Կովկասյան հովվաշուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կովկասյան հովվաշուն, ընտանի շան ցեղատեսակ։

Ցեղատեսակի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովկասյան հովվաշունը շների հինավուրց ցեղատեսակ է, որը գոյություն ունի արդեն 2000 տարուց ավելի։ Ծագել է կովկասյան հինավուրց շներից։ Հիմնականում տարածված է եղել Կովկասի լեռնային և նախալեռնային շրջաններում։

Ցեղատեսակը կազմավորվել է ոչ միայն բնական ընտրությամբ, այլ նաև կովկասյան ազգերի ավանդույթների ազդեցությամբ։ Սկզբնապես գործածվել են որպես հովվաշուն և տան պահապան։

Խոշոր չափի շների օգտագործման մասին առաջին հիշատակությունները վերաբերում են մթա I դարին, երբ հայոց արքա Տիգրան Բ Մեծ-ի զորաբանակում մասսայական բնույթ էր կրում դրանց կիրառումը։

Կովկասյան հովվաշան ծագման վերաբերյալ կա երկու վարկած։ Դրանցից մեկն այն է, որ այս շները առաջացել են Տիբեթյան շներից և նրանց մասին հիշատակվում է մթա 1121 թ-ին։ Ըստ երկրորդ վարկածի, այս ցեղատեսակի հայրենիքը Ուրարտուն է։ Կան շան պատկերներ, որոնք շատ նման են Կովկասյան հովվաշանը և որոնք ըստ երևույթին պահպանել են Ուրարտուի քաղաքներն ու ամրոցները: Մթա VII դարում Ուրարտուի ծաղկման շրջանն էր և կարելի է ենթադրել, որ Կովկասյան հովվաշները արդեն իսկ գոյություն են ունեցել Կովկասում։

1765 թ-ին Կովկասյան հովվաշները որպես պարեկային շներ, գործածվել են թուրքական բանակում։ Ռուսաստանի կողմից Կովկասի գրավման ժամանակ, հրամանատարության կողմից հատուկ հրամանով Կովկասյան հովվաշները ընդգրկվեցին պարեկային ծառայության` բոլոր ամրոցներում, որոնք գտնվում էին մարտական գործողությունների թատերաբեմում։

Ցեղատեսակի վրա աշխատանքները սկսվել են դեռևս 1920-ական թվականներին` ԽՍՀՄ-ում։

Ընդհանուր բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ցեղատեսակի շներին հատուկ է ֆիզիկական ուժը, որի պատճառով հաճախ նրանց անվանում են գայլխեղդ կամ գելխեղդ (ռուս.` волкодав): Ինքնավստահ են և անվախ: Ունեն զարգացած լսողություն և տեսողություն: Համառ են, խիզախ ու վճռական: Անծանոթներին չեն վստահում և հաճախ նրանց տեսնելիս դառնում են ագրեսիվ և չենթարկվող: Երկարակյաց են, սակայն հակված են ճարպակալելուն և սրտի հետ կապված խնդիրներ ունենալուն: Դիմացկունությունը թույլ է տալիս, որպեսզի ապրեն և աշխատեն համարյա բոլոր կլիմայական գոտիներում: Մազածածկը խիտ է, կան երկարամազ, միջանկյալ և կարճամազ ենթատեսակներ: Համարվում է խոշոր ցեղատեսակներից մեկը:

Ստանդարտների համաձայն, այս ցեղատեսակի ականջները կտրում են, քանի որ բնույթով լինելով ոչխարապահ, նրանք կարող են պաշտպանել հոտը գայլերից և այլ գիշատիչներից, ուստի կռվի ժամանակ բնազդաբար պաշտպանում են ականջները, որոնք նրա ամենացավոտ կողմն են: Շան փոքրիկ ձագի ականջները կտրելու սովորույթը տարածված էր հին հովիվների մոտ` նկատի ունենալով հետագայում նրանց ընդհարումը գիշատիչների հետ։ Սակայն այժմ այդ սովորույթը հազվադեպ է կիրառվում։

Կովկասյան հովվաշան մնդավի բարձրությունը լինում է 68-75 սմ (արու) և 64 սմ (էգ), քաշը` 50-70 կգ (արու) և 45 կգ (էգ): Գույնը հիմնականում գորշ (գայլային), կան նաև շիկագույն, սպիտակ և այլ գույների։

Մեծ մասսայականություն է վայելում Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Դաղստանում, ինչպես նաև կովկասյան այլ ժողովուրդների շրջանում։ Ունի մի քանի ենթատեսակներ` վրացական, հայկական և այլն։ Ցեղատեսակի հայկական ենթատեսակներից է Կարսի հովվաշունը, որն արդեն իսկ դիտվում է որպես առանձին ցեղատեսակ` Հայկական գամփռ կամ պարզապես Գամփռ անվանումով։