Վերաբյուրեղացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
բյուրեղ

Բազմաբյուրեղային նյութերում կառուցվածքային արատներից զերծ բյուրեղային հատիկների առաջացման և աճի պրոցեսը։ Տարբերում են Վերաբյուրեղացման երեք փուլ՝ առաջնային, համախմբման և երկրորդային Վերաբյուրեղացման։ Առաջնային Վերաբյուրեղացումը տեղի է ունենում առաձգականորեն դեֆորմացված բազմաբյուրեղային նյութը տաքացնելիս։ Տվյալ նմուշում Վերաբյուրեղացում սկսվելու ջերմաստիճանը որոշակի է։ Առաջնային Վերաբյուրեղացման պրոցեսում առաջանում են ցանցային աղավաղումներից (դիսլոկացիաներ, կետային արատներ) զերծ տիրույթներ, որոնց սահմանները տարածվում են դեֆորմացված մատրիցի (բյուրեղային ցանցի) կողմը։ Պրոցեսի ընթացքում բյուրեղների ներքին էներգիան նվազում է ի հաշիվ կառուցվածքային արատների վերացման։ Ջերմաստիճանի բարձրացման դեպքում առաջնային Վերաբյուրեղացման պրոցեսին հաջորդում է համախմբման Վերաբյուրեղացում․, որի ընթացքում տեղի է ունենում ցանցային արատներից ազատված հարևան փոքրիկ բյուրեղների սերտաճում։ Վերաբյուրեղացման ժամանակ մեծանում են, պահպանելով առաջնային Վերաբյուրեղացման ժամանակ ստեղծված բյուրեղային դիրքորոշումը (տեքստուրան)։ Ջերմաստիճանի հետագա բարձրացումը հանգեցնում է երկրորդային Վերաբյուրեղացման, որի ընթացքում բավական մեծ արագությամբ աճում են միայն առանձին բյուրեղիկներ։ Համախմբման, ինչպես նաև երկրորդային Վերաբյուրեղացման պրոցեսներն ուղեկցվում են բյուրեղիկների ազատ էներգիայի նվազումով՝ ի հաշիվ բյուրեղիկների սահմանների գումարային մակերևույթի փոքրացման։ Վերաբյուրեղացման երևույթի ուսումնասիրումը կարևոր նշանակություն ունի բազմաբյուրեղային նյութերի, մետաղների, համաձուլվածքների ստացման տեխնոլոգիական պրոցեսները կառավարելու համար։