Ռուսական պետական ​​թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուսական պետական ​​թանգարան
Spb 06-2012 MichaelPalace.jpg
Տեսակպատկերասրահ և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրՌուսաստան
ՏեղագրությունԼենինգրադ
ՎայրInzhenernaya Street
Ղեկավարության նստավայրԼենինգրադ
Հիմնադրված է1895
ՀիմնադիրՆիկոլայ II
Կայքrusmuseum.ru

Ռուսական պետական ​​թանգարան (ռուս.՝ Госуда́рственный Ру́сский музе́й, մինչև 1917 թվականը՝ «Կայսր Ալեքսանդր III-ի ռուսական թանգարան», ռուս.՝ Ру́сский Музе́й Импера́тора Алекса́ндра III), աշխարհում ռուսական արվեստի ամենամեծ հավաքածուն ներառող թանգարան: Գտնվում է Սանկտ Պետերբուրգի կենտրոնական մասում: Ժամանակակից ռուսական թանգարանի կառուցվածքն իրենից ներկայացնում է թանգարանային բարդ համալիր: Թանգարանի հիմնական ցուցադրությունը զբաղեցնում է հինգ կառույց` Միխայլովսկի պալատ (թանգարանի գլխավոր շենք) Բենուա ցուցահանդեսային մասնաշենքով, Միխայլովսկի (ինժեներական) ամրոց, Մարմարյա պալատ, Ստրոգանովի պալատ և Պետրոս I-ի ամառային պալատ: Թանգարանի կազմում է ներառվում նաև Միխայլովյան այգին, Ամառային այգին, Միխայլովյան (ինժեներական) ամրոցի այգին, Պետրոս I-ի Պետրովյան նավամատույցի տունը և մի շարք այլ շենքեր: Թանգարանի տնօրենն է Վլադիմիր Ալեքսանդրովիչ Գուսևը: 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ռուսական թանգարանի հավաքածուն կազմել է 410 945 նմուշ, որը ներառում է գեղանկարներ, գծանկարներ, քանդակներ, մետաղադրամներ, կիրառական արվեստի և արհեստների, ժողովրդական արվեստի նմուշներ, ինչպես նաև արխիվային նյութեր:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականի ապրիլի 13 (25)-ին հրապարակվել է կայսր Նիկոլայ II-ի հրամանը «Կայսր Ալեքսանդր III-ի ռուսական թանգարանի» ստեղծման մասին[1]: Թանգարանի կանոնադրությունը հաստատվել է Նիկոլայ II-ի 1897 թվականի փետրվարի 14-ի (26) հրամանագրով[2]: Կանոնադրության մեջ նշված էին հետևյալ պայմանները, որոնք ընդգծում էին թանգարանի հատուկ կարգավիճակը՝

  • «Ապրող արվեստագետների ստեղծագործությունները 5 տարի ժամկետով պատկանում են Գեղարվեստի կայսերական ակադեմիայի թանգարանին և միայն դրանից հետո կարող են վերջապես փոխանցվել կայսր Ալեքսանդր III-ի Ռուսական թանգարանին` տնօրենի համաձայնությամբ և ընտրությամբ»:
  • «Թանգարանում տեղադրված և նրա սեփականություն հանդիսացող նմուշները երբեք չեն կարող օտարվել կամ տեղափոխվել այլ հաստատություն»:
  • «Թանգարանի կառավարիչ նշանակվում է բարձրագույն հրամանով և անպայման պետք է լինի Կայսերական տան անդամ»:

Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1898 թվականի մարտի 7 (19)-ին[3]:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիական սրահներ: Հովհաննես Այվազովսկու նկարները: Լուսանկարներ՝ 2008 թ.

Հավաքածուն ձևավորվել է 1898 թվականին, Գեղարվեստի ակադեմիայից (122 նկարներ), Էրմիտաժից (80 նկար), Ձմեռային պալատից, մերձքաղաքային պալատներից, Գաչինսկու և Ալեքսանդրովսկու (95 նկար), ինչպես նաև մասնավոր հավաքածուներից ձեռք բերված ստեղծագործություններից: Մասնավորապես դիմանկարների մեծ հավաքածուն (մի քանի տասնյակ նկարներ) ստացվել է իշխան Ալեքսեյ Լոբանով-Ռոստովսկու ժառանգներից, գեղանկարների և ջրաներկերի հավաքածուն՝ իշխանուհի Մարիա Տենիշևայից և մյուսներից[4]: Ռուսական թանգարանի բացմանը հավաքածուում կային 445 նկարներ, 111 քանդակներ, 981 գրաֆիկական աշխատանքներ (նկարներ, փորագրություններ և ջրաներկ նկարներ), ինչպես նաև շուրջ 5000 հնության հուշարձաններ (սրբապատկերներ և հին ռուսական դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ): Հավաքածուի հետագա համալրումը, համաձայն կայսր Նիկոլայ II-ի հրամանագրի, պետք է կատարվեր «այդ նպատակով դրամական հատկացումների» և հնարավոր նվիրատվությունների միջոցներով գնումների հաշվին: Թանգարանի գոյության առաջին տասը տարիների ընթացքում նրա հավաքածուն գրեթե կրկնապատկվեց[5]:

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո առաջին տասնամյակում հավաքածուն արագ տեմպերով աճում էր Պետական թանգարանային ֆոնդի (1921-1928 թթ.) գործունեության շնորհիվ, որը թանգարանների միջև վերաբաշխում էր ազգայնացված արվեստի ստեղծագործությունները:

Ալեքսանդր Իվանովի նկարները Ռուսաստանի թանգարանի ցուցադրությունում

1922 թվականին բացվում է նոր համալիր ցուցադրություն, որը առաջին հերթին կառուցվում էր գիտա-պատմական սկզբունքով: Այստեղ առաջին անգամ ներկայացվում են նորագույն արվեստի ստեղծագործություններ:

1924 թվականին շուրջ 400 նկարներ թանգարանից տեղափոխվում են Գեղարվեստի ակադեմիա:

1925 թվականին թանգարանի հավաքածուում արդեն կար 3648 նկարներ[6]:

1926 թվականին Գեղարվեստական մշակույթի պետական ինստիտուտին կից թանգարանից փոխանցվում է ստեղծագործությունների հավաքածուն:

1930-ական թվականների սկզբներին թանգարանի ցուցադրության մակերեսներն ընդլայնվում են, կողմնակի վարձակալների կողմից Բենուայի մասնաշենքի և Միխայլովյան պալատի տարածքները ազատելու և հետ հանձնելու շնորհիվ:

1934 թվականին Ռուսական թանգարանի Ազգագրական բաժինը առանձնանում է, որպես առանձին հաստատություն և ստեղծվում է ԽՍՀՄ ժողովուրդների պետական ազգագրական թանգարան:

1941 թվականին Հայրենական պատերազմի սկսվելու հետ կապված հավաքածուի զգալի մասը (ավելի քան յոթ ու կես հազար ամենաթանկարժեք ցուցանմուշները) էվակուացվում են Մոլոտով[7]: Հավաքածուի մնացած մասը հանվում է ցուցադրությունից, փաթեթավորվում և պահվում է շենքի նկուղներում: 1941-1945 թվականների պատերազմի ընթացքում ոչ մի թանգարանային ցուցանմուշ չի վնասվում:

1946 թվականի մայիսի 9-ին կայանում է Միխայլովյան պալատի առաջին հարկի հետպատերազմյան ցուցադրությունների բացումը, իսկ աշնանը բացվում է երկրորդ հարկի ցուցադրությունները: 1946 թվականի նոյեմբերի 8-ին կայանում է խորհրդային արվեստի ցուցանմուշների բացումը Բենուայի մասնաշենքում:

1940-ական թվականների կեսերին Բենուայի մասնաշենքը և Միխայլովյան պալատը միացվում են անցումով, որը հնարավորություն է տալիս ապահովել ցուցադրությունների հերթականությունը և ավարտվածությունը:

1954 թվականին Ռուսական թանգարանի Փորձաքննության և գնումների հանձնաժողովի ստեղծումից հետո հավաքածուի համալրումը կրում է պլանավորված և նպատակաուղղված բնույթ:

2004 թվականին Ռուսական թանգարանի կազմի մեջ են մտնում Ամառային այգին մարմարե քանդակներով (92 ցուցանմուշ) և Պետրոս I-ի ամառային պալատ շինությունները, Սուրճի և Թեյի տնակներով, ինչպես նաև Պետրովյան առափնյա փողոցի Պետրոս I-ի ամառային պալատ տնակը[8]:

2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ թանգարանում պահվող ցուցանմուշների թիվը հաշվվում էր 407 533 միավոր: Ռուսական թանգարանի հավաքածուին բարձր մակարդակով կարելի է ծանոթանալ «Վիրտուալ Ռուսական թանգարան» պորտալում[9]:

Հին ռուսական արվեստի բաժնում լայնորեն ներկայացված են XII-XV դարերի սրբապատկերներ (օրինակ, Հրեշտակի Ոսկե վարսերը, Մարիամ Աստվածածնի գորովանքը, Դմիտրի Սոլունսկի, Գեորգիի հրաշքը օձի մասին, Բորիսը և Գլեբը և այլն), Անդրեյ Ռուբլյովի, Դիոնիսոսի, Սիմոն Ուշակովի և այլ վարպետների ստեղծագործություններ: Ռուսական թանգարանի հավաքածուն ընդհանուր առմամբ կազմում է XII-XX դդ. սկզբի 5 հազար սրբապատկերներ:

Առավել լիարժեք է համարվում 18-րդ դարի առաջին կեսի և 19-րդ դարի կերպարվեստի ստեղծագործությունների հավաքածուն, որն իր մեջ ընդգրկում է Անդրեյ Մատվեևի, Իվան Նիկիտինի, Կարլո Ռաստրելլիի, Ֆեոդոր Ռոկոտովի, Վլադիմիր Լուկիչի, Անտոն Լոսենկոյի, Դմիտրի Լևիցկու, Ֆեդոտ Շուբինի, Միխայիլ Կոզլովսկու, Իվան Մարտոսի, Սեմյոն Շչեդրինի, Օրեստ Կիպրենսկու, Ալեքսեյ Վենեցիանովի, Ֆեոդոր Բրունի, Կառլ Բրյուլովի («Պոմպեյի վերջին օրը » և այլն), Պավել Ֆեդոտովի, Ալեքսանդր Իվանովի, Կապիտոն Պավլովի և մյուսների ստեղծագործությունները:

19-րդ դարի երկրորդ կեսը ներկայացված է նկարիչներ Ֆեոդոր Վասիլևի, Ռոստիսլավ Ֆելիցինի, Անդրեյ Գորոնովիչի, Եվգրաֆ Սորոկինի, Ֆեոդոր Բրոննիկովի, Իվան Մակարովի, Վասիլի Խուդյակովի, Ալեքսեյ Չերնիշևի, Պավել Ռիցցոնի, Լև Լագորիոյի, Նիկոլայ Լոսևի, Ալեքսեյ Նաումովի, Անդրիան Վոլկովի, Անդրեյ Պոպովի, Վասիլի Պուկիրևի, Նիկոլայ Նևրևի, Իլարիոն Պրյանիշնիկովի, Լեոնիդ Սոլոմատկինի, Ալեքսեյ Սավրասովի, Ալեքսեյ Կորզուխինի, Ֆիրս Ժուրավլյովի, Նիկոլայ Դմիտրիև-Օրենբուրգսկու, Ալեքսանդր Մորոզովի, Նիկոլայ Կոշելևի, Արսենիյ Շուրիգինի, Պավել Չիստյակովի, Հովհաննես Այվազովսկի («Իններորդ ալիք» և այլն), ինչպես նաև «Պերեդվիխնիկներ» Գրիգորի Մյասոեդովի, Վասիլի Պերովի, Ալեքսեյ Բոգոլյուբովի, Կոնստանտին Մակովսկու, Նիկոլայ Գեի, Իվան Շիշկինի, Իվան Կրամսկու, Միխայիլ Կլոդտի, Վասիլի Մաքսիմովի, Իլյա Ռեպինի («Զապորոժցիները», «Բուռլակները Վոլգայի վրա» և այլն), Վիկտոր Վասնեցովի («Վիտյազը ճամփաբաժանում» և այլն ), Վասիլի Սուրիկովի, Նիկոլայ Աբուտկովի և մյուսների աշխատանքներով:

19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ` Իսահակ Լևիտանի , Պավել Տրուբեցկոյի, Միխայիլ Վրուբելի, Վալենտին Սերովի և մյուսների, ինչպես նաև «Արվեստի աշխարհի» վարպետներ Ալեքսանդր Բենուայի, Կոնստանտին Սոմովի, Կոնստանտին Կորովինի, Բորիս Կուստոդիևի, Նիկոլայ Ռերիխի, Ռոբերտ Բախի (Կայսր Ալեքսանդր III-ի քանդակագործական դիմանկարը), «Կապույտ վարդ» -ի և «Ագուռի զինվոր»-ի նկարիչների ստեղծագործություններ:

Խորհրդային արվեստ - Կուզմա Պետրով-Վոդկինի, Վերա Մուխինայի, Սերգեյ Կոնյոնկովի, Ալեքսանդր Դեյնեկայի («Սևաստոպոլի պաշտպանությունը»), Արկադի Պլաստովի, Ալեքսեյ Երյոմինի, Վյաչեսլավ Զագոնեկի, Էնգելս Կոզլովի, Մայա Կոպիտցևայի, Բորիս Կորնեևի, Բորիս Լավրենկոյի, Եվսեյ Մոիսենկոյի, Միխայիլ Նատարևիչի, Սամուիլ Նևելշտեյնի, Բորիս Ռյաուզովի, Գլեբ Սավինովի, Ալեքսանդր Սամոխվալովի, Վիկտոր Տետերինի, Նիկոլայ Տիմկովի, Լեոնիդ Տկաչենկոյի, Միխայիլ Տրուֆանովի, Յուրի Տուլինի, Վիտալի Տյուլենևի, Պավել Ֆիլոնովի, Բորիս Շամանովի և մյուսների ատեղծագործությունները:

Նորագույն ուղղությունների բաժինը ստեղծվել է 1980-ական թվականների վերջերին: Բաժնի խնդիրներից մեկը թանգարանային հավաքածուների պրակտիկայում նոր ոչ ավանդական արվեստի, նոր մեդիա տեխնոլոգիաների, տեսագրական և լուսանկարչական արվեստի նոր ձևերի ներդրումն ու արմատավորումն է: Բաժնի գլխավոր խնդիրն է դիտարկել ընթացիկ գեղարվեստական գործընթացների առավել արդիական ուղղությունները և դրանք ներկայացնել գործող թանգարանային հավաքածուներում:

Թանգարանային արժեքների վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Olympus SZX7» սարքի միջոցով 16-րդ դարի սրբապատկերի բացահայտում, 2014 թվականի լուսանկար

Ռուսական թանգարանում արվեստի ստեղծագործությունների վերականգնման բոլոր աշխատանքները կատարվում են թանգարանային արժեքների վերականգնման բաժնում[10]:

1906 թվականին առաջին անգամ հարց բարձրացվեց Ռուսական թանգարանին կից հատուկ վերականգնողական արհեստանոցի կազմակերպման անհրաժեշտության մասին: Հենց այդ ժամանակ էլ նկարիչ-ռեստավրատոր Ա. Յա. Բորավսկին կազմեց Ռուսական թանգարանին կից վերականգնողական բաժնի ստեղծման իր հայտնի նախագիծը: Սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով այն չիրականացավ[11]:

Միայն 1922 թվականին վերջապես Ռուսական թանգարանին կից ստեղծվեց վերականգնման արհեստանոցը և նրա առաջին ղեկավար նշանակվեց ռեստավրատոր-նկարիչ Ն. Ա. Օկոլովիչը: Վերականգնման արհեստանոցը բաղկացած էր երկու բաժնից, գլխավոր, որը աշխատում էր թանգարանի համար և մարզային, որը զբաղվում էր Պետրոգրադում և Ռուսաստանի այլ քաղաքներում գտնվող պատմական հուշարձանների պահպանման աշխատանքներով:

1935 թվականին պահպանության և վերականգնման բաժնից առանձնացան լաբորատորիան, կերպարվեստի, նոր կերպարվեստի, քանդակագործության, կիրառական և ժողովրդական արվեստի սեկտորները[12]:

1950-1960-ական թվականներին կազմակերպվեցին նոր արհեստանոցներ: 1953 թվականին կազմակերպվեց գրաֆիկայի վերականգնման արհեստանոցը, 1954 թվականին հին ռուսական կերպարվեստի արհեստանոցը, 1961 թվականին փայտե քանդակի, դեկորատիվ փորագրության, կահույքի և գործվածքի վերականգնման արհեստանոցը, 1969 թվականին գիպսե և քարե քանդակի, 1970 թվականին կիրառական արվեստի վերականգնման արհեստանոցը:

Ներկայումս վերականգնման բաժինը բաղկացած է տարբեր տեսակի նյութերի գծով 16 արհեստանոցներից, որտեղ աշխատում են 95 մասնագետներ[13]: Բաժինը բաղկացած է հետևյալ վերականգնողական արհեստանոցներից, հաստոցային յուղաներկային գեղանկարչության, հին ռուսական գեղանկարչության, խառը տեխնիկայի գեղանկարչության, գրաֆիկայի, կերամիկայից, ապակուց և գործվածքից գեղարվեստական իրերի, մետաղից գեղարվեստական իրերի, Ֆաներայից կահույքի, պոլիքրոմային և ոսկեզօծ փորագրության, փորագրված սրբապատկերների և փայտե քանդակի, նկարի շրջանակների, գիպսե և կերամիկայի քանդակների և նորագույն արտ օբյեկտների (ստեղծվել է 2010 թվականին): Բաժնի հիմնական կազմում ընդգրկված են բարձր և առաջին կարգի նկարիչ- ռեստավրատորներ: Բաժնի կազմի մեջ են մտնում նաև քիմիական և կենսաբանական հետազոտությունների և թանգարանային պատմության ու տեսության սեկտորները[14]:

2014 թվականին թանգարանի Ռեստավրացիայի բաժնում վերականգնվել է 4511 ցուցանմուշ, որոնցից հատուկ բարդության ցուցանմուշներ` 280: Թանգարանային 77 ցուցահանդեսների համար նախապատրաստվել են 5930 ցուցանմուշներ (պահպանման վիճակի վերաբերյալ ակտերի կազմում, կանխարգելիչ պահպանություն և վերականգնում, ցուցանմուշների փաթեթավորում և բացում): Անցկացվել են Ռեստավրացիայի հանձնաժողովի 150 նիստեր, որտեղ քննարկվել են թանգարանային ցուցանմուշների հետազոտության և վերականգնման կարևորագույն հարցեր:

Շենք և տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայլովսկի պալատը գիշերով

Պետական Ռուսական թանգարանի համալիրի մեջ մտնում են հետևյալ շենքերն ու տարածքները[15]:

Կոչվել է առաջին սեփականատիրոջ Մեծ իշխան Միխայիլ Պավլովիչի անունով: Կառուցվել է 1819-1825 թվականներին ճարտարապետ Կ. Ի. Ռոսսիի նախագծով: Մեծ իշխան Միխայիլ Պավլովիչի մահից հետո 1895 թվականին գնվել է պետական գանձարանի կողմից և հանձնվել նոր կազմավորված «Կայսր Ալեքսանդր III-ի Ռուսական թանգարանին»: 1895-1898 թվականներին ճարտարապետ Վ. Ֆ. Սվինինի կողմից վերակառուցվել է որպես թանգարան: 1898 թվականին պալատում բացվում է «Կայսր Ալեքսանդր III-ի Ռուսական թանգարանը»: Թանգարանի ընդհանուր մակերեսը կազմում է 24173 քառակուսի մետր:

  • Բենուա մասնաշենք

Կառուցվել է 1914-1920-ական թվականներին ճարտարապետներ Լ. Ն. Բենուայի և Օ. Ս. Օվսյաննիկովի նախածով, որպես Գեղարվեստի Ակադեմիայի ցուցասրահ: Ընդհանուր մակերեսը կազմում է 10290 քառակուսի մետր:

  • Միխայլովյան (Ինժեներական) ամրոց

Կոչվել է Ռոմանովների Տան հովանավոր Միխայիլ Հրեշտակապետի պատվին: Կառուցվել է 1797-1801 թվականներին ճարտարապետներ Վ. Ի. Բաժենովի և Վ. Բրեննի նախագծով: Ամրոցը 40 օր ծառայել է որպես Կայսր Պավել I-ի նստավայր: 1801 թվականի մարտի 11-ին Պավել I-ը սպանվեց ամրոցում, պալատական հեղաշրջման մասնակիցների կողմից: 1801-1823 թվականներին ամրոցն օգտագործվել է որպես բնակելի տարածք: 1823-1917 թվականներին ամրոցում տեղակայվեց Նիկոլաևյան Ինժեներական ուսումնարանը, որից հետո նրան տրվեց «Ինժեներական ամրոց» անվանումը: 1917 թվականից ամրոցում տեղակայվեցին բազմաթիվ վարձակալ կազմակերպություններ: Լենխորհրդի 04.08.1988 թվականի No. 91 որոշմամբ 1991 թվականին ամրոցի առաջին շինությունները հատկացվեցին Ռուսական թանգարանին և սկսվեց Սուրբ Հրեշտակապետ Միխայիլի եկեղեցու վերականգնումը: 1994 թվականին ամրոցը ամբողջությամբ հատկացվեց Ռուսական թանգարանին: (ՌԴ կառավարության 09.03. 1994 թվականի No. 307-р կարգադրությամբ): Ընդհանուր մակերեսը կազմում է 21402 քառակուսի մետր:

  • Մարմարյա պալատ

Կառուցվել է ճարտարապետ Ա. Ռինալդիի նախագծով 1767-1785 թվականներին: Այն նախատեսված էր որպես նվեր կոմս Գ. Գ. Օրլովին: 1796 թվականին Կայսրուհի Եկատերինա II-ի կողմից այն շնորհվել է Մեծ Իշխան Կոնստանտին Պավլովիչին: 1917 թվականին ազգայնացվեց, 1918-1936 թվականներին այնտեղ գործել է նյութական մշակույթի պատմության Ռուսական Ակադեմիան, իսկ 1937-1991 թվականներին եղել է Վ. Ի. Լենինի անվան Կենտրոնական թանգարանի Լենինգրադի մասնաճյուղը: Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի 06.12.1991 թվականի No. 695 որոշմամբ հատկացվել է Ռուսական թանգարանին: 1992 թվականին սկսվել է պալատի կապիտալ վերականգնման և վերակառուցման աշխատանքները: Ընդհանուր մակերեսը կազմում է 10432 քառակուսի մետր:

  • Ստրոգանովյան պալատ

Պալատը կոչվել է սեփականատեր բարոններ , հետագայում կոմսեր Ստրոգանովների անվամբ: Շինարարությունը սկսվել է 1738-1743 թվականներին ճարտարապետ Մ. Գ. Զեմցովի ղեկավարությամբ: 1753-1760 թվականներին վերակառուցվել է ճարտարապետ Ֆ. Բ. Ռաստրելիի կողմից: 1918 թվականին ազգայնացվել է, 1919 թվականին բացվել է «Նախկին Ստրոգանովների տուն թանգարանը», 1925-1930 թթ. եղել է Պետական Էրմիտաժի մասնաճյուղը, 1931-1988 թթ. հանձնվել է տարբեր վարձակալ կազմակերպությունների: Լենխորհրդի քաղգործկոմի որոշմամբ (No. 248, 04.04.1988) 1988 թվականին պալատը հանձնվել է Ռուսական թանգարանին: Ընդհանուր մակերեսը կազմում է 5434 քառակուսի մետր:

  • Պյոտր առաջինի տնակ

Ռուսաստանի առաջին հուշահամալիր թանգարան հուշարձանը: Կառուցվել է 1703 թվականի մայիսի 24-ից մինչև 26 –ը անհայտ շինարար հյուսների կողմից, սոճու փայտից շվեդական փայտե տան ոճով: Սանկտ Պետերբուրգի ամենահին շինությունն է: Պետրովյան ժամանակի փաստաթղթերում այն կոչվել է «Պյոտր I-ի նախնական պալատ» կամ «Կարմիր փայտաշեն տուն»: 1723 թվականին Կայսր Պյոտր I-ի հրամանով ճարտարապետ Դ . Տրեզինին կառուցել է շինության պաշտպանական պատկերասրահ: 1844 թվականին ճարտարապետ Ռ. Կուզմինի կողմից պաշտպանական պատկերասրահը փոխարինվեց պատուհաններով աղյուսե շինությամբ: 1889 թվականին Կայսր Ալեքսանդր III-ի հրամանով պաշտպանական պատկերասրահի հյուսիսային և հարավային կողմերից ճարտարապետ Ն. Սալկոյի ղեկավարությամբ կցակառուցվեցին նախամուտքեր: Շինությունը պահպանվել է մինչև մեր օրերը, գտնվում է Պետրովյան առափնյա փողոցում և զբաղեցնում է 241,9 քառակուսի մետր տարածք:

  • Ամառային այգի

ՌԴ կառավարության 16.12.2002 թվականի № 1772-ռ կարգադրությամբ Պետական Ռուսական թանգարան համալիրին , «Ամառային այգի և Պյոտր I-ի պալատ թանգարան» պետական հաստատությանը և նրա կազմի մեջ մտնող օբյեկտներին շնորհվել է պատմական և մշակութային ժառանգության դաշնային (համառուսական) նշանակության օբյեկտի կարգավիճակ: 2004 թվականին ընդգրկվում է Ռուսական թանգարանի կազմի մեջ ( «Ամառային այգի և Պյոտր I-ի պալատ թանգարան» պետական հաստատության լուծարման մասին Սանկտ Պետերբուրգի վարչակազմի 29.09.2003 թվականի No. 2270-ռա կարգադրություն): Իր մեջ ընդգրկում է այգու տարածքը, մարմարյա քանդակների հավաքածուն ( պահպանվող 92 միավոր), Պյոտր I-ի Ամառային պալատը, Թեյի և Սուրճի տնակները:

  • Պյոտր I-ի ամառային պալատ

Գտնվում է Ամառային այգում, կառուցվել է ճարտարապետ Դ. Տրեզինի կողմից 1710-1712 թվականներին: Համարվում է Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության ամենահին հուշարձաններից մեկը: Շինության ճակատային մասի հոյակերտ քանդակների ստեղծմանը մասնակցել են ճարտարապետներ և քանդակագործներ Ա. Շլյուտերը, Գ. Ի. Մատարնովին և ուրիշներ: Ներքին հարդարման և նկարազարդման աշխատանքները կատարվել են ռուս նկարիչներ Ա. Զախարովի, Ի. Զավարզինի և Ֆ. Մատվեևի կողմից: Շինության մակերեսը կազմում է 411,1 մ2, ընդհանուր հրապարակը` 675,9 մ2:

  • Սուրճի տնակ

Գտնվում է Ամառային այգում, կառուցվել է 1826 թվականին ճարտարապետ Կ . Ռոսիի կողմից: Ճակատային մասի և ներսի կողմի ծեփածո զարդանախշերը կատարվել են քանդակագործ Վ. Դեմուտ –Մալինովսկու էսքիզներով: Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 166,3 քմ:

  • Թեյի տնակ

Գտնվում է Ամառային այգում, կառուցվել է 1827 թվականին ճարտարապետ Լ. Շարկեմանի նախագծով: Փայտե պատերի դրվագները, որ նմանեցվել են քարե շարվածքի կատարվել են քանդակագործ Վ. Դեմուտ –Մալինովսկու կողմից: Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 162,8 քմ:

  • Միխայլովյան այգի

Կոչվել է Միխայլովյան պալատի սեփականատեր Մեծ Իշխան Միխայիլ Պավլովիչի անունով 1820-ական թվականներին: Առաջին նախագիծը թվագրվում է 1716 թվականով: 1917-1998 թվականներին գտնվել է Այգե-պուրակային պետական ձեռնարկության հաշվեկշռում: 1998 թվականին հանձնվել է Ռուսական թանգարանին: Ընդհանուր տարածքը կազմում է 8,7 հեկտար:

  • Ինժեներական այգի և Միխայլովսկու (Ինժեներական) ամրոցի այգի

Պատմականորեն համարվում է Միխայլովսկու (Ինժեներական) ամրոցի ճարտարապետական անսամբլի մի մասը: 1917-1998 թվականներին գտնվել է Այգե-պուրակային պետական ձեռնարկության տնտեսության հաշվեկշռում: 1998 թվականին հանձնվել է Ռուսական թանգարանին (Սանկտ-Պետերբուրգի ՔԳԿԱ-ի 05.06.1998 թվականի № 714 կարգադրություն): 2002-2003 թվականներին իրականացվել է Միխայլովսկու ամրոցի այգու ռեստավրացիա: Ինժեներական այգու տարածքը կազմում է 1,63 հեկտար, իսկ Միխայլովսկու ամրոցի այգու տարածքը 1,28 հեկտար:

  • Միխայլովսկու ամրոցի ճարտարապետական անսամբլի տաղավար-պահականոց

Կառուցվել են ամրոցի հետ միաժամանակ, 1797-1801 թվականներին ճարտարապետ Վ. Բրեննի նախագծով: Ընդգրկված է Միխայկովսկու ամրոցի ճարտարապետական անսամբլի կազմի մեջ: 2001 թվականին հանձնվել է Ռուսական պետական թանգարանին, ՌԴ Պետական ունեցվածքի հարաբերությունների նախարարության 07.06.2001 թվականի No. 1623-ռ կարգադրության հիման վրա: 2005-2013 թվականներին իրականացվել է Արևմտյան և Արևելյան պահականոց-տաղավարների կապիտալ վերականգնում: Պահականոց-տաղավարների ընդհանուր մակերեսը կազմում է 3138,3 քառակուսի մետր:

  • Նևսկի պողոտա, տուն № 19

Կառուցվել է 1756 թվականին, 1830-ական թվականներին այն ձեռք է բերվել կոմսուհի Ս. Ստրոգանովայի կողմից, ճարտարապետ Պ. Սադովնիկովի կողմից կառուցվել է վերնաշենք և իրականացվել շինության վերակառուցում: 1830-1918 -ական թվականներին եղել է Ստրոգանովների ընտանիքի եկամտային տունը: 1918 թվականին հանձնվել է Պետրոգրադի կոմունալ տնտեսության նահանգային բաժնին: Ոչ բնակելի շինությունների մի մասը զբաղեցնում են վարձակալները: 2000-2001 թվականներին հանձնվել է Ռուսական թանգարանին անհատույց օգտագործման: 2006 թվականին տունը տարաբնակեցվել է, Ռուսական թանգարանին է պատկանում 705,6 քառակուսի մետր մակերեսով ոչ բնակելի տարածք: 2007-2010 թվականներին իրականացվել է շինության վերակառուցում:

  • «Ֆերմա» տաղավար (Պավլովսկ, Տյարլևո ավան)

Փայտյա երկհարկանի շինություն, XIX դարի ճարտարապետական հուշարձան: Կառուցվել է ճարտարապետ Կ. Ռոսիի նախագծով 1834 թվականին կեղծգոթական ոճով: 1995 թվականին հանձնվել է Պետական Ռուսական թանգարանին օպերատիվ կառավարման, իսկ 1996 թվականից անժամկետ օգտագործման: 2005-2006 թվականներին իրականացվել է տաղավարի ճակատային մասի ռեստավրացիա: 2008-2009 թվականներին ավարտվել է առաջին և երկրորդ հարկերի ներքին հարդարման և ռեստավրացիայի աշխատանքները վերականգնելով նաև գեղանկարչական հարդարանքը: «Ֆերմա» տաղավարի ընդհանուր մակերեսը կազմում է 291 քառակուսի մետր:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական թանգարանի կառուցվածքում կան հետևյալ բաժինները[16]`

Գիտական գծով բաժիններ
Հին ռուսական արվեստի բաժին, 18-րդ դարի առաջին կեսի և 19-րդ դարի գեղանկարչության բաժին, 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի գեղանկարչության բաժին, 20-րդ դարի գեղանկարչության բաժին, քանդակագործության բաժին, նկարչության բաժին, փորագրության բաժին, դեկորատիվ-կիրառական արվեստի բաժին «Նորագույն միտումների բաժին, ժամանակակից լուսանկարչության բաժին , ձեռագրերի բաժին, գիտական և գերատեսչական արխիվ, տեխնոլոգիական հետազոտությունների բաժին, ցուցահանդեսային աշխատանքների բաժին, ցուցահանդեսների ձևավորման բաժին, հրատարակությունների նախապատրաստության բաժին, հրատարակությունների համար թարգմանության բաժին, համակարգչային բաժին, ֆոտո-կինո-տեսանկարահանման բաժին, արտաքին կապերի բաժին, գիտական գրականության և մատենագիտության բաժին, Պալատների պատմության ուսունասիրության բաժին, «Ամառային պալատ և Պյոտր I-ի տնակ» սեկտոր, ֆոնդային գնումների փստաթղթավորման և խորհրդատվական բաժին, գիտական ատեստավորման ձևակերպման սեկտոր:
Պահպանման մասի բաժիններ
Թանգարանային արժեքների վերականգնման բաժին, թանգարանային արժեքների հաշվառում, թանգարանային կլիմայաբանություն, տվյալների ավտոմատացված բազա և թանգարանային ֆոնդերի առկայության ստուգում, պատմական թանգարանային սարքավորումներ և նկարների շրջանակներ, անվտանգության ծառայություն:
Կապիտալ նորոգման և վերականգնման ծառայության բաժիններ
Կապիտալ նորոգման բաժին, Ստրոգանովյան պալատի և Մարմարյա պալատի հիմնական համալիրի վերականգնման և ռեստավրացիայի, Միխայլովյան ամրոցի և Պահականոցի կապիտալ նորոգման, վերականգնման և ռեստավրացիայի բաժին, գլխավոր ճարտարապետի ծառայություն, ինժեներական սարքավորումների բաժին, պայմանագրային բաժին:
Այցելուների հետ աշխատանքների և հասարակության հետ կապերի բաժիններ
Տեղեկատվական աջակցության բաժին, գովազդային բաժին, հասարակայնության հետ կապերի բաժին, էքսկուրսիոն դասախոսական աշխատանքների բաժին, սոցիալ մշակութային հաղորդակցության բաժին, «Թանգարանային մանկավարժության և մանկական ստեղծագործության Ռուսական կենտրոն», «Ռուսաստանի Դաշնության գեղարվեստի թանգարանների խորհրդատվական մեթոդական կենտրոն», մեթոդական բաժին, տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման բաժին:
«Վիրտուալ Ռուսական թանգարան»-ի ծառայությունների բաժիններ
Ռուսական թանգարանի վիրտուալ մասնաճյուղերի հետ աշխատանքների բաժին, Ռուսական թանգարանի մուլտիմեդիա կենտրոն:

Գիտական և կրթական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հավաքածուների ուսումնասիրում և համակարգում

Այն ներառում է Ռուսական թանգարանում պահվող գլխավոր կատալոգի և այլ գիտա- հանրամատչելի աշխատանքների պատրաստումն ու հրապարակումը: Գիտական աշխատանքների արդյունքներին և նշանակալի ամսաթվերին նվիրված ցուցահանդեսների, գիտական կոնֆերանսների և սեմինարների անցկացումը:

  • Ցուցահանդեսային գործունեություն

Ռուսական թանգարանի հավաքածուների ժամանակավոր ցուցադրություններ, որոնք նախապատրաստվել են այլ թանգարանների հետ համատեղ, կամ կազմակերպվել են այլ երկրների հետ մշակութային փոխանակման կարգով: Ցուցահանդեսների գիտական կատալոգների հրատարակում:

  • Մեթոդական աշխատանք

Այլ թանգարանների և գործընկերների հետ գիտական ստաժավորման, սեմինարների և փորձի փոխանակման միջոցառումների անցկացում:

  • Էքսկուրսիոն աշխատանքներ և դասախոսություններ

Էքսկուրսիաների և դասախոսությունների կազմակերպման համակարգում, հատուկ դասընթացների կազմակերպում դպրոցականների համար, խմբակներում և ստուդիաներում:

Ռուսական թանգարանի մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալագա, Իսպանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարտի 25-ին Մալագա (Իսպանիա) քաղաքում բացվեց Ռուսական թանգարանի առաջին եվրոպական մշակութա-ցուցահանդեսային կենտրոնը (մասնաճյուղ), որի ստեղծման պայմանագիրը կնքվել էր 2014 թվականի մայիսին Ռուսական թանգարանի և Մալագայի քաղաքապետի միջև: Ռուսական թանգարանի մշակութա-ցուցահանդեսային կենտրոնը գտնվում է նախկին ծխախոտի գործարանի «Տաբակալերի» ցուցահանդեսային կենտրոնի շենքում: Հատկացված շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 2300 մ2: Հատուկ կենտրոնի բացման համար իրականացվեց վերակառուցում և երկրորդ հարկի վերազինում: Ռուսական թանգարանի Մալագայի մշակութա-ցուցահանդեսային կենտրոնի կազմի մեջ մտնում են, մի քանի ցուցահանդեսային սրահներ, ցուցանմուշների մոնտաժի և ռեստավրացիայի շինություններ, դիտասրահներ, սրճարան, խանութներ, ինչպես նաև «Էլեկտրոնային Ռուսական թանգարան (Վիրտուալ մասնաճյուղ)», որը նորագույն էլեկտրոնային տեխնոլոգիաներով հագեցած կրթկան լուսավորչական համալիր է: Մասնաճյուղի աշխատանքների կազմակերպման շրջանակներում տարեկան նախատեսվում է անցկացնել երեք ցուցահանդեսներ, մեկը «մշտական» (մինչև 9 ամիս) և երկու ժամանակավոր (յուրաքանչյուրն առավելագույնը 6 ամիս տևողությամբ): Ռուսական թանգարանի մասնաճյուղի Մալագայում հայտնվելը պատահական չէր: Կոստա-դել-Սոլի ափամերձ այս խոշորագույն զբոսաշրջային կենտրոնում է բնակվում երկրի ամենամեծ ռուսական համայնքը:

«Ռուսական թանգարան, վիրտուալ մասնաճյուղ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական թանգարանի լայնածավալ կրթական լուսավորչական աշխատանքների շրջանակներում ռուսական կերպարվեստի ազգային արժեքներն ավելի մեծ լսարանի ներկայացնելու նպատակով օգտագործվում են ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաները: Ռուսական թանգարանի հետ մշակութային և կրթական համագործակցության շրջանակներում, ստեղծվում են թանգարանի վիրտուալ մասնաճյուղեր , որոնք թանգարանի հավաքածուները ներկայացնում են թվային ձևաչափով և իրականացնում ակտիվ լուսավորչական աշխատանք: 2003 թվականից «Ռուսական թանգարանի վիրտուալ մասնաճյուղեր»-ի տեղեկատվական կրթական կենտրոններ են բացվում Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում, ինչպես նաև մերձավոր և հեռակա արտասահմանում:

Գիտական գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը ունի գիտական գրադարան, որի ֆոնդերը կազմում են 170 հազար միավոր: Գրադարանը գտնվում է Միխայլովսկի պալատի կենտրոնական մասում: Նրա գրական հավաքածուն ընդգրկում է իշխան Գրիգորի Գագարինի, Սերգեյ Գագարինի, Ռեյտերնի, Սուվորինի, Սերգեյ Մակովսկու, Ալեքսանդր Բենուայի և մյուսների հազվագյուտ հրատարակությունները և գրքային ժողովածուները[17]:

Գրադարանի կառուցվածքի մեջ մտնում են`

  • Ռուսերեն գրքերի ֆոնդ
  • Արտասահմանյան հրատարակությունների ֆոնդ
  • Պարբերական հրատարակությունների ֆոնդ (ռուս. և արտասահ.)
  • Ցուցահանդեսային կատալոգներ
  • Ռուսական թանգարանի հրատարակություններ
  • Տեղեկատվական ֆոնդ

1978 թվականին գրադարանում ստեղծվել է հազվագյուտ գրքերի սեկտոր, որտեղ ներկայումս հաշվառված է շուրջ 7000 օրինակ[17]:

«Ռուսական թանգարանի բարեկամներ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռուսական թանգարանի բարեկամներ» միջազգային ընկերությունը հիմնադրվել է 1997 թ-ի մարտի 19-ին: Ներկայումս ընկերությունում հաշվառված են 400 մարդ, 85 ընկերություն և կազմակերպություն: «Ռուսական թանգարանի բարեկամներ» ընկերությունը միավորում է նրանց, ովքեր թանգարանին ցուցաբերում են ֆինանսական, տեխնիկական և կազմակերպական օգնություն: Ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են`

  • Եվտուշենկով Վլադիմիր Պետրովիչ - «Սիստեմա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, Հոգաբարձուների խորհրդի նախագահ
  • Ավդեև Ալեքսանդր Ալեքսեևիչ - ՌԴ մշակույթի նախարար 2008-2012 թթ.
  • Ալեքպերով Վահիդ Յուսուֆովիչ - «Լուկօյլ» ԲԲԸ-ի նախագահ
  • Գովորունով Ալեքսանդր Նիկոլաևիչ - «Ռուսաստանի Խնայբանկի Հյուսիս –Արևմտյան բանկ» ԲԲԸ-ի նախագահ
  • Իգնատենկո Վիտալի Նիկիտիչ - «Ռուսաստանի տեղեկատվական հեռագրական գործակալության (ԻՏԱՌ- ՏԱՍՍ)» գլխավոր տնօրեն
  • Կոպև Վյաչեսլավ Վսեվոլոդովիչ - «Սիստեմա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ
  • Կոստին Անդրեյ Լեոնիդովիչ -«ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ի նախագահ-վարչության նախագահ
  • Մազուրով Անդրեյ Վյաչեսլավովիչ-«Արտաքին տնտեսական գործունեության զարգացման բանկ (Վնեշէկոնոմբանկ)» պետական կորպորացիայի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն
  • Մանաշերով Թամազ Օմարովիչ - «UNIDENT» ընկերությունների խմբի նախագահ
  • Միխելսոն Լեոնիդ Վիկտորովիչ - «ՆՕՎԱՏԵԿ» ԲԲԸ-ի վարչության նախագահ
  • Մորդաշով Ալեքսեյ Ալեքսանդրովիչ - «Սեվերստալ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն
  • Պետրով Բորիս Միխակլովիչ - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի Սանկտ Պետերբուրգի տարածքային ինֆորմացիոն կենտրոնի տնօրեն
  • Ռոդիոնով Սերգեյ Սերգեյեվիչ - «ԻԴՌ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն
  • Սավինսկայա Նադեժդա Ալեքսեևնա - ՌԴ Կենտրոնական բանկի Սանկտ Պետերբուրգի գլխավոր վարչության պետ
  • Սեմենիխին Վլադիմիր Անատոկևիչ - «Ստրոյտեքս» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ
  • Սենկևիչ Նիկոլայ Յուրևիչ - ОАО «Գազպրոմ-Մեդիա Հոլդինգ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն
  • Սոմով Վադիմ Եվսեևիչ - «ԱՄ «Կիրիշինեֆտօրգսինթեզ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն
  • Ցվետկով Նիկոլայ Ալեքսանդրովիչ- «ՈՒՐԱԼՍԻԲ» Ֆինանսական միության տնօրենների խորհրդի նախագահ

Ֆոնդի Հոգաբարձուների Խորհրդի կազմի մեջ մտնում են`

  • Վիշնևսկայա Գալինա Պաբլովնա - ռուս երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի
  • Գրանին Դանիիլ Ալեքսանդրովիչ - գրող

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Պուտինը, Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վ. Յակովլևը և Ռուսական թանգարանի տնօրեն Վ. Գուսևը: 30 մայիսի 2003 թ.
  • 1895-1917 թթ.- Մեծ Իշխան Գեորգի Միխայլովիչ
  • 1918-1922 թթ.- Միլլեր Ալեքսանդր Ալեքսանդրովիչ (1875-1934)
  • 1922-1926 թթ.- Նիկոլայ Պետրովիչ Սիչյով
  • 1926-1930 թթ.- Վորոբյով Պավել Իվանովիչ (1892-1937)
  • 1930-1932 թթ.- Օստրեցով Իվան Անդրեևիչ (1890-1944)
  • 1932-1934 թթ.- Գուրվիչ Իոսիֆ Նաումովիչ (1895-1979)
  • 1934-1937 թթ.- Սոֆրոնով Ալեքսանդր Գրիգորևիչ (1890-?)
  • 1938-1941 թթ.- Ցիգանով Նիկոլայ Ալեքսեևիչ (1898-?)
  • 1941-1945 թթ.- Լեբեդև Գեորգի Եֆիմովիչ (1903-1958)
  • 1945-1951 թթ.- Բալտուն Պյոտր Կազիմիրովիչ
  • 1951-1977 թթ.- Պուշկարյով Վասիլի Ալեքսեևիչ (1915-2002)
  • 1977-1985 թթ.- Նովոժիլովա Լարիսա Իվանովնա (1929-2005)
  • 1985-1988 թթ.- Լենյաշին Վլադիմիր Ալեքսեևիչ
  • 1988 թ-ի հունիսից մինչ օրս - Գուսև Վլադիմիր Ալեքսանդրովիչ

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական թանգարանը ստեղծել է մի շարք ֆիլմեր`

  • Ռուսական թանգարանի պալատները (2003)
  • Գեղատեսիլ Պետերբուրգ (2003)
  • Հովհաննես Այվազովսկի (2000)
  • Կազիմիր Մալևիչ: Կերպարանափոխում (1990)
  • Կարլ Բրյուլով (2000)
  • Կոնստանտին Կորովին: Վերհուշ (2000)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кий И. К., Русский музей, «Лениздат», Ленинград, 1987.
  • Малкин М. Побеждая время, Журнал «Наука и жизнь» - 1999 - Спб - No.1
  • Мосякин А. Г. Страсти по Филонову. Сокровища, спасенные для России. СПб., Амфора. 2014. - ISBN 978-5-367-03196-6.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Николай II. Об учреждении особого установления под названием «Русский музей императора Александра III» и о представлении для сей цели приобретённого в казну Михайловского дворца со всеми принадлежащими к нему флигелями, службами и садом // Полное собрание законов Российской империи, собрание третье. — СПб.: Государственная типография, 1899. — Т. XV, 1895, № 11532. — С. 189.
  2. Николай II. Положение о Русском музее императора Александра III // Полное собрание законов Российской империи, собрание третье. — СПб.: Государственная типография, 1900. — Т. XVII, 1897, № 13730. — С. 58-59.
  3. Гусев В. А. Вступление. Государственный Русский музей. Из истории музея - 1995 - Спб - с.8
  4. Голдовский Г. Н. Основные этапы формирования коллекции живописи. Из истории музея - Спб - 1995 - с.137
  5. Гусев В. А. Вступление. Государственный Русский музей. Из истории музея - 1995 - Спб - с. 9
  6. Голдовский Г. Н. Основные этапы формирования коллекции живописи. Из истории музея - Спб - 1995 - с. 150
  7. Балтун П. К. Русский музей - эвакуация, блокада, восстановление - М. - 1981 - с. 25-26
  8. История Летнего сада на сайте Русского музея
  9. портал «Виртуальный Русский музей»
  10. Официальный сайт Отдела реставрации музейных ценностей Русского музея
  11. Боравский А. Я. Охрана произведений искусства // Труды 2 Всероссийского съезда художников - 1911-1912 - СПб. - 1914 - c. 174-183
  12. Гусев В. А. Вступление. Государственный Русский музей //Из истории музея - 1995 - Спб,- с.10
  13. Отдел реставрации музейных ценностей Русского музея : История
  14. Малкин М. Побеждая время // Журнал «Наука и жизнь» - No.1 - 1999
  15. Государственный Русский музей. Годовой отчет. Спб - 2013
  16. Официальный сайт Государственного Русского музея
  17. 17,0 17,1 Сайт научной библиотеки русского музея

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]