Վարֆոլոմեյ Ռաստրելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարֆոլոմեյ Ռաստրելլի
իտալ.՝ Bartolomeo Francesco Rastrelli
Rastrelli.jpg
Ծնվել է1700[1][2][3][4][5][6]
ԾննդավայրՖլորենցիա, Տոսկանա, Իտալիա[7]
Մահացել էապրիլի 29, 1771(1771-04-29)[8]
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԵրկերՌունդալի պալատ, St Andrew's Church?, Anichkov Palace?, Վորոնցովի պալատ, Ձմեռային պալատ, Smolny Cathedral? և Եկատերինյան պալատ
Մասնագիտությունճարտարապետ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Francesco Bartolomeo Rastrelli Վիքիպահեստում

Վարֆոլոմեյ Վարֆոլոմեևիչ Ռաստրելլի (1700, Փարիզ-1771, Պետերբուրգ), ռուս ճարտարապետ, 18-րդ դարի կեսի ռուս, բարոկկոյի առաջատար ներկայացուցիչը։ Ազգությամբ իտալացի, քանդակագործ Բ․ Կ․ Ռասարելլիի որդին։

1716 թվականին փոխադրվել են Պետերբուրգ։ 1725-1730 թվականի միջև սովորել է արտասահմանում։ 1730-1763 թվականին՝ պալատական ճարտարապետ։ Վարֆոլոմեյ Ռաստրելլու վաղ շրջանի գործերը՝ այսպես կոչված Երրորդ Ձմեռային պալատը Պետերբուրգում (1732-1733), պալատներ Ռունդալեում (1736-1740) և Միտավայում (այժմ՝ Ելգավա, 1738-1740) առնչվում են 18-րդ դարի ռուսական ճարտարապետական ձևերի հետ։ Ստեղծագործական ծաղկուն շրջանում՝ 1740-1750-ական թվականներին, Վարֆոլոմեյ Ռաստրելլին եվրոպական բարոկկոյի ավանդույթները վերաիմաստավորել է ռուսական ազգային գեղարվեստական մշակույթի ազդեցությամբ։ Ստեղծագործական նոր ընկալումները արտահայտվել են արդեն 1740-ական թվականների առաջին խոշոր շինություններում՝ փայտե Ամառային պալատը Պետերբուրգում (1741-1744, չի պահպանվել) և Անդրեևյան եկեղեցին Կիևում (նախագիծը՝ 1747, կառուցվել է 1748-1767, ճարտարապետ Ի․ Ֆ․ Միչուրին)։ 1747-1752 թվականին Վարֆոլոմեյ Ռաստրելլին իրականացրել է Պետերգոֆի (այժմ՝ Պետրոդվորեց) Մեծ պալատի շինարարությունը։ Պահպանելով Պետրոս I-ի օրոք ստեղծված պալատի հիմնական հորինվածքը՝ Վարֆոլոմեյ Ռաստրելլին ընդարձակել է նրա միջին մասը, կողային ճակատներին կցակառուցել պալատական եկեղեցի և մի մասնաշենք, նորովի ձևավորել բոլոր ինտերիերները։ Վարֆոլոմեյ Ռաստրելլիու կերտած հանդիսավոր ինտերիերներին բնորոշ են վառ բազմազանությունը և հարդարանքի ճոխությունը՝ բազմաթիվ հայելիներ, ոսկեջրած փայտե փորագրազարդումներ, գեղաձև մանրատախտակ և հատակներ, նկարազարդ առաստաղներ ևն։ Մ․ Ի․ Վորոնցովի (1749-1757) և Ս․ Գ․ Ստրոգանովի (1752-1754) պալատների (երկուսն էլ՝ Պետերբուրգում) կառուցման ժամանակաշրջանում ավարտվել է Վարֆոլոմեյ Ռաստրելլիու հասուն ճարտարապետական ոճի կազմավորումը։ Վարֆոլոմեյ Ռաստրելլին վերակառուցել է նաև Մեծ (Եկատերինյան) պալատը (1752-1757) Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ ք․ Պուշկին)։ Վարֆոլոմեյ Ռաստրելլիու նշանավոր գործերից են նաև Սմոլնիի մենաստանն (1748-1754) ու Ձմեռային պալատը (1754-1762) Պետերբուրգում, որոնք կերտվել են որպես ամբողջական, պարփակ քաղաքային անսամբլներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png