Կրիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխարհում կրիաների տարածվածությունը։
Սև՝ ցամաքային և քաղցրահամ ջրերի կրիաների,
Կապույտ՝ ծովային կրիաների։

Կրիա (լատ. Testudines), սողունների դասին պատկանող զրահավոր ցամաքային և ջրային կենդանիներ են։ Տարածված են համարյա ամբողջ երկրագնդով մեկ։ Հայտնի է, որ կրիաները գոյություն են ունեցել 220 միլիոն տարի առաջ[1] և հանդիսանում են սողունների դասի ամենահին խումբը, ավելի հին, քան մողեսների, օձերի կամ կոկորդիլոսների խմբերը։

Չնայած այն հանգամանքին, որ ավանդաբար կրիաները դիտվում էին որպես անապսիդներ[2], բոլոր գենետիկական հետազոտությունները հաստատել են այն վարկածը, որ կրիաները դիապսիդներ են՝ վերափոխված քունքային պատուհաններով, որոշ հեղինակներ կրիաներին դասել են լեպիդոզավրոմորֆների խմբի մեջ[3], չնայած համեմատաբար ավելի ուշ շրջանի ուսումնասիրությունները հաստատել են դրանց դասակարգումը արխոզավրոմորֆների խմբի ներսում[4]։

Կրիաները սերում են ցամաքային հնագույն, անհետացած սողունների մի ճյուղից՝ կատիլոզավրերից։ Դարավոր զարգացման ընթացքում նրանցից շատերն աստիճանաբար հարմարվել են անուշահամ ջրերում ու ծովերում ապրելու պայմաններին։

Ներկայումս հայտնի է կրիաների 215 տեսակ, որոնցից երեքը՝ միջերկրածովյան, կասպիական և ճահճային կրիաները՝ հանդիպում են Հայաստանի տարածքում։

Կրիաները երկարակյաց կենդանիներ են։ Առանձին տեսակների կյանքի տևողությունը հասնում է մինչև 120 տարի։ Ամենաերկարակյացները գալապագոսյան կրիաներն են, որոնք անազատության մեջ կարող են ապրել մինչև 170 տարի։

Անվան ստուգաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատիներեն testudo-ն ծագում է testa-ից՝ «աղյուս, կղմինդր, կավե անոթ»[5]։

Ծագում և բրածո տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքելոնի կմախքը

Կրիաների ծագումնաբանության հարցը մինչև այժմ էլ բացահայտված չէ։ Պայմանականորեն նրանց նախնի են համարում պերմյան կատիլոզավրերին պատկանող էուտոնազավրերին (Eunotosaurus), որոնք ավելի նման են մողեսներին՝ կարճ և շատ լայն կողոսկրերով, որոնք առաջացնում են մեջքային վահան[6]։ Բայց կա կարծիք, որ կիրաները առաջացել են պարասողունների հատուկ խմբից՝ դիկոզավրիսկների (երկկենցաղների) հետնորդներից[7]։

Գիտությանը հայտնի առաջին կրիան՝ Odontochelys semitestacea-ն, առաջացել է 220 միլիոն տարի առաջ՝ մեզոզոյան դարաշրջանի Տրիասի շրջանում։ Այդ կրիան ուներ միայն պատյանի ստորին հատվածը, իսկ բերանում ատամներ էին, ինչը բնորոշ չէ այժմյան կրիաներին[8]։ Երկրորդ ամենահին կրիան՝ Proganochelys quenstedti-ն էր՝ 210 միլիոն տարի առաջ՝ Տրիասի շրջանում։ Նա արդեն ուներ ձևավորված պատյան, սակայն բերանի խոռոչում առկա էին ատամներ[9]։

Գիտությանը հայտնի կրիաների 26 ընտանիքներից ներկայումս գոյություն ունեն 12-ը։ Բրածո տվյալներից գտնվել են մի շարք կրիաներ, որոնցից խոշարագույն ցամաքային կրիան պատկանում է Միոլանիա (Meiolania) ցեղին։ Այն ունի 2,5 մետր երկարությամբ պատյան։ Նրանք ունեցել են պատյանի երկարությանը հասնող հսկա պոչեր, որոնք կրել են երկու շարքով դասավորված փշեր, իսկ եռանկյունաձև գանգի ծայրում եղել են երկար, բթացած «կոտոշներ»։

Կառուցվածք և ֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիայի կմախքը՝ 1 — գանգը; 2 — վզի ողներ; 3 — թիակներ; 4 — ուսոսկր; 5 — արմունկոսկր; 6 — բազկոսկր; 7 — մեծ մատ; 8 — միջնամատ; 9 — ճկույթ; 10 — մարմնի ողներ, 11 — պլաստրոն; 12 — կոնք; 13 — պոչի ողներ; 14 — փոքր ազդրոսկր; 15 — մեծ ազդոսկր
Յուղաբլիթաձև կրիան Լոնդոնի կենդանաբանական այգում:
Ծովային կրիա։

Կրիաներն իրենց արտաքինով տարբերվում են մյուս կենդանիներից՝ շնորհիվ պատյանի։ Պատյանը կարող է ունենալ ոսկրային կառուցվածք կամ լինել փափուկ, մաշկային, ինչպես ծովերում բնակվող կրիաների մոտ։

Զրահի ձևը թույլ է տալիս պարզելու, թե ինչպիսի կյանք է վարում կրիան։ Կրիաներից շատերն ունեն մեծ, գմբեթանման զրահ, ինչը դժվարացնում է, որ գիշատիչները կարողանան ջարդել այն իրենց երախում։ Մի քանի բացառություններից մեկն Աֆրիկյան բլիթանման կրիան է, որի զրահն ունի տափակ ձև, ինչը թույլ է տալիս, որ նա կարողանա թաքնվել ժայռերի ծերպերում։
Ջրային կրիաներից շատերը նույնպես ունեն տափակ, շրջհոսելի զրահներ, ինչը լողալիս նվազեցնում է ջրի դիմադրությունը։ Ի տարբերություն իրենց ցամաքային դանդաղաշարժ ցեղակիցների՝ ծովերում ապրող կրիաները հիանալի արագաշարժ լողորդներ են։

Կրիաների զրահների գույները տարբեր են լինում։ Սովորաբար դրանք լինում են դարչնագույն, սև կամ ձիթենու կանաչ գույների։ Որոշ դեպքերում զրահն ունենում է կարմիր, նարնջագույն, դեղին կամ մոխրագույն երանգներ։

Առանձին ուշադրության են արժանի կրիայի զրահի մեջքի մասի նախշերը, որոնք բազմազան են և տարբեր տեսակների մոտ՝ տարբեր։

Չափսերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս ապրող կրիաներից ամենախոշորը մաշկակեղև ծովային կրիան է (լատին․՝ Dermochelys coriacea), որի զրահը հասնում է երկու մետր երկարության, իսկ քաշը կարող է հասնել ավելի քան 900 կիլոգրամի։ Քաղցրահամ ջրերի կրիաները հիմնականում ավելի փոքր են, սակայն հանդիպում են խոշոր նմուշներ, ինչպես, օրինակ, ասիական փափկազրահ կրիան։ Միայն Սեյշելներում և Կրիայի կղզիներում կենդանի մնացած գիգանտ կրիաները կարող են աճել մինչև 130 սմ երկարության և ունենալ շուրջ 300 կգ քաշ։ Ամենափոքր կրիաների երկարությունն է 8-13 սմ։ Դրանցից են, օրինակ, Կանադայից մինչև Հարավային Ամերիկա տարածված մուշկային կրիաները։

Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիաների սնունդը մեծապես կախված է այն միջավայրից, որտեղ նրանք ապրում են։ Ցամաքային և ծովային կրիաներն առավելապես բուսակեր են, բայց ծովային կրիաները երբեմն նաև ձուկ են որսում։ Նրանք ուտում են նաև սպունգներ և այլ փափկամարմիններ։ Կրիաները կարող են նաև մի քանի ամիս ոչինչ չուտել։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորածին ցամաքային կրիա

Բոլոր տեսակի, անգամ ջրում ապրող, կրիաները ձվադրում են ցամաքում։ Դնում են 1-400 ձու։ Էգերը ձվերը թաղում են ավազի կամ հողի մեջ և իրենց սերնդի համար այլևս չեն մտահոգվում։ Ձվից դուրս եկած փոքրիկ կրիաներն անմիջապես սկսում են ինքնուրույն կյանք վարել։ Սկզբնական շրջանում նրանք արագ են աճում, հետագայում աճը դանդաղում է։ Հետաքրքիրն այն է, որ կրիաներն աճում են ողջ կյանքի ընթացքում։ Կրիաները կարող են ապրել շատ երկար և համարվում են ամենաերկարակյաց սողունները։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարան, 2-րդ հատոր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Li et al. 2008
  2. «Эволюция позднепалеозойских тетрапод как эволюция их биоморф» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  3. Tyler R. Lyson, Erik A. Sperling, Alysha M. Heimberg, Jacques A. Gauthier, Benjamin L. King MicroRNAs support a turtle + lizard clade // Biology Letters. — 2012-02-23. — Vol. 8, iss. 1. — P. 104—107. — ISSN 1744-957X. — doi:10.1098/rsbl.2011.0477.
  4. Lee M. S. Y. (2013). «Turtle origins: Insights from phylogenetic retrofitting and molecular scaffolds». Journal of Evolutionary Biology. 26 (12): 2729—2738. doi:10.1111/jeb.12268. PMID 24256520.
  5. de Vaan M. Etymological dictionary of Latin and the other Italic languages. — Leiden — Boston: Brill, 2008. — P. 617.
  6. Черепахи — Энциклопедия Кольера. — Открытое общество. 2000.
  7. «Эволюция черепах». ЗооКлуб. Мегаэнциклопедия о животных (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 11-ին.
  8. Chun Li, Xiao-Chun Wu, Olivier Rieppel, Li-Ting Wang & Li-Jun Zhao An ancestral turtle from the Late Triassic of southwestern China // Nature. — 2008. — Vol. 456. — № 7221. — P. 497—501. — doi:10.1038/nature07533 — PMID 19037315.
  9. «Проганохелис на сайте Черепахи.ру». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 688