Արամուս
Գյուղ | |||
---|---|---|---|
Արամուս | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Կոտայքի մարզ | ||
Համայնք | Կոտայքի մարզ, Էջմիածնի գավառ և Աբովյանի շրջան | ||
Այլ անվանումներ | Արամոնք, Երամոնս | ||
ԲԾՄ | 1550 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 3520[1] մարդ (2012) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Արամուս, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 43 կմ հարավ-արևմուտք, Գետառի ձախափնյակում։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արամուս գյուղը մտել է պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի մեջ։ Ներկայումս այն ՀՀ Կոտայքի մարզի կազմում է` Երևան քաղաքից 25 կմ հեռավորության վրա` Երևան- Սևան ավտոմայրուղուց արևելք, ամենամոտ քաղաքը Աբովյանն է։ Արամուսը սահմանակից է Կոտայքի մարզի Մայակովսկի, Նոր Գյուղ, Կոտայք, Ակունք, Կաթնաղբյուր, Կամարիս, Զովք, Ձորաղբյուր համայնքների հետ։Արամուսը տեղակայված է Կոտայքի հրաբխային սարահարթի վրա, ծովի մակարդակից 1420 մետր բարձրության վրա։ Արամուսի արևելյան մասում վեր է խոյանում Գեղամա հրաբխային լեռնավահանը, հյուսիս-արևելքից՝ Հատիս հրաբխային լեռնազանգվածը։ Տարածքում գերակշռում են լեռնատափաստանային լանդշաֆտները` ծածկված բերի սևահողերով։ Մթնոլորտային տեղումները՝ մոտ 500 մմ։ Տարվա բոլոր եղանակները լավ արտահայտված են։ Գյուղի ընդերքը հարուստ է հրաբխային շինաքարերով՝ բազալտի, տուֆի պաշարներով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արամուս գյուղի անվան բացատրությունը կապում են Արա Գեղեցիկի հետ։ Ըստ ավանդույթի Արա Գեղեցիկի և Շամիրամի միջև ճակատամարտը տեղի է ունեցել Արամուս գյուղի տարածքում։ Այն լեռան վրա, որի լանջից Շամիրամը դիտել է ճակատամարտը իր անունով կոչվել է Շամիրամի լեռ։ Ճակատամարտի ժամանակ Արա Գեղեցիկը վիրավորվում է ուսից, և այդ օրվանից այդ տարածքը կոչվել է Արամի ուս, ապա` Արամուս։ Հնագույն այդ գյուղը հայ մատենագրության մեջ հիշատակվում է սկսած 5-րդ դարից՝ Արամոնք, Երամոնս, Արախույզ կամ Արախուս անուններով։
Մ․թ․ա․ առաջին հազարմյակի մշակությաին շերտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արամուս գյուղը և շրջակայքն աչքի են ընկնում հնագիտական ու պատմաճարտարապետական հուշարձաններով։ Մեծաքանակ համալիրները վերաբերվում են մ․թ․ա․ առաջին հազարմյակից մինչև միջնադար ընկած ժամանակաշրջանին։ Դրանց մեջ առանձնանում է հատկապես Արամուս գյուղի տարածքի հսկայական ամրոց- բնակավայրը` «Նոխուտ թափայը», որի պեղումները սկսվել են դեռևս 1980-ական թվականներին, Երևանի պետական համալսարանի հնագիտական արշավախմբի ջանքերով։ Սպիտակի երկրաշարժի և ԽՍՀՄ կազմալուծման հետևանքով հուշարձանի տարածքում կատարվող պեղումները ժամանակավորապես դադարեցին։ Կանոնավոր պեղումները շարունակվեցին 2004 թվականից ամրոցի արևելյան ծայրամասի հյուսիսային հատվածում։ Հնագիտական-հետազոտական հնգամյա ծրագիր են իրականացնելու ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Հայկ Ավետիսյանի, ավստրիական կողմից` հնագիտության պրոֆեսոր Փիթըր Հաիդրի և հնագիտության դոկտոր Վիլֆրիդ Ալինգերի և բանասիրության դոկտոր Ժասմին Դում-Դրագութի ղեկավարությամբ։ Մինչ դարավանդը առանձնացվեց պեղման հրապարակ` շուրջ 250 քմ մակերեսով։ Շարունակելով պեղումները` արշավախումբը նպատակ ուներ ճշտելու ամրոցի կառուցապատման փուլերը, հստակեցնելու ժամանակագրական խնդիրները, շերտագրական իրողությունները և այլն։ Պեղման աշխատանքների ընթացքում ուսումնասիրվող տարածքը ընդարձակվեց։ Մաքրվեց միջնաբերդի արևելյան մուտքին կից կառուցված հյուսիսային աշտարակը, առաջին պարսպապատը։ Հատկապես կարևոր է դարավանդի վրա կատարված, բացվածքում հայտնաբերված պարիսպի մնացորդը։ Ամենայն հավանականությամբ այս պարսպապատը վերաբերվում է մինչուրարտական ժամանակաշրջանին և բնորոշվում է որպես կիկլոպյան ամրոցի մնացորդ` բնակեցված բրոնզե դարից։ Վերջինս վերաբերում է Վանի թագավորության ժամանակաշրջանին և միջնաբերդի արևելյան հատվածում միանում է հզոր աշտարակի մնացորդներին։ Այս պարսպապատը, իր կառուցողական առանձնահատկությամբ, կրկնում է Վանի թագավորության նմանօրինակ շինությունները։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ միջնաբերդն օղակող վերջին պարսպագիծը հետուրարտական ժամանակաշրջանի համակարգ է, որը գոյատևել է նաև վաղ միջնադարում։ Այսպիսով, Արամուսի ամրոցն ունի ժամանակագրական երեք հիմնական փուլ՝ մինչուրարտական, ուրարտական, հետուրարտական։ Այս փուլերը ներկայացված են համապատասխան շերտագրական և շինարարական հորիզոններով։
Վաղ քրիստոնեական շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]IV դարում գյուղը պատկանել է Էջմիածնի կաթողիկոսական աթոռին։ Հայոց Հովհան Օձնեցի կաթողիկոսին է վերագրվում 6-րդ դարի վերջում այստեղ կառուցված եկեղեցին, որից այսօր մնացել են միայն ավերակները։
Արամուսում է ծնվել Ամենայն Հայոց կաթողիկոս Դավիթ Ա. Արամոնեցին։ Հայրապետական աթոռին Հովհան Օձնեցուն 728 թ. հաջորդեց Դավիթ կաթողիկոսը, որն Այրարատի Կոտայք գավառի Արամոնք (ներկայումս՝ Արամուս) գյուղից էր։ Արամոնքը քրիստոնեության պետական կրոն հռչակելու ժամանակներից, Հովհաննես Դրասխանակերտցու տեղեկությամբ, եղել է կաթողիկոսական կալվածք կամ ձեռական երկիր, որը Մ. Օրմանյանին ենթադրել է տվել, թե ապագա կաթողիկոսը մանուկ հասակից մեծացել է կաթողիկոսարանում։ Հովվապետել է 12 և կես կամ 13 տարի, որով նրա մահն ընկնում է 741 թվականը։ Հենց նա էլ իր հայրենի գյուղում ավարտին է հասցրել Սուրբ Նշան Ծիրանավոր եկեղեցու կառուցումը և դարձրել կաթողիկոսանիստ։ Արամուսի եկեղեցին բնականաբար եղել է եկեղեցական կարևոր կենտրոն։ Այդ եկեղեցին համարվում է հատակագծային հորինվածքով հայկական ճարտարապետության հնագույն նմուշներից մեկը։ Վերականգնվել է մասամբ։ Դավիթ Ա Արամոնեցու օրոք գործել են Եփրեմ, Խաչիկ, Անաստաս վարդապետները։ Նա իր մահկանացուն կնքեց 741 թվականին և ըստ երևույթին՝ թաղվեց իր ծննդավայր Արամոնք գյուղում, որը ժամանակավորապես նա դարձրեց Հայոց Եկեղեցու հայրապետանոց։
Միջին դարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի շրջակայքում կան պեղված միջնադարյան շինությունների մնացորդները և խաչքարերը, որոնք վերաբերում են 13-14-րդ դարերին։ Այդ դարաշրջանին է վերաբերվում գյուղի հարավային բլրի վրա գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռը, որտեղ ամեն տարի մայիսին կատարվում է ուխտագնացություն։
Գյուղի վերահիմնադրման մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Արամուսը վերաբնակեցվել է 1828-1970 թթ հիմնակում Խոյից գաղթած հայությունից։Գյուղի առաջին տանուտերը եղել է Խոյեցի իշխան Ատոմի սերնդից Ասատուրը,1861 թվականին Գևորգ Ե կաթողիկոսի և Ալեքսանդր Նիկոլաևիչ Ռոմանով ցարի Ակունք գյուղ գալու կապակցությամբ, հիմնովին վերկառուցվել է Սուրբ Հակոբ եկեղեցին ,որոշ ժամանակ հետո ցարի հրահանգով Ակունքի ջուրը խողովակաշարով տեղափոխվեց Երևան[2]։ Այդ է վկայում եկեղեցու հարավային դռան վրա թողնված արձանագրությունը։ Եկեղեցին կառուցվել է բազիլիկ ոճով, Արամուսի կարմիր տուֆով։ Համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի անմիջական ջանքերով վերանորոգվել է եկեղեցու տանիքը, կատարվել ներքին հարդարում։ Խորանում տեղադրվել է Մարիամ Աստվածածնի և մանուկ Հիսուսի նկարը, որի հեղինակը նկարիչ տեղաբնակ Միշա Ալոյանն։ Վերակառուցումից հետո եկեղեցին մեծ հանդիսությամբ 2012 թվականին վերաօծվեց Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Սրբազանի կողմից։ 2015 թվականի ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին Հրայր Նիկողոսյանի հովանավորությամբ Սուրբ Հակոբ եկեղեցու բակում տեղադրվեց խաչքար, որի քանդակագործ խաչքարագործ Պարույր Պարույրյանն է։
Գյուղի ազգատոհմերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղայենց Խաչատուրի ազգատոհմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգատոհմի հիմնադիրը եղել է աղա Խաչատուրը, ով Ռուս-պարսկական պատերազմից (1826-1828) հետո ընտանիքի հետ գաղթել է Իրանի Խոյ քաղաքից։ Այդ տարիներին Իրանից միայն դուրս էին գալիս այն ընտանիքները, ովքեր որևէ աջակցություն էին իրականացրել ռուսական զորքերին։ Արտագաղթը կանխելու նպատակով շահը հրովարտակ գրեց՝ ազատություն շնորհելով ռուսական կողմի հետ համագործակցողներին, սակայն հետապնդման վտանգը մեծ էր։ Աղա Խաչատուրը ունեցել է Հակոբ, Գրիգոր և Վաղարշ անունով որդիներին։ Վաղարշը կրտսեր որդին էր, ով մահացել է երիտասարդ հասակում, հավանաբար ինչ-որ պատահարի հետևանքով ։
Ազգի մեծերի հիշողություններում կա մի այսպիսի ողբերգական պատմություն։ Այս մասին միշտ պատմել է Հայաստան Հակոբյանը; «գյուղի տանուտերը, ով Գեղաշենցի Սայադի պապն էր, վեճի է բռնվում Աղա Խաչատուրի հետ, և տանուտերի հարվածից մահանում է Խաչատուրը»[3]։ Ամենայն հավանականությամբ այդ ողբերգական վեճի զոհ է դառնում աղայի կրտսեր որդին՝ Վաղարշը։
Ըստ ավանդազրույցի, Աղա խաչատուրը որդու մահվան ցավի հետ չի համակերպվում, և ցավը մեղմելու նպատակով ուխտագնացություն է կատարում դեպի Երուսաղեմ։ Ընդունված էր, որ հարուստներն էին կատարում ուխտագնացություն, և ուխտագնացությունից առաջ կազմում էին ժառանգության կտակ, քանի որ ճանապարհորդությունը տևում էր մեկ տարի, և այն խիստ վտանգավոր էր։ Աղա Խաչատուրը թողնում է իր կալվածքը, միանում ուխտավորներին և ճանապարհվում Երուսաղեմ։ Ըստ ազգատոհմի ավանդազրույցի, աղա Խաչատուրը հետ չի վերադառնում[4]։ Աղա Խաչատուրի որդիներից ողջ են լինում Հակոբը և Գրիգորը։ Տոհմի երկու ճյուղերը մնացել են գյուղում, մյուս երկու ճյուղերը տեղափոխվել են քաղաք։ Գյուղում մնացածները կրում են Հակոբյան և Գրիգորյան ազգանունները, իսկ Երևան տեղափոխվածները՝ Աղայան ազգանունը։ Ազգի ամենահայտնի ներկայացուցիչներից են բանաստեղծ Հոպոս Ապերը, բժիշկ Աղայան Աղասին[3] ։
Աղայանների ճյուղը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգորի որդի Աղասին և Լիպարիտի որդի Ռուբիկը կրում են Աղայան ազգանունը։
Հակոբյանների ճյուղը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղա Խաչատուրի որդին՝ Հակոբը, իր որդու անունը, ի պատիվ իր հոր, դնում է Խաչատուր (Սմբատ)։ Հակոբի անունով, տոհմի մի ճյուղը կրում է Հակոբյան ազգանունը։
Գրիգորյանների ճյուղը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղա Խաչատուրի Գրիգորի որդի Լիպարիտի հիմնական ճյուղը կրում է Գրիգորյան ազգանունը։
Հայրենական պատերազմ և Արցախյան ազատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի կենտրոնում է գտնվում Հայրենական Մեծ Պատերազմի զոհերի հուշարձանը, որի ճարտարապետը Ռ. Ալավերդյանն է, իսկ քանդակագործը Գ. Մնացականյանը։ Ավելի քան 600 արամուսցիներ մասնակցել են ֆաշիզմի դեմ մղվող պայքարին։ Այն կառուցվել է Արամուսի բազալտով և ներկայացնում է մորը և որդուն, որոնք սպասում են պատերազմից վերադարցող ամուսնուն։ Հուշարձանի մոտ Արամուսի համայնքի ղկողմից կառուցվել է Հուշաղբյուր` նվիրված Արցախյան ազատամարտին, որի քանդակագործը համագյուղացի Մարտիկ Հունանյանն է։ Ամեն տարի մայիսի 9-ին հուշարձանի մոտ կատարվում է միջոցառում նվիրված Հաղթանակիր օրվան և Շուշիի ազատագրմանը։
Կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Արամուսի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1828 թվականինչկա փաստ , դպրոցի նոր շենքը կառուցվել է 1966 թվականին։ Նորակառույց դպրոցը առաջին շրջանավարտը տվել է 1966-67 ուսոմնական տարում։ Այսօր դպրոցում սովորում է ավելի քան 500 աշակերտ։
Մշակույթի պալատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արամուսի մշակույթի պալատը կառուցվել է 1970-ական թվականներին։ Այնտեղ գործում է երաժշտական դպրոց, գրադարան, զանազան խմբակներ։
Գյուղի ավանդապատումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1915/1 6թթ զորակոչվում է ցարական բանակ, 1917 թ․ հայտնվում է հեղափոխական թոհ ու բոհի մեջ։ Սմբատ Խաչատուրի Հակոբյանը մեկ երկու գիշեր անցկանցում է Կրեմլի բակում դրված հայտնի զանգի՝ Կոլոկլի մեջ։ 1917 թ աշնանը մտնում է գեներալ Անդրանիկի զոքի մեջ,1919 թվականին տեղափոխվում է Երևան և նշանակվում է Երևանի բանտի հսկիչ։1921 թ․ մայիսին Հայաստանի Փրկության Կոմիտեի հրամանով Զանգեզուր է հասցնում կոմիտեի ֆինանսական միջոցները։ Հրաժարվում է օգոստոսին կոմիտեի հետ անցել Արաքսը,կոմիտեի հրահանգով ազատ են արձակում։ 1921 թ․ զորացրվում է բանակից և վերադառնում է Արամուս։1930-ականներին ծանր հիվանդանում է և 1936 թ ին Ստալինի հրամանով Սմբատ Խաչատուրի Հակոբյանը վեց ամսով ուղարկում է բուժման ք․Սակի։
1943 թ կովկասյան ճակատում վիրավորվելուց հետո Սմբատ Խաչատուրի Հակոբյանը վերադառնում է Արամուս։Որոշ ժամանակ անց դառնում է գյուղի կատարածուն,աշխատանքի բերումով տեղեկանում է,որ Երևանից հրահանգ է եկել հավաքել գյուղի բոլոր պղնձե իրերը նաև իջեցնել եկեկղեցու պղնձե զանգը և հանձել զենք զինամթերք ձուլման նպատակով։Սմբատը գիշերով բարձրանում է եկեղեցու զանգակատուն հանում է զանգը, բերում իր տուն և թաղում է տան մեջ՝ հողի տակ։ Առավօտյան գյուղում լուր է տարածվում,որ գիշերով գողացել են եկեղեցու զանգը ։ Սմբատին էլ են հարցաքննում ,բայց քանի ,որ Սմբատը ձեռքից վիրավոր էր,նա դուրս է մնում կասկածից։Քննողները հասկանում էին ,որ զանգը մեկ ձեռքով հանել և իջեցնել վիրավոր մարդու համար անհնար էր։ Այս գաղտնիքի մասին Սմբատը պատմում է 1979 թ․ , մահանալուց առաջ, իր որդի Բելերեֆոն Հակոբյանին։ Վերջինս պահում է գաղտնիքը և այդ մասին միայն բարձրաձայնում է 1987 թ․ 1988 թ․զանգը հանում են տան հատակի տակից և կախում են նորից եկեղեցու զանգակատանը՝ Էջմիածնի օրհնությամբ։
Գյուղում մի մարդ է ապրել Ավո անունեվ , մի օր գյուղի նախագահը հանձնարարում է գյուղի կատարածու Սմբատին տեղեկացնել Ավոին,որ Ավոն առավօտ շուտով պետք է գնա Առինջ։ Սմբատը կատարում է հանձարարությունը և այդ մասին տեղեկացնում է Ավոին ։ Հաջորդ առավօտյան Ավոն չի գալիս նախագահի մոտ , նախագահը ուղարկում է Սմբատին Ավոենց տուն ,որ իմանա թե որտեղ է Ավոն։ Տանեցիք ասում են ,որ Ավոն առավօտ կանուխ դուրս է եկել տանից,իսկ թե ուր է գնացել իրենք չգիտեն։ Երեկոյան Սմբատը նորից է գնում Ավոենց տուն ,տեսնում է Ավոն նստած է բակում հարցնում է- Ավո ի՞նչու չեկար նախագահի մոտ ,Ավոն ել թե,- բա դու չասացի՞ր ,որ նախագահը ասել է առավօտ շուտ գնամ Առինջ, ես էլ առավօտ շուտ գնացել եմ ու նոր էլ վերադարձել եմ։Այդ տարիներին երբ որևէ մեկը չմտածված գործ էր անում նրան ասում էին «Առինջ Ավո»[5]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնիների մի մասը 1829-1830 թվականներին գաղթել են Պարսկահայաստանի Խոյ գավառի Կըռս և Շաբանլու գյուղերից։
Արամուսի ազգաբնակչության փոփոխությունը.[6]
Տարի | 1831 | 1873 | 1907 | 1914 | 1922 | 1931 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 228 | 803 | 1241 | 1780 | 1853 | 1770 | 1620 | 2242 | 2492 | 3118 | 3320 | 3412[7] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, ծխախոտի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
- ↑ ըստ աղայեց Խաչատուրի ՝Հակոբյան Սմբատի հուշատետրի 1970 թ․
- ↑ 3,0 3,1 Հայաստան Հակոբյանի հուշերից 2015թ
- ↑ Բելերոֆոն Հակոբյանի հուշերից 2000թ
- ↑ Բելերեֆոն Հակոբյանի հուշերից 1990թ․
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 27» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 11-ին.
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://aramus.schoolsite.am/մեր-մասին/արամուս-համայնքի-պատմությունը/ Արխիվացված 2017-10-16 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամուս» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 688)։ |
|