Երկարամազ կոլլի
Երկարամազ կոլլի | |
---|---|
Տեսակ | շան ցեղատեսակ |
Այլ անուններ | Երկարամազ կոլլի |
Բնաշխարհ | Միացյալ Թագավորություն Շոտլանդիա |
Առանձնահատկություններ | |
Զանգված արու | 26-34 կգ |
Զանգված էգ | 19-26 կգ |
Հասակ արու | 56-61 սմ |
Դասակարգում և տեսականմուշ | |
Շուն (Canis lupus familiaris) |
Երկարագեղմ կոլլի (անգլ. rough collie), շոտլանդական հովվաշուն, ծառայողական շների ցեղատեսակ։ Կոլլիների խմբին է պատկանում նաև Կարճամազ կոլլին։
Ցեղատեսակի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցեղատեսակը հայտնի է դարձել XIX դարում ` Մեծ Բրիտանիայում, մասնավորապես Շոտլանդիայում և Ուելսում։ Կոլլի անվանումը, որի ստուգաբանությունը այնքան էլ պարզ չէ (հավանաբար նշանակում է սև), հիմնավորվել է ցեղատեսակի վրա դեռևս XVII դարից` մասնավորապես Թոմաս Վերվիկի գիտական աշխատություններից։
Ցեղատեսակն առաջացել է տարբեր հովվաշների խառնուրդներից։ Այս ցեղատեսակի շուն ունենալը Վիկտորյա թագուհու օրոք դարձավ մոդայիկ։ Որպես հովվաշուն գործածվում էր Շոտլանդիայի լեռներում։ Առաջին անգամ ցուցադրվել է 1860 թվականին Բիրմինգհեմում ` հովվաշների ցուցահանդեսում։ 1879 թվականին առաջին անգամ դուրս է հանվել Անգլիայից։
Ընդհանուր բնութագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդամոտ է, հեշտ վարժեցվող և ենթարկվող։ Ակտիվ ֆիզիկական կյանքի համար նպատակահարմար է օրական վազեցնել 5-6 կմ։ Չի սիրում շղթայակապ կարգավիճակը։ Հավատարիմ է, հոգեպես հավասարակշռված։ Ունի էլեգանտ և հպարտ կեցվածք։ Կարող է ծառայել որպես պահապան, հսկող և նույնիսկ դայակ։ Որպես հովվաշուն` ունի կորած ոչխարներին և այծերին որոնելու և գտնելու բնազդ, ինչպես նաև կարողանում է նրանց փրկել, երբ նրանք ընկած են փոսերի կամ ջրանցքների մեջ։ Լավ են տանում վատ եղանակը և ցուրտը, պայմանով, որ ունեն չոր ու տաք, միջանցիկ քամիներից զերծ բույն։
Տարբեր երկրներում և տարբեր տարիների, այս ցեղատեսակի ստանդարտները անընդհատ փոփոխվել են։ Ներկայումս գործում են հետևյալ ստանդարտները. մնդավի բարձրությունը՝ 56-61 սմ (արու), 51-56 սմ (էգ), քաշը՝ 26-34 կգ (արու), 19-26 կգ (էգ)[1][2]։ Հիմնականում ընդունված է երեք գույն, որոնք գերադասելի են շան գունավորման համար (բաց ոսկեգույնի երանգները մինչև մուգ ոսկեգույն, սև և շիկագույն երանգները սպիտակ գույնի համադրությամբ)։
Անգլո-ամերիկյան գրող Էրիկ Նայթի պատմվածքների հիման վրա ստեղծվել է Լեսսի շան կերպարը, որը Երկարամազ կոլլի էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Collie Page
- ↑ «standard of the rough collie». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.