Փամբակի գոգավորություն
Փամբակի գոգավորություն, Փամբակի հովիտ, Փամբակու դաշտ, Փամփակի հովիտ, Գոգհովիտ (գոգավորություն, հովիտ, միջլեռնային տեկտոնական իջվածք Հայաստանի Լոռու մարզում ՝ Փամբակի ու Բազումի լեռնաշղթաների միջև։
Ձգվում է Ջաջուռի լեռնանցքից մինչև Գայլաձորի կիրճը՝ 1300-1600 մ/բարձրության վրա։ Մոտ 42 կմ երկարություն։ Մակերեսը՝ 92,4 կմ²[1]։ Ընդգրկում է Փամբակ գետի վերին հոսանքի, Չիչխան, Վանաձոր ու Տանձուտ գետերի հովիտները։ Երիտասարդ իջվածք է՝ լցված նեոգենի ու ստորին անթրոպոգենի նստվածքներով։ Դեպի արևելք աստիճանաբար ցածրանում ու նեղանում է։ Արևմուտքում ընդարձակ ու հարթ մասը զբաղեցնում է Պարնիի գոգհովիտը։ Կան շինանյութերի (գրանիտ և այլն) հանքավայրեր, տորֆի ու լիգնիտի պաշարներ։ Կլիման բարեխառն է, լանդշաֆտը՝ լեռնատափաստանային ու լեռնաանտառային։ Փամբակի գոգավորությունում են Վանաձոր և Սպիտակ քաղաքները։ Մշակում են հացահատիկ, կերաբույսեր, բանջարեղեն։ Զարգանում է պտղաբուծությունը։ Հովտի արևմտյան մասը լայն (5-6 կմ) իջվածք է՝ 1-3 կմ լայն հատակով։ Հյուսիսային մասը գնալով նեղանում է։ Փամբակի գոգավորությունը լցված է նեոգենի լճային և չորրորդականի գետային նստվածքներով, որտեղ տեդ-տեղ առաջացել են դարավանդներ և խոշոր արտածման կոներ։ Հարուստ է մակերեսային ջրերով, անտառներով, փարթամ բուսականությամբ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 126 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 226 — 916 էջ։