Պտրեցիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բադարաից)
Jump to navigation Jump to search
Գյուղական համայնք
Պտրեցիկ
Պատարա
Գյուղի համայնապատկեր, Պատարա.jpg
Կոորդինատներ: 39°47′38″ հս․ լ. 46°53′16″ ավ. ե. / 39.79389° հս․. լ. 46.88778° ավ. ե. / 39.79389; 46.88778
Երկիր Արցախ Արցախ
Շրջան Ասկերան
Մակերես 1604.44 հա կմ²
ԲԾՄ 471 մետր
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 815 մարդ (2015)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Պտրեցիկ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Պատարա, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 20 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորության վրա։ Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 106 աշակերտներ (2015 թվականի տվյալներով)։ Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով, առկա է նաև գազամատակարարման համակարգ: Հեռուստատեսությունն ու ռադիոն համայնքում հասանելի են: Գործում է 2,5 G բջջային կապի համակարգ, անլար հեռախոսակապ առկա է: Ինտերնետ ծառայությունը հասանելի է` ապահովված է Wi-Fi ինտերնետ կապով:

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բադարայի պատմական անունը Պտրեցիկ է[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին Բադարա և Հոնի գետերի ավազաններում պեղումներ է կատարել գերմանացի Էմիլ Ռոյլերը։ Բրոնզեդարյան դամբարաններից մեկում նա հայտնաբերել է սեպագիր մի ուլունք։ Այդ արձանագրությունը վերծանել է պրոֆեսոր Ի. Մեշչանինովը։ Ուլունքի վրա, այժմ գտնվում է Էրմիտաժում, գրված է (Տիեզերքի թագավոր Սադաթ Նիրարի ): Հին Ասորեստանի պատմությսն մեջ հայտնի են չորս Սադաթ Նիրարի։ Դրանցից մեկն առասպելական Շամիրամի որդին է` Սադաթ Նիրարին։ Պրոֆեսոր Ի. Մեշչանիկովի կարծիքով, այդ ուլունքը Կարկառի հին շրջան է բերվել որևէ տեղական թագավորի կամ իշխանի կողմից, որը մասնակցել է Ասորեստանի դեմ մղված արշավանքներից մեկին [2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը հարթավայրային է, ունի 1604.44 հա տարածք, որից 593.66 հա գյուղատնտեսական նշանակության, 879.63 հա անտառային հողեր։ Պատարա համայնքի սահմանային գոտով հոսում է Բադարա գետը:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատարա համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 815 մարդ (2015 թվականի տվյալներով)[3], կա 220 տնտեսություն[4]։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ[5]: Ջրամատակարարումն իրականացվում է համայնքի կողմից` ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 3 ակունքներից: Համայնքի տարածքում առկա են թվով 12 աղբյուրներ. Խնձորի բաղեր, Կապեն ծով, Սուրբեն, Պառավ, Խլեչուն, Փրկիչին, Հուլուր ծով, Մուլուքանց, Հունի, Ղասըն, Հակոբեն և Թթու ջուր: Համայնքում գործում են առևտրի 2 օբյեկտներ[6]:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատարայի հանրային տրանսպորտը

Համայնքային ենթակայության ճանապարհներն պատված են խճով և կոպճով, չմշակված կապակցող նյութերից: Տրանսպորտային կապը կարգավորված է[7]: Ուղևորափոխադրումներն իրականացվում են Պատարա-Ստեփանակերտ-Պատարա միջշրջանային թիվ 112 կանոնավոր ավտոբուսային երթուղիներով:

Պատմամշակութային վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ստեփանոս եկեղեցին

Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ «Օխտը եղցի» վանք (12-13 դ.), «Ծերանահատակ» եկեղեցի (1326 թ.), գերեզմանոց (9-13 դ.), խաչքար (10-13դ.), Օծկավանք (12-13 դ.), ամրոց (12-13 դ.), Ամենափրկիչ եկեղեցի (13դ.), Սբ.Ստեփանոս եկեղեցի (1870 թ.), ջրաղաց (19դ.) հաշվառված է 159 հուշարձան[8]։

Պատմական Պտրեցիք գյուղից գետի հոսանքով վեր, թավուտ անտառներում պահպանվել են մեկ տասնյակից ավելի գյուղատեղեր և մի քանի ճարտարապետական ուշագրավ կոթող-համալիրներ: Մասնագիտական գրականության մեջ այս հուշարձանները լուրջ ուսումնասիրության չեն ենթարկվել և մանավանդ դեռևս են արտագրվել ու հրապարակվել այն բազմաթիվ միջնադարյան արձանագրություները, որոնք բարեբախտաբար պահպապանվել են այդ հնավայրերում: Գետահովտի պատմաճարտարապետական հուշարձանների գոյության և դրանց տեղադրավայրերի վերաբերյալ համառոտ տեղեկություններ տվել են տարբեր գիտնական-մասնագետներ: Ձորահովտի հնավայրերից մեր հավաքած 12-14 դարերի 25 արձանագրություններից մինչև այժմ հրապարակված են երկուսը. Մեկը Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցին կողմից, իսկ մյուսը Շ. Մկրտչյանի:

Օխտը եղցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին խոշոր հնավայրը, որ հայտնի է Օխտը եղցի (յոթ եկեղեցի) անվամբ, գտնվում է Պտրեցիք գյուղից մոտ 8 կմ հյուսիս-արևմուտք, համանուն գետի աջ կողմում, գետափից մոտ 1,5 կմ հեռու, բարձր, անտառածածկ բլրի թեք լանջին [9]: Տեղանքն ունի հրվանդանի ձև: Այստեղ նկատվում են կանգուն, կիսավեր կամ հիմնահատակ քանդված 13 պաշտամունքային և աշխարհիկ շենքեր։ Նրանց վրա պահպանված մի քանի արձանագրություններում ընթերցվում է Սմպատ իշխան անունը։ Չորս եկեղեցիներից միայն մեկն է, որ պահպանվել է ամբողջովին: Հյուսիսային մասում գտնվող տապանատան խաչքարի արձանագրության մեջ ընթերցվում է.

Aquote1.png «Թիւ Ոէ: 1158: Ես (Սմպատի որդի) Վասակայ կան (գնեցի զխ) աչս որդ) ոյ իմոյ Դաւ) թոնիս որ կիս (այրեա փոխ) եցաւ է Քս)»: Aquote2.png

Իսկ խաչքարի ստորին կենտրոնական մասում կա այսպիսի մի արձանագրություն.

Aquote1.png «Սմպատ Իշխան որ յի (Շեցեք)»: Aquote2.png


Տապանատան նույն որմի շարունակության վրա նույնպես կան քայքայված արձանագրություններ` կրոնական ու աշխարհիկ բովանդակության տարբեր պատկերներով: Խաչքարը կերտված է սպիտակ տուֆից, նրա բարձրությունը 1,1 մետր է, իսկ միջին լայնությունը 65 սմ: Հեծյալների պատկերավանդակներով կարևոր արձանագրություններով, զարդախմբի նրբին, հյուսկեն ցանցով պատած խաչքարեր են շարված համալիրի հարավարևելյան ծայրամասի եկեղեցու ճակատի երկայնքով: Օխտը եղցուց արահետն տանում է դեպի բերդը: Այստեղ անտառի մեջ վեր է խոյանում մի հսկա ժայռ, որի վրա պահպանվում են հին պարսպի մնացորդները: Նրա շրջապատում հյուսիսային կողմում, այժմ էլ պահպանվում են հին շենքերի մնացորդներն ու գերեզմանաքարերը: Տեղացիներն պատմում են, որ այստեղ ապրող բնակիչները ստորգետնյա անցքով հասել են գետափ և այնտեղից խմելու ջուր տարել բնակիչների համար: Պատարա գյուղի հյուսիսային մասում գտնվում է փրկիչ կամ փրկչա եկեղեցին: Շենքն այժմ էլ կանգուն է, ունի ինքնատիպ ու հետաքրքիր հորինվածք, եռանկյուն խորշեր, գեղեցիկ ավանդատներ: Կառուցված է անտաշ քարից: Եկեղեցու դռանը` պատի մոտ շարված են մի քանի խաչքարեր, իսկ շրջապատում` բազմաթիվ գերեզմանաքարեր առանց գրությունների: Եղած արձանագրությունն այնքան եղծված վիճակում է, որ հնարավոր չէ ընթերցել եկեղեցու կառուցման թվականը: Նրա առաջին տողից անընթեռնելի է, այնինչ եկեղեցու կառուցման թվականը գրված է հենց առաջին տողում: Այժմ եկեղեցին կանգուն է, կատարվել են նաև մասնակի վերանորոգում, դրված է երկու երկաթե դուռ և վերակառուցված է հատակն ու բեմահարթակն:

Վանական տարածքում կան բազմաթիվ պատկերաքանդակ խաչքարեր` ջարդված ու մշակված արձանագրություններով։ Ելնելով հնավայրի Օխտը եղցի անվանումից, թյուրիմացաբար, տարբեր կարգի շենքեր վերագրվել են եկեղեցուն և այդպիսով դարձավ յոթ եկեղեցի: Սակայն իրականում համալիրը բաղկացած է երեք եկեղեցուց, որոնցից մեկը կանգնած է առանձին, մյուս երկուսը կից են իրար: Վերջիններիցս արևելյանը հյուսիսից ունի ավանդատուն, իսկ հարավ-արևելքից նրան կից է մի փոքրիկ մատուռ: Գլխավոր կամ մեծ եկեղեցուն հյուսիսից կից է դամբարան կամ տապանատան թաղածածկ շենք: Համալիրի հարավ-արևելյան ծայրում ուղղանկյուն հատակագծով մի շենք կա, որը, հավանաբար, ծառայել է որպես գավիթ և արևմուտքից ունի մուտք: Նման մի այլ շենք, որի մուտքը բացվում է արևելքից, կիսավեր վիճակում պահպանվում է մեծ եկեղեցու հարավ-արևմտյան անկման մոտ: Հիմնահատակ ավերված երկու այլ շենքերի մնացորդներ են պահպանվել համալիրից 6 - 7 մ հեռու: Վերջիններիցս արևմուտք տարածվում է խաչքարերով հարուստ գերեզմանոցը, ուր ևս նկատվում են երկու տարբեր շենքերի հետքեր: Այսպիսով, հուշարձանախմբի Օխտը եղցի անվանումը զուտ ժողովրդական է և ոչ թե պատմական։ Տեղում պահպանված 12 արձանագրություններից և ոչ մեկում, ցավոք, չգտնվեց այս հուշարձանախմբի իսկական հնագույն անվանումը։ Հուշարձանախմբում շենքերի դասավորությունն ունի հետաքիքիր լուծում։

Վերը նշված խաչքարներից մի քանիսի վրա քանդակված էր զենքով ու զրահով հեծյալ։ Սա եզակի դեպք չէ։ Արցախի այլ հինավուրց վանքերի շրջակայքում ևս հանդիպում են նման պատկերաքանդակներով խաչքարեր։ Իշխանների հիշատակին կանգնեցված այդօրինակ խաչքարերից է Գեղմահովիտից Էջմիածին տեղափոխված Գրիգոր Խաղբակյան (Պռոշյան) իշխանի 1233 թվականի խանթարը, որի ստորին մասում պատկերված է մեծ իշխանը ձիու վրա` զինված ու զրահապատված: Օխտը եղցուց 4 - 5 կմ հարավ-արևելք, Պտրեցիք գետի ձախ կողմում, բարձր լեռնալանջին են գտնվում միջնադարյան բնակատեղի, ընդարձակ գերեզմանոց ու եկեղեցի: Նշվածներից բացի գյուղի հյուսիսային մասում գտնվում են ևս երկու հուշարձաններ` Ծերանահատակ ու Օծկավանքը[10]:

Գյուղի սրբավայրերից

Ծերանահատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատարայի տարածքում գտնվում է Ծերանահատակ եկեղեցին: Եկեղեցին կառուցված է մի հրվանդանման տեղում, որտեղից բացվում է ընդարձակ տեսարան: Ինչպես Օխտը եղցու հուշարձանները, Ծերանահատակը նույնպես կառուցված է անտաշ ու կոպտատաշ քարերով և կրաշաղախով: Արձանագրությունից պարզվում է, որ եկեղեցին կառուցվել է Սմբատ իշխանի օրոք` Մխիթար Երեցի պատվերով: Սմբատ 1-ին իշխանի վերաբերյալ պատմագրական որևէ տեղեկություն չունենք, բացի այն, որ հայտնի է իշխանի գահակալության տարիներից մեկը` 1326 թվականը: Առավել ևս մեզ հայտնի չէ Մխիթար երեցի ով լինելը, որ հիշատակված է արձանագրության չորրորդ տողում: Եկեղեցուն հարավից կից է եղել մի փոքրիկ մատուռ, որը, ցավոք, վերջին տարիներին հիմնահատակ ավերվել է: Եկեղեցուց ոչ հեռու, կիսով չափ հողի մեջ խրված, կա 1246 թվականին ութտողանոց արձանագրությամբ մի այլ խաչքար: Սրա վրա քանդակված են զույգ միանման խաչեր: Քարի վերին մասն ավարտվում է կիսաշրջանի ձևով, իսկ ստորին մասում ունի ութտողանոց ընդարձակ արձանագրություն: Պարզվում է, որ եկեղեցու տեղում եղել է գերեզմանոց, որի անխոս ապացույցն են շուրջ 150-ի հասնող անարձանագրի խաչքարերը` 9 -13-րդ դարերի բնորոշ զարդանախշերով ու ոճով: Մեկ այլ արձանագրի խաչքար ընկած է եկեղեցուց հարավ-արևելք, Ծերանահատակ հուշարձանախմբից 6-7 կմ հյուսիս-արևելք, բարձր լեռների վրա:

Օծկա վանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օծկա վանքը ծածկված է խիտ ծառերով ու շրջապատված քարաժայռերով: Վանքը բաղկացած է եկեղեցուց, գերեզմանոցից և մի քանի ավերակ շինություններից: Ինչպես Օխտը եղցիում, այստեղ ևս խաչքարերով հարուստ միջնադարյան գերեզմանոցը տարածվում է եկեղեցուց արևմուտք: Եկեղեցին ունի միանավ թաղածածկ բազիլիկի հորինվածք, որի հյուսիսային կողմից, արևելք-արևմուտք ուղղությամբ, ի սկզբանե կցված են եղել երկու ավանդատներ: Եկեղեցին կառուցված է անտաշ քարից: Նրա ավագ խորանի հյուսիսային կողմի որմի ստորին շարվածքում պահպանվել են հնագույն եկեղեցու քանդակազարդ բեկորները: Արևմտյան ճակատում` դրսից ագուցված են եղել մի քանի սպիտակ, սրբապաշտ արձանագիր քարեր: Ցավոք, դրանք վերջին տարիներին ջարդոտվել ու տեղահան են արվել: Պահպանված երեք քարերից երկուսի վրա, որոնք դեռ տեղում են, հազիվ մի քանի տառ է նշմարվում: Դրանցից մեկը, որ ընկած է եկեղեցու ներսում` ընդարձակ արձանագրության միջնաքարերից է:

Խրավոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատարայի Խրավոնդ կոչվող հանդամասում դեռ մնում է Խրավոնդ անունով մատուռ-մենաստանը։ Այն գտնվում է անտառի մեջ գրեթե կիսավեր վիճակում։ Մատուռի կից կա մի փոքրիկ շինություն, իսկ շրջակայքում խաչքարերով գերեզմանատուն, որը թույլ է տալիս ենթադրելու, որ այստեղ ժամանակին համեմատաբար ոչ մեծ բնակավայր էր։ Ոչ շինության որմում, ոչ էլ խաչքարերի որևէ գրություն չի պահպանվել, սակայն խաչքարերի ոճից կարելի է ենթադրել, որ դրանք 12 -13-րդ դարերից են։ Նման մի այլ մատուռ գտվում է նախկին սղոցագործարանի դիմաց, որին տեղացիներն անվանել են Դրբասուտ եղցի։ Սրա կառուցման մասին ևս չեն պահպանվել տեղեկություններ։

Ամենափրկիչ եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատարա գյուղից շուրջ 3 կմ հյուսիս-արևմուտք կանգուն է մեկ այլ նշանավոր հուշարձան՝ Ամենափրկիչ եկեղեցին կամ Փրկչի վանքը: Գետահովտի ամենանշանավոր հուշարձաններից է նաև բերդը, որը գտնվում է գյուղից մոտ 2 կմ հարավ-արևմուտք: Բերդը գրեթե բոլոր կողմերից շրջափակված է եղել 1,2 մ հաստությամբ պարսպապատերով, որի 70 տոկոսը պահպանվում է կիսավեր: Պատարայի շրջակայքում է տարածված Լեսնոյ (Դարպասուտ) տեղամասը, որտեղ գտնվում են Դարպասուտ եղցի և Ջուխտակ եղցի հուշարձանները: Լեսնոյ (Դարպասուտ) գյուղատեղիից 6-7 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Խրավանդ կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (12 – 13 դարեր) ՝ ընդարձակ գերեզմանոցով և 21 խաչքարերով, որոնցից ամենահինը թվագրված է 1203 թվականով:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՊՊԿԱ (1986)։ ֆ.57, g.1, գ.3, թ.97, ֆ.56, g.1, գ.2914, 
  2. Սամվելյան Խ.։ Հին Հայաստանի կուլտուրան։ Երևան։ էջեր հ. 2, 309 
  3. «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»։ http://www.stat-nkr.am/ 
  4. «ՄԵՐ ՇԵՆԸ ՛՛ՊԱՏԱՐԱ՛՛,ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ»։ http://www.artsakh.tv 
  5. «Պատարայի ամենօրյա խնդիրները»։ http://imovsisyan.blogspot.am 
  6. «Պատարա գյուղում համայնքային կենտրոնի կառուցում, Ասկերանի շրջան»։ http://www.himnadram.org 
  7. «Պատարայի տրանսպորտային համակարգը»։ https://www.azatutyun.am։ Հունվար 15, 2017 
  8. «Գյուղ Պատարա՝ հարուստ պատմության և մշակույթի հուշարձաններով»։ iheartartsakh.wordpress.com 
  9. Կարապետյան Սամվել։ Նյութեր հայ վիմագրության Պտրեցիք Գետահովտի Պատմաճարտարապետական Հուշարձանները ըստ նորահայտ արձանագրությունների 
  10. «Պատարայի տեսարժան վայրեր»։ http://ecovillage.am 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ
  • Նյութեր հայ վիմագրության Պտրեցիք Գետահովտի պատմաճարտարապետական հուշարձանները ըստ նորահայտ արձանագրությունների