Jump to content

Հայկական գամփռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական գամփռ
Տեսակշան ցեղատեսակ
Բնաշխարհ Հայաստան
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Գամփռը շների մի քանի տեղական տեսակ է, միավորված մեկ միասնական անվան տակ, որ հայերը հազարամյակների ընթացքում բուծել են։ Գամփռը (Արալեզ, Аралез, Aralez) հազարամյակներ շարունակ եղել է Հայկական լեռնաշխարհի շուն և մնում է հայ ժողովրդի հպարտության առարկան։

Հայկական գամփռի բուծումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում կային հատուկ շնաբուծարաններ, որոնք վայրի գազանների (գայլ, շնագայլ) և շան զուգավորումից ստանում էին վերը նշված ցեղերը և վաճառում։ Դրանք շատ սուղ էին գնահատվում։ Շնաբուծները միևնույն ժամանակ հայտնի գազանորսներ էին։ Նրանց ապրուստի գլխավոր աղբյուրը շների վաճառքն էր։

Շնաբուծության համար գլխավորապես որսում էին գայլեր, երբեմն նաև շնագայլեր։ Որսած գայլին պահում էին բնական պայմաններին մոտ պայմաններում՝ խոր և երկար այրերում և քարանձավներ ունեցող ժայռերում, ուր կային որսալու և բզկտելու հարմարություններ։ Գայլն իր բնական քարանձավում որսում էր նապաստակ, աննկատելի կերպով գայլաբուն էին ուղարկում որսորդները գետնուղիներով, տեսնում ու հալածում էր աղվեսներ, կաքավներ և նույնիսկ արջեր։

Հայկական լեռնաշխարհում բուծված շները, բաժանվում էին հինգ առանձին խմբերի. հոտապահ շուն կամ գելխեղդ, բակապահ շուն կամ ուղղակի գամփռ, արջի որսի շուն կամ արջաշուն, փոթորկաշուն և բարակ կամ թազի։

Հոտապահ շուն գայլխեղդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս շների դերը հոտերը և նախիրները գայլերից ու գողերից պահպանելն է։ Շան մականունն է գայլխեղդ։ Ահա այդ շան նկարագրությունը։

Գլուխը մեծ է, շրթունքը հաստ, քիթը կարճ, կուրծքը լայն։ Ուժեղ է ու աներկյուղ, հավատարիմ, բայց ոչ այնքան ուշիմ։ Շատ հավատարիմ է իր տիրոջը, ամեն վտանգ կընդունի տիրոջը պահպանելու համար»[1]։

Մարմնով խոշոր են և զորեղ՝ կարճ դունչ, բարձր ճակատ, արմատից քիչ վերև կտրված ականջներ, բրդոտ ու հաստ վիզ, մկանուտ բարձր ոտքեր, ամուր գավակ։ Սովորություն ունի պոչը ոլորելու և դնելու մեջքին։ Քայլում է հանդարտ, ինքնավստահ և վեհ։ Անհարկի չի հաչի։ Իր անսխալ բնազդով իսկույն որոշում է թշնամին ու բարեկամը և այնպես էլ վարվում հետը[2]։ Առանձնահատուկ երանգավորում չունեն։

Գայլխեղդ շների ենթախմբերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գամփռ շանը պատկերող Հայաստանի փոստային նամականիշ

Գայլխեղդ շները բաժանվում են երկու ենթախմբի՝ գայլաշան և շնագայլի։

Գայլաշուն անվանվում է այն շունը, որի հայրը գայլն է, իսկ մայրը՝ գայլի կաթով սնված շունը։

Շնագայլը այն շունն է, որի հայրը գայլի կաթով սնված շունն է, իսկ մայրը՝ էգ գայլը։

Շան և գայլի բեղմնավորումից ծնված լակոտները անվախ, հանդուգն, բզկտող, բայց իրենց տիրոջը հավատարիմ շներ են, մանավանդ նույնն ցեղին պատկանող էգ շունը, որոնց անվանում են տելե և քելփ։

Գելխեղդ շան զրահապատումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայլխեղդ շունը զրահապատվում է. շան կրծքի և կռնակի այն մասին, որը դեպի վիզն է երկարած, ճիշտ առաջի ոտքերի ուղղությամբ, ամրացվում են պողպատից սուր խրոցներ, կրծքին՝ հորիզոնական, թիկունքին՝ ուղղահայաց, 10 - 12 սմ երկար, ճկույթի հաստությամբ։ Շունը գազանների վրա հարձակվելիս նախ խփում է կրծքով, եթե առաջին զարկով կարողացավ տապալել հակառակորդին՝ գործը հեշտանում է, այլապես սկսվում էր մարտը։ Այդ դեպքում շունը բացի իր ժանիքներից օգտագործում է նաև կրծքին և թիկունքին ամրացված հատուկ խրոցները, որոնք մեն մեկ զարկից լայն վերք են բացում գազանի մարմնի վրա, հատկապես սրտին։ Վաղ հասակում ականջները կտրվում էին երկու պատճառով։ 1.-Ոպեսզիր ընկալուչները միշտ բաց ու զգոն լինեին ցանկացած շշուկի հանդեպ։ 2.-Որպեսզի մենամարտելիս հակառակորդը հափռելու համար քիչ թույլ օղակներ գտներ։ Նույն նկատառումներով՝ հաճախ կտրվել է գամփռի պոչը... Հաշվի է առնվել թե՛ կռվելիս քիչ բռնվելու, կծվելու, խեղճացվելու հանգամանքը, թե՛ ցուրտ գիշերներին դունչը պոչի մեջ տաք-տաք քնելու հանգամանքի բացառումը...

Գելխեղդ շունը մարտից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ շունը գայլ է խեղդում, ավագ հովվի պարտականությունն էր իր ձեռքով ճմուռ պատրաստել և գելխեղդ շան ճակատը համբուրելուց ու գլուխը շոյելուց հետո, անձամբ կերակրել նրան։ Շունը զգալով այդ առանձնահատուկ վերաբերմունքը՝ նախ լիզում է ավագ հովվի ձեռքերը, այնուհետև ուտում ճմուռը։ Մեկից ավել գայլ խեղդած շանը պատվելու իրավունքը վերապահված էր տան մեծին՝ ընտանիքի պապին կամ տատին։ Եթե նրանցից մեկն ու մեկը սարում չէ, շունը արոտավայրից գյուղ էր գալիս և թավալվելով տիրոջ ոտքերի առաջ, երեք անգամ հաչում էր... Տերն այդ կերպ տեղեկանում էր պատահածի մասին և հասկանում, որ շունը մեկից ավելի գայլ է խեղդել... Բնական է, գրկում էր և ճակատը համբուրում, գգվում, ապա իր ձեռքվ պատրաստված ճմուռը կերցնում։ Այնուհետև՝ շունն առանց լրացուցիչ ցուցմունքի կամ նշանի, կրկին վերադառնում էր հոտի մոտ, դեպի իր պարտականությունները...

Արջաշունը, որը գամփռի մեկուկես արժեքը ուներ, խիստ հազվագյուտ էր։ Օգտագործվում էր միայն վարպետ գազանորսների կողմից՝ արջի որսի ժամանակ։ Արջից ավելի ուժեղ էր, երբ մանավանդ զինված էր լինում պողպատե ցցերով։

Որսաշուն (բարակ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս շունը օգտագործվում էր աղվես, վայրի կատու, լուսան որսալու համար։ Նա թեթևոտն և արագավազ էր[1]։

Քարայծ, եղջերու հալածելու և քարայրներից դուրս բերելու համար օգտագործում էին բարակի և գայլաշան զուգավորումից սերած և միայն Դրսիմ կամ Մնձուր լեռնաշխարհին հատուկ մի տեսակ որսի շուն, որը քարայծի ամենաթեթև հետքերից կարողանում էր հայտնաբերել նրա թաքստոցը և առաջնորդել այն ուղղությամբ, ուր թաքնված էր որսը։

Այս կարգի շները թե՛ հոտառությամբ, թե՛ հաչելու ձևով տարբերվում էին մյուս շներից։ Սրանք մարդկանց վրա չէին հաչում, շատ ուշիմ էին և նվիրված իրենց տիրոջը։ Վիրավոր որսին հետապնդելու, նրա թաքնված տեղը գտնելու և հաչելով որսորդին իրենց մոտ կանչելու առանձին հատկություն ունեին։

Հայկական գամփռի գինը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկական գամփռը Ադրբեջանում

Հայկական լեռնաշխարհում փոխանակության հիմքը ոչ թե ոսկին և արծաթն էր, այլ բնամթերքը կամ անասունը։ Շան գինը ևս որոշվում էր այդ փոխարժեքներով։

Մնձուր լեռներում մեկ ցեղական շան գինն էր 40 կոտ (640 կգ) ցորեն, կամ մեկ ձի, կամ մեկ կթան կով՝ հորթը հետը, կամ 10 ոչխար՝ գառներով։ Այնտեղ մեկ ցեղական շան համար կարելի էր վճարել նաև 80 կգ մեղր, կամ 80 կգ յուղ, կամ նույնքան բուրդ։

Եթե մնձուրցի գյուղացին փոխանակության համար որևէ միջոց չուներ, բայց ցանկանում էր հայկական ցեղական գամփռ ունենալ, պարտավոր էր 80 օր անվճար աշխատել շան տիրոջ համար։

Սասունում մեկ գելխեղդ շան համար վճարում էին նոր ծնած 10-12 ոչխար[3]։

Մոտավորապես նույն գներն էին նաև Հայաստանի մյուս շրջաններում[2]։ Առանձնապես երևելի շների գները հասնում էր մինչև 30-40 ոչխարի[2]։

Իրականում սակայն, գամփռ շան գինը շատ ավելի մեծ էր։ Գամփռի վրա զենք բարձրացնելը կամ սպանելը հավասար էր մարդասպանության։

2011 թ.-ի փետրվարի 10-ին Միջազգային Կինոլոգիական Միության /ՄԿՄ/ /International Kennel Union/ /IKU/ Մոսկվայում կայացած Ցեղային հանձնաժողովի նիստի ընթացքում ճանաչվել է հայկական Գելխեղդի՝ Գամփռի ստանդարտը։ Նրան շնորhվել է Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակը, և այն գրանցվել է 204 համարի ներքո։ Համաձայն ընդունված ստանդարտի՝ ճանաչվում է հայկական Գամփռի կարճամազ տեսակը /մազածածկույթի երկարությունը՝ 2-ից 6 սմ/։ Որպես հայկական ազգային ցեղատեսակ՝ Հայկական Գելխեղդ Գամփռը ճանաչում ստացավ շնորհիվ Հայաստանի Կինոլոգիական, Կինոլոգիա-Սպորտային Միության /ՀԿԿՍՄ/ նախագահ Վիոլետա Յուրիի Գաբրիելյանի։

Հետաքրքրաշարժ փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում՝ Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում բացվել է Լևոն Թոքմաջյանի հեղինակած հայկական գամփռի արձանը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հ. Երեմյան, Նոր կենդանաբանություն, Վենետիկ, 1896, էջ 37
  2. 2,0 2,1 2,2 Վ. Անանյան, Հայաստանի կենդանական աշխարհը, հտ. 1, Երևան, 1961
  3. Խ. Դաշտենց, Խոդեդան, Երևան, 1950
  4. «Մանկության գաղափարն արդեն իրականություն է. Երևանում տեղադրվեց Լևոն Թոքմաջյանի քանդակած հայկական գամփռի արձանը».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]