Նավապետ Հատերասի ճանապարհորդություններն ու արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավապետ Հատերասի ճանապարհորդություններն ու արկածները
ֆր.՝ Les Aventures du capitaine Hatteras
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն և գրավոր աշխատություն
Ժանրճանապարհորդական վեպ, Ծովային գրականություն և գիտական ֆանտաստիկա
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)John Hatteras? և Q85080623?
Ստեղծման տարեթիվ1864
Նկարագրում էՀյուսիսային բևեռ
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդՀինգ շաբաթ օդապարիկով
ՀաջորդՈւղևորություն դեպի երկրի կենտրոնը
ՆկարազարդողԷդուարդ Ռու
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ1864
 Journeys and Adventures of Captain Hatteras Վիքիպահեստում

«Նավապետ Հատերասի ճանապարհորդությունն ու արկածները» (ֆր.՝ Les Aventures du capitaine Hatteras), Ժյուլ Վեռնի գիտա–ֆանտաստիկ և արկածային վեպը։ Գիրքը գրված է 1866 թվականին։ Այստեղ պատմվում է դեպի Հյուսիսային բևեռ արշավախմբի մասին՝ կապիտան Հատերասի գլխավորությամբ։ Սա «Հինգ շաբաթ օդապարիկով» գրքից հետո Էտցելի ամսագրում Վեռնի հրատարակած երկրորդ վեպն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաս առաջին․ Անգլիացիները Հյուսիսային բևեռում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողությունները սկսվում են անգլիական քաղաք–նավահանգիստ Լիվերպուլում։ Նավահանգստում կայանված էր «Ֆորվարդ» անունով երկկայմ առագաստանավը, որը ըստ լուրերի, պետք է ճանապարհորդության ուղևորվեր դեպի հեռավոր հյուսիս։ Բայց «Ֆորվարդ»–ը մարդկանց ուշադրությունն էր գրավել այն պատճառով, որ հայտնի չէր թե ով է նրա նավապետը։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ոմն նավաստի Շանդոնը նամակ ստացավ «Կ․ Զ․»–ից, որտեղ նրան առաջարկվում էր մասնակցել դեպի Հյուսիսային բևեռ կատարվող արշավախմբին։ Շանդոնը ծանոթանում է բժիշկ Կլոուբոննիի հետ, որին ուղարկել էր նավապետը, ստանում է բոլոր անհրաժեշտ միջոցները և սկսում է երկկայմ առագաստանավի կառուցումը։ Առագաստանավը կառուցում են առանձնապես ամուր և ապահովում պարենով վեց տարվա համար։ Նավապետը պետք է հայտնվեր նավարկման առաջին օրը, բայց նա չի հայտնվում, բայց նրա փոխարեն բերում են վզնոցին «Կ․ Զ․» գրվացքով մի շուն։ Շանդոնը ստիպված նավարկում է առանց նավապետի։ Այդպես սկսվում է նրանց ճանապարհորդությունը։ Նավաստիների շրջանում լուր է տարածվում, որ շունն է հանդիսանում նավապետը, քանի որ իրեն պահում է հենց այդպես։ «Ֆորվարդ»–ը ճանապարհին կանգնում է մի քանի նավահանգիստներում, որպեսզի վերցնի նավապետին, բայց նա ոչ մի տեղ չի հանդիպում։

Շանդոնի հրամանատարությամբ առագաստանավը նավարկում է մինչև Բաֆֆինի ծովը։ Հենց այստեղ էլ պարզվում է, թե այդ ժամանակամիջոցում որտեղ էր գտնվում նավապետը։ Նա գտնվում էր նավաստիների շրջանում՝ քողարկված որպես նավաստի Հարրի։ Նա բացահայտվում է անձնակազմի մեջ և իր վրա է վերցնում արշավախմի հրամանատարությունը։ Այդ պահից Շանդոնը դառնում է չոր և անտարբեր ճանապարհորդության նկատմամբ։ Առագաստանավը հաղթահարում է կանադական կղզիների ծովերը, հասնում է մագնիսային բևեռ և նավարկում առաջ։ «Ֆորվարդ»–ը արգելափակվում է սառույցների մեջ և արշավախումբը մնում է ձմեռելու։ Ձմեռումը այդ վայրերում շատ խիստ է և դժվար, այդ պատճառով նավաստիները շատ խնամքով են պատրաստվում։ Ամբողջ ձմեռ նրանք ստիպված են լինում անցկացնել մի սենյակում՝ վառվող վառարանի շուրջը։ Նավաստիները հիվանդանում են լնդախտով և աչքերի հիվանդությունով և նրանց վերաբարմունքը նավապետին՝ որը տենչում էր միայն առաջ, ավելի ու ավելի է վատթարանում։ Ժամանակի ընթացքում ածուխը վերջանում է։

Նավապետ Հատերասը, բժիշկ Կլոուբոննին, ատաղծագործ Բելլը և Սիմփսոնը ուղևորվում են ածուխ փնտրելու։ Բայց նրանց չի հաջողվում ոչինչ գտնել։ Ճանապարհին նրանք հանդիպում են մեկ այլ արշավախմբից ողջ մնացած միակ անդամին՝ ամերիկացի նավապետ Ալտամոնտին։ Ճանապարհորդներին հաջողվում է փրկել նրա կյանքը։ Ճանապարհին հիվանդանում և մահանում է Սիմփսոնը, իսկ երբ վերադառնում են առագաստանավի մոտ, այնտեղ նրանց սպասում է դաժան տեսարան՝ Շանդոնը և մնացած նավաստիները այրել են առագաստանավը և նավակով հեռացել դեպի հարավ, մնացել է միայն Հատերասին հավատարիմ բոցման Ջոնսոնը։ Հատերասը հուսահատությունից սկսում է ճչալ։ Հրդեհը հասնում է մինչև վառոդների պահեստը և «Ֆորվարդ»–ը օդ է բարձրանում։

Մաս երկրորդ․ Սառցե անապատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվ այսպես Հատերասը, Կլոուբոննին, Ջոնսոնը, Բելլը և Ալտամոնտը մնում են սառցե հարթության վրա առանց գոյատևման որևէ միջոցների։ Բայց նրանք չեն հուսահատվում և հավաքում են սննդի մնացորդները, որոնք մնացել էին պայթյունից հետո։ Դա այնքան էլ շատ չէ, բայց ճանապարհորդները հասկանում են, որ իրենք հեռու չեն գնա և սկսում են հիմնավորվել այնտեղ։ Բժիշկ Կոլուոննիի մոտ միտք է հղանում տուն կառուցել սառույցից և նա այդ անում է ատաղձագործ Բելլի և իր ընկերների օգնությամբ։ Քանի դեռ եղանակը բարենպաստ էր ճանապարհորդները ուղևորվում են որսորդության։ Մի անգամ, երբ վերջանում է կապարը, Կլուբոննին փամփուշտ է պատրաստում սնդիկից, և Հատերասը՝ իր վրա հագնելով փոկի կաշին, սողոսկում է արջի մոտ և սպանում է նրան։

Այդ ժամանակամիջոցում Ալտամոնտը լրիվ ապաքինվում է։ Երեկոները նրանք հավաքվում էին կրակի շուրջ և սկսում էին խոսել ճանապարհորդությունների և հայտնագործությունների մասին։ Հաճախ Ալտամոնտը և Հատերասը՝ որպես ամերիկացի և անգլիացի, վիճում էին այն մասին թե ով է ավելի հեռու հասել և ում կհասնի ավելի շատ փառք։ Մի անգամ նրանց սառցե տունը շրջապատում են արջերը և ճանապարհորդները մեծ դժվարությամբ կարողանում են նրանց հետ մղել, նրանց նորից օգնության է հասնում բժիշկ Կլոուննին, որը մտածում է կազմակերպել ստորերկրյա պայթյուն։

Այդպես նրանք անց են կացնում կես տարի։ Ամռան գալու հետ նավապետ Հատերասը առաջարկում է շարունակել ընդհատված ճանապարհը և հասնել Հյուսիսային բևեռ։ Նրա ընկերները համաձայնվում են։ Նրանք սկսում են պատրաստվել ճանապարհորդության, շների սահնակը զինում են մի քանի շներով և ճանապարհ են ընկնում։ Ճանապարհորդները հայտնագործում են նոր աշխարհամաս, որը նրանք Ալտամոնտի առաջարկով անվանում են Նոր Ամերիկա, քարտեզի վրա նշում են իրենց բացահայտածը և նրանց տալիս են անուններ։

Հրաբուխ Հյուսիսային բևեռում

Երբ նրանք անցնում են որոշակի ճանապարհ, դուրս են գալիս մեծ ծովի ափ։ Այդ ծովը մաքուր էր և նրա վրա չկային սառցաբեկորներ։ Ընկերները նավ են կառուցում և լողում են դեպի հյուսիս։ Այնտեղ նրանք կատարում են անսովոր հայտնագործություն՝ հյուսիսային բևեռին մոտ նրանք հայտնաբերում են հսկա գործող հրաբուխ, որից կրակ ու քար էր ժայթքում։ Հանկարծ նավապետ Հատերասը անհայտանում է նավակից՝ փոթորիկը նրան առաջինն է նետում հրաբխային կղզու ափ։ Նավապետի ընկերները շուտով նույնպես մոտենում են հրաբխին։ Ափ իջնելով և կատարելով որոշակի հաշվարկներ, նրանք հասկանում են, որ Հյուսիսային բևեռը գտնվում է հրաբխի խառնարանում։ Նավապետ Հատերասի գլխում մի խենթ գաղափար է ծնվում՝ հասնել այդ կետին և ընկերները սկսում են վերելքը դեպի հրաբխի գագաթը։ Նավապետ Հատերասը այնքան էր տարված այդ գաղափարով, որ առաջ անցավ իր ընկերներից արագ բարձրացավ գագաթը։ Նրա հավատարիմ շունը հետևում էր նրան։

Ճանապարհորդները դժվարությամբ են փրկում նավապետին, երբ նա ընկնում էր հրաբխի բերանը և տեսնում են, որ նա հուզմունքից կորցրել է բանականությունը։ Նրանք, Հատերասի հետ միասին, բռնում են հետդարձի ճանապարհը և հրաբուխը անվանում են «Հատերասի լեռ»։ Նրանք նավակով լողում են դեպի սառույցով պատված տարածք և ոտքով շարժվում են դեպի հարավ։ Ճանապարհին նրանք գտնում են մահացած արշավախումբ։ Ուշադիր նայելով նրանք հասկանում են, որ դա Շանդոնը, Պեննը և «Ֆորվարդ»–ի մյուս նավաստիներն են։ Նրանք հեռանում են։

Ճանապարհորդները հասնում են ծովի ափ և հեռվում նկատում են նավ։ Չցանկանալով կորցնել այդ հնարավորությունը, նրանք ցատկում են սառցաբեկորի վրա և նրանով հասնում են նավին։ Այդպես նրանք վերադառնում են Անգլիա։ Ճանապարհորդները պարգևատրվում են, իսկ Հատերասին տեղավորում են հիվանդանոց։ Բժիշկ Կլոուբոննին նկատում է, որ նավապետ Հատերասը ամեն օր այգում քայլում է միայն մեկ ուղղությամբ՝ դեպի հյուսիս։ Նավապետին անընդհատ ձգում է հյուսիսը։

Հյուսիսային բևեռը Ժյուլ Վեռնի պատկերացմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժյուլ Վեռնը Հյուսիսային բևեռը վեպում ներկայացնում է որպես գործող հրաբուխ՝ ծովի մեջ։ Վեռնի ժամանակաշրջանում բևեռը դեռ հայտնաբերված չէր, կազմակերպվել էին բազմաթիվ արշավախմբեր, բայց նրանք բոլորը անհաջողության էին մատնվում։ Այդ պատճառով մարդիկ կարող էին աղոտ պատկերացում ունենալ թե ինչ է գտնվում աշխարհի ծայրին։ Ժյուլ Վեռնի պատկերացմամբ այնտեղ ցուրտ չէր, ծովում չկային սառույցներ և սառցաբեկորներ և, որ ամենակարևորն է, հենց բևեռի վրա գտնվում է հրաբուխ։ Բացի այդ այնտեղ ձյուն չկա։

Բևեռը բացահայտվել է Ռոբերտ Պիրիի կողմից 1909 թվականին։ Այնտեղ չկա ոչ հրաբուխ, ոչ ծով այլ միայն սառցե շերտ։

Վեռնի ժամանակաշրջանում բևեռների աշխարհագրության մասին հիպոթեզները կառուցվում էին շատ տարբեր և վիպասանը դրանց հեղինակներից մեկն էր։ «Քսան հազար լյո ջրի տակ» վեպում, նավապետ Նեմոն, «Նաուտիլուս»–ով նավարկում է Հարավային բևեռի տակով և արգելափակվում է սառույցների մեջ այն տեղում, որտեղ իրականում գտնվում է Անտարկտիդան։ Այսպիսով, բևեռները, Վեռնի պատկերացմամբ, գտնվում են ուղիղ հակառակ դիրքերում՝ Հյուսիսայինը ենթադրում էր, որ գտնվում է ցամաքի վրա, իսկ Հարավայինը՝ զուտ ծովային էր։ Սակայն «Ռոբուր–Նվաճողը» վեպում գլխավոր հերոսները՝ «Ալբատրոս» սարքով, թռչում են հարավային բևեռի վրայով և քիչ է մնում բախվեն գործող հրաբխին։ Դրանից հետևում է, որ Ժյուլ Վեռնը նախընտրում է բևեռի վրա հրաբխի գաղափարը ծովի գաղափարից։

Արշավախմբի անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նավապետ Հատերաս – մեծագույն ճանապարհորդ, որը ձգտում էր նվաճել բևեռը
  • Դեկ – շուն, նավապետի հավատարիմ ուղեկցողը
  • Ռիչարդ Շանդոն – նավապետի օգնականը
  • Բժիշկ Կլոուբոննի – ճանապարհորդ, որն ուներ ուրախ բնավորություն
  • Ջեյմս Ուոլլ – նավապետի երկրորդ օգնականը
  • Ջոնսոն – բոցման
  • Սիմպսոն – հարպունահար
  • Բելլ – ատաղձագործ
  • Բրենտոն – առաջին մեխանիկ
  • Պլովեր – երկրորդ մեխանիկ
  • Ստրոնգ – սևամորթ խոհարար
  • Ուոլստեն – զինագործ
  • Ֆոկեր – սառցային լոցման
  • Ուորեն – հնոցապան

Եվ նավաստիներ՝

  • Բոլտոն
  • Պեն
  • Հարրի – հետագայում նավապետ Հատերասն է
  • Գրիպպեր
  • Կլիֆտոն

Ինչպես նաև

  • Ալտամոնտ – զոհված ամերիկյան արշավախմբի նավապետ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նավապետ Հատերասի ճանապարհորդություններն ու արկածները» հոդվածին։