Jump to content

Գուգարքի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փամբակ Համայնք գյուղ Վահագնի
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կարգավիճակխոշորացված Համայնք
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
Վարչկենտրոնգ. Վահագնի
Խոշորագույն քաղաքԿիրովական(Վանաձոր)
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (1987)31 000
Խտություն40,2
Ազգային կազմՀայեր
Տարածք770,4
(2,6 %)
Հիմնադրված է1930-1995 թ.
Պատմական շրջան(ներ)Գուգարք նահանգ

Գուգարքի շրջան (մինչև 3.1.1935 թվականը՝ Ղարաքիլիսայի, 1935-1964 թվականներին՝ Կիրովականի շրջան), Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Լոռու մարզի հարավում։ Գտնվում էր ՀԽՍՀ հյուսային մասում։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին։ Տարածությունը 770,4 կմ² է, բնակչություն՝ 31 000 (1987), խտությունը՝ 40,2 մարդ։

Գուգարքի շրջանի վարչական կենտրոնը Գուգարք գյուղն էր։ Ուներ 1 քտա (Ձորագետ), 1 ավանային և 17 գյուղական խորհուրդ։ Շրջանի տարածքում է Կիրովական քաղաքը։ Բնակավայրերն են՝

Գուգարքի շրջանի տարածքը եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Սպիտակի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի հարավային մասը, իսկ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, 972-1113 թվականը՝ Կյուրիկյան թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ Գուգարքի շրջանը Վրացական թագավորության կազմում էր, իսկ 1801 թվականից Վրաստանի և Հայաստանի հյուսիսարևելյան մի քանի գավառների հետ միացվել է Ռուսական կայսրությանը։ Սպիտակի շրջանի տարածքը կազմել է Թիֆլիսի նահանգի Բորչալու գավառի մասը։ 1870-ական թվականներից դրանից առանձնացավ Լոռի-Փամբակ գավառը, որը Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո կազմեց Լոռի-Փամբակի գավառը։

Պատմական հուշարձաններից են 7-14-րդ դարերում կառուցված եկեղեցիները և ամրոցների ավերակները։ 1930 թվականին ստեղծված շրջանային կուսակցակցական կազմակերպությունը 1987 թվականին ուներ 78 սկզբնական կուսակցական, 87 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Գուգարք» շրջանային թերթը։

Ռելիեֆ և կլիմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուգարքի շրջանի տարածքը զբաղեցնում է Փամբակ գետի միջին ու ստորին և Աղստև գետի վերին հոսանքների ավազանները։ Ունի լեռնային մակերևույթ։ Հյուսիսում ձգվում է Բազումի լեռնաշղթայի արևելյան, հարավում՝ Փամբակի լեռնաշղթայի միջին, բարձրադիր մասը (3101 մ, Թեժ լեռ)։ Տարածքի միջին և հյուսիսարևելյան մասն զբաղեցնում է Փամբակի հովիտը՝ շրջանի ցածրադիր մասը։ Բարձունքային գոտիականությունն արտահայտված է լեռնատափաստանային, լեռնաանտառային և լեռնամարգագետնային լանդշաֆտներով։ Կան պղնձի, շինանյութերի (բազալտ, սև տուֆ, գրանիտ) հանքավայրեր։ Բազումի և Բովաքարի լեռնաշղթաները կառուցվածքային միասնություն են կազմում (կամարահորսաային բարձրացում են), իսկ լեռնագրորեն իրարից բաժանված են Գայլաձոր անտեցեդենա կիրճով։ Գուգարքի շրջանի ցածրադիր մասը Փամբակի գոգհովիտն է՝ միջլեռնային, նեղ երկարավուն գրաբենսինկլինալային իջվածքը, որոնք տեղ-տեղ առաջացնում են դարավանդներ և խոշոր արտածման կոներ։ Լեռները հիմնականում կազմված են էոցենի հրաբխածին նստվածքային շերտախմբերից, գրանիտոիդային խոշոր ներժայթուկներով։

Կլիման բարեխառն է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -6 °C-ից մինչև - 12 °C, հուլիսինը՝ 10-18 °C, տարեկան տեղումները՝ 550-700 մմ, վեգետացիայի շրջանը 60-160 օր է։ Խոշոր գետը Փամբակն է։ Շրջանի տարածքից է սկիզբ առնում Աղստևը, Ձորագյուղից հյուսիս, Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից կազմվում է Դեբեդը։ Գործում են 6 ջրանցք (Գուգարքի, Լեռնապատի վերին, Լեռնապատի ներքին, Բազումի վերին, Բազումի ներքին, Դարպասի), 7 ջրհան կայան։

Հողաբուսական ծածկույթը համընկնում է ուղղաձիգ գոտիականությանը։ Մինչն 1600 մ բարձրությունները գերակշռում են լեռնատափաստանային սնահողերն ու սևահողանման հողերը՝ տարախոտային բուսականությամբ, 1600-2100 մ բարձրություններում և հյուսիսային դիրքադրման թույլ թեքության լանջերում գորշ լեռնաանտառային հողերն են՝ հաճարենու, կաղնու, լորենու, հացենու սաղարթավոր անտառներով, ավելի վեր (մինչն 3000 մ և ավելի)՝ ալպյան մարգագետնային և լեռնամարգագետնային հողերն ու բուսականությունը։ Փշատերն ծառատեսակներից հանդիպում է սովորական սոճին։ Անտառները հարուստ են վայրի պտղատու ծառերով (տանձենի, խնձորենի, սալորենի, տխլենի, հոնենի)։ Կենդանական աշխարհին բնորոշ են այծյամը, նապաստակը, գորշուկը, կզաքիսը։ Հանդիպում են արջ, գայլ, աղվես, անտառակատու։ Թռչուններից կան շիկահավեր, սև երաշտահավեր, կեռնեխներ, փայտփորներ, անտառակտցարներ են։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության առաջատար ճյուղերն են թեթև, սննդի և շինանյութերի արդյունաբերությունը։ Գործում են 9 արդյունաբերական ձեռնարկություն, 6 շինարարական կազմակերպություն։ Առավել աչքի են ընկնում Ձորագետի հէկը, Կիրովականում գործող երկաթբետոնե կոնստրուկցիաների, փայտամշակման կոմբինատները, կաթի գործարանը, Գուգարքի կարի արտադրական միավորումը՝ 12 մասնաճյուղով։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղը կաթնամսատու անասնապահությունն է։ Կար 21 խորհրդային և 1 ջերմոցային տնտեսություն։ Մարգահովտում գործում է խոշոր եղջերավոր անասունների բուծման համալիրը։ Զբաղվում են նաև պտղաբուծությամբ, հատապտուղների, կարտոֆիլի, հացահատիկի, բանջարանոցային և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գազանաբուծական սովետական տնտեսությունում բուծում են սև աղվես, կզաքիս, նապաստակ։

Շրջանի տարածքով էր անցնում Երևան-Թբիլիսի երկաթուղու 35 կմ հատվածը։ Ավտոխճուղիների երկարությունը 156 կմ է։ Գործում են Երևան-Աղստաֆա երկաթուղու Մարգահովիտ-Մեղրաձոր 8,5 կմ երկարությամբ թունելը և Բազում գյուղի մոտից սկսվող Պուշկինի լեռնանցքի տակով անցնող 1830 մ երկարությամբ ավտոխճուղային թունելը։ Կար 17 կապի բաժանմունք։

1986-87 ուսումնական տարում կար 15 միջնակարգ, 6 ութամյա, 1 հեռակա միջնակարգ, 2 երաժշտական (2 մասնաճյուղով), 1 մարզական դպրոց, 1 գյուղատնտեսական տեխնիկում, 19 մսուր-մանկապարտեզ։ 1987 թվականին գործում էր 29 գրադարան, 28 ակումբային հիմնարկ, 10 մշակույթի տուն, 12 ստացիոնար կինո, 4 տեղամասային հիվանդանոց, 1 ծննդատուն, 3 բժշկական ամբուլատորիա, 4 առկայան, «Լոռի» և «Ֆիոլետովո» հանգստյան տները, Զորագետի զբոսաշրջիկների հանգրվանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 241