Շուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շներից)
Ընտանի շուն
Ասատրյան Ռոկի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ (Chordata)
Դաս Կաթնասուններ (Mammalia)
Կարգ Գիշատիչներ(Carnivora)
Ընտանիք Շնազգիներ(Canidae)
Ցեղ Գայլեր (Canis)
Տեսակ Գորշ գայլ (Canis lupus)
Ենթատեսակ Շուն (Canis lupus familiaris)
Լատիներեն անվանում
Canis familiaris, Canis familiarus domesticus



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 726821
NCBI 9615

Ընտանի շուն կամ շուն (հոգնակի՝ շներ), շնազգիների ընտանիքի կաթնասուն է։ Շունը գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից։ Առաջին ընտելացված կենդանին է։ Առաջին մասամբ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33 000 տարի առաջ։ Դրանց նախորդները չեն գոյատևել սառցե դարաշրջանում, դրանից հետո ընտելացված շների հնագույն մնացորդներ հայտնաբերվել են Ելիսեևիչի (Բրյանսկի շրջանում) վերինպալեոլիթյան բնակավայրից և վերագրում են մինչև 19 000 տարի[1]։ Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։ Հին Եգիպտոսում շունը տարբեր դասակարգերի սիրելի ու գրեթե սրբազան կենդանին էր, այն նաև թաղվում էր ու մումիֆիկացվում[2]։

Շներն օգտագործվում են տարբեր ոլորտներում։ Հնուց ի վեր գոյություն են ունեցել մարտական շներ, դրանք նշանավոր են նաև համաշխարհային պատերազմներում։ Ներկայում կան ոստիկանական, ծառայողական՝ մարդկանց հետ գործակցելու և հաշմանդամներին օգնելու համար, և այլ աշխատանք կատարող շներ։ Երկրագնդի տարբեր հատվածներում շների հանդեպ վերաբերմունքը տարբեր է։ Դրանք նաև սննդի աղբյուր են՝ օգտագործվող ճաշատեսակներ մեջ, ինչը հատուկ է արևելյան խոհանոցին։ Օտարերկրացիների համար՝ 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ պաշտոնապես սպասարկող 112 ռեստորաններում արգելվեց շան մսի մատուցումը[3]։

Աշխարհում կա շուրջ 500 հազար միլիոն շուն, որոնց 75%-ը թափառող շներն են։ Դրանց հետ կապված խնդիրներն ավելի ընդգծված են զարգացող երկրներում։ Շները հանդիսանում են տարբեր հիվանդությունների կրողներ ու փոխանցողներ[4]։ Այժմ կա շների մի քանի հարյուր տեսակ, նրանց միջին չափերը հիմնականում տատանվում են 15-84 սմ միջև, քաշը՝ 1-79 կգ միջև[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շների նախնիներն առաջացել են գայլերի ցեղից, որի բոլոր տեսակներն էլ կարող էին խաչասերվել՝ սկիզբ տալով շներին։ Սակայն շների անմիջական նախնին համարվում է հենց գորշ գայլը, որը գենետիկ ինֆորմացիայով ավելի մոտ է շանը։ Ընտելացված շների առաջացման տարբեր վայրեր են առաջարկվել հնագիտական հայտնագործություններով, դրանք հերքել կամ լրացրել են միմյանց։ Յութայում՝ Վտանգի քարանձավում (Danger Cave) 9000-10 000 տարվա մնացորդների, Պերուում և Կոլումբիայում մնացորդների հետազոտությունները ցույց են տալիս, որ Հյուսիսային և Լատինական Ամերիկաների շների նախնին ևս գորշ գայլն է Եվրասիայում[6]։ Այդուամենայնիվ ընդհանրապես շների ծագումն ու ընտելացումը հաստատապես պարզել դժվար է, քանի որ ներկա կենդանիները ֆիլոգենետիկորեն տարբերվում են վերջին 150 տարում[7]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայլերի և մարդկային միմյանց առնչվող առաջին ոսկորներին վերագրում են մինչև 400 000 տարի, գենետիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ շունը կարող է առաջացած լինել 135 000 տարի սրանից առաջ[8]։ 2002-ին հրապարակված հետազոտությունն առաջարկում է նաև 40 000 տարի առաջ վարկածը[9]։ Հնագիտական աղբյուրներով ամենահին շները եղել են Բելգիայում՝ Գոյեի քարանձավում (Goyet)՝ 31 700 տարի առաջ[10],, Սիբիրում՝ Ռազբոյնիչյա քարանձավում՝ 33 000 տարի առաջ[11], Ֆրանսիայում՝ Շովեյի քարայրում (Chauvet)՝ երեխայի ու շնազգիի հետքեր 26 000 տարի առաջ[12]։

Իսրայելի հյուսիսում հայտնաբերվել են Նաթուֆյան ժամանակներում միասին թաղված երեխայի և գայլի կամ շան ձագի ոսկերներ՝ ստորին ծնոտ ու կարնասիալ (գիշատիչ) ատամներ, դրանք վկայում են 12 000 տարի առաջ ընտելացման մասին[13]։ Դեռևս 1873-ին Շվեյցարիայում՝ Կեսլերլոխի քարայրում (Kesslerloch Cave) գտնված վերին ծնոտի մնացորդները 14 100- 14 600 տարվա են։ Սակայն շների և գայլերի ծնոտների նմանությունը միայն այն գայլերի հետ է, որոնք հանդիպում են Չինաստանում[14]։

Այսպես, ըստ արական Y քրոմոսոմի վերլուծության՝ ընտանի շունը ծագել է Չինաստանի հարավ-արևելքում[9] Նույն ուղղվածությամբ՝ միտոքոնդրիալ ԴՆԹ-ի այլ հետազոտություն կոնկրետացրեց ծագման վայրը՝ Յանցզի գետից հարավ, ժամանակը՝ մոտ 16 300 տարի սրանից առաջ[14]։ ՄԴՆԹ-ի վերլուծությանը հակադրվում է, դրան հաջորդած, այլ ուսումնասիրություն, ըստ որի ընտանի շան գենոմի առավելագույն համընկնումը նուկլեոտիդի մակարդակով Միջին Արևելքի գորշ գայլին է համապատասխանում, և հենց միջինարևելյան գայլի գենոմն է հետագայում առավելագույնը տարբերակվում[15]։ Այս երկու տեսություններն էլ ունեն իրենց քննադատությունը։

Ընդհանուր տեղեկություններ շների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Շան սիրելի ուտելիքները

Շունը վայրի կենդանիներից առաջինն է, որին մարդն ընտելացրել է դեռևս քարի դարում՝ շուրջ 12 հզ. տարի առաջ։ Ընտելացման և բուծման ընթացքում ստեղծվել է շների ավելի քան 400 ցեղ, որոնք միմյանցից տարբերվում են մարմնի չափերով ու կառուցվածքով, մազածածկով, գույնով ու վարքագծով։ Դրանք բոլորը սերում են 1 նախնուց՝ գայլից։ Այժմ ընտանի շներն ապրում են ամենուրեք, որտեղ մարդիկ կան։ Շներն ունեն լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն։ Լավ վազում և լողում են։ Ծնում են 1–2 (երբեմն՝ 12–18) կույր, խուլ և անատամ ձագեր։ Ապրում են 10–12 (16–17) տարի։ Հիմնական և լրացուցիչ կերերն են միսը, շիլան, ոսկորը, ոսկրալյուրը, բանջարեղենը։ Շներին պահում են բներում, ցանացապատ վանդակներում, տներում։ Կան նաև թափառող շներ։ Շներին բուծում են որսորդական տնտեսություններում, հատուկ բուծարաններում։ Շների ժամանակակից ցեղերը միավորվում են ծառայողական, որսորդական և գեղազարդիչ խմբերում։ Ծառայողական շներից են մկանուտ, փորը ներս ընկած արևելաեվրոպական հովվաշները, փարթամ մազածածկով կոլլիները (շոտլանդական հովվաշները), հսկա, բրդոտ, արջի պես կարճ դնչով կովկասյան հովվաշները, սպիտակ, գանգուր ու երկար մազածածկով հարավռուսական հովվաշները։ Սրանք բոլորը խոշոր, ուժեղ շներ են։ Արևելաեվրոպական հովվաշները հիանալի ծառայողական շներ են, «ծառայում են» պետական սահմանին, քրեական հետախուզությունում և այլ ոլորտներում։ Նրանց հատուկ վարժեցնում են «շների դպրոցում»։ Շոտլանդական, հարավռուսական և կովկասյան հովվաշները ոչխարների հոտերը պաշտպանում են գիշատիչներից։ Արջի նման հաստաթաթ ու բրդոտ, ծանր պոչով սև, հսկա նյուֆաունդլենդները կամ ջրասուզակները կարողանում են լողալ ու սուզվել և փրկել խեղդվողներին։ Պատերազմի ժամանակ շատ են օգնում ականներ որոնող շները. այնտեղ, որտեղ շունը պայթուցիկ նյութի առկայություն է զգում, նստում է։ Շները զինվորական մեկ այլ «մասնագիտություն» էլ ունեն՝ սանիտարներ են. մարտի դաշտում որոնում, գտնում են վիրավորներին։ Շները նաև ռազմական հրամաններ ու զեկույցներ են տեղ հասցնում. նրանք սողալով առաջ են շարժվում բաց տեղանքով, սլանում գնդակների տարափի տակ և հայտնվում այնտեղ, որտեղ չէր կարող հասնել մարդը։ Ծառայողական շների շարքում կան բրդոտ, շիկակարմիր կամ գորշ բծերով, մեծ ու հանգիստ սպիտակ շներ։ Դրանք սենբեռնարներն են՝ փրկարարները. բուծվել են 17-րդ դարում Ալպերում՝ դժվարանցանելի ու վտանգավոր լեռնանցքին մոտիկ համանուն վանքում։ Հյուսիսում լայկաները հիանալի են կատարում եղջերուների հովվի պարտականությունները, շնասահնակով մարդ ու բեռներ փոխադրում։ Ծառայողական շներից են նաև էրդեր-տերիերները, դոբերման-պինչերները, բուլդոգները, դոգերը, բոքսյորները և այլն։ Բազմաթիվ ցեղերի են բաժանվում նաև որսորդական շները։ Իր նախնուն՝ գայլին, շատ նման է որսորդական լայկան։ Շատ գեղեցիկ են քերծեները, որոնք ունեն նեղ ու երկար դունչ, բարեկազմ մարմին և ուժեղ ու երկար ոտքեր (օրինակ՝ Ռուսաստանում բուծված քերծեները)։ Որսին հետապնդելիս նրանք սլանում են քամու պես, և արագավազ ձիեր հեծած որսորդներն անգամ հետ են մնում նրանցից։

Սուր դնչիկը վեր ցցած, կարճ ոտքերի վրա փքված տեսքով շորորացող տաքսան գորշուկների ու աղվեսների հիանալի որսորդ է։ Այդ գազանները թաքնվում են խորը, ճյուղավորված բներում, որտեղից նրանց դուրս քշելը խիստ դժվար է։ Սակայն կարճլիկ ու ճկուն տաքսան հեշտությամբ սողոսկում է այդ բներից ներս։ Նման դեպքերում լավ օգնական է նաև կրակոտ, փոքրիկ ֆոքստերիերը։ Որսահալած շները որսը հալածում են որոտաձայն, չընդատվող հաչոցով։ Շունն աղվեսին կամ նապաստակին հալածում-քշում է դեպի որսորդը։ Գեղեցիկ սետտերների և փոքրիկ սպանիելների օգնությամբ որսում են անտառաբնակ և ճահճաբնակ թռչուններ։ Նրանք հեռվից հոտառությամբ զգում են թռչունի ներկայությունը, նրանից մի քանի քայլ հեռու կանգ են առնում և, ծալելով առջևի թաթն ու լարի պես ձգվելով, անշարժանո ւ(չաշխատող հղում) մ։ Այդ դիրքը, որով շունը կարծես ցույց է տալիս որսը, կոչվում է «շնակաց»։ Զուր չէ, որ այդ հարթամազ, բծավոր շներին անվանում են փոյնտեր (անգլերեն է, նշանակում է «ցուցիչ»)։ Շների մեծ խումբ են նաև սենյակային գեղազարդիչ շները։ Փոքրիկ, զվարճալի բոլոնկաներին և թոյտերիերներին կարելի է սովորեցնել պարել կամ օղակի միջով ցատկել։ Սենյակային գրեթե բոլոր շները փոքր են, իսկ ամենափոքրը թոյտերիերն է։ Նրա զանգվածը մինչև 3կգ է։ Այս շները շատ հավատարիմ են իրենց տիրոջը, երբեմն անձնուրացաբար նետվում են նրանց պաշտպանելու։

Շան մարմնի մասերը

Կառուցվածքը և զգայարանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր տեսակի շների մարմնի կազմությունը նույնն է։ Անկախ չափերից՝ դրանց կմախքը 256 ոսկոր ունի։ Սակայն կենդանիների ոչ մի տեսակ չունի արտաքին տեսքի և ձևերի այնպիսի բազմազանություն, ինչպես շունը։ Ըստ գանգի ձևի՝ շները լինում են կարճադունչ (մոպս, բուլդոգ), միջնադունչ (դալմատին, ռետրիվեր) և երկարադունչ (կոլլի, հովվաշուն)։ Կախված կազմվածքից՝ շները տարբեր նպատակներով են բուծվում։ Ի տարբերություն մարդու՝ շունը քրտնագեղձեր չունի (բացի թաթերի բարձիկներից), այդ պատճառով էլ չի քրտնում։ Բոլոր շնազգիների՝ շան, աղվեսի, գայլի և մյուսների մարմնի հովացումը կատարվում և կարգավորվում է շնչառության հաճախականությամբ։ Երախները բաց, լեզուները դուրս գցած՝ դրանք շնչում են սառն օդը և արտաշնչում տաքը։ Քթի, բերանի խոռոչի և լեզվի լորձաթաղանթը, որոնց վրա շատ գեղձեր կան, խոնավության բավարար քանակ են ապահովում։ Սա անհրաժեշտ է նաև շան հոտառական հատկությունը պահպանելու համար և նպաստում է այն բանին, որ շան քիթը միշտ խոնավ է ու սառը[16]։ Շունը շրջապատող աշխարհը բոլորովին այլ կերպ է տեսնում, ոչ մարդու նման։ Նրանց հատկապես հետաքրքրում է իրենց ցեղակիցների հոտը, այդ պատճառով էլ նրանք միշտ հոտոտում են ծառերի բները, սյուները, տների անկյունները։ Շան «աչքերն» իր քիթն է։ Նրանք հոտերը պահում են հիշողության մեջ և կարող են մտաբերել նույնիսկ քնած ժամանակ։ Շան քիթը հատկապես զգայուն է կարագաթթվի նկատմամբ, որը մարդու քրտինքի տարածվելուց է գոյանում։ Շներն առնում են կարագաթթվի հոտը նույնիսկ մեկին միլիոն նոսրացման դեպքում։ Շան քթի խոռոչի հոտառական էպիթելիումի ընդհանուր մակերեսը 30-40 անգամ ավելի մեծ է և 100 անգամ ավելի զգայուն, քան մերը։ Այն 220 մլն բջիջ ունի, իսկ մարդունը՝ ընդամենը 5 մլն բջիջ։

Շների ոչ միայն հոտառությունն է սուր, այլև լսողությունը։ Շները հստակ տարբերում են ձայները և որոշում՝ ո՞ր կողմից են դրանք գալիս։ Այդ ժամանակ շները սրում և շարժում են ականջները։ Շները շատ բարձր հաճախականության ձայներ են ընկալում։ Վայրկյանում 20000 տատանում հաճախականության ձայները մարդը չի լսում. դա անդրաձայնն է։ Շները լսում են վայրկյանում 40000 տատանում հաճախականության ձայները, բայց նրանց էլ գերազանցում են կատուները, որոնք լսում են վայրկյանում 50000 տատանում հաճախականույան ձայներ և իրենց այդ հատկությամբ մրցում չղջիկների հետ։

Շան տեսողությունն ավելի վատ է զարգացած, քան լսողությունն ու հոտառությունը։ Սա շների՝ գիշերային մսակեր նախնիներից ստացած ժառանգությունն է։ Գայլը որսի է դուրս գալիս գիշերը՝ մութն ընկնելուց հետո։ Այդ պատճառով էլ նրա աչքերը տեսնում են կատարվող շարժումները՝ օգտագործելով մնացորդային լույսը։ Շան աչքի հատակի կառուցվածքը մի կարևոր առանձնահատկություն ունի. անոթային թաղանթում ձևավորվում է հյուսվածքի մի շերտ tapetum lucidum, որը լույսն անդրադարձնելու հատկություն ունի։ Այդ է պատճառը, որ շների, գայլերի, ինչպես նաև կատուների աչքերը վառվում են գիշերը, երբ դրանց վրա ընկնում է շարժվող մեքենայի լույսը։ Շան տեսողության անկյունը համապատասխանում է աչքերի դիրքին։ Որքան դրանք իրարից հեռու են, այնքան տեսողության անկյունը մեծ է։ Իսկ երկու աչքով ծավալային տեսողությանը, հակառակը, խանգարում է։

Շների ցեղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շների ժամանակակից բոլոր ցեղերը, չնայած արտաքին որոշ նմանության, քարե դարի՝ իրենց նախնիների հետ ընդհանուր ոչինչ չունեն։ Շների ցեղերը պատահականորեն չեն ձևավորվել, դրանք բնության քմահաճույքը չեն։ Այդ ցեղերն ստեղծել է մարդը՝ երկար և հետևողական աշխատանքի արդյունքում, որը հաճախ մի քանի սերունդ հետո է երևացել։ Ցեղերը կայուն, անփոփոխ չեն, սակայն նոր ցեղի ստեղծումը հիմա հազվադեպ երևույթ է։ Տոհմիկ, ցեղական շներից բացի, կան խառնածիններ։ Կան նաև բազմաթիվ վայրենացած ընտանի շներ՝ պարիաներ։ Աշխարհում ընդամենը շների՝ շուրջ 400 ցեղ է հայտնի։ Ահա դրանցից մի քանիսը.

  1. տակսա
  2. դանիական դոգ
  3. իռլանդական գելխեղդ
  4. դալմատին
  5. պոմերանյան շպից
  6. էրդելտերյեր
  7. լաբրադոր ռետրիվեր
  8. լհասա ապսո
  9. հասկի
  10. միտելշնաուցեր
  11. բոքսյոր
  12. հին գերմանական հովվաշուն
  13. արքայական պուդել
  14. անատոլիկ հովվաշուն
  15. դոբերման

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռեմի Մելինա. «Ինչպե՞ս են շները դարձել շուն (անգլ)».
  2. Լեսլի Քինգ. «Դվարֆները և շները հին Եգիպտոսում (անգլ)».
  3. «Չինաստանն արգելում է շունը օլիմպական ճաշացանկում (անգլ)». BBC. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  4. «Թափառող կենդանիներ (անգլ)». ԿՊՀԸ (WSPA). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 07.06.12-ին.
  5. «Ընտանի շուն (անգլ)». National Geographic. Վերցված է 07.06.12-ին.
  6. (22 նոյեմբերի, 2002)։ «Նոր Աշխարհի շների Հին ԱԱշխարհից ԴՆԹ-ի վկայություն»։ AAAS Science։
  7. Վայն Փերրի (21 մայիս, 2012). «Ինչու՞ է շների ծագումը դեռ առեղծվածային».
  8. (13 հուլիսի, 1997)։ «Ընտանի շան բազմազան ու հնագույն ծագումը»։ AAAS Science։
  9. 9,0 9,1 (22 նոյեմբերի, 2002)։ «Ընտանի շների արևելաասիական ծագման գենետիկ վկայություն»։ AAAS Science։
  10. (Փետրվար, 2009)։ «Բրածո շներ ու գայլեր Բելգիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի պալեոլիթյան վայրերից»։ Journal of Archaeological Science։ Վերցված՝ 09.07.2012։
  11. (28 հուլիսի, 2011)։ «33 000 տարեկան առաջին շունը Սիբիրում՝ Ալթայի լեռներում»։ Public Library of Science։ Վերցված՝ 09.07.2012։
  12. «Աշխարհում առաջին շունն ապրել է 31.7 հազար տարի առաջ». Վերցված է 09.07.2012-ին.
  13. (07 դեկտեմբերի, 1978)։ «Իսրայելում 12 000 տարի առաջ շան ընտելացման վկայություն»։ Nature։ Վերցված՝ 09.07.2012։
  14. 14,0 14,1 (1 սեպտեմբերի, 2009)։ «մԴՆԹ-ի տեղեկությունը նշում է շան ծագումը Յանցզի գետից հարավ՝ տարբեր գայլերից»։ Վերցված՝ 09.07.2012։
  15. (17 մարտի, 2010)։ «Գենոմային ՄՆՊ-երի և հապլոտիպերի վերլուծությունը բացահայտում է շան ընտելացման մեծ պատմություն»։ Nature։ Վերցված՝ 09.07.2012։
  16. «Ինչու և ինչպես» Շներ։ Պետեր Տայխման
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Շուն հոդվածին