Դրամա Լիֆլանդիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրամա Լիֆլանդիայում
ֆր.՝ Un drame en Livonie
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքաղաքական նովել, քրեական և արկածային
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1893
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդԹոշակառուների ճանապարհորդությունը
ՀաջորդԱշխարհի տիրակալը
ՆկարազարդողԼեոն Բենետ
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ1904
 A Drama in Livonia Վիքիպահեստում

«Դրամա Լիֆլյանդիայում» (ֆր.՝ Un drame en Livonie), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի դետեկտիվ վեպը, որը գրվել է 1893 թվականին։ Վեպի առաջին հրատարակությունը տեղի է ունեցել Էտցելի «Magasin d’Education et de Récréation» ամսագրում՝ 1904 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 15-ը, իսկ առաջին գրքային հրատարակությունը լույս է տեսել նույն թվականի նոյեմբերի 17-ին՝ «Աշխարհի վարպետները» վեպի հետ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր թեման, որի շուրջ ծավալվում է վեպի սյուժեն, հանդիսանում է Ռիգայի քաղաքային դումայի երկու հակամարտող կուսակցությունների դիմակայությունը՝ «սլավոնական» կուսակցության, որին, հիմնականում, աջակցում է բնակչության ներքին խավը՝ պրոլետարիատը և գյուղացիությունը, և «գերմանական» կուսակցության, որին, բնականաբար, աջակցում է բարձր խավը՝ ազնվականությունը և խոշոր բուրժուազիան։

Վեպի գործողությունները տեղի են ունենում Ռուսական կայսրությունում՝ Լիֆլյանդիայում։ Վեպի գլխավոր հերոսներն են հանդիսանում պրոֆեսոր Դմիտրի Նիկոլևը և նրա երկու զավակները՝ դուստր Իլկան և նրա կրտսեր եղբայր Իվանը՝ Դերպտի համալսարանի ուսանողը։ Իլկան սիրահարված է երիտասարդ իրավաբան Վլադիմիր Յանովին, որը վեպի գործողությունների սկզբից ութ տարի առաջ ձերբակալված է եղել հեղափոխական գործունեության համար և դատապարտվել ցմահ աքսորի Սիբիրում։ Ռիգայում մոտենում է քաղաքային դումայի ընտրությունները, որին մասնակցում են երկու կուսակցություն՝ «գերմանական», որը ղեկավարում է գերմանացի բանկիր Ֆրանկ Յոխաուզենը և «սլավոնական»-ը, որը ղեկավարում է պրոֆեսոր Նիկոլևը։ Դմիտրի Նիկոլևը ամուրի է, ապրում է իր դուստր Իլկայի հետ մեծ աղքատության մեջ, իր և դստեր ապրելու և որդու ուսման փողը վաստակում է դասավանդումով, բայց այդ գումարը բավարար չի, իսկ պրոֆեսորը, այդ ամենին ավելացված, պարտք է իր քաղաքական ընդիմադիրներին՝ Յոխաուզեն եղբայրներին, խոշոր գումար՝ տասնութ հազար ռուբլի, որը պետք է վերադարձնի մինչև մայիսի 15-ը, այսինքն, վեպի գործողությունների սկսվելուց մեկ ամսից ոչ ուշ։ Դմիտրի Նիկոլաևը պատրաստվում է մի քանի օրով մեկնել՝ իր գործերով, ոչ մեկին չասելով թե ուր և ինչի համար։ Որոշ ժամանակ անց՝ «Ջարդված խաչ» պանդոկում տեղի է ունենում կողոպուտ և բանկային ինկասատոր Պոխի սպանությունը։

Այդ գործով միակ կասկածյալը Կրոֆն է՝ պանդոկի սեփականատերը, որտեղ կատարվել է սպանությունը և պրոֆեսոր Նիկոլևը, որը, նույնպես, հանգրվանել էր այդ պանդոկում։ Պրոֆեսորը կտրականապես հրաժարվում է պատասխանել ոստիկանության հարցերին՝ ուր և ինչի համար է նա մեկնել, բայց շուտով դա պարզվում է՝ քաղաքում հայտնվում է Վլադիմիր Յանովը՝ Իլկայի նախկին փեսացուն, որը մի քանի ամիս առաջ փախել էր Սիբիրից։ Պարզվում է, որ Վլադիմիրի հայրը՝ մահանալուց առաջ, Դմիտրի Նիկոլևին է հանձնել պահելու 20 հազար ռուբլի և որ պրոֆեսորը նամակ ստանալով Յանովից՝ հաջող փախուստի մասին, մեկնել է Պերնով որպեսզի նրան հանձնի այդ գումարը։ Վլադիմիրին ձերբակալում են, բայց շուտով նա համաներման է արժանանում և նրան ազատ են արձակում։ Բայց և այնպես պրոֆեսոր Նիկոլևը առայժմ կասկածյալների մեջ է, բայց, քանի որ ուղղակի ապացույցներ նրա և Կրոֆֆի դեմ չկան, նրանց որոշում են թողնել ազատության մեջ՝ չբացակայելու մասին ստորագրություն վերցնելով և պատշաճ վարքի պայմանով։

Մինչդեռ մոտենում է վճարման ժամանակը։ Վլադիմիր Յանովն իմանում է այդ մասին և որոշում է վճարել Նիկոլևի պարտքը իր հաշվից՝ պրոֆեսորի կողմից իրեն հանձնված գումարից, բայց, երբ գալիս է բանկ, պարզվում է, որ դա այն նույն փողերն են, որոնք գողացվել էին Պոխից՝ այն ճանաչում են համարներից։ Վլադիմիրը այդ մասին հայտնում է Նիկոլևին և վերջինս սարսափահար տնից փախչում է։ Նիկոլևի մոտ է ժամանում ոստիկանությունը՝ պրոֆեսորի ձերբակալման հրամանով, բայց նրան տանը չգտնելով Իլկայի, Իվանի և Վլադիմիրի հետ միասին ուղևորվում են նրան փնտրելու և շուտով նրան գտնում են քաղաքի արվարձանում մահացած։ Հետազոտելով նրան, ոստիկանությունը գալիս է այն ենթադպության, որ Դմիտրի Նիկոլևը, ըստ երևույթին, ծախսել է Վլադիմիրի հոր կողմից իրեն հանձնված գումարը և ստանալով նրա որդու նամակը ուղևորվել է Պերնով, որպեսզի խոստովանի այդ մասին բայց ճանապարհին հանդիպելով ինկասսատորին սպանել է նրան՝ որպեսզի տիրանա նրա փողերին, իսկ երբ նրա մեղքը ապացուցվել է՝ ինքնասպանություն է գործել։

Արդյունքում պրոֆեսորի բարի անունը անարգվել է, նրա կուսակցությունը պարտություն է կրում ընտրություններում, իսկ Իլկան և Իվանը ստիպված են լինում վճարել նրա պարտքերը՝ որոնք առայժմ համարվում են չվճարված և այդ ամենի համար ստիպված են լինում վաճառել ընտանեկան գույքը։ Չնայած այդ ամենին, Վլադիմիրը դեռևս Իլկային է առաջարկում իր ձեռքը և սիրտը, բայց վերջինս հրաժարվում է, որովհետև չի ցանկանում, որ նա ամուսնանա մարդասպանի աղջկա հետ։ Մի քանի ամիս անց Կրոֆը մահանում է։ Մահից առաջ նա խոստովանում է քահանային՝ առաջարկելով նրան գրանցել խոստովանությունը և այն փոխանցել Նիկոլևներին։ Նրանից պարզվում է, որ ինկասատորի իրական սպանողը հանդիսանում է Կրոֆը և որ նա ոչ միայն սպանել է Պոխին, այլ նաև մեղքը գցել է Նիկոլևի վրա և այնուհետև սպանել է և նրան։ Արդյունքում պրոֆեսորի բարի անունը լիովին վերականգնվում է, իսկ Վլադիմիրը և Իլկան ամուսնանում են։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դմիտրի Նիկոլև, 47 տարեկան, ուսուցիչ, սլավոնական կուսակցության կողմից քաղաքային դումայի թեկնածու։
  • Իլկա Նիկոլևա, 24 տարեկան, Դմիտրի Նիկոլևի դուստրը։
  • Իվան Նիկոլև, 19 տարեկան, Դմիտրի Նիկոլևի որդին, Դերպտի համալսարանի ուսանող։
  • Վլադիմիր Յանով, 32 տարեկան, Նիկոլևի հանգուցյալ ընկերոջ որդին, իրավաբան, հեղափոխական, Իլկայի փեսացուն։
  • Բժիշկ Գամին, 50 տարեկան, Նիկոլևի լավագույն ընկերներից մեկը։
  • Դե լա Պորտ, 40 տարեկան, ֆրանսիացի դեսպան, Նիկոլևի լավագույն ընկերներից մեկը։
  • Ֆրանկ Յոխաուզեն, Յոխաուզեն բանկային տան սեփականատեր, գերմանական կուսակցության կողմից քաղաքային դումայի թեկնածու։
  • Կարլ Յոխաուզեն, Ֆրանկ Յոխաուզենի որդին Դերպտի համալսարանի ուսանող։
  • Պոխ, ինկասսատոր։
  • Բրոկս, վագոնավար։
  • Էկ, ենթասպա, գերմանացի։
  • Կրոֆֆ, «Կոտրված Խաչ» պանդոկի սեփականատեր, որտեղ և տեղի է ունեցել Պոխի սպանությունը։
  • Կերսդորֆ, Պոխի սպանության գործի հետաքննիչ։
  • Վերդեր, մայոր։
  • Ռագենով, գնդապետ։
  • Գորկո, գեներալ։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դրամա Լիֆլանդիայում», Վեռնի ինը վեպերից վերջինը, որոնցում գործողությունները կատարվում են Ռուսաստանում և մեկը երկուսից («Միխայիլ Ստրոգով»-ի հետ), որտեղ դեպքերը ամբողջությամբ կատարվում են Ռուսական կայսրության տարածքում։

Նկարազարդումներ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրամա Լիֆլանդիայում» հոդվածին։