1946-1980-ական թվականների հայկական կինո
1946-1980-ական թվականների կինոն։ Հետպատերազմյան առաջին տարիներին հայկական կինոյում առաջընթաց չի նկատվել։
1945-1959 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1945-1954 թվականներին Երևանի կինոստուդիայում նկարահանվել են 3 գեղարվեստական ֆիլմեր՝ «Անահիտ» (1947), «Արարատյան դաշտի աղջիկը» (1949, երկուսն էլ՝ ռեժիսոր՝ Հ. Բեկնազարյան), «Լեռնային լճի գաղտնիքը» (1954, ռեժիսոր.՝ Ա. Ռոու)։ 1950-ական թվական հայկական կինոյի պրոֆեսիոնալիզմի վերականգնման և գեղարվեստական որոնումների սկզբնավորման ժամանակաշրջանն է։ Կինոյի փորձված վարպետների շարքը համալրել են երիտասարդ սերնդի ներկայացուցիչները՝ Արտաշես Հայ-Արտյան, Ստեփան Կևորկով, Էրազմ Քարամյան, Լևոն Իսահակյան, Լաերտ Վաղարշյան, Գրիգոր Մելիք-Ավագյան, Յուրի Երզնկյան, ավելի ուշ՝ Հենրիկ Մալյան, Արման Մանարյան, Ֆրունզե Դովլաթյան, Արկադի Հայրապետյան, Հենրիկ Մարգարյան և ուրիշներ։ Այդ շրջանում են ստեղծվել «Ոսկե ցլիկ» (1955, ռեժիսոր՝ Մոկո Հակոբյան), «Պատվի համար» (1956, ռեժիսոր՝ Ա. Հայ-Արտյան), «Անձամբ ճանաչում եմ» (1957, ռեժիսոր՝ Ս. Կևորկով), «01-99» (1959, ռեժ.՝ Ա. Մարտիրոսյան) և այլ կինոնկարներ։ Արդի կյանքի կարևորագույն առանձնահատկություններն առավել արտահայտված են դրամայի և երաժշտական մելոդրամայի ժանրերի ֆիլմերում՝ «Սիրտն է երգում» (1956, ռեժիսորներ՝ Գ. Մելիք-Ավագյան, Յ. Երզնկյան), «Մոր սիրտը» (1958, ռեժ.՝ Գ. Մելիք-Ավագյան), «Առաջին սիրո երգը» (1958, ռեժիսորներ՝ Յ. Երզնկյան, Լ. Վաղարշյան)։ 1960-ական թվականներին կինոն նոր արտահայտչամիջոցներով է արտացոլել ազգային խառնվածքի և ինքնագիտակցության ժամանակակից մակարդակը։
1960-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նվագախմբի տղաները» (1960, ռեժիսորներ՝ Հ. Մալյան, Հ. Մարգարյան), «Տժվժիկ» (1961, ռեժիսոր՝ Ա. Մանարյան), «Տերտերին ուխտը» (1966, ռեժիսոր՝ Հ. Մարգարյան) և այլ ֆիլմերում ստեղծվել են մի շարք տպավորիչ կերպարներ, ավանդական ժանրերը հարստացվել են նոր գեղարվեստական արտահայտչամիջոցներով։ Այդ շրջանում վերահաստատվել և ամրապնդվել է հայկական կինոյի և թատրոնի կապը։ Կինոյում շարունակել են նկարահանվել թատրոնի անվանի դերասաններ Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Դավիթ Մալյանը, աստիճանաբար կինոյի առանձնահատկությունները յուրացրել են Մետաքսյա Սիմոնյանը, Մհեր Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Արմեն Ջիգարխանյանը, Սոս Սարգսյանը, Վարդուհի Վարդերեսյանը և ուրիշներ։ Այդ տարիներին են ստեղծագործել կինոօպերատորներ Գարուշ Բեկնազարյանը, Սարգիս Գևորգյանը, Դմիտրի Ֆելդմանը, Իվան Դիլդարյանը, Ժիրայր Վարդանյանը, Արտաշես Ջալալյանը, նկարիչներ Սերգեյ Արուտչյանը, Սուրեն Սաֆարյանը, Ստեփան Անդրանիկյանը, կինոերաժշտություն են գրել Արտեմի Այվազյանը, Առնո Բաբաջանյանը, Էդգար Հովհաննիսյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը և ուրիշներ։ Հայկական կինոյի նոր փուլն սկզբնավորվել է Ֆ. Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965) ֆիլմով, որտեղ ռեժիսորը հետևել է համաշխարհային առաջադեմ կինոարվեստի ոճաբանական ուղղություններին։ Այնուհետև էկրան են բարձրացել «Եռանկյունի» (1967), «Մենք ենք, մեր սարերը» (1969, երկուսն էլ՝ ռեժիսոր՝ Հ. Մալյան), «Սարոյան եղբայրներ» (1968, ռեժիսորներ՝ Խորեն Աբրահամյան, Արկադի Հայրապետյան), «Նռան գույնը» (1969, ռեժիսոր՝ Սերգեյ Փարաջանով) կինոնկարները, որոնք արժանացել են միության և միջագգային կինոփառատոների մրցույթների և ներկայացնում են հայկական կինոյի «նոր ալիքը»։ «Նոր ալիքի» ձևավորմանը նպաստել են դրամատուրգներ Առնոլդ Աղաբաբովի, Աղասի Այվազյանի, Հրանտ Մաթևոսյանի, Մանուկ Մնացականյանի, օպերատորներ Սերգեյ Իսրայելյանի, Ալբերտ Յավուրյանի, կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Տիգրան Մանսուրյանի և ուրիշների ստեղծագործությունները։
1970-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ական թվականներին սկսվել է հայկական կինոյի կայունության շրջանը, ընդլայնվել է կինոարտադրությունը։ Կինոռեժիսորներն անդրադարձել են և՝ ժամանակակից թեմաներին («Այստեղ, այս խաչմերուկում», 1974, ռեժիսոր՝ Կարեն Գևորգյան, «Սպիտակ ափեր», 1975, ռեժիսոր՝ Արման Մանարյան), և՝ ազգային դասական երկերին («Ժայռ»՝ ըստ Վրթանես Փափագյանի, 1973, ռեժիսոր՝ Վարդան Աճեմյան, Ա. Հայրապետյան, «Քաոս»՝ ըստ Շիրվանզադեի, 1975, ռեժիսոր՝ Լ. Վաղարշյան, և այլն)։ Այդ շրջանի հաջողված կատակերգություններից են «Տղամարդիկ» (1972, ռեժիսոր՝ Էդմոնդ Քեոսայան), «Հարսնացու հյուսիսից» (1975, ռեժիսոր՝ Ներսես Հովհաննիսյան) և այլն։ Հայկական կինոյում առավել ուշագրավ են «Երկունք» (ռեժիսոր՝ Ֆ. Դովլաթյան) և «Նահապետ» (ռեժիսոր՝ Հ. Մալյան, երկուսն էլ՝ 1977) կինոնկարները, առաջինն անդրադարձել է 1920-ական թվականներին հայկական նորաստեղծ հանրապետության կայացմանը, իսկ երկրորդը՝ հայոց Մեծ եղեռնին։
-
Արմեն Ջիգարխանյան
1980-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոցիալ-բարոյական խնդիրներ են շոշափում «Կյանքի լավագույն կեսը» (1979), «Հին օրերի երգը» (1982) և «Մեր մանկության տանգոն» (1984, երեքն էլ՝ ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան) ֆիլմերը, որտեղ ձևավորվել են նոր կինոհնչերանգներ և հերոսներ։ 1970-1980-ական թվականներին ազգային վառ ինքնատիպությամբ օժտված, ճշմարտացի կերպարներ են ստեղծել Խորեն Աբրահամյանը, Արման Կոթիկյանը, Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Շահում Ղազարյանը, Գուժ Մանուկյանը, Գալյա Նովենցը, Ազատ Գասպարյանը, Ազատ Շերենցը և ուրիշներ։ Հայ կինոյի հասունության շրջանը 1980-ական թվականներն են, երբ ստեղծված էին բոլոր գեղարվեստական միջոցները՝ լուծելու բարդ և համապարփակ խնդիրներ. «Կտոր մը երկինք» (ըստ Վահան Թոթովենցի, 1980, ռեժիսոր՝ Հ. Մալյան), «Երջանկության մեխանիկա» (1982, ռեժիսոր՝ Ն. Հովհաննիսյան), «Խնձորի այգին» (ըստ Ստեփան Զորյանի, 1985, ռեժիսոր՝ Գ. Մելիք-Ավագյան), «Մենավոր ընկուզենի» (ըստ Վարդգես Պետրոսյանի, 1986, ռեժիսոր՝ Ֆ. Դովլաթյան), «Գաղտնի խորհրդականը» (1987, ռեժիսոր՝ Աղասի Այվազյան), «Շնչառություն» (1988, ռեժիսոր՝ Ա. Մկրտչյան), «Դեմքով դեպի պատը» (ըստ Հովհաննես Մելքոնյանի, 1989, ռեժիսոր՝ Միքայել Դովլաթյան), «Քամին ունայնության» (1989, ռեժիսոր՝ Հարություն Խաչատրյան) և այլն։
-
Մհեր Մկրտչյան
-
Վլադիմիր Մսրյան
Հայկական հայտնի ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |