Jump to content

Դոբերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոբերման
Դոբերման
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ (Chordata)
Դաս Կաթնասուններ (Mammalia)
Կարգ Գիշատիչներ(Carnivora)
Ընտանիք Շնազգիներ(Canidae)
Լատիներեն անվանում
Scientific name for Doberman Pinscher Dog,

or domestic canine, is Canis lupus familiaris


Դոբերման, կարճամազ շների տեսակ, որը ստեղծվել է 1890 թվականին, Գերմանիայի Ափոլդա քաղաքում Կարլ Ֆրիդրիխ Լյուիս Դոբերմանի կողմից մի քանի տեսակի շների խաչասերումից (դոգ, պինչեր, տերիեր, ռոթֆելլեր, գերմանական հովվաշուն), նախնական թյուրինգյան պինչեր անունով։ Կարլ Դոբերմանի մահից հետո 1894 թվականին անվանափոխվել է դոբերման պինչեր։ Հետագայում տեսակի սելեկցիայով զբաղվել են Օտտո Հելլերը և Ֆիլիպ Գրյունինգը, որոնք էլ այժմ համարվում են տեսակի «հայրը»։ 1949 թվականի ստանդարտների խմբագրման ժամանակ անվան մեջ կատարվեց փոփոխություն, հեռացվեց «պինչեր» բառը, և տեսակը անվանվեց պարզապես «դոբերման»։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սև դոբերման

Դոբերմանները լինում են միջին և բարձրահասակ (որձ շան հասակը կարող է հասնել 68-72 սմ, քաշը՝ 40-45 կգ, էգ շան հասակը՝ 63-68 սմ, քաշը՝ 32-35 կգ), ուժեղ, մկանուտ, բայց ոչ գեր կազմվածքով։ Դոբերմաններն ունեն գեղեցիկ կեցվածք, հեզաճկուն քայլվածք, արագաշարժ են և դիմացկուն փորձություններին։ Սովորաբար ունենում են գունավորում կրծքավանդակին, դնչին, ոտքերին և պոչի տակ։ Ունեն երկար դունչ, ուժեղ ծնոտ[1]։

Կարմիր դոբերման

Դոբերմանների գույնը պայմանավորված է սև և գունավոր գենի զուգորդմամբ։ Լինում են սև, դեղնադարչնագույն (շագանակագույն), կարմիր, հազվագյուտ՝ կապույտ։ Հանդիպում են նաև սպիտակ դոբերմաններ, որոնք ունեն կաթնագույն մաշկ, բաց սպիտակ գունավորմամբ և սառը կապույտ աչքեր։ Սրանք համարվում են ալբինոսներ։

Դոբերմանի պոչը սովորաբար լինում է երկար, բայց տեսքի ձևավորմամբ պայմանավորված այն կտրվում է ծնվելուց անմիջապես հետո (սկսած երկրորդ ողից)։ Սա տարածված պրակտիկա է Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Ճապոնիայում, սակայն Եվրոպական շատ երկրներում և Ավստրալիայում այնուամենայնիվ սա համարվում է անօրինական։ Տեսքի ձևավորմամբ է պայմանավորված նաև ականջների կտրումը, որը կատարվում է 7-9 շաբաթական հասակում։ Սա ուղեկցվում է ցավազրկմամբ։ Չնայած նրան, որ սա նույնպես որոշ երկրներում անօրինական է, այնուամենայնիվ այս շների մոտ նկատվում է առավել սուր լսողություն և ականջի վարակների նվազում։

Հատկանիշները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոբերմանները հայտնի են որպես խելացի, զգոն, հավատարիմ, բայց միևնույն ժամանակ համառ անհատականություններ։ Նրանք ի սկզբանե նախատեսված են եղել որպես պահապան շներ՝ նախկինում առավել ագրեսիվ, սակայն ժամանակի ընթացքում առավել հավասարակշռված և զուսպ խառնվածքով։ Սրանք ունեն հետախուզական բարձր ունակություններ, ինչի շնորհիվ համարվում են ոստիկանական և բանակային շներ։ Ճիշտ դաստիարակման դեպքում դոբերմանները կարող են լինել շատ հնազանդ և բարի։ Բարձր ինտելեկտի շնորհիվ՝ նրանք շուտ են ենթակվում վարժեցման և կարող են դառնալ ընտանիքի հավատարիմ պահապաններ։ Չնայած նրանց ակտիվությանը՝ նրանք շատ են սիրում քնել, քնքուշ են տերերի, բայց ոչ այնքան մարդամոտ և սառը անծանոթների նկատմամբ։ Սա պայմանավորված է զգուշությամբ, քանի որ դոբերմանների համար ամենակարևորը տերերի անվտանգությունն է։

Կյանքի տևողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոբերմանների կյանքի տևողությունը միջինում 10-12 տարի է, սակայն կարող են ապրել մինչև 16 տարի։ Հիվանդությունների մեծամասնությունը կարող է լինել ժառանգական, սակայն հանդիպում են նաև վահանաձև գեղձի և սրտային հիվանդություններ։ Կյանքի տևողության վրա խիստ կարող է ազդել նաև սննդակարգը, որը պետք է հագեցած լինի վիտամինային կոմպլեքսներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 7-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Д. Патрушев Доберман // Мой друг собака : Журнал. — М.: ООО «Издательство Энимал Пресс», 2012. — № 12. — С. 47-50.
  • А. Фалкон Доберман // Мой друг собака : Журнал. — М.: ООО «Издательство Энимал Пресс», 2012. — № 4. — С. 29.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոբերման» հոդվածին։