Մարգարիտա Թերեզա Իսպանացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգարիտա Թերեզա Իսպանացի
Diego Rodriguez de Silva y Velázquez - Infanta Margarita Teresa in a Blue Dress - Google Art Project.jpg
Ծնվել էհուլիսի 12, 1651(1651-07-12)[1][2][3]
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Մահացել էմարտի 12, 1673(1673-03-12)[1][2] (21 տարեկանում)
Մահվան վայրՎիեննա, Հաբսբուրգի միապետություն[4]
ՔաղաքացիությունԻսպանիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունիշխող թագուհի
ԱմուսինԼեոպոլդ I
Ծնողներհայր՝ Ֆիլիպ IV, մայր՝ Մարիանա Ավստրիացի
Պարգևներ և
մրցանակներ
Աստղային խաչի ազնվագույն շքանշան
ԵրեխաներMaria Antonia of Austria?
Margaret Theresa of Spain Վիքիպահեստում

Մարգարիտա Թերեզա Իսպանացի (իսպ.՝ Margarita Teresa de España, գերմ.՝ Margarete Theresia von Spanien, չեխ․՝ Markéta Terezie Španělská, հունգ.՝ Margit Terézia Spanyol) կամ Մարգարիտա Մարիա Թերեզա Ավստրիացի (իսպ.՝ Margarita María Teresa de Austria, нем. Margarete Maria Theresia von Österreich, հուլիսի 12, 1651(1651-07-12)[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - մարտի 12, 1673(1673-03-12)[1][2], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4]), արքայադուստր Հաբսբուրգների իսպանական ճյուղից, ի ծնե իսպանական ինֆանտ, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ի դուստր: Եղել է կայսր Լեոպոլդ I-ի առաջին կինը, ամուսնությամբ` Սրբազան Հռոմեական կայսրության կայսրուհի, Գերմանիայի, Հունգարիայի և Չեխիայի թագուհի, Ավստրիայի էրցհերցոգուհի:

Վատառողջ է եղել ընտանիքում մերձավոր հարազատների ամուսնության հետևանքով: Տղամարդկանց գծով իսպանական ճյուղի խաչվելուց հետո ժառանգել է այն կառավարելու իրավունք: Դաստիարակվել է Մադրիդի արքայական պալատում, Վիեննայի կայսերական պալատում աջակցություն չի ստացել: Երջանիկ ամուսնությունից ունեցել է չորս զավակ, որոնցից, սակայն, միայն մեկն է ապրել: Հրապուրվել է երաժշտությամբ և արվեստով: Եղել է նկարիչ Վելասկեսի մոդելը. նկարիչը պատկերել է մանուկ ինֆանտին մի քանի նկարներում, որոնցից ամենանշանավորը «Լաս Մենինասն» է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտա Մարիա Թերեզան ծնվել է 1651 թվականի հուլիսի 12-ին Մադրիդում: Նա եղել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ի և Հաբսբուրգների տան կայսերական ճյուղի արքայադուստր Մարիանա Ավստրիացու առաջին երեխան: Ինֆանտի ծողները արյունակցական կապեր ունեին` հորեղբայր ու զարմիկ, ընդ որում, մայրը գրեթե երեսուն տարով փոքր է եղել հորից[5]:

Հայրական գծով Մարգարիտա Թերեզան եղել է Ֆիլիպ III-ի և Մարգարիտա Ավստրիացու թոռնուհին: Մայրական գծով եղել է Սրբազան Հռոմեական կայսրության կայսր, Չեխիայի և Հունգարիայի թագավոր Ֆերդինանդ III-ի և Հաբսբուրգների տան իսպանական թևի ներկայացուցիչ Մարիա Աննա Իսպանացու թոռնուհին[5][6]:

Մարգարիտա Թերեզայի մայրը եղել է հոր երկրորդ կինը: Հայրն առաջին ամուսնությունից ծնված Բալթազար Կառլոսի վաղաժամ մահից հետո երկրորդ անգամ ամուսնացել է հանուն գահի ժառանգորդի ծնունդի: Իսպանացի արքայի առաջին ամուսնությունից ծնված երեխաներից ապրել է Մարիա Թերեզան, ով Մարգարիտա Թերեզայի արյունակից քույրն էր: Նա ամուսնացել էր Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս XIV-ի հետ: Ֆիլիպ IV-ի երկրորդ ամուսնությունից ծնված հինգ երեխաներից, բացի Մարգարիտա Թերեզայից, չափահաս տարիքի է հասել միայն որդին` Իսպանիայի ապագա թագավոր Կառլ II-ը[5][7]:

Մարգարիտա Թերեզան մոտ ազգականների ամուսնության հետևանքով այնպիսի լուրջ արատներ չի ունեցել, ինչպիսիք ունեցել է իր կրտսեր հաշմանդամ եղբայրը: Նա ծանր հիվանդացել է մանուկ հասակում, բայց հաղթահարել է հիվանդությունը[8]: Ժամանակիցների վկայությամբ ինֆանտն ունեցել է գրավիչ արտաքին և աշխույժ բնավորություն, հարազատները նրան անվանել են «փոքրիկ հրեշտակ»[9]: Նա մեծացել է Ալկասարի պալատում` շրջապատված բազմաթիվ ֆրեյլիններով ու սպասավորներով: Ինֆանտը սիրել է քաղցրավենիք, որը, սակայն, բժիշկների խորհրդով հաճախ թաքցրել են նրանից` մտահոգվելով նրա առողջության ու ատամների մասին[10]: Մայրական գծով պապը պաշտել է իր դստերն ու թոռնուհուն, ում անվանել է «իմ ուրախություն»[11]: Դրանով հանդերձ` Մարգարիտա Թերեզան ստացել է խիստ դաստիարակություն` համապատասխան Մադրիդում ընդունված վարվելակարգի, և լավ կրթություն[12][13]:

Ամուսնական պայմանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիեգո Վելասկես, «Ինֆանտ Մարգարիտայի դիմանկարը վարդագույն զգեստով» (1653), «Ինֆանտ Մարգարիտայի դիմանկարը ճերմակ զգեստով» (1656), «Ինֆանտ Մարգարիտայի դիմանկարը կապույտ զգեստով» (1659)

1650-ական թվականների երկրորդ կեսին Վիեաննայի կայսերական պալատում կարծիք է հայտնվում Հաբսբուրգների կայսերական ու իսպանական թևերի մեջ հերթական ամուսնությունը կնքելու: Միությունը պետք է ամրապնդեր երկու պետությունների դիրքերը ամենից առար Ֆրանսիայի թագավորության հանդեպ: Սկզբում խոսվում էր Իսպանիայի գաթավորի ավագ դստեր` Մարիա Թերեզայի և Սրբազան Հռոմեական կայսրության ժառանգորդ էրցհերցոգ Լեոպոլդ Իգնատիուսի ամուսնության մասին, սակայն 1660 թվականին, Պիրենեյան հաշտության պայմանագրի համաձայն, Մարիա Թերեզան դառնում է ֆրանսիական արքայի կինը` հրաժարվելով գահի նկատմամբ իր հավակնություններից զգալի գումարի դիմաց, որն ի դեպ այդպես էլ չի վճարվում[14]:

Այնուհետև սկսում են խոսել Մարգարիտա Թերեզայի և այն ժամանակ արդեն կայսր Լեոպոլդ I-ի ամուսնության մասին, ով Մարգարիտայի քեռին էր մայրական գծով և հեռավոր քեռին` հայրական գծով: Սակայն Մադրիդի պատատն ուշացնում էր այս առաջարկի պատասխանը: Ֆիլիպ IV-ը մտադիր էր դստերը կնության տալ անգլիական Չարլզ II Ստյուարտին, որպեսզի վերջինս չամուսնանա Պորտուգալիայի արքայադստեր հետ. Իսպանիայի արքան չէր հաշտվում պորտուգալական գահը կորցնելու հետ և փորձում էր թույլ չտալ, որ Բրագանսների տոհմը եվրոպական միապետների կարգավիճակ ստանա[15]:

1662 թվականին Իսպանիայի թագավորություն է ուղարկվում կայսերական նոր դեսպանը` կոմս Ֆրանցիսկ Էուսեբի ֆեն Պետինգը, որի դիվանագիտական հանձնարարությունն էր կազմակերպել ինֆանտի ու կայսեր ամուսնությունը[16]: Իսպանական կողմից բանակցությունները վարում էր Մեդինա դե լաս Տորեսի հերցոգ Ռամիրո Նունիես դե Գուսմանը[17]: 1663 թվականի ապրիլի 6-ին հայտարարվում է Մարգարիտա Թերեզայի և Լեոպոլդ I-ի նշանադրության մասին, իսկ նույն թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրվում է ամուսնական պայմանագիր, որում մասնավորապես նշվում է ինֆանտի օժիտի, այդ թվում նշանավոր «Վիտելսբախ» ադամանդի մասին[18]: Պայմանագրում նաև խոսվում էր Մարգարիտայի կարգավիճակի մասին այրիանալու դեպքում: Մարգարիտա Թերեզան, ի տարբերություն ավագ քրոջ, չի զրկվում ընտանեկան ունեցվածքը ժառանգելուց իսպանական ճյուղի ամուսնական գծով հատվելու դեպքում[19]:

Ամուսնության պաշտոնական արարողությունից առաջ պարբերաբար Վիեննայի պալատ էին ուղարկում ինֆանտի դիմանկարները, որպեսզի փեսացուն տեսնի, թե ինչպես է մեծանում իր հարսնացուն[6]: Մարգարիտա Թերեզայի հայրը մահանում է 1665 թվականի սեպտեմբերի 17-ին: Իր կտակում նա չէր հիշատակում կրտսեր դստեր նշանադրության մասին, ընդհակառակը, փաստաղթի ենթատեքստը այնպես էր կազմված, որ երևում էր արքայի անշտապողականությունը աղջկա ամուսնության հարցում. նա փորձել էր ապահովել աղջկա` որպես տան միակ ժառանգորդի իրավունքները ամուսնական գծի մարման դեպքում[20]: Աղջկա ամուսնության հարցում չէր շտապում նաև այրիացած թագուհին` կայսրի հարազատ քույրը, ով անչափահաս որդու պարագայում խնամակայի կարգավիճակ ուներ նաև: Եվ միայն կայսերական դիվաագիտության ակտիվ ջանքերի շնորհիվ 1665 թվականի ապրիլի 25-ի` Զատկի տոնին, Մադրիդում երաշխավորագրով կայանում է ամուսնությունը, որին մասնակցում էին հարսնացուի մայրը և կրտսեր եղբայրը, կայսրության դեսպանը, տեղի ազնվականությունը: Փեսացուին ներկայացնում էր դոն Անտոնիո Խուան Լուիս դե լա Սերդան` Մեդինասելի հերցոգը[21]:

1666 թվականի ապրիլի 28-ին անձական պալատականների ուղեկցությամբ Մարգարիտա Թերեզան Մադրիդից ուղևորվում է Վիեննա: Մինչև Դենիա հասնելը ինֆանտին դիմավորում են իսպանական և տոսկանական նավատորմերը: Հետո արդեն ծովով ճանապարհելվելով և կարճ կանգառ ունենալով Բարսելոնայում (Մարգարիտա Թերեզան առողջական որոշակի խնդիրներ է ունեում)` հասնում են Ֆինալբորգե, որտեղից էլ ուղևորվում են Միլան: Ողջ սեպտեմբերն անցկացելով Միլանի հերցոգության մայրաքաղաքում` ինֆանտը շարունակում է ճանապարհը և Վենետիկով անցնելուց հետո հոկտեմբերին հասնում Տրենտո: Ողջ ճանապարհին Մարգարիտա Թերեզային ուղեկցում էին նրա պատվին հանդիսությունները: Տրենտոյում ինֆանտի շքախումբը ղեկավարում էին Ալբուկերկեի հերցոգ Ֆրանցիսկո IV-ը և Տրենտոյի իշխան-եպիսկոպոս Էռնստ Ալբերտ ֆոն Գարախը: Նոյեմբերի վերջին Մարգարիտա Թերեզան հասնում է Վիեննայի մերձակայք, որտեղ էլ կաողանում է ծանոթանալ ապագա ամուսնու հետ[21]:

Կայսրուհի և թագուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսր Լեոպոլդ I և կայսրուհի Մարգարիտա Թերեզա, Արվեստի պատմության թանգարան, Վիեննա

1666 թվականի դեկտեմբերի 5-ին կայանում է Մարգարիտա Թերեզայի հանդիսավոր մուտքը Վիեննա և ամուսնության պաշտոնական արարողությունը: Մագարիտա Թերեզայի և Լեոպոլդ I-ի ամուսնությունը պատմության մեջ մտել է որպես բարոկկոյի դարաշրջանի ամենից դիտարժան հանդիսություններից մեկը: Հանդիսությունը ձգվել է գրեթե երկու տարի: Ամրոցային պատից ոչ հեռու` ներկայիս Ամրոցային այգու մոտ, կառուցվել էր օպերային թատրոն, որ 5.000 մարդ կարող էր տեղավորել: 1668 թվականի հուլիսին` Մարգարիտա Թերեզայի ծննդյան օրը, այնտեղ կայացել է կոմպոզիտոր Անտոնիո Չեստիի «Ոսկե խնձոր» օպերայի առաջնելույթը, որը ժամանակակիցներն անվանել են «դարի բեմադրություն»: Դրանից մեկ տարի առաջ կայսրը ձիապար էր ներկայացրել, որում անձամբ ելույթ էր ունեցել իր Էսպերանսեով: Տեխնիակական հնարանքների շնորհիվ` հանդիսատեսների մոտ տպավորություն էր ստեղծվում, թե կառքերը սավառնում են օդում[22]:

Չնայած տարիքային տարբերությանը, կայսեր ոչ գրավիչ արտաքինին և կայսրուհու խպիպին` ժամանակակիցների վկայությամբ ամուսնությունը երջանիկ է եղել: Մարգարիտա Թերեզան ամուսնուն քնքշանքով կոչում էր «քեռի» (գերմ.՝ Onkel), իսկ կայսրը նրան` Գրետլ (գերմ.՝ Gretl)[23]: Ամուսիններն ունեին ընդհանուր բազմաթիվ հետաքրքրություններ արվեստում և երաժշտության մեջ[24]:

Ամուսնության վեց տարվա ընթացքում Մարգարիտա Թերեզան ունեցել է չորս զավակ, որոնցից երեքը` Ֆերդինանդ Վենցելը (28.9.1667 — 13.1.1668), Յոհան Լեոպոլդը (ծնվ. և մահ.` 20.2.1670) և Աննա Մարիա Անտոնիան (9.2.1672 — 23.2.1672), մահացել են մանուկ հասակում: Ապրել է միայն Ավստրիայի էրցհերցոգուհի Մարիա Անտոնիան (18.1.1669 — 24.12.1692), ով 1685 թվականի հուլիսի 15-ին ամուսնացել է Բավարիայի կուրֆյուրստ Մաքսիմիլիան II-ի հետ (11.7.1662 — 26.2.1726)[5]: Բազմաթիվ հղիությունները թուլացրել էին Մարգարիտա Թերեզայի առանց այն էլ վատ առողջական վիճակը[23]: Երիտասարդ կայսրուհին աստվածավախ էր և դրդում էր Լեոպոլդ I-ին Վիեննայից արտաքսել հրեաներին, որոնց մեղավոր էր համարում իր բազմաթիվ անհաջող ծննդաբերությունների համար: 1670 թվականին քրիստոնեական մի տոնի առիթով կայսրը հրամայում է քանդել Վիեննայի սինագոգը և տեղում եկեղեցի կառուցել[24]:

Մադրիդի թագավորական պալատում դաստիարակված ինֆանտը, կայսրուհի դառնալով, շարունակում է մնալ իսպանուհի: Նա վատ էր խոսում գերմաներեն: Նրա գոռոզությունն ու իսպանական մեծամտությունը հանգեցրին կայսերական պալատում հակաիսպանական տրամադրությունների: Պալատականները բացահայտ հույս էին հայտնում, որ հիվանդ կայսրուհին կմահանա, և Լեոպոլդ I-ը երկրորդ անգամ ամուսնանալու հնարավորություն կունենա: Այդ անտանելի իրավիճակը առավել ևս ազդում էր Մարգարիտա Թերեզայի վրա[23][24]: Պալատում նրա միակ բարեկամը, բացի ամուսնուց, նրա մայրացուն էր` այրիացած կայսրուհի Էլեոնորա Կրտսերը (1628-1686)[25]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերթական հղիության ժամանակ Մարգարիտա Թերեզան հիվանդացել է թոքաբորբով և 22 տարեկան հասակում մահացել 1673 թվականի մարտի 12-ին` չորրորդ երեխայի ծնվելուց քիչ անց: Կայսրուհուն թաղել են Կայսերական դամբարանում, որը գտնվում էր Վիեննայի կապուցինների եկեղեցու մոտ: Չորս ամիս անց այրիացած կայսրը, որ Մարգարիտային անվանում էր «իմ միակ Մարգարիտա», ամուսնանում է երկրորդ անգամ Կլավդիա Ֆելիցիտա Ավստրիացու հետ, ով Հաբսբուրգների տան Տիրոլյան ճյուղից էր[24]:

Մարգարիտայի մահից հետո իսպանական ճյուղի ժառանգության նրա իրավունքներն անցնում են դստերը` Մարիա Անտոնիային, իսկ վերջինիս մահից հետո, ով հետնորդներ չէր թողել, իրենց իրավունքների մասին են հայտարարում Լեոպոլդ I-ն ու ֆրանսիացի արքա Լյուդովիկոս XIV-ը, ով Իսպանիայի արքա Ֆիլիպ IV-ի փեսան էր: Այսպիսով, Իսպանական ժառանգության համար պատերազմի արդյունքում ի հայտ է գալիս Բուրբոնների արքայատոհմի իսպանական ճյուղը: Իսպանիայի նոր արքա է դառնում Ֆիլիպ V-ը, ով Մարգարիտա Թերեզայի թոռային զարմիկն էր[24]:

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտա Թերեզայի ծնվելուց քիչ առաջ Մադրիդ է վերադառնում պալատական նկարիչ Դիեգո Վելասկեսը: 1653-1659 թվականներին նա նկարում է ինֆանտին պատկերող նկարաշար: Նրանցից երեքը` «Ինֆանտ Մարգարիտայի դիմանկարը վարդագույն զգեստով» (1653), «Ինֆանտ Մարգարիտայի դիմանկարը ճերմակ զգեստով» (1656), «Ինֆանտ Մարգարիտայի դիմանկարը կապույտ զգեստով» (1659), ուղարկվել են Վիենննայի կայսերական պալատ և այժմ գտնվում են Արվեստի պատմության թանգարանում[26]: Դրանցից վերջինում, որ նկարիչը նկարել է մահից քիչ առաջ, ութամյա Մարգարիտան պատկերված է իր տարիքից մեծ հավանաբար կայսեր հետ նախատեսված ամուսության պատճառով[27]:

Վելասկեսի ամենահայտնի կարը ինֆանտին պատկերող նկարաշարից «Լաս Մենինասն» է (1556), որը ներկայումս պահվում է Մադրիդի Պրադո թանգարանում: Նկարում պատկերված է հնգամյա Մարգարիտան, երբ նկարիչը նրա ծնողների դիմանկարն է նկարում: Աղջկան շրջապատում են ֆրեյլինները և այլ պալատականներ, սակայն նրա հայացքը գամված է ծնողներին, ում արտացոլանքը երևում է պատին ամրացված հայելում[28]: Նկարից ներշչվել է Պաբլո Պիկասոն, ով 1957 թվականին ստեղծել է նկարի ավելի քան 40 տարբերակ[29]:

Վելասկեսի վրձնով անմահացած Մարգարիտա Թերեզայի կերպարը ներշնչանք է հանդիսացել ոչ միայն նկարիչների, այլև այլ արվեստագետների համար: Այսպես, Բորիս Պաստեռնակն իր «Թիթեռ-փոթորիկ» (ռուս.՝ Бабочка-буря) բանաստեղծության մեջ նրան հիշատակել է տեսիլքի կերպարով, որ Մոսկվայում հայտնվել է փոթորկի ժամանակ թիթեռի տեսքով[30]: Նրան հիշատակել է Վյաչեսլավ Իվանովը իր «Պաստեռնակի «Հավերժ մանկությունը»» աշխատության մեջ[31][32]:

«Ինֆանտ Մարգարիտայի դիմանկարը վարդագույն զգեստով» նկարը (1653), որ նախկինում վերագրվում էր Վելասկեսին, ներկայումս համարվում է նրա փեսայի` Խուան Բատիստա Մարտինես դել Մազոյի գլուխգործոցներից մեկը: Վերջինիս վրձնին է պատկանում նաև «Ինֆանտ Մարգարիտայի դիմանկարը սգո զգեստով» (1666), որում նա պատկերված է հոր մահից անմիջապես հետո նախքան իր ամուսնությունը: Երկու նկարներն էլ պահվում են Պրադո թանգարանում[33]: Որոշ մասնագետներ կասկածի տակ են դնում «Ինֆանտ Մարգարիտայի դիմակարի» (1655, Լուվր) հեղինակային պատկանելությունը, որը նախկինում վերագրվում էր Վելասկեսին[34]:

Հայտնի են Մարգարիտա Թերեզայի հասուն տարիքի դիմանկարները, որոնք պատկանում են եվրոպացի տարբերի նկարիչների: Նրանց մեծ մասը պահպանվում է Վիեննայի` Արվեստի պատմության թանգարանի հավաքածուում Դրանցից են (Ինֆանտ Մարգարիտա Թերեզայի դիմանկարը ողջ հասակով) (Ժերար դյու Շատո, 1665), «Կայսրուհի Մրգարիտա Թերեզայի դիմանկարը` թատերական զգեստով» (Յան Թոմաս վան Յեպերեն, 1667), «Կայսրուհի Մարգարիտա Թերեզայի դիմանկարը դստեր` Մարիա Անտոնիայի հետ» (Բենիամին ֆոն Բլոկ, 1671)[35][36]: Վերջին նկարը գտնվում է Հոֆբուրգի պալատում: Պահպանվել են նրա Մարգարիտա Թերեզայի դիմանկարի բազմաթիվ կրկնօրինակներ, որոնք ներկայումս պահվում են աշխարհի տարբեր թանգարաններում[37][27]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Real Academia de la Historia Diccionario biográfico españolReal Academia de la Historia, 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. 3,0 3,1 The Peerage — ed. size: 717826
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118730991 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Lundy, Darryl։ «Margaret Teresa Habsburg, Infanta de España» (անգլերեն)։ www.thepeerage.com։ Վերցված է 13.08.2016 
  6. 6,0 6,1 Mutschlechner, Martin։ «Philip IV: marriage and offspring» (անգլերեն)։ www.habsburger.net։ Վերցված է 21.08.2016 
  7. Álvarez-Ossorio Alvariño A. La sacralización de la dinastía en el pulpito de la Capilla Real en tiempos de Carlos II(իսպ.) // Criticon : журнал. — 2002. — № 84—85. — С. 315—317.
  8. Olivan Santaliestra, 2014, էջեր 174—176
  9. Taylor G. The Little Infanta. The Story of a Tragic Life. — London: Phoenix House, 1960. — P. 20. — 150 p.
  10. Olivan Santaliestra, 2014, էջ 178
  11. Музей истории искусства. — Москва: Директмедиа, 2014. — Vol. XXVI. — С. 89. — 95 с. — (Великие музеи мира). — ISBN 978-5-87-107267-7
  12. Olivan Santaliestra, 2014, էջեր 166, 176—183
  13. Tercero, Luis։ «La última emperatriz española: Margarita Teresa en el Hofburg» (իսպաներեն)։ www.vienadirecto.com։ Վերցված է 20.08.2016 
  14. De Villa-Urrutia W. R. Relaciones entre España y Austria durante el reinado de la emperatriz Doña Margarita, Infanta de España, Esposa del emperador Leopoldo I. — Madrid: Libreria de Fernando Fe, 1905. — P. 67—69. — 130 p.
  15. Oliván Santaliestra L. Mariana de Austria en la encrucijada política del siglo XVII. — Madrid: Universidad Complutense de Madrid, 2006. — P. 304. — 580 p.
  16. Kašparová, Jaroslava։ «Po stopách knižní sbírky Františka Eusebia hraběte z Pöttingu a Persingu (1626–1678)» (cz)։ www.nm.cz։ Վերցված է 19.08.2016 
  17. Oliván Santaliestra L. Mariana de Austria en la encrucijada política del siglo XVII. — Madrid: Universidad Complutense de Madrid, 2006. — P. 184. — 580 p.
  18. «Un diamante azul para una menina vienesa» (իսպաներեն)։ www.masmasculino.com։ Վերցված է 20.08.2016 
  19. De Abreu y Bertodano J. Coleccion de los tratados de paz, alianza, neutralidad, garantia .... — Madrid: Antonio Marin, Juan de Zuñiga y la viuda de Peralta, 1751. — P. 620—627. — 718 p.
  20. López-Cordón M. V., Nieto Soria J. M. El Testamento de Felipe IV: atencion al problema sucesorio // Gobernar en tiempos de crisis: las quiebras dinásticas en el ámbito hispánico, 1250—1808. — Madrid: Silex Ediciones, 2008. — P. 48—50. — 423 p. — ISBN 978-8-47-737215-8
  21. 21,0 21,1 Rodríguez Villa A. Dos viajes regios (1679 — 1666)(իսպ.) // Boletín de la Real Academia de la Historia : бюллетень. — 1903. — № 42. — С. 369—381.
  22. Friehs, Julia Teresa։ «Party-time: The marriage of Leopold I and Margarita of Spain» (անգլերեն)։ www.habsburger.net։ Վերցված է 21.08.2016 
  23. 23,0 23,1 23,2 Kathan, Bernhard։ «Frühe Gebärmaschinen» (գերմաներեն)։ www.hiddenmuseum.net։ Վերցված է 21.08.2016 
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 Strnad, Alfred. (1999)։ «Margarethe (Margarita Maria Teresa), Infantin von Spanien»։ Neue Deutsche Biographie (գերմաներեն) XМI։ www.deutsche-biographie.de։ Վերցված է 21.08.2016 
  25. Schnitzer-Becker, Rotraut. (1993)։ «Eleonora Gonzaga Nevers, imperatrice»։ Dizionario Biografico degli Italiani (իտալերեն) XLII։ www.treccani.it։ Վերցված է 21.08.2016 
  26. «Velázquez. Kunsthistorisches Museum Wien» (գերմաներեն)։ www.khm.at։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-18-ին։ Վերցված է 21.08.2016 
  27. 27,0 27,1 Krems, Eva-Bettina.։ «Dynastische Identität und europäische Politik der spanischen Habsburger in den 1650er Jahren» (գերմաներեն)։ www.uni-heidelberg.de։ Վերցված է 21.08.2016 
  28. Rodríguez de Silva y Velázquez, Diego։ «Las Meninas» (իսպաներեն)։ www.museodelprado.es։ Վերցված է 21.08.2016 
  29. Костеневич А. Г. Пикассо. — Искусство: Ленинград, 1982. — С. 43. — 226 с.
  30. Лихачёв Д. С., Князевская Т. Б. Литература и искусство в системе культуры / Пиотровский Б. Б. — Москва: Наука, 1988. — С. 476. — 500 с. — ISBN 978-5-02-012677-0
  31. Иванов Вяч. Вс. «Вечное детство» Пастернака // Литература и искусство в системе культуры. — Москва: Наука, 1988. — С. 471—480.
  32. Пастернак Б. Л. Полное собрание сочинений с приложениями: Стихотворения и поэмы 1912—1931 / Тевекелян Д. В. — Москва: Слово, 2003. — Т. I. — С. 505. — 573 с. — ISBN 978-5-85-050680-3
  33. Martínez del Mazo, Juan Bautista։ «Doña Margarita de Austria» (իսպաներեն)։ www.museodelprado.es։ Վերցված է 21.08.2016 
  34. «Polémica sobre la autoría de un Velázquez prestado por el Museo del Louvre» (իսպաներեն)։ www.elcultural.com։ Վերցված է 21.08.2016 
  35. Du Chateau, Gerard։ «Infantin Margarita Teresa (1651-1673), Kaiserin, Bildnis in ganzer Figur» (գերմաներեն)։ www.khm.at։ Վերցված է 21.08.2016 
  36. Thomas van Ieperen, Jan։ «Infantin Margarita Teresa (1651—1673), Kaiserin, im Theaterkostüm» (գերմաներեն)։ www.khm.at։ Վերցված է 21.08.2016 
  37. «Retrato de la Emperatriz Margarita Teresa de Austria» (իսպաներեն)։ www.internationalportraitgallery.ru։ Վերցված է 21.08.2016 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

[անգլ.]. — Farnham : Ashgate Publishing, 2014. — P. 165—185. — 308 p. — (New Hispanisms: Cultural and Literary Studies). — ISBN 978-1-47-242880-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]