Պատերազմ Իսպանական ժառանգության համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատերազմ Իսպանական ժառանգության համար, (1701—1714)։ Իսպանական անժառանգ թագավոր Կարլոս II Հաբսբուրգի մահից (1700) հետո իսպանական գահի (ինչպես նաև Եվրոպայում և Ամերիկայում իսպանական տիրույթների) հավակնորդներ հանդես եկան իսպանական արքայադուստրերից ժառանգ ունեցող միապետները․ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV Բուրբոնը ձգտում էր գահը ձեռք բերել իր թոռ Ֆիլիպի համար, իսկ Հռոմեական սրբազան կայսրության կայսր Լեոպոլդ I Հաբսբուրգը՝ իր որդու՝ էրցհերցոգ Կարլոսի համար։ Ծովային հզոր տերություններ Անգլիան և Հոլանդիան ձգտում էին իսպանական տիրույթների բաժանման։ Գահի համար համաեվրոպական պատերազմում Անգլիան, Հոլանդիան, Հռոմեական սրբազան կայսրությունը, Պրուսիան, Սավոյան, Պորտուգալիան դաշինք («Մեծ միություն») կնքեցին Լյուդովիկոս XIV-ի դեմ։ Մարտերը տեղի ունեցան Իսպանիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, ծովի վրա ու գաղութներում։ Ֆրանսիան պարտվեց։ Պատերազմն ավարտվեց Ուտրեխտի (1713) և Ռաշտատի (1714) հաշտությամբ։ Ֆիլիպը (Ֆիլիպ V) ճանաչվեց իսպանական թագավոր, բայց առանց իսպանական գահը ֆրանսիականի հետ միացնելու իրավունքի։ Անգլիան ստացավ Ջիբրալթարը, Մենորկա կղզին և տերիտորիաներ Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալական Հաբսբուրգները՝ իսպանական տիրույթներ Նիդեռլանդներում (Բելգիան) և Իտալիայում (Միլանի դքսությունը, Նեապոլիտանական թագավորությունը)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 400 CC-BY-SA-icon-80x15.png