Ադրբեջանի արվեստի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանի արվեստի ազգային թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ
Երկիր Ադրբեջան
ՏեղագրությունԲաքու
Ղեկավարության նստավայրԲաքու, Ադրբեջան
ՀասցեNiyazi küç. և 9-11
Հիմնադրվել է1936
ՏնօրենChingiz Farzaliyev?
Կայքwww.nationalmuseum.az
Քարտեզ
Քարտեզ

Ադրբեջանի Ռուստամ Մուստաֆաևի անվան արվեստի ազգային թանգարան[1] (ադրբ.՝ Rüstəm Mustafayev adına Azərbaycan Milli İncəsənət Muzeyi), Ադրբեջանի արվեստի ամենամեծ թանգարանը[2], որտեղ պահվում է ավելի քան 17000 արվեստի գործ[1]։ Թանգարանը հիմնադրվել է 1936 թվականին[3]։ 1943 թվականին կոչվել է ադրբեջանցի նշանավոր թատերական նկարիչ Ռուստամ Մուստաֆաևի անունով, որը երկրում թատերական-դեկորատիվ արվեստի հիմնադիրներից մեկն է[4][5]։

Թանգարանը տեղակայված է միմյանց հարևանությամբ գտնվող Բաքվի երկու շենքերում, որոնք կառուցվել են 19-րդ դարի վերջում[6]։ Թանգարանում հավաքված են Ադրբեջանի, Արևմտյան Եվրոպայի, Ռուսաստանի, Արևելքի արվեստի գործերից։ Թանգարանի ցուցանմուշները ցուցադրվել են Կանադայում (1966), Կուբայում (1967), Սիրիայում (1968), Ֆրանսիայում (1969), Չեխոսլովակիայում (1970), Ալժիրում (1970), Իրաքում (1971)[7]։ Թանգարանը բաց է երեքշաբթիից կիրակի, ժամը 10։00-18։00[8][9]։

Թանգարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագիևի սենյակը Ադրբեջանի պատմության թանգարանում, որտեղ սկզբնապես տեղակայված էր կերպարվեստի բաժինը

1920 թվականին Ադրբեջանի պետական թանգարանում ստեղծվեց կերպարվեստի բաժին։ Արվեստի բաժնի համալրումների հետևանքով, հաշվի առնելով նրանց գեղարվեստական և պատմական արժեքները, 1936 թվականին որոշում կայացվեց ստեղծել առանձին թանգարան՝ Ադրբեջանի արվեստի պետական թանգարան։ Սկզբում կերպարվեստի բաժինը միլիոնատեր Գաջի Զեյնալաբդին Թագիևի նախկին առանձնատանն էր, որտեղ այժմ գտնվում է Ադրբեջանի պատմության թանգարանը։ Թանգարանի բացումը կայացել է 1937 թվականին[7]։ Դրանից հետո թանգարանի հինգերորդ հարկը հատկացվեց Նիզամի Գյանջևիի անվան ադրբեջանական գրականության թանգարանին։

1943 թվականից թանգարանը կոչվեց ադրբեջանցի թատերական նկարիչ Ռուստամ Մուստաֆաևի անունով[10]։ Մինչև 1950-ական թվականների սկիզբը թանգարանը գտնվում էր մի քանի հին առանձնատներում, որտեղ ներկայացված էին մշտական և ժամանակավոր ցուցանմուշները։ Այդ ժամանակահատվածում թանգարանում աշխատել են երիտասարդ արվեստաբաններ Ռասիմ Էնդիևը, Նուրադին Գաբիբովը, Մուրսալ Նաջաֆովը, Մեհթի Գուսեյզադեն, ովքեր Ադրբեջանի արվեստաբանության հիմնադիրներն են։ Երկար տարիներ թանգարանը ղեկավարել են Ադրբեջանի ժողովրդական նկարիչներ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիրներ Սալամ Սալամզադեն, Կյազիմ Կյազիմզադեն և Իբրահիմ Զեյնալովը։

1951 թվականին թանգարանին նվիրաբերվեց պատմական շենք, որը հայտնի է «Դեբուրի առանձնատուն» անունով[11][12]։ Նոր շենքում ստեղծվեց նոր ցուցադրություն, որտեղ ներկայացվեց թանգարանի կերպարվեստի հավաքածուի լավագույն ցուցանմուշները։ Թանգարանը դարձավ նաև արվեստագիտության կենտրոն։ Այստեղ կազմակերպվել են տարբեր միջոցառումներ՝ նկարիչների հոբելյանական ցուցահանդեսներ, երաժշտական երեկոներ, մտավորականության հետ հանդիպումներ և այլն։

ԽՍՀՄ փլուզումից հետո թանգարանի ղեկավարության և երկրի նախագահի որոշմամբ թանգարանին հատկացվեց ևս մեկ շենք, որ կառուցվել է 1885 թվականի, որտեղ նախկինում գտնվում էր Բաքվի կանանց գիմնազիան։

1992-1993 թվականներին Ազգային ճակատի ղեկավարները որոշեցին թանգարանը «Դեբուրի առանձնատնից» տեղափոխել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության շենք։ 1994 թվականից մինչև 2003 թվականները թանգարանի տնօրենն էր քանդակագործ Իբրահիմ Իսմայիլ օղլի Զեյնալովը[13], 2003-ից 2010 թվականները՝ արվեստագիտության դոկտոր Իսրաֆիլ Ռամազան օղլի Իսրաֆիլովը, իսկ 2010 թվականից մինչև այժմ՝ Չինգիզ Աբդուլմեջիդ օղլի Ֆարզալիևը։

2013 թվականի հունիսի 7-ին կայացավ թանգարանի նոր մասնաշենքի բացումը, որին ներկա էին երկրի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կին Մեհրիբան Ալիևան[14]։

Թանգարանի մասնաշենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մասնաշենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնատան ճարտարապետ Նիկոլայ Ավգուստովիչ ֆոն դեր Նոննե

1888 թվականի փետրվարի 26-ին նավթարդյունաբերող և «Կասպիական գործընկերություն» բաժնետիրական ընկերության հիմնադիր Լև Մարտինովիչ դե Բուրը (1840-1889) դիմեց քաղաքային իշխանությանը՝ խնդրելով հաստատել երկհարկանի քարե առանձնատուն կառուցելու նախագիծը, և նույն թվականի օգոստոսի 26-ին քաղաքային ինժեներ ֆոն դեր Նոննեն հաստատեց տան նախագիծը։ Չնայած նախագծում առանձնատան ճարտարապետի ստորագրությունը բացակայում է, ճարտարապետ համարվում է հենց ֆոն դեր Նոննեն[11][15]։

Առանձնատան տեսքը 1900-ականներին

1891 թվականի հունվարին Լև դե Բուրի ժառանգները առանձնատան մի բաժինը 16'000 ռուբլիով վաճառեցին «Կասպիական ընկերությանը»։ Բաժնետերերը որոշեցին շենքը կառուցել որպես գրասենյակ, ինչի հետևանքով ճարտարապետը ստիպված եղավ որոշակի փոփոխություններ մտցնել նախագծում։

Շենքի կառուցումը թվագրվում է 1891 և 1893 թվականներին[11][16]։ Նշվում է, որ «Կասպիական ընկերության» տունը վերջնական ավարտին է հասել 1895 թվականին[12]։ Նույն թվականին մահացավ «Կասպիական ընկերության» համահիմնադիր Բագիրովը և նրան փոխարինեց հայազգի Պողոս Ղուկասյանը։ Մեկ տարի հետո տան մի հատվածում բնակություն հաստատեց ընկերության տնօրեններից Արշակ Ղուկասյանը։

Թանգարանի գլխավոր մասնաշենքը 1930 թվականին

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո 1917 թվականին Անգլիայի դեսպան Մաք-Դոնալդի ակտիվ մասնակցությամբ Բաքվի ղեկավարումն անցավ Կենտրոնական կասպիական բռնապետությանը, որը անգլիացիներին հրավիրել էր Կովկասի մուսուլմանական բանակից պաշտպանվելու համար։ Բրիտանական զորքերը Բաքվում եղան մինչև 1919 թվականը։ Անգլիացիների շտաբ-գրասենյակը գտնվում էր «Կասպիական ընկերության» տանը։ Այնտեղ էին ապրում նաև Ղուկասյանները։

1920 թվականի ապրիլի 28-ին կարմիր բանակի Բաքու մտնելուց հետո Ադրբեջանի հեղկոմի նախագահ դարձավ Նարիման Նարիմանովը, ով ազգային կոմիսարների խորհուրդը ղեկավարում էր «Կասպիական ընկերության» նախկին շենքում։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշվում է, որ տան հորիզոնական բաժանումները համահունչ էին փողոցի ուղղահայաց բնակելի տներին։ Այն ժամանակ, երբ նախագծվում էր Դեբուրի առանձնատունը, փողոցի կարմիր գծերի երկայնքով հրապարակն ազատ էր։

Թանգարանի հավաքածուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ընդհանուր 60 սենյակում ներկայացված է ավելի քան 3000 ցուցանմուշ։ Առաջին մասնաշենքում յոթ սենյակ հատկացված է եվրոպական նկարիչներին, 10-ը՝ ռուսական, իսկ մնացածը՝ իրանական, թուրքական և ճապոնական արվեստին։ Երկրորդ մասնաշենքի բոլոր 30 սենյակները հատկացված են ադրբեջանցի նկարիչներին։ Ցուցանմուշներում ներկայացված են ադրբեջանական կերպարվեստի և դեկորատիվ արվեստի, պատմական տարբեր ժամանակաշրջաններում ստեղծված տարբեր աշխատանքներ։ Կա առանձին բաժին նաև հին ադրբեջանական արվեստի համար, որտեղ ներկայացված են հին հագուստներ, մանրանկարներ, սպասքներ, կերամիկա։ Կան նաև շատ գորգեր Արցախից, Ղազախից, Շիրվանից և Ապշերոնից։ Ներկայացված են նաև կանացի և տղամարդու գոտիներ և դաշույններ[17]։ Ընդհանուր առմամբ թանգարանում պահպանվում է մոտ 17000[1][18] արվեստի գործ, սակայն տարածքի սղության պատճառով ոչ բոլոր ցուցանմուշներն են ներկայացված ցուցադրության[17]։

Անտիկ և միջնադարյան արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ և միջնադարյան արվեստի հավաքածուն ներկայացնում է Ադրբեջանի տարածքում գտնված անտիկ և միջնադարյան արվեստի տարբեր գործեր։ Դրանց թվում է Նախիջևանում գտնված թռչնի արձանը և Բաքվում գտնված մ.թ.ա. 3-1-ին դարերի կանանց արձանիկները։

Գեղանկարչության հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում պահպանվում են ադրբեջանական ռեալիստական արվեստի հիմնադիրներ Միրա Կադիմ Մամեդ-Հուսեյն օղլի Էրիվանիի, Միր Մոհսուն Նավաբի, Բահրուզ Կենգերլիի, Ազիկ Ասլան օղլի Ազիմզադեի և խորհրդային շրջանի ադրբեջանցի նկարիչներ Սալամ Սալամիձեի, Միքայել Հուսեյն օղլի Աբդուալաևի, Ամիր Գաջիևի, Թագի Ազիզ Աղա օղլի Թագիևի, Տողրուլ Ֆարման օղլի Նարիմանբեկովի, Թաիր Թեյմուր օղլի Սալախովի, Վիդադի Նարիմանբեկովի, Հազանֆար Ալեկպեր օղլի Հալիկովի, քանդակագործներ Օմար Հասան օղլի Էլադրովի գործերը։

Ռուսական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական արվեստի բաժնում ներկայացված են 18-րդ դարի ռուս նկարիչների գործեր, որոնց թվում կարելի է նշել Ֆեոդոր Ռոկոտովին, Վլադիմիր Լուկիչին, Նիկոլայ Արգունովին։ 19-րդ դարի կերպարվեստից պահվում են Կառլ Բրյուլովի, Ալեքսանդր Իվանովի, Վասիլի Տրոպինինի, Ալեքսեյ Վենեցիանովի, Իվան Շիշկինի, Սեմյոն Շյոդրինի, Իսահակ Լևիտանի, Ալեքսեյ Բոգոլյուբովի, Ալեքսեյ Կորզուխինի, Կիրիլ Լեմոխի, Վասիլի Պոլենովի, Ֆեոդոր Վասիլևի և հայազգի Հովհաննես Այվազովսկու որոշ գործեր։

Արևմտյան արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուի մաս են կազմում եվրոպական տարբեր նկարիչների արվեստի գործեր սկսած 16-րդ դարից մինչև 19-րդ դար։

Իտալական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական արվեստը ներկայացված է Լեոնարդո Բասանոյի, Ֆրանչեսկո Սոլիմենայի, Ֆրանչեսկո Գվերչինոի, Բերնարդինո Լուինիի, Անդրեա դել Սարտոյի և այլոց գործերով։ Թանգարանում է գտնվում այնպիսի հայտնի գործեր, ինչպիսիք են Լուինիի վրձնին պատկանող «Սուրբ Կատերինան», Բասանոյի «Կնոջ դիմանկարը»։ Արվեստի գործեր են պահվում նաև իտալացի քանդակագործ Լորենցո Բարտոլինիից։

Ֆլամանդական և հոլանդական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլամանադական և հոլանդական արվեստի համար առանձնացվել է թանգարանի երկու սրահ։ Հավաքածուում գործեր կան ֆլամանդացիներ Ադրիան Բրաուվերից, Դավիդ Կրտսեր Տենիրսից, Յուստուս Սյուստերմանսից, հոլանդացիներ Ֆրանս Հալսից, Ադրիան վան Օստադեից, Պիտեր Կլասից, Միխիլ վան Միրեվելտից։

Ֆրանսիական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական սրահը ներկայացված է 17-19-րդ դարերի նկարիչների գործերով, որոնցից են Գասպար Դյուգեն, Ժյուլ Դյուպրեն, Պասկալ Դանյան-Բուվրեն, Ժան Գրյոզը, Ժան-Ժոզեֆ Բենջամին-Կոնստանը, Ժան Օնորե Ֆրագոնարը, Լուի Էրսանը և այլն։

Գերմանական և իսպանական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում պահվում են նաև գերմանացիներ Յոհան Հենրի Ռոսի, Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Կալուբախի աշխատանքները, իսպանացի Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոյի «Հանգիստ Եգիպտոսի ճանապարհին» նկարի կրկնօրինակը։

Գորգերի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ներկայացված են Ադրբեջանի Հանրապետության տարբեր վայրերից հավաքված հին հայկական, իրանական և այլ գորգեր, որոնց մեծ մասը ներկայացվում են որպես ադրբեջանական։

Հին Եգիպտոսի արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում պահվում են նաև հին եգիպտական տարբեր քանդակներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Интервью директора музея Чингиза Фарзалиева. Наша коллекция насчитывает свыше 17 тысяч экспонатов // газета : «Азербайджанские известия». — 2 марта 2012. Архивировано из первоисточника 5 փետրվարի 2018.
  2. «NATIONAL ART MUSEUM OF AZERBAIJAN». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  3. Власов, Виктор Григоревич Большой энциклопедический словарь изобразительного искусства. — Лита, 2000. — Т. 1. — С. 534. — ISBN 5933630020
  4. [1]
  5. https://www.google.com/culturalinstitute/beta/exhibit/wQLSpFeTfN3ZLA Национальный музей искусств Азербайджана - Google Arts & Culture
  6. Азербайджанский государственный музей искусств: фото, описание
  7. 7,0 7,1 Азәрбајҹан инҹәсәнәт музеји / Под ред. Дж. Б. Кулиева. — Азербайджанская Советская Энциклопедия: Главная редакция АСЭ, 1976. — Т. 1. — С. 144. (ադրբ.)
  8. Art Museums and Galleries
  9. АЗЕРБАЙДЖАНСКИЙ НАЦИОНАЛЬНЫЙ МУЗЕЙ ИСКУССТВ им. РУСТАМА МУСТАФАЕВА
  10. Описание Национальный музей искусств Азербайджана
  11. 11,0 11,1 11,2 Шамиль Фатуллаев. Градостроительство Баку XIX—начала XX веков / Под ред. проф. В. И. Пилявского. — Ленинград: Стройиздат, 1978. — 215 с.
  12. 12,0 12,1 Тамара Гумбатова. Дебуровский дворец // литературный портал : Проза.ру. — 2012.
  13. İbrahim İsmayıl oğlu Zeynalov(ադրբ.) // Azərbaycan. — 2008. — С. 4.
  14. Ильхам Алиев принял участие в церемонии открытия нового корпуса Азербайджанского национального музея искусств
  15. Н. А. Рагимова. Научно-исследовательская работа в музее на основе фондов: на примере Азербайджанского государственного музея искусств им. Р. Мустафаева. // журнал : Вопросы музеологии. — 2010. Архивировано из первоисточника 24 փետրվարի 2015.
  16. Р. М. Эфендизаде. Проспект Нариманова — принципы архитектурно-планировочного решения. — Известия Академии наук Азербайджанской ССР: Издательство Академии наук Азербайджанской ССР, 1980. — С. 111.
  17. 17,0 17,1 Ибрагим Зейналов, бывший директор музея. Breathing Life Back Into Art. The National Art Museum // журнал : Azerbaijan International. — 2000. — № (8.2). — С. 48-50.
  18. «Музей искусств Азербайджана: экспозиции, адрес, телефоны, время работы, сайт музея». Тонкости туризма (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրբեջանի արվեստի ազգային թանգարան» հոդվածին։