Շնազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շնազգիներ
Շնազգիներ
Շնազգիների հիմնական ներկայացուցիչները
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Լատիներեն անվանում
Canidae


Շնազգիներ (լատիներեն՝ Canidae[1]) կամ գայլեր[2] գիշատիչների կարգի կաթնասունների ընտանիք: Ամենավառ ներկայացուցիչներն են գորշ գայլը, շունը, աղվեսը, ենոտանման շունը, շնագայլը և կոյոտը: Շնազգիները բաժանվում են երկու ճյուղի՝ Canini ՝ գայլանմաններ և Vulpini ՝ աղվեսանմաններ:

Առաջացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր շնազգիների գանգերի համեմատություն:Այստեղ համեմատվում են կորսակ աղվեսի, ենոտաշան, կարմիր գայլի և սովորական շնագայլի գանգերը:

Վերջին ժամանակներում գիտության կողմից կատարված կտրուկ առաջընթացի շնորհիվ գիտնականները կարողացել են հստակ կամ ոչ այնքան հստակ կարծիքներ հայտնել շնազգիների առաջացման վերաբերյալ: Տարբեր քննարկումներ են տեղի ունեցել նաև գայլազիների զբաղեցրած տեղանքների վերաբերյալ: Մոլեկուլային հետազոտությունները ցույց են տվել, որ այժմյա շնազգիները ունեն հյուսիսամերիկյան ծագում, իսկ կարմիր գայլը, աֆրիկական վայրի շունը կամ հնդկական գայլը՝ աֆրիկական ծագում: Մեծ քննարկումներ են տեղի ունեցել նաև շների առաջացման թեմայի շուրջ: Գիտնականները մինչև հիմա չեն կարողանում հստակ պատասխան տալ, թե երբ և որտեղ է առաջացել ընտանի շունը՝ մարդու կողմից ընտելացված առաջին կենդանին: Այն, որ շունը առաջացել է գայլից, դա հստակ է: Մինչ այս վարկածը հաստատելը գիտնականները կարծում էին նաև, որ շները կարող էին առաջացած լինել ոչ միայն գայլերից, այլ նաև կոյոտներից կամ շնագայլերից, բայց կատարված անալինզների և համակարգչային ուսումնասիրություններից հետո պարզվեց որ շան ԴՆԹ-ն ավելի մոտ է գայլի ԴՆԹ-ին: Թե ինչպես է գայլը դարձել ընտանի կենդանի, դա դեռ մնում է առեղծված, բայց դա բացատրող երկու տարբերակ կա՝ կամ գայլերը քաղց զգալով եկել և սկսել են ապրել մարդկանց հետ, քանի որ այդպես ավելի հարմար կլիներ կեր հայթհայթելու համար: Բացի դրանից մարդկանց մոտ ավելի տաք էր և ցրտին դիմանալու խնդիրը նույնպես լուծվում էր: Քիչ-քիչ մարդիկ ընտելանալով այս կենդանիներ սկսել են նրանց վարժեցնել և արդյունքում դուրս է եկել շատ հավատարիմ և աշխատող կենդանի: Երկրորդ հնարավոր վարկածը (որը ավելի հավանական է) այն է, որ մարդը առաջինն է գայլին վարժեցնելու փորձեր արել: Եղանակի կամ կյանքի ապրուստի վատ պայմաններից դրդված, մարդը ցանկացել է իրեն օգնական գտնել կենդանիների մեջ: Այսպիսով մարդը տարիների ընթացքում պահել և վարժեցրել է գայլին: Արդեն շուն դառած գայլը մարդկանց օգնում էր տարբեր բնագավառներում՝ որսորդություն, տան պահպանում և այլն: Հյուսիսային ազգերի՝ չուկչիների, հյուսիսամերիկյան ինուիտների և էսկիմոսների մոտ, շները պահպանում էին նաև նրանց երեխաներին:

Տարբեր համալսարաններ և գիտահետազոտական կազմակերպություններ տարբեր ձևով են դասում շնազգիներին: Որոշ հետազոտողներ չեն համարում, որ շունը (Canis Lupus Familiaris) մտնում է դասին պատկանողների մեջ: Որոշ հետազոտողներ էլ ավստրալական դիգո վայրի շանը տվել են հատուկ անվանում ՝ Canis Dingo: Կարմիր գայլը, արևելականադական գայլը և հնդկական գայլը նույնպես բուռն քննարկության թեմա են:

Էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Ամերիկայի էնդեմիկ Բորոֆագինաե ջախջախող գիշատիչ շան կմախքը

Էոցեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախից՝ հյուսիսամերիկյան սարսափազդու գայլ, իսկ աջից հարավամերիկյան սարսափազդու գայլ

Ժամանակակից գիշատիչները առաջացել են 55 միլիոն տարի առաջ[3]: Առաջացել են միակոդներից՝ վերացած կենդանիների ընտանիք: 50 միլիոն տարի առաջ տարբեր փոփոխությունների հետևանքով գիշատիչները բաժանվել են երկու ընտանիքի՝ շնազգիների և կատվազգիների: 40 միլիոն տարի առաջ առաջացել է առաջին գայլանման կենդանին՝ Prohesperocyon wilsoni: Մնացուկները հայտնաբերվել են այժմյա հարավարևմտյան Տեխասում: Այս կենդանին զգալիորեն տարբերվում էր իր նախնիներից: Նա արդեն ուներ գայլնմաններին հիշեցնող առանձնահատկություններ: Կենդանու մոտ բացակայում էր երրորդ վերին սեղանատամը, կային նաև գանգային տարբեր փոփոխություններ ներքին ականջի հետ կապված և այլն:

Հետագայում շնազգիները բաժանվեցին երեք ենթաընտանիքների՝ Hesperocyoninae (39-15 միլիոն տարի առաջ), Borophaginae (34-2 միլիոն տարի առաջ) և Caninae (34-0 միլիոն տարի առաջ): Այս վերջին երնթաընտանիքից էլ առաջացել են ժամանակակից գայլերը, կոյոտները, շնագայլը, աղվեսները և շները: Նշված երեք ենթաընտանիքներից միայն Caninae-ն է, որ գոյատևել է մինչ այսօր:

Օլիգոցեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիգոցենի ժամանակաշրջանի բազմաթիվ շնազգիների քարացած կմախքներ են հայտնաբերվել Հյուսիսային Ամերիկայում: Հայտնաբերված կմախքներից մեկը 38-24 միլիոն տարի առաջվա է: Այն տեսքով և չափսով նման է կոյոտին: Ենթադրություն կա, որ այս ժամանակաշրջանում ապրող շնազգիները նման էին ժամանակակից ցիվետներին:

Միոցեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 9-10 միլիոն տարի առաջ Հյուսիսային Ամերիկայում ապրող շնազգիները սկսեցին շարժվել դեպի հարավ-արևելք: 8 միլիոն տարի առաջ Բերինգի նեղուցի միջոցով, որը ժամանակին ցամաքային մաս էր կազմում, շնազգիները կարողացան ներխուժել նաև Ասիա:

Պլիոցեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարսափազդու գայլի գանգը

4-5 միլիոն տարի առաջ Հյուսիսային Ամերիկայում առաջացավ Canis lepophagus անունով գայլազգին: Այն նման էր կոյոտին: Մնացած տիպերը նման էին գայլերին: Ենթադրություն կա, որ ժամանակակից կոյոտը առաջացել է հենց այդ տեսակից[4]:

Պլեիստոցեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 1,5 - 1,8 միլիոն տարի առաջ շնազգիներ կային արդեն Եվրոպայում: Նույն ժամանակաշրջանում Հյուսիսային Ամերիկայում ապրում էր Canis Edwardii անունով գայլազգին, որը նկարագրվում է որպես իսկական գայլ: Ենթադրություն կա, որ կարմիր գայլը առաջացել է հենց այս տեսակից: 0 8 միլիոն տարի առաջ Canis Ambrusteri-ն ապրում էր Հյուսիսային Ամերիկայում: Այս տիպը նկարագրվում էր որպես չափսերով շատ խոշոր գայլ: Նրան փոխարինելու եկավ սարսափազգու գայլը (Canis dirus), որը ապրում էր և՛ Հյուսային և՛Հարավային Ամերիկաներում: Այս ցեղատեսակը վերացել է մոտ 10 000 տարի առաջ: 0,3 միլիոն տարի առաջ գորշ գայլը արդեն լիովին ստացել էր իր ներկայիս տեսքը[5]:

Առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկական վայրի շներ

Շնազգիների տեսակները իրարից տարբերվում են չափսերով, բնավորության հատկանիշներով և աշխարհագրական տարբեր դիրքեր գրավելով: Այժմ շնազգիներ գոյություն չունեն միայն Անտարկտիդայում: շնազգիների ներկայացուցիչների չափսերը տարբեր են՝ փոքր ֆեննեկ աղվեսից մինչև խոշոր գորշ գայլը: Բացի փոքր տեսակներից՝ ենոտաշուն, հարավամերիկյան շուն կամ տնային շների ցեղատեսակներ, ընտանիքի խոշոր ներկայացուցիչները ունեն երկար և ամուր ոտքեր և համեմատաբար թեթև մարմին, որը նպաստում է հեշտ տիրանալ զոհին: Նրանց թաթերի կառուցվածքը ունի բավական բարդ կառուցվածք: Բացի աֆրիկական վայրի շանից մնացած ներկայացուծիչները առաջին երկու որքերին ունեն հատուկ հինգերորդ մատ (չանկ): Որսը կատարվում է տարբեր ձևերով: Գորշ գայլերը որսի են դուրս գալիս ոհմակով: Կոյոտները և աղվեսները այս հարցում ավելի միայնակ են: Շնազգիների ստամոքսի չափսերի տարբերությունից յուրաքանչյուր կենդանի ուտում է տարբեր քանակով:

Պահվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայլերի ոհմակ, Յելոուստոունի ազգային այգի

Հիմնականում շնազգիներն ապրում են խմբերով: Խմբերը կարող են տարբեր մեծության լինել: Փոքր չափի շնազգիները ապրում և որսի են դուրս գալիս զույգերով, իսկ ավելի մեծերը որսում եմ մեծ խմբերով: Շնազգիները հիմնականում ապրում, որսում և դաստիարակում են իրենց փոքրիկներին միասին: Գայլերը ապրում են մեծ խմբերով, որոնք ոհմակ են անվանվում: Գայլի ոհմակը կարող է չորսից մինչև հիսուն գայլ ընդգրկել իր մեջ: Ոհմակում գործում են խիստ կանոններ, որոնց խախտելու դեպքում խախտող գայլին ոհմակից դուրս վռնդվելու վտանգ է սպառնում: Ոհմակը գլխավորում են ալֆա գայլերը և հենց նրանց է հանձնված ձագեր ունենալու պարտականությունը: Գայլերը որսի են դուրս գալիս միասին և կարողանում են որսալ իրենցից մի քանի անգամ ավելի մեծ կենդանու: Գայլերի ոհմակներից թվով ավելի մեծ ոհմակ ունեն աֆրիկական վայրի շները: Այս կենդանիների ոհմակի անդամների թիվը կարող է հանսել 90-ի: Այստեղ նույնպես ոհմակը ունի գլխավոր շուն, որը առաջնորդում է և ճիշտ ուղղություն է տալիս մյուս շներին:

Շփումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնազգիները իրար հետ շփվում են բավական բարդ մարմնական և ձայնային նշաններով: Գիտնականները կազմել են հատուկ շարժումների ցուցակ, որտեղ բացատրվում է, թե տվյալ կենդանու շարժումը ինչ բացատրություն ունի: Շարժումների մեջ մտնում են դիմային տարբեր արտահայտություններ, պոչի տարբեր դիրքեր, ականջների տարբեր ուղղվածություններ և այլն: Բացի դրանից այս ընտանիքի կենդանիները՝ հիմնականում գայլերը, իրար հետ շփվում են նաև ձայնային տարբեր ազդանշաններով, որոնք իրենց հերթին ունեն տարբեր մեկնաբանություններ: Այս կենդանիները իրենց ապրելու տարածությունը հիմնավորում են իրենց հոտը ծառերի և թփերի վրա թողնելով: Տարածքի պատճառով կենդանիների մոտ կարող են լուրջ կռիվներ առաջանալ:

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր աղվեսի ձագուկ
Խառնուրդ շուն

Շնազգիները հիմնականում ձագեր ունենում եմ տարին մեկ անգամ: Ձագերի թիվը տատանվում է մեկից մինչև 16 (աֆրիկական վայրի շուն): Զույգը ձագերին մեծացնում և պահպանում է միասին: Ձագերը ծնվում են կույր, խուլ և բոլորովին անպաշտպան: Սկզբնական շրջանում ձագերին անհրաժեշտ է մեծ խնամք և հոգատարություն: Սովորաբար մայրը մնում է ձագերի հետ, իսկ հայրը կերակուր է հայթհայթում: Ծնողները արդեն փոքր-ինչ մեծացած ձագերին սովորեցնում են որսի գաղտնիքները: Ձագերը ապրում են հատուկ պատրաստված բնում: Շնազգիները պահպանում են իրենց զույգը: Մեծ խմբերում՝ ոհմակներում, ձագեր կարող են ունենալ միայն գլխավոր անդամները: Օրինակ գայլերի ոհմակներում ալֆա (գլխավոր) զույգի ձագերին խնամում են նաև ոհմակի մյուս անդամները: Ձագեր կարող են ունենալ նաև ավելի ցածր պաշտոն ունեցող գայլերը, սակայն նրանք պարտավոր են մենակ մեծացնել իրենց ձագուկներին:

Ատամնաշարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեն 42 ատամ: Նրանց ատամները ունեն հատուկ կառուցվածք, որը հեշտացնում է միս պոկելու և ծամելու ընթացքը: Ձագուկները բացարձակապես չունեն սեղանատամներ:

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայլանմաններ - Canini[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրասիական գայլ

Գայլի տարատեսակներ

Հյուսիսային լեռնային գայլ
Canis ենթաընտանիքի ներկայացուցիչները՝ Գորշ գայլ, Կոյոտ, Սովորական շնագայլ և Եթովպիական շնագայլ

Այլ ներկայացուցիչներ

Lycalopex ենթաընտանիքի տարբեր ներկայացուցիչներ՝ Անդերի աղվես, Պարագվայական աղվես, Հարավամերիկյան գորշ աղվես և Դարվինի աղվես

Աղվեսանմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Lycalopex ենթաընտանիք

Հարավամերիկյան աղվեսներ

Իրական աղվեսներ - Vulpini[խմբագրել | խմբագրել կոդը]

Vulpes ենթաընտանիքի տարբեր ներկայացուցիչներ

Vulpes ենթաընտանիք

Urocyon ենթաընտանիք

Ենոտանման շուն

Այլ տեսակներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Canidae. Dictionary.com. The American Heritage Stedman's Medical Dictionary. Houghton Mifflin Company. http://dictionary.reference.com/browse/Canidae (accessed: February 16, 2009)
  2. Ռ.Ս. Ղազարյան, Գիրք Ա Կաթնասուններ, Կենդանիների անունների հայերեն-ռուսերեն-լատիներեն կարգաբանական բառարան, Երևան, «Փյունիկ», էջ 30 — 104 էջ։
  3. «The Paleobiology Database»։ Paleodb.org։ Վերցված է 2012 թ․ հունիսի 12 
  4. Nowak, R.M. 1979. North American Quaternary Canis. Monograph of the Museum of Natural History, University of Kansas 6:1 - 154.
  5. Nowak, R. 1992. Wolves: The great travelers of evolution. International Wolf 2(4):3 - 7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]