Ծովակն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովակն
Aquamarine P1000141.JPG
Ենթակատեգորիա Բերիլ

Ծովակն կամ ակվամարին (լատ.՝ aqua marina — ծովային ջուր), հանքանյութ, բերիլի օղականման կառուցվածքի տարատեսակ՝ բերիլիումի ալյումասիլիկատ։ Ակվամարինի կառուցվածքում, ինչպես և բոլոր բերիլներում, օղակները հավասարակողմ վեցանկյունաձև են (hexagonal) [Si6O18], որոնք դասավորված են իրար վրա, ձևավորելով սնամեջ խողովակներ: Ակվամարինը պահպանել է իր այն անունը, որը նրան տվել է Պլինիոս Ավագը, որը բերիլների նկարագրության մեջ նշել է, որ նրանցից առավել արժեքավորները իրենց գույնով հիշեցնում են ծովային ջրերի մաքուր կանաչը (լատ.՝ aqua - ջուր, mare  - ծով)։ Նա գրել է զմրուխտի և ակվմարինի նմանության մասին[1]։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամիբիայից հայտնաբերած ծովակներ

Հանքաքարը միառանցք է, օպտիկապես բացասական է։ Բյուրեղները երկար ձողային վեցանկյուն պրիզմաներ են: Սուր, ապակե փայլով։ Կրկնակի բեկումը՝ 0,006։ Պլեոքրուզմը (դիխրոիզմ) հստակ է, բաց երկնագույնից մինչև երկնքի կապույտ։ Լյումինեսցենցիան բացակայում է։ Սպեկտրի կլանման գծերը՝ 537, 456, 427։ Ունի բազմաթիվ խառնուրդներ․ բյուրեղի նիստերին զուգահեռ երկար խոռոչները հեղուկով լցվելիս բյուրեղին շագանակագույն երանգ են հաղորդում։ Խառնուրդներից են նաև գազի պղպջակները, հարթ խատնուրդները (քրիզանթեմանման), փաթիլանման, աստղաձև խառնուրդները։ Հաճախ հանդիպում են բիոտիտի, ֆլոգոպիտի, ռուտիլի, պիրիտի և իլմենիտի խառնուրդներ։ Հնարավոր է աստերիզմ և «կատվի աչքի» ազդեցություն։

Գունավորումը պայմանավորված է երկաթի խառնուրդի առկայությամբ։ Արևի ազդեցությանբ խամրում է։ Գունավորման ինտենսիվությունը ավելանում է մինչև 400 °C տաքացումից հետո։ Փխրունության պատճառով քարը հեշտությամբ փշրվում է։

Ակվամարինը կարելի է շփոթել այլ, նմանատիպ գունավորմամբ քարերի հետ, ինչպիսիք են՝ կապույտ տոպազը, կիանիտը, ցիրկոնը, տուրմալինը, էվկլազը։

Հանքավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակվամարիններ արդյունահանում են պեգմատիտներից, որոնք հաճախ խոշոր հատիկավոր գրանիտներում են գտնվում։

Հանքավայրեր կան բոլոր մայրցամաքներում, առավելապես Բրազիլիայում (Մինաս Ժերայս, Բահիա, Էսպիրիտու Սանտու), Մադագասկարում, Ռուսաստանում (Ուրալ, Անդրբայկալ)[2]։

Փոքր քանակությամբ ակվամարիններ հանդիպում են նաև այլ երկրներում՝ Ավստրալիայում (Նոր Հարավային Ուելս), Մյանմայում, Շրի Լանկայում, Հնդկաստանում, Քենիայում, Նամիբիայում, Մոզամբիկում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Տանզանիայում, Ուկրաինայում (Վոլին), ԱՄՆ (Կոլորադո, Կոնեկտիկուտ, Կալիֆոռնիա, Մեն, Հյուսիսային Կարոլինա

Ոսկերչական որակի ամենամեծ բյուրեղը հայտնաբերվել է 1910 թվականին Բրազիլիայում (զանգվածը 110,5 կգ, տրամագիծը՝ 42 սմ։ Այդ բյուրեղից ստացվել է 220 հազար կարատ նիստավորման նյութ։ Նույն տեղում ավելի վաղ գտնվել է 18 կգ զանգվածով ծովակն, որը կոչել են Ժակետո, որից ստացվել է մոտ 30 հազար կարատ ոսկերչական նյութ[3]։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակված ծովակն

Հանդիպում են ապակե իմիտացիաներ։ Սինթետիկ ծովակնը արդյունաբերական ծավալներով չեն արտադրում (տնտեսապես աննպատակահարմար է)։ Արհեստական ակվամարինների տեղ են անցնում հաճախ սինթետիկ շպինելները կամ կորունդը։

Ծովակնը արժեքավոր թանկարժեք քար է։ Հումքի համեմատաբար մեծ առաջարկը հանգեցնում է նրան, որ պահանջված են, առաջին հերթին, խոշոր՝ ավելի քան 10 կարատ մուգ երկնագույն քարերը։ Այդ արդյունքը ստանալու համար քարերի մեծ մասը երեսակումից հետո ենթարկվում է տաքացման (մինչև 400-500 °C) կամ ճառագայթման, ընդ որում եռավալենտ երկաթի վերականգնման արդյունքում տեղի է ունենում գույնի փոփոխություն, օրինակ ՝ կանաչավուն երկնագույնից երկնագույն։ Ոսկերչական արտադրության քարերի որակի գնահատման համար հաշվի է առնվում բյուրեղի չափը, ճաքերի առկայությունը և խառնուրդայնությունը։ Միջազգային շուկայում ամենամեծ արժեք են ներկայացնում ավելի քան 3 կարատ կշռով ինտենսիվ կապույտ նիստավոր քարերը։ Ճաքերի և խառնուրդների առկայությունը քարի արժեքը նվազեցնում է 60-70 % - ով:

Խոշոր օրինակները գտնվում են՝ Բրիտանական թանգարանի, Ազգային պատմության ամերիկյան թանգարանի, Սմիթսոնյան ինստիտուտի հավաքածուներում։ Ակվամարինի խոշոր հավաքածուներ կան նաև Ռուսաստանում, Իրանում ու Թուրքիայում: Ուկրաինական 139 գրամ զանգվածով կամ 695 կարատ երեսակված ծովակնը գտնվում է Մոսկվայի Գունավոր քարեր սալոնում (1985 թվականի դրությամբ)։

Ակվամարինով զարդարել են թագավորական թագերը, օգտագործվե է որպես ակնոցների ոսպնյակ (առաջին ոսպնյակները թվագրվում են 1300 թվականին)։  Հայտնի հղկված քարերից ամենամեծը կշռում է 2594 կարատ: Հղկված ամենախոշոր ակվամարիններից մեկը (184 գրամ կամ 920 կարատ) տեղադրված է անգլիական թագուհու թագի վրա։

Ակվամարինը սովորաբար երեսակում են աստիճանական երեսակմամբ, իսկ ուղղանկյուն կամ օվալ ձևի դեպքում սեպերով երեսակմամբ, սակայն առավել հաճախ կիրառվում է զմրուխտային երեսակումը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Самоцветы СССР, Я. П. Самсонов, А. П. Туринге. — Москва, «Недра», 1985.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Я.П.Самсонов, А.П.Туринге. «Самоцветы СССР». — Москва, «Недра», 1984 г. — С. 61.
  2. Aquamarin (գերմաներեն)
  3. Mineralienatlas:Mineralienportrait Aquamarin

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]