Լեռնային բյուրեղապակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեռնային բյուրեղապակի
Quartz Saint Lary Ariège.jpg
Ընդհանուր
Կատեգորիամիներալների բազմազանություն
Բանաձև
(կրկնվող միավորը)
SiO2
Նույնականացում
Գույնանգույն
Բյուրեղային համակարգեռանկյունային բյուրեղային համակարգ
Թափանցիկությունթափանցիկ
ԵնթակատեգորիաՔվարց և Բյուրեղային մարմիններ
Լեռնային բյուրեղապակու բյուրեղաբույլ, 8 սմ. Մերձբևեռային Ուրալ, mindraw.web.ru.

Լեռնային բյուրեղապակի, միներալ, բնական մաքուր սիլիցիումի դիօքսիդ, քվարցի անգույն, թափանցիկ տարատեսակ, սիլիկահողի բյուրեղային մոդիֆիկացիաներից մեկը (SiO2): Բյուրեղները պրիզմայաձև, տրիգոնատրապեցոեդրային:

Լեռնային բյուրեղապակու մաքուր, անթերի բյուրեղներ համեմատաբար քիչ են հանդիպում, հետևաբար և բարձր են գնահատվում: Գործնական նշանակություն ունեն 3—5 սմ չափերով բյուրեղները: Բնության մեջ լեռնային բյուրեղապակու առաջացրած ագրեգատներն են. բյուրեղների անկանոն սերտաճումներ, բյուրեղաբույլեր, բյուրեղային «խոզանակներ», ժեոդներ: Գոյություն ունեն նմանակ բյուրեղներ:

Պատմություն և առասպելաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հունաստանի փիլիսոփաները համարում էին, որ լեռնային բյուրեղապակին դա քար դարձած սառույց է: Ճապոնիայում լեռնային ապակին համարում էին հրեշի սառած շունչը: Զրադաշտականության մեջ համարվում էր որ երկինքը լեռնային բյուրեղապակուց է: Ավանդույթների համաձայն աստվածներն ամբրոսիան խմում էին միայն բյուրեղապակե գավաթներով: Լեռնային բյուրեղապակու մաքրությունն ու թափանցիկությունը դարձան մտադրությունների համեստության և մաքրության խորհրդանիշ, երդումով հաստատված պայմանագրերի թալիսման: Միջնադարյան միստիցիզմում և ժամանակակից էքստրասենսորիկայում լեռնային բյուրեղապակու բյուրեղը մոգական է:

Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չմշակված լեռնային բյուրեղապակու մակերևույթը

Ամեթիստ, ցիտրին, ռաուխտոպազ (ծխագույն քվարց), մորիոն, «Վեներայի մազեր» (ռուտիլի ներառումներով): «Մարմարոշյան շողակնը» առաջին անգամ հայտնաբերվել է 1855 թվականին Կարպատների համանուն տեղանքում, հետագայում նաև Ղրիմում և Յակուտյայում: Յուրահատուկ, անչափ մաքուր, լավ ձևավորված, երկու գլխիկներով և ուժեղ փայլով բյուրեղիկներ են, որոնց չափերը 1—12 մմ են, ձևը՝ երկբուրգ պրիզմայաձև : Մարմարոշյան շողակնը ոսկերչության մեջ կարող է օգտագործվել առանց երեսակման:

Հանքավայրեր, ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնային բյուրեղապակին հանդիպում է գլխավորապես հիդրոթերմալ հանքերակների դատարկ մասերում: Խոշոր բյուրեղների արդյունաբերական հանքավայրերը գտնվում են «ալպիական» տիպի, բյուրեղապակի պարունակող հանքերակներում: Հանդիպում է նաև պեգմատիտային երակների և տարբեր տեսակի կոնտակտային մետամորֆ ապարների դատարկ մասերում: Շատ տարածված է նստվածքային ապարներում, բայց խոշոր բյուրեղներ չեն առաջացնում, գտնվում են ճաքերի պատերի վրա բյուրեղյա խոզանակների ձևով և ժեոդների ձևով՝ հիմնականում կրաքարերի մեջ ու նստվածքային կարբոնատների խորքերում:

Ռուսաստանում խոշոր հանքավայրեր կան ՈՒրալում (Աստաֆևսկոյե, Մատինսկոյե, Պելիգիչեյ, Պույվա և այլն), ինչպես նաև Յակուտիայում և Անդրբայկալում:

Ուղեկցող միներալներ

Դաշտային սպաթներ, փայլար, կավային միներալներ, լիմոնիտ, տոպազ, բերիլ, հեմատիտ, քլորիտ, ռուտիլ, անատազ, պիրիտ, կալցիտ, բնածին ոսկի և այլն:

Նշանակություն և կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնային բյուրեղապակու բյուրեղ, Բրազիլիա

Լեռնային բյուրեղապակին կիրառվում է ռադիոտեխնիկայում ուլտրաձայնային տատանումներ ստանալու համար, սպեկտրոգրաֆներում, պրիզմաներ և ոսպնյակներ պատրաստելու համար: Լեռնային բյուրեղապակին օգտագործվում է նաև դեկորատիվ կիրառական ապրանքներ ու զարդեր պատրաստելու համար: Այս բյուրեղի գունավորված տեսակներն օգտագործվում են որպես կիսաթանկարժեք քարեր:

Լեռնային բյուրեղապակու խոշոր ու մաքուր բյուրեղներ հազվադեպ են պատահում, դրա հետևանքով էլ դրանք համեմատաբար թանկ են: Բյուրեղապակու անվան տակ արտադրվող արհեստական նյութը սովորական ապակինն է, կապարի ու բարիումի օքսիդների հավելումներով:

Առևտրում հաճախ են այն դեպքերը, երբ ջահերը, գավաթները և արհեստական բյուրեղապակուց պատրաստված այլ իրեր ներկայացվում են որպես բնական քարերից պատրաստած արտադրանք:

Արհեստական բյուրեղների ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնային բյուրեղապակու միաբյուրեղները աճեցնում են ավտոկլավներում, գրգռիչ օջախների հարուցուման մեթոդով: Այս ձևով մեկ տարում կարող է աճել 2-3կգ պիեզոօպտիկական բյուրեղ առանց դեֆեկտների: Բեկման ցուցիչը մեծանում է գերմանիում և փոքրանում՝ ալյումին ավելացնելիս: Fe2+ իոնը բյուրեղը գունավորում է կանաչ, Fe3+ իոնը՝ գորշ, կոբալտը՝ կապույտ:

Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հույները և հռոմեացիները լեռնային բյուրեղապակուց քանդակում էին կնիքներ, սափորներ, զարդեր: Ա. Ֆերսմանը գրել է, որ Ներոնն ուներ երկու հրաշագեղ խորանարդներ, որոնք հղկված էին իդեալական թափանցիկություն ունեցող բյուրեղներից: Հռոմեական պատրիկները ամռանն իրենց ձեռքերը սառեցնում են լեռնային բյուրեղապակու գնդերով: Բյուրեղներից պատրաստում էին այրող ոսպնյակներ, որոնց օգնությամբ քրմերը զոհասեղանների վրա վառում էին «աստվածային կրակը»:

Չինաստանում և Ճապոնիայում լեռնային բյուրեղապակուց պատրաստում էին իդեալական գնդեր, որոնցից շատերը հիմա ցուցադրվում են աշխարհի տարբեր թանգարաններում: Այսպես, ԱՄՆ Վաշինգտոնի Ազգային թանգարանում պահվում է Չինաստանում պատրաստված 327մմ տրամագծով համարյա իդեալական գունդը:

Մոսկվայում Կրեմլի զինասրահում կան լեռնային բյուրեղապակուց պատրաստված տարբեր անոթներ, Պետրոս I ինքնաեռը, որը քանդակված է լեռնային բյուրեղապակու ամբողջական կտորից, տակառիկ, պղպեղաման, գավաթ, բաժակներ, լվացարան և այլն: Վիեննայի Արվեստի Պատմության Թանգարանում ցուցադրվում է լեռնային բյուրեղապակուց պատրաստած սպասքի հավաքածու: Ամերիկայում Նյու Յորքի բնագիտական թանգարանում կա մի կնիք, որը ռուսական աշխատանք է երկրագունդը ուսերին պահած Ատլասի ձևով: 18-19 դարերում Ռուսաստանում լեռնային բյուրեղապակուց քանդակում էին ծխախոտատուփեր, կոճակներ, փոքրիկ կնիքներ, եկեղեցական իրեր:

Բյուրեղապակե գանգ Բրիտանական թանգարանում

Գ. Ֆլոբերն իր «Սալամբո» վեպում նկարագրում է Կարթագենի մի տաճար, որտեղ միստիկական դեր է խաղում պղնձե սյան վրա դրված բյուրեղապակե ձուն: Հույն պոետ Օնոմակրիտը (Ք.Ա. 5-րդ դար) համարում էր, որ աստվածներն ի զորու չեն մերժել մի մարդու, որը տաճար է մտել ձեռքերի մեջ լեռնային բյուրեղապակի պահած: Հռոմեական բժիշկներն անցած հազարամյակի սկզբին վերքեր այրելու համար օգտագործում էին բյուրեղապակե գնդեր: Մի ժամանակ Եվրոպայում լեռնային բյուրեղապակին անվանում էին արաբական կամ բոհեմական ալմաստ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]