Ոսպնյակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկուռուցիկ ոսպնյակ

Ոսպնյակ՝ (գերմ.՝ Linse,ծագել է լատ.՝ lens՝ոսպ), դետալ կազմված թափանցիկ միասեռ նյութից, որը երկու կողմից սահմանափակված է լույսի ճառագայթները բեկող ողորկ մակերևույթներով: Ներկայումս ավելի հաճախ օգտագործում են «ասֆերիկական ոսպնյակներ», սրանք այն ոսպնյակներն են, որոնց մեկ կամ երկու կողմերն էլ գնդաձև չեն: Ոսպնյակների պատրաստման համար օգտագործում են օպտիկական նյութեր, ինչպիսիք են ապակին, օպտիկական ապակին, բյուրեղը և այլն:

«Ոսպնյակ» տերմինը օգտագործում են նաև այլ իրերի և երևույթների մեջ: Օրինակ ՝

  • Հարթ «ոսպնյակներ»: Սրանց մեջ բեկման ցուցիչը փոխվում է կախված նրանից, թե կենտրոնից ինչ հեռավորության վրա է գտնվում առարկան:
  • Ֆրենելի ոսպնյակ
  • Գրավիտացիոն ոսպնյակ: Այս ոսպնյակները օգտագործվում են միջգալակտիկական հեռավորություններում:
  • Մագնիսական ոսպնյակ՝ ոսպնյակ, որ ունի հաստատուն մագնիսական դաշտ:


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահին ոսպնյակի տարիքը հասնում է 3000 տարու, դա այսպես ասած Նիմրուդի ոսպնյակն է: Այն հայտնաբերվել է հին Ասորեստանի Նիմրուդ քաղաքի պեղումների ժամանակ և հայտնագործվել է Օստին Հենրի Լայարդի կողմից, 1853 թվականին: Ոսպնյակը ուներ ձվաձևությանը մոտ շրջանի տեսք, այն կոպիտ կոկած էր, մի կողմը հարթ էր, մյուսը փքված և խոշորացնում է 3-x անգամ: Նիմբրուդի ոսպնյակը պահպանվում է Բրիտանական թանգարանում:

Նիմբրուդի ոսպնյակը,ցուցադրված Բրիտանական թանգարանում 2011 թվականին

Լինզաների մասին առաջին տեղեկությունները մեզ են հասել Արիստոփանեսի հին հունական «Ամպ» պիեսայից (Ք.ա. 424 թ), որտեղ ջարդված ապակուց և արևից կրակ էին ստանում:

Պլինիոս Ավագի ստեղծագործություններից հայտնի է դառնում, որ կրակի ստացման այդպիսի եղանակը օգտագործվել է նաև Հռոմեական կայսրությունում: Նրա ստեղծագործություններում նկարագրվում է առաջին անգամ տեսողությունը կարգավորելու նպատակով ոսպնյակի օգտագործումը:

Օպտիկական ոսպնյակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպտիկական ոսպնյակ, լուսաթափանց նյութից (ապակի, քվարց և այլն) մարմին՝ սահմանափակված կոր մակերևույթներով։ Օպտիկական համակարգերի հիմնական տարրն է։ Առավել տարածված են գնդային մակերևույթով ոսպնյակները։ Պակաս գործածական են գլանային կամ տորոիդային մակերևույթներով ոսպնյակները (դրանցից պատրաստում են, օրինակ՝ աչքի աստիգմատիզմ ունեցողների ակնոցները

Ոսպնյակի գնդային մակերևույթների կենտրոնները միացնող ուղիղը կոչվում է օպտիկական առանցք։ Ոսպնյակը կոչվում է բարակ, եթե դրա մակերևույթների և օպտիկական առանցքի հատման երկու կետերի (գագաթների) հեռավորությունը մակերևույթների կորության շառավիղների համեմատ փոքր է, և այդ կետերը կարելի է համարել ձուլված մի ընդհանուր կետի՝ ոսպնյակի օպտիկական կենտրոնի մեջ։ Ոսպնյակի օպտիկական կենտրոնով անցնող, բայց օպտիկական առանցքին չհամընկնող ուղիղները կոչվում են երկրորդային առանցքներ։ Օպտիկական կենտրոնով անցնող լուսային ճառագայթները ոսպնյակում չեն բեկվում։

Առանցքասիմետրիկ ոսպնյակի օպտիկական հատկությունները նկարագրելիս սովորաբար դիտարկում են լույսի հարառանցքային (պարաքսիալ) փնջերը, որոնք առանցքի հետ փոքր անկյուն են կազմում։ Ոսպնյակի ազդեցությունն այդ ճառագայթների վրա որոշվում է H և H' գլխավոր կետերի (այդ կետերում են օպտիկական առանցքի հետ հատվում ոսպնյաի գլխավոր հարթությունները), ինչպես նաև առջևի ու ետևի F և F' գլխավոր կիզակետերի դիրքով։ HF=f և H'F'=f' հատվածները կոչվում են ոսպնյակի կիզակետային հեռավորություններ (եթե ոսպնյակին սահմանակից միջավայրերի բեկման ցուցիչները նույնն են, ապա f= -f')։ Ոսպնյակները և դրանց համակարգերը բնութագրող երկրաչափական մեծությունները համարվում են դրական, եթե համապատասխան հատվածների ուղղությունները համընկնում են ճառագայթների տարածման ուղղությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 638 CC-BY-SA-icon-80x15.png