտադրության նոր բնագավառներ (տեխնիկա, գյուղատնտեսություն, մշակույթ, առողջապահություն և այլն)։

Հումանիտար գիտությունների 1-ին գիտահետազոտական ինստիտուտներից էր «Պուշկինի տունը» Ռուսաստանում։ Գիտահետազոտական ինստիտուտը կազմված է համեմատաբար ինքնուրույն ստորաբաժանումներից՝ բաժիններից, լաբորատորիաներից, խմբերից և այլն։ Գիտահետազոտական ինստիտուտը ղեկավարում է վարչությունը, որին կից գործում է գիտական խորհուրդ։

Ըստ ֆինանսավորման աղբյուրների և կառավարման համակարգի գիտահետազոտական ինստիտուտները կարող են լինել՝ պետական, մասնավոր, համալսարանական և քոլեջների։ Դրանք գտնվում են խիստ մրցակցությաև մեջ և դիմում են բոլոր միջոցներին՝ աշխատանքի մեջ ներգրավելու առավել կարող գիտական ուժերին։ Գիտական առաջատար կազմակերպությունները՝ ազգային Գիտությունների ակադեմիաները, որպես կանոն, գիտահետազոտական ինստիտուտներ չունեն։

Արդի շրջանում գիտական մի շարք պրոբլեմների ընդհանուր բնույթը ստիպում է միավորել տարբեր երկրների գիտնականների ջանքերը նոր տիպի գիտահետազոտական ինստիտուտներում, ինչպիսիք են, օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտական հիմնարկները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 78 CC-BY-SA-icon-80x15.png