Ավենտուրին
Ավենտուրին | |
---|---|
![]() Ավենտուրինի մշակված և անմշակ կտորներ | |
Ընդհանուր | |
Բանաձև (կրկնվող միավորը) | SiO2 |
Նույնականացում | |
Գույն | Կանաչ, գորշ կարմիր |
Շերտեր | սպիտակ |
Թափանցիկություն | անթափանց |
Ձգողականություն | 3.97 – 4.05 |
Ենթակատեգորիա | Քվարց |
Ավենտուրին[1], (ֆր. Aventurine, լատ. adventurus, advenio «պատահել»), քվարցի (քվարցիտ) մանրահատիկավոր տարատեսակն է: Իրենից ներկայացնում է տափակ կամ մանրահատիկավոր հանքատեսակ, որը բաղկացած է քվարցից և նրա մեջ ցրված փայլաթիթեղի, իսկ երբեմն էլ քլորիտի կամ հեմատիտի մանր թեփուկներից: Ավենտուրինը պատկանում է փոխակերպված հանքային ապարների թվին, որոնք առաջացել են ավազակավային նստվածքների, ավելի հաճախ ավազաքարերի, քվարցիտի և բյուրեղային թերթաքարերի խտացման և վերաբյուրեղացման ժամանակ:
Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարծրությունը 6-7, լավ փայլեցվում է: Ավենտուրինի գունավորումը պայմանավորված է խառնուրդների բաղադրությունից: Սովորաբար դրանք գունավորված են մոխրակարմիր, դարչնագույն, դեղնամոխրագույն, կանաչ գույներով: Բնորոշ շողշողացող ոսկեգույն և առկայծող փայլը ավենտուրինին տալիս են փայլարի, գյոթիտի և հեմատիտի թեփուկների առկայությունը, ինչպես նաև ճեղքերը, որոնք լցված են երկաթի հիդրօքսիդով:
Հանքավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավենտուրինն արտադրվում է Ավստրալիայում, Ավստրիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Իսպանիայում, Նորվեգիայում, Չիլիում և Միացյալ Նահանգներում: Ամերիկյան ավենտուրինն անվանում էին «կոլորադյան ոսկե քար»: Հնդկաստանում հանդիպում է կանաչ ավենտուրինը: Այս քարը վաղուց ի վեր արդյունահանել են Չինաստանում, որտեղ կանաչ ավենտուրինը համարվում էր սուրբ քար, շատ ճանաչված էր և կոչվում էր «կայսերական քար»: Հին Չինաստանում կայսրության պետական կնիքը պատրաստված էր կանաչ ավենտուրինից: 1810-ից սկսած ավենտուրինը արդյունահանվել է Հարավային Ուրալում (Տագանայի լեռնաշղթա, Չելյաբինսկի Զլատոուս շրջանում): 19-րդ դարի վերջում այս քարի հանքարդյունաբերությունը դադարեցվել է և վերականգնվել է միայն մեր ժամանակներում, փոքր ծավալներով:
Ավենտուրինի տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավենտուրինի տեքստուրան ու գույնը կախված են խառնուրդների բաղադրությունից, հատիկների չափերից, բաղադրիչ հանքանյութերի համասեռությունից: Այսպես, կանաչ ավենտուրինին բնորոշ է միատարր կառուցվածքը, հավասարաչափ գունավորումը, և նրանք ավելի ամուր են, իսկ ոսկեփայլ կարմրագույն և մեղրադեղին ավենտեւրիններն ամենաշողշողուն տեսակներն են:
Տարբեր գունային տարատեսակներում քրոմոֆոր (գույն ու փայլ տվող) հանքատեսակների քանակը փոփոխվում է 5 %-ից (բաց գույնի հանքաքարերում մուսկովիտի և ռուտիլի ներկայությամբ) մինչև 40 % (մուգ կարմիր հանքաքարում, որտեղ առկա է մեկ հեմատիտ, ինչի արդյունքում ամբողջությամբ կորում է առկայծելու էֆեկտը):
Ավենտուրինի դեկորատիվ, շինարարական տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համասեռ մեղրադեղին, հավասարաչափ հատիկավոր և հավասարաչափ գունավորված տարատեսակ՝ մուսկովիտի թեփուկներով, որը նրան տալիս է պայծառ փայլք: Բնորոշ դեֆեկտներն են ծակոտկենությունը և խորդուբորդությունը:
- Համասեռ դարչնագույն, կարմիր երանգով, անհավասարաչափ գունավորմամբ, մանրահատիկավոր, ամուր տարատեսակ:
- Համասեռ ոսկեկարմիր, մանրահատիկավոր տարատեսակ: Հենց այս տարատեսակն է, որ շատ նման է վենետիկյան ապակուն: Ունի վառ գունավորում և ինտենսիվ առկայծում: Բարակ կտրվածքներում թափանցիկ է մինչև 5մմ խորություն:
- Համասեռ վարդագույն, թույլ առկայծումով մանրահատիկավոր տարատեսակ: Տեքստուրան հոծ, թափանցիկ է մինչև 3մմ խորություն:
- Բծազոլավոր, կարմրասպիտակավուն: Տարատեսակ, որում առկա են թույլ արտահայտված մուգ կարմրավուն բծեր ու զոլեր՝ տարածված սպիտակ կամ վարդագույն քվարցային ֆոնի վրա:
- Ոչ պարզորոշ զոլավոր սպիտակ տարատեսակ: Ընդհատվող, ոչ հստակ բաց ոսկեգույն զոլեր սպիտակ ֆոնի վրա: Երբեմն մուսկովիտի թեփուկների կուտակումները կարող են առաջացնել իրենց սեփական զոլերը, որոնք չեն համընկնում զոլերի հետ:
Նմանակումներ, ավենտուրինային ապակի[խմբագրել | խմբագրել կոդը]
Համարյա այն ամենը, ինչ այսօր խանութներում վաճառվում է «ավենտուրին» ապրանքանիշի անվան տակ, իրենից ներկայացնում է փայլփլուն ներառումներով գունավորած ապակի, ապակուց ստցած նմանակումներ՝ պղնձի օքսիդի, երկաթի, քրոմի և կոբալտի, կամ էլ ուղղակի պղնձի խարտուքի հավելումներով: Ավենտուրինի նման փայլփլուն ապակի կարողանում էին ստանալ դեռևս հին եգիպտացիները, բայց հետագայում պատրաստման գաղտնիքը կորել է[2]: Մուգ կարմիր ապակին, որը նմանակում է ավենտուրինի գույնը, նորից ստացել են 16-րդ դարում Վենետիկին մոտ գտնվող Մուրանո կղզու ապակի փչող բանվորները, երբ պղնձի խարտուքը պատահաբար ընկել է հալված ապակու մեջ:
Չափազանց պայծառ գույնը և փայլքերի առատությունը խոսում է նմանվածքի մասին: Բնական քարի գույնն ավելի քիչ պայծառ ու խայտաբղետ է, հազվադեպ են պատահում հագեցած գույներ: Երբեմն բնական քարն ի տարբերություն սինթետիկի կարող է ցուցաբերել թույլ փայլփլունություն այն դեպքում, երբ նմանակված ավենտուրինը ուղղակի ուժեղ փայլում է: Նմանակված ապակու մեջ թեփուկներն ավելի հաճախ անհամաչափ են բաշխված, գունավորված ապակու մեջ տեսանելի են քիչ կամ առանց փայլքերի տարածքներ: Ամենից հաճախ հանդիպում են ոսկեդարչնագույն կամ կապտասև ապակու նմանակումներ փայլուն թեփուկների առատությամբ, իսկ բնական ավենտուրինը սովորաբար լինում է մեղմ գույների մեջ, հազվադեպ է լինում ամբողջովին համասեռ և, որպես կանոն, բավականին գունատ են[3]:
Սնահավատություններ ավենտուրինի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր սեփականատիրոջ վրա ավենտուրինի կախարդական ազդեցության մասին գոյություն ունեցող կարծիքները շատ հակասական են: Համաձայն մեկ տեսակետի այդ քարը խթանում է հաջողություն խաղային և ռիսկային բիզնեսներում: Այլ հեղինակներ պնդում են, որ ավենտուրինն իր սեփականատիրոջը բերում է սեր, ուժեղացնում է դրական էմոցիաներն ու ինքնավստահությունը, տալիս է սուր բանականություն և մաքրում այն կողմնակի մտքերից:
Ավենտուրինի մոգական ու բուժիչ հատկություններն հաճախ են քննարկվում, և ունեն երկակի բնույթ: Դրանցից մի քանիսը նկարագրվել են խորը անցյալում և վերաբերել են առասպելների ու լեգենդների ոլորտին: Այլ բան են արդեն այդ քարի մոգական ու բուժիչ հատկությունների մասին մեր օրերում հրատարակվող հայտարարությունները, որոնք իրենցից ներկայացնում են հեղինակների տգիտության, կամ էլ բացահայտ շառլատանության արդյունք: Առայժմ մամուլում և ինտերնետում քարերի մասին կեղծ գիտական գաղափարների տարածումը այլընտրանք է, թերևս բացի մի քանի երգիծական պատմություններից[3]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Устаревшие названия — «златоискр» и «искряк» (вариант, предложенный В. М. Севергиным).
- ↑ Новое в жизни, науке, технике: Наука о Земле. — Москва: Знание, 1990.
- ↑ 3,0 3,1 О мистических и целебных свойствах авантюрина
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Авантюрин»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Авантюрин на Кристаллов. NET (ռուս.)
- Авантюрин в энциклопедии GeoWiki (ռուս.)
- Авантюрин. Фотографии. Описание (ռուս.)