ՀՀ առողջապահություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեղերի սրվակներ
Բժշկական գնացք

Բժշկական գործիքների հայտնաբերումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բժշկական գործիքներ հիշեցնող խեթական և ուրարտական ժամանակաշրջանների քարե և մետաղե առարկաներ։

Հայ և օտար պատմիչների վկայությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ և օտար պատմիչների վկայությամբ՝ 3-4-րդ դարերում Սեբաստիայում և Կեսարիայում (Փոքր Հայք) արդեն եղել են հիվանդանոցներ, որտեղ աշխատել են հմուտ բժիշկներ։ Ըստ հայ պատմիչներ Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու՝ 4-րդ դարում Ներսես Ա Մեծ կաթողիկոսի (353-357) կոնդակով Հայաստանի տարբեր վայրերում բացվել են հիվանդանոցներ ու բորոտանոցներ։

Առողջապահության զգալի վերելքը Կիլիկյան Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահությունը զգալի վերելք է ապրել Կիլիկյան Հայաստանում, արքունիքը խրախուսել և հովանավորել է բժիշկներին, երկրի տարբեր շրջաններում ու քաղաքներում բացել հիվանդանոցներ, խնամատներ։ Հիվանդություններն ու համաճարակները կանխելու նպատակով օրենսդրությամբ սահմանվել են բազմաթիվ կանոններ։

Կիլիկիայում մեծ հռչակ վայելած բժիշկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիկիայում մեծ հռչակ են վայելել բժիշկներ Մխիթար Հերացին, Աբու Սաիդը, Գրիգորիսը, Սիմեոնը, Ստեփանոսը և ուրիշներ։ Հայկական միջնադարյան համալսարաններում (Սանահին, Տաթև և այլն) պատրաստվել են նաև բժիշկներ. Սանահինի ուսումնարանում բժշկություն է դասավանդել Գրիգոր Մագիստրոսը (11-րդ դար), Տաթևում՝ Հովհան Որոտնեցին։ Գրիգոր Տաթևացին 15-րդ դարի սկգբին կազմել է անատոմիայի և բնագիտության դասագրքեր։ Բժշկություն դասավանդել են նաև Սիս քաղաքում Ներսես Լամբրոնացու հիմնադրած համալսարանում (12-րդ դար)։ Հայտնի էին նաև Անիի, Տարոնի, Կեսարիայի դպրոցները, որտեղ 11-14-րդ դարերում ուսումնասիրել են բնական գիտություններ, այդ թվում՝ նաև բժշկագիտություն։

Առողջապահության անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիկյան հայկական թագավորության կործանումից հետո առողջապահությունն անկում է ապրել։ Առաջին առողջապահական հիմնարկները վերաստեղծվել են միայն 1828 թվականից. Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Երևանում բացվել է առաջին զինվորական հոսպիտալը, որտեղ բուժօգնություն է ցույց տրվել նաև ազգաբնակչությանը։ Հոսպիտալներ են բացվել նաև Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան), Ախտայում (այժմ՝ Հրազդան) և այլուր։ 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին Երևանի նահանգում և Կարսի մարզում բացվել են սակավաթիվ բուժհիմնարկներ։ Հայաստանում առողջապահության կազմակերպմանն առաջին անգամ պետական հոգածություն է ցուցաբերվել խորհրդային իշխանության օրոք՝ 1920 թվականին առողջապահության ժողկոմատի (1946 թվականից՝ ՀԽՍՀ ԱՆ) ստեղծումով, որի իրավասությանն են անցել բժշկասանիտարական բոլոր հիմնարկները, այդ թվում՝ մասնավորները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png