Jump to content

Մաթիաս Շանդոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մատիաս Շանդորից)
Մաթիաս Շանդոր
ֆր.՝ Mathias Sandorf
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրճանապարհորդական վեպ, վեպ-թերթոն և արկածային
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)Մաթիաս Շանդոր
Ստեղծման տարեթիվ1885
Նկարագրում էԱվստրո-Հունգարիա
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդԱրշիպելագը կրակի մեջ
ՀաջորդՌոբուր նվաճողը
ՆկարազարդողԼեոն Բենետ
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1885
 Mathias Sandorf Վիքիպահեստում

Մաթիաս Շանդոր (ֆր.՝ Mathias Sandorf), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի ֆանտաստիկ վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը գրվել է 1885 թվականին։ Վեպում պատմվում է հարազատ Հունգարիայի անկախության համար պայքարող կոմս Մաթիաս Շանդորի արկածների մասին։

Վեպի ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի ստեղծմանն ու նրա վրա կատարված աշխատանքներին Ժյուլ Վեռնն անդրադարձավ 1883 թվականի աշնանը։ Էտցելին ուղղված նամակում հեղինակը հայտնում է, որ նոր վեպը «պետք է հիշեցնի «Կոմս Մոնտե-Քրիստոյին», բայց առանց սիրային ցանկությունների գերադրման»։ Հիմնականում վեպը ավարտին է հասցվել 1884 թվականի ամռանը, և հենց այդ ժամանակ հեղինակն իր ընտանիքի հետ միասին սեփական «Սեն Միշել» զբոսանավով ճանապարհորդություն է կազմակերպում այն վայրերով, որոնք նկարագրվում էին վեպում՝ Տանժերից մինչ Մալթա։ Այդ ճանապարհորդության արդյունքում ստեղծագործության մեջ մտցվեցին որոշակի փոփոխություններ և ճշտումներ։ 1884 թվականի հուլիսի 18-ին հրատարակչին է փոխանցվում վեպի առաջին հատորը, մինչև տարվա վերջը նա ստանում է նաև երկրորդ և երրորդ հատորները։ Էտցելը խնդրում է հեղինակին որոշակի փոփոխության ենթարկել գլխավոր հերոսի դրդապատճառները՝ նրան դարձնելով առավելապես արդարության համար պայքարող մարտիկ, այլ ոչ թե վրիժառու, որը և արվեց։ 1885 թվականի մարտի 2-ին վեպն արդեն պատրաստ էր։ Ժյուլ Վեռնն այն նվիրեց Դյումա հորը և Դյումա որդուն. դա նրա ստեղծագործություններում առաջին ձոնն էր։

Հրատարակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի առաջին հրատարակությունը կայացել է Le Temps թերթում՝ 1885 թվականի հունիսի 16-ից (№8813) մինչև սեպտեմբերի 20-ը (№8908)։ Առանձին հրատարակությամբ վեպը սկզբնապես լույս է տեսել երեք հատորով՝ առաջինը 1885 թվականի հուլիսի 27-ին, երկրորդը օգոստոսի 17-ին և երրորդը հոկտեմբերի 26-ին։ 1885 թվականի նոյեմբերի 19-ին լույս է տեսել վեպի պատկերազարդ հրատարակությունը՝ Լեոն Բենետտի 111 նկարազարդումներով։ Դա «Անսովոր ճանապարհորդություն» շարքի քսաներորդ «երկակի» (իսկ ծավալով նույնիսկ «եռակի») հատորն էր։ Ռուսերեն լեզվով այն առաջին անգամ հրատարակվել 1885 թվականին՝ «Աշխարհի շուրջ» ամսագրում՝ Ե. Կիսելյովի թարգմանությամբ։ Նույն թվականին լույս է տեսել նաև առանձին հրատարակությամբ։ Որոշ աղբյուրներում կարելի է հանդիպել տեղեկության, որ վեպի մոտիվներով պիես է բեմադրվել, որի առաջին ներկայացումը կայացել է Ամբիգյու Կոմիկ թատրոնում՝ 1887 թվականի նոյեմբերի 26-ից նոյեմբերի 27-ը։ Բեմի վրա այն ներկայացվել է 1887 թվականից մինչև 1888 թվականը, նրա բովանդակությունը հրատարակվել է 112 էջանոց առանձին գրքույկով՝ 30 նկարազարդումներով, Ժյուլ Վեռնի ստաղծագործությունները հետազոտող կազմակերպության կողմից՝ 1992 թվականին։ Սակայն պիեսի ստեղծման աշխատանքներին Ժյուլ Վեռնը մասնակցություն չի ունենում, նրա հեղինակները փորձառու դրամատուրգներ Ուիլյամ Բյուսնաժն (William Busnach) է և Ժորժ Մորենը (Georges Maurens)։ Հասարակությունը չի գնահատում ներկայացումը, և այն շատ արագ հանվում է խաղացանկից. Ժյուլ Վեռնը նույնիսկ չի հասցնում Ամյենից ժամանել ներկայացմանը։

Իրադարձությունները ծավալվում են Ավստրո-Հունգարական կայսրության սահմաններում՝ XIX դարի երկրորդ կեսին։ Տրիեստում երկու արկածախնդիր ընկերներ Սարկանին և Զիրոնեն պատահաբար ձեռք են գցում փոստային աղավնի՝ գաղտնագրված գրությունով և, հետևելով նրա հետագա ճանապարհը, հայտնաբերում են ուղերձի հասցեատիրոջը։ Դա կոմս Մաթիաս Շանդորն է, որն ապրում է Տրիեստում, իր ընկերոջ՝ Լադիսլավ Զատմարի տանը։ Սարկանին գլխի է ընկնում, որ գաղտնագիր նամակներ ստացողը զբաղվում է հակապետական գործունեությամբ։ Իրականում՝ պրոֆեսոր Իշտվան Բատորիի հետ, նրանք հանդիսանում են ապստամբության կազմակերպիչներ, որը նպատակ ունի հասնելու Հունգարիայի պետական անկախության։ Բանկիր Սիլաս Տորոնտալի օգնությամբ, որը հետաքրքրված է, որ Մաթիաս Շանդորը իր բանկից հետ չվերցնի խոշոր ավանդը, Սարկանին թափանցում է Զատմարի տուն՝ որպես վարձու հաշվետար, տանտերերի մոտ վստահություն է ձեռք բերում և ժամանակի թնթացքում տանը գտնում է անվիճելի ապացույց՝ գաղտնագրի բանալին։ Մատնության արդյունքում, որը նահանգապետին ներկայացնում են Սարկանին, Զիրոնեն և Տորոնտալը, ոստիկանությունը ձերբակալում է դավադիրներին, իսկ դատարանը նրանց դատապարտում է մահապատժի։ Պատահականության արդյունքում, դատապարտյալներին, որոնք ամրոցում սպասում են մահապատժի իրականացմանը, հաջողվում է լսել խոսակցություն, որից նրանք իմանում են մատնիչների անունները։

Մահապատժի գիշերը բոլոր երեքն էլ փորձում են փախչել, բայց Զատմարին հայտնաբերում են բանտապահները, իսկ Բատորին՝ Շանդորի հետ միասին, նորից հայտնվում են մատնության զոհեր՝ նրանց ոստիկանությանն է հանձնում ոմն Կարպենա, որը տեսնում է թե ինչպես են փախստականները թաքնվում ձկնորս Անդրեա Ֆերրատոի մոտ։ Վիրավոր Բատորին հայտնվում է ոստիկանության ձեռքերում, իսկ Մաթիաս Շանդորը փորձում է փախչել՝ ընկնելով հրաձգության տակ և, ամենայն հանականությամբ, զոհվում է ծովում։ Բատորիին և Զատմարին գնդակահարում են, մատնիչները՝ որպես վարձատրություն, ստանում են Մաթիաս Շանդորի ունեցվածքի կեսը, մյուս կեսը պետք է հասնի կոմսի աղջկան՝ երբ նա չափահաս տարիքի հասնի, բայց, դեպքերից ոչ շատ ժամանակ անց, աղջիկը անհայտանում է։

Անցնում է 15 տարի։ Եվրոպական նավահանգիստներից մեկն է ժամանում դոկտոր Անտեկիրտի «Սավառենա» զբոսանավը, որի մասին արդեն երկեր տարիներ է հակասական լուրեր են պտտվում։ Միայն մեկում բոլորը միաբան են՝ Անտեկիրտը խելահեղ հարուստ է և նրա կյանքը պարուրված է գաղտնիքներով։ Իրականում նա Մաթիաս Շանդորն է, որը հրաշքով խուսափել է ծովում զոհվելուց։ Նրա զբոսանավի անունը առաջացել է աղջկա՝ Սավա և կնոջ՝ Ռենա անուններից։ Հասնելով ցամաք կոմսը լքում է Եվրոպան և ուղևորվում է դեպի Արևելք, որտեղ և իր համար կուտակել է հսկայական հարստություն։ Միջերկրական ծովում՝ Անտեկիրտ կղզում նա հիմնադրել է իր համախոհների համար բնակավայր, որը դարձել է հետագա գործունեության համար հենակետ։ Կղզում բնակություն են հաստատել մոտ երկու հազար բնակիչներ։ Նա ունի իր սեփական նավատորմը, բաղկացած մեկ հրետանանավակից և երեք էլեկտրական մոտոնավակներից։ Այժմ կոմսը վերադարձել է, որպեսզի վրեժ լուծի իր և իր ընկերների համար և գտնի իր թշնամիներին։ Ընթացքում կոմսը լուրեր է իմանում դստեր ճակատագրի մասին, որին նա համարում էր մահացած, պազվում է, մեկուկես տարեկան աղջնակը առևանգվել է նրան պահող կոմսի ծառաների մոտից՝ Սիլաս Տորոնտալի հրամանով։ Բանկիրը Սավային վերցրել է իր ընտանիք սեփական աղջկա անունի տակ, որպեսզի հետագայում, երբ նա հասնի չափահաս տարիքի, ներկայացնի ապացույցներ նրա ծագման վերաբերյալ, վերականգնի նրա իրավունքները, որպեսզի աղջիկը կարողանա ժառանգել հոր կարողության երկրորդ կեսը, իսկ հետագայում տիրանալ նաև այդ հարստություններին։ Չնայած մի շարք անհաջողությունների, Շանդորին հաջողվում է հասնել իր նպատակին՝ Զիրոնեն, վերադառնալով իր ավազակային արհեստին, սպանվում է բախման արդյունքում, իսկ Սիյաս Տորոնտալը, Սարկանին և Կարպենան ընկնում են Մաթիաս Շանդորի և նրա համախոհների ձեռքը։ Մատնիչներին դատապարտում են մահապատժի։ Անտեկիրտա կղզում բանտի բացակայության պատճառով դատապարտյալներին, մինչ մահապատիժը, տեղավորում են մի փոքրիկ կղզյակում, որը նախկինում ականապատված էր՝ ծովահեններից պաշտպանվելու համար։ Հաջորդ գիշերն իսկ կղզին պայթում է։ Մնում է անհայտ, թե արդյոք պայթուցիչը ձերբակալվածների կողմից գործի է դրվել միտումնավոր, թե դա տեղի է ունեցել պատահաբար։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը բաժանված է հինգ մասերի և երեսունհինգ գլուխների։

  • Գլուխ առաջին, Փոստային աղավնին։
  • Գլուխ երկրորդ, Կոմս Մաթիաս Շանդոր։
  • Գլուխ երրորդ, Տորոնտալի բանկը։
  • Գլուխ չորրորդ, Գաղտնագրված գրություն։
  • Գլուխ հինգերորդ, Դատարանի առաջ, դատարանում և դատից հետո։
  • Գլուխ վեցերորդ, Պիզայի ամրոցի աշտարակը։
  • Գլուխ յոթերորդ, Ֆոյբի հոսանքը։
  • Գլուխ ութերորդ, Ձկնորս Ֆերրատոյի տանը։
  • Գլուխ իններորդ, Վերջին ջանքը վերջին մարտում։
  • Գլուխ առաջին, Պեսկադ և Մատիֆու։
  • Գլուխ երկրորդ, Տրաբակոլոի իջեցումը։
  • Գլուխ երրորդ, Դոկտոր Անտեկիրտ։
  • Գլուխ չորրորդ, Իշտվան Բատորիի այրին։
  • Գլուխ հինգերորդ, Տարբեր իրադարձություններ։
  • Գլուխ վեցերորդ, Կատարոի ակունքը։
  • Գլուխ յոթերորդ, Բարդացում։
  • Գլուխ ութերորդ, Հանդիպում Ստրադոնում։
  • Գլուխ առաջին, Միջերկրական ծով։
  • Գլուխ երկրորդ, Անցյալը և ներկան։
  • Գլուխ երրորդ, Ինչ է տեղի ունեցել Ռագուզում։
  • Գլուխ չորրորդ, Մալթայի ջրերում։
  • Գլուխ հինգերորդ, Մալթա։
  • Գլուխ վեցերորդ, Կատանիայի շրջակայքում։
  • Գլուխ յոթերորդ, «Կասա Ինգլեզա»։
  • Գլուխ առաջին, Սեուտյան աքսոր։
  • Գլուխ երկրորդ, Բժշկի փորձարկումը։
  • Գլուխ երրորդ, Տասնյոթ անգամ։
  • Գլուխ չորրորդ, Վերջին դրույքը։
  • Գլուխ հինգերորդ, Աստծո կամոք։
  • Գլուխ վեցերորդ, Հանդիպում։

Մաս հինգերորդ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գլուխ առաջին, Մատիֆուի ձեռքսեղմումը։
  • Գլուխ երկրորդ, Արագիլների տոնը։
  • Գլուխ երրորդ, Սիդի Հազամի տունը։
  • Գլուխ չորրորդ, Անտեկիրտ կղզին։
  • Գլուխ հինգերորդ, Հատուցում։
  • Մաթիաս Շանդոր (դոկտոր Անտեկիրտ), 35 տարեկան, հունգարացի, հեղափոխական, հետագայում վրեժ է լուծում իր թշնամիներից
  • Սարկանի, 25 տարեկան, ծնունդով Տրիպոլիից, արկածախնդիր
  • Զիրոնե, 30 տարեկան, ծնունդով Սիցիլիայից, Սարկանիի ընկերը
  • Կոմս Լադիսլավ Զատմար, 45 տարեկան, Շանդորի ընկերը
  • Պրոֆեսոր Իշտվան Բատորի, 45 տարեկան, գիտնական, Շանդորի համախոհը
  • Ռենա Շանդոր, Մաթիաս Շանդորի կինը, մահացել է աղջկա ծննդից 2 տարի հետո
  • Սավա Շանդոր, Մաթիաս և Ռենա Շանդորների դուստրը
  • Տիկին Բատորի, 45 տարեկան, Իշտվան Բատորիի կինը, որդուն մեծացրել է միայնակ
  • Պետեր Բատորի, 8 տարեկան, Իշտվան Բատորի որդին, հետագայում սիրահարվում է Սավաին
  • Սիլաս Տորոնտալ, 37 տարեկան, բանկիր, Մաթիաս Շանդորին մատնողներից մեկը, նրա հարստություններին տիրանալու նպատակով առևանգում և պահում է Սավաին
  • Կարպենա, 25 տարեկան, մատնել է Շանդորին և Բատորին
  • Անդրեա Ֆերրատո, 42 տարեկան, ձկնորս, փախստական Կորսիկայից, ապաստան է տվել Շանդորին և Բատորին, մահացել է բանտում
  • Լուիջի Ֆերրատո, 8 տարեկան, Անդրեա Ֆերրատոի որդին, մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ
  • Մարիա Ֆերրատո, 18 տարեկան, Անդրեա Ֆերրատոի դուստրը, փոխարինել է մորը
  • Պեսկադ, 20 տարեկան, ակրոբատ
  • Մատիֆա, 22 տարեկան, ակրոբատ
  • Բորիկ, 55 տարեկան, հունգարացի, Զատմարի այնուհետև տիկին Բատորի ծառան
  • Նամիր, 40-50 տարեկան, մարոկկացի, Սարկանիի վստահված անձը և լրտեսը
  • Սիդի Հազամ, արաբ առաջնորդ, Տրիպոլիում ապաստան է տվել Սարկանիին

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը էկրանավորվել է երկու անգամ՝ 1962 թվականին (Ֆրանսիա-Իտալիա-Իսպանիա) և 1979 թվականին (Հունգարիա-Ֆրանսիա- Իտալիա)։ Վերջին կինոտարբերակում տեղի են ունեցել որոշ փոփոխություններ բնօրինակի հետ համեմատած՝ մասնավորապես, ակնարկվում է բացասական հերոսներից մեկի՝ բանկիր Տորոնտալի, հրեական ծագումը, որին վերանվանել են Շիմոն Տորոնտալ, կոմս Զատմարը ստացել է Իշտվան անունը (բնօրինակում նա կրում է Լադիսլավ, որը Հունգարիայում չի օգտագործվում, նրա փոխարեն օգտագործվում է ծագումով նույն անունը՝ Լասլո)։

Նկարազարդումներ հրատարակությունից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]