Մումիա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մումիա (այլ կիրառումներ)
Մումիա (արաբերեն և պարսկերեն), քայքայումից արհեստականորեն պահպանած դիակ։ Մահից հետո դին պահելու ձգտումը շատ ժողովուրդների մոտ կապված է եղել հանդերձյալ կյանքի և հոգու անմահության վերաբերյալ պատկերացումների հետ։ Մարդկանց և սուրբ կենդանիների դիակների զմռսումը լայնորեն կիրառվել է Հին Եգիպտոսում։ Հայտնի մումիաներից հնագույնը եգիպտական Խետեպխերես թագուհու (մ.թ.ա. III հազարամյակ) մումիան է։ Դիակների պահպանումը չորացման միջոցով հայտնի է եղել Պերուի, Մեքսիկայի, Կանարյան կղզիների հին բնակիչներին։ Մումիա հայտնաբերվել է Ալթայում, Պազիրիկյան դամբարանաբլուրների (մ.թ.ա. V - IV դարեր) պեղման ժամանակ։ Զմռսած դիակներ են հայտնաբերվել Խլաթի մերձակա քարայրերում։ Մումիաներով դամբարանները սովորաբար պարունակում են հարուստ գույք, և դրանց պեղումները արժեքավոր նյութեր են ընձեռում հին հասարակությունների կենցաղի, մշակույթի, արվեստի և կրոնի վերաբերյալ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 79)։ |