Պեգմատիտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պեգմատիտներ խոշորահատիկ ապարներ՝ տեղադրված ոսպնյակների, բների կամ երակների և շտոկների (ֆազային պեգմատիտներ) ձևով։

Բացի մայրական մագմատիկ ապարներին բնորոշ գլխավոր միներալներից, պեգմատիտները սովորաբար հարստացած են դյուրացնդող բաղադրամասեր (F, В, Cl, Н2O, СO2) և հազվագյուտ տարրեր պարունակող միներալներով։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեգմատիտների կառուցվածքը պանալոտրիոմորֆ է, հաճախ՝ սուբգրաֆիկ, օրթոկլազի և քվարցի բնորոշ հարաճումներով։ Պեգմատիտները սովորաբար զոնալ կառուցվածք ունեն՝ ծայրի զոնաները մանրահատիկ են, գրաֆիկ կառուցվածքով, ներքին զոնաները՝ խոշորհսկա-բյուրեղային, բլոկային կառուցվածքով։

Տարբերում են.

  • գրանիտային,
  • միասկիտային (ալկալային)
  • հիմքային պեգմատիտներ՝ կապված համապատասխան կազմության լրիվ բյուրեղային ապարների հետ։

Հանդիսանում են բազմաթիվ օգտակար հանածոների աղբյուր (կերամիկական հումք, փայլարներ, բնագույն և թանկարժեք քարեր, հազվագյուտ տարրեր)։ Ըստ մի խումբ գիտնականների (Ա․ Ե․ Ֆերսման, Կ․ Ա․ վլասով, Պ․ Նիգգլի և ուրիշներ), պեգմատիտները առաջանում են մնացորդային պեգմատիտային հալոցքի բյուրեղացման ճանապարհով, ընդ որում նրանք հալոցքի առաջնային կազմության համեմատ հարստացած են ջրով, ցնդող և հազվագյուտ բաղադրամասերով։

Ըստ ուրիշ գիտնականների (Ա․ Ն․ Զավարիցկի, Ս․ Ն․ Նիկիտին, Ֆ․ Հեսս և այլք), պեգմատիտներն առաջանում են ի հաշիվ մայր ապարների վերաբյուրեղացման և ուշ մագմատիկ լուծույթներով տեղակալման պրոցեսների։ Սակայն, «խաչաձևման գծերի» պեգմատիտների և ներփակող ապարներում ալլոխտոն երակների առկայությունը խոսում է առաջին տեսակետի օգտին, չնայած չեն բացառվում նաև տեղակալման եղանակով պեգմատիտ առաջանալու դեպքերը։

Երկու տեսակետների համար ընդհանուր է էվոլյուցիայի եռափուլ սխեման։

  • Առաջին փուլը պեգմատիտների ապարների կազմավորումն է,
  • երկրորդը՝ նրանց վերաբյուրեղացումը,
  • տեղակալող մետասոմատիկ կոմպլեքսի առաջացումը և հազվագյուտ մետաղների հանքայնացումը։

Ըստ միներալային պարագենեզիսների և հազվագյուտ մետաղների պարունակության, առանձնացվում են մուսկովիտ-հազվագյուտ մետաղային, բերիլաբեր, կալում-բիտաբեր, լիթիում-ֆտորային, տուրմալինային և այլ պեգմատիտներ։ Պեգմատիտային պրոցեսի զարգացումը կախված է մայր ապարի կազմությունից, պեգմատիտային դաշտի կառուցվածքից և տեղակալման ինտենսիվությունից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 223 CC-BY-SA-icon-80x15.png