Ֆարահ Փահլավի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆարահ Փահլավի
Empress Farah.jpg
 
Կրթություն՝ École Spéciale d'Architecture?
Մասնագիտություն՝ գրող, թարգմանիչ, ճարտարապետ, սուֆրաժիստ և քաղաքական գործիչ
Ազգություն ազարի
Դավանանք շիա իսլամ
Ծննդյան օր հոկտեմբերի 14, 1938(1938-10-14)[1] (80 տարեկան)
Ծննդավայր Թեհրան, Իրան
Դինաստիա Փահլավիների հարստություն
Քաղաքացիություն Flag of Iran.svg Իրան
Մայր Farideh Ghotbi?
Ամուսին Մոհամմադ Ռեզա Փահլավի
Զավակներ Ռեզա Փահլավի, Farahnaz Pahlavi?, Ali-Reza Pahlavi? և Leila Pahlavi?
 
Կայք՝ farahpahlavi.org
 
Ինքնագիր Farah Pahlavi signature.svg
 
Պարգևներ

Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով, Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ, Թագավորության թագի շքանշան, Շտայգերի մրցանակ, «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ, «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հատուկ թողարկված Մեծ Խաչ, «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի մեծ աստղ, Փղի շքանշան և Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ

Ֆարահ Փահլավի (Փեհլևի, պարս.՝ فرح پهلوی, օրիորդական անունը՝ Ֆարահ Դիբա, հոկտեմբերի 14, 1938(1938-10-14)[1], Թեհրան, Իրան), Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի երրորդ կինը: Շահի երեք կանանցից միակն էր, որը 1967 թվականին թագադրվել է որպես շահբանու (համազոր է կայսրուհուն):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարահ Դիբան ծնվել է ծագումով իրանական ադրբեջանցու ընտանիքում[2][3]: Նրա հայրը՝ Սոհրաբ Դիբան, զինվորական սպա էր, ավարտել էր ֆրանսիական Սեն-Սիր հատուկ զինվորական բարձրագույն դպրոցը, իսկ մայրը՝ Ֆարիդեհ Գոթբին, գիլանցի էր՝ Լահիջան քաղաքից[4]: Ֆարահի հայրական պապը 19-րդ դարի վերջերին Իրանի դեսպանն էր Ռոմանովների Ռուսական կայսրությունում[5]:

1948 թվականին, երբ Ֆարահը 10 տարեկան էր, նրա հայրը մահացել է: Հոր մահից հետո, նրանց ընտանիքը ստիպված լքել է Թեհրանում գտնվող շքեղ առանձնատունը և տեղափոխվել մորեղբոր բնակարան[6]: Դպրոցական տարիներին Ֆարահն հրապուրվել է սպորտով և բասկետբոլի թիմի ավագն էր: Նա կրթություն է ստացել Թեհրանի իտալական դպրոցում, իսկ հետագայում ուսումը շարունակել է ֆրանսիական դպրոցում: Այնուհետև ճարտարապետություն է ուսումնասիրել Փարիզում՝ սովորելով École Spéciale d'Architecture մասնավոր դպրոցում[7]: Այնտեղ, 1959 թվականին, Իրանի դեսպանատանը, որպես Ֆրանսիայում սովորող իրանցի ուսանողուհու, ներկայացրել են շահին:

Հանդիպումից անմիջապես հետո, շահը նրան ամուսնության առաջարկություն է արել: Նրանք ամուսնացել են 1959 թվականի դեկտեմբերի 21-ին: Երիտասարդ թագուհին բոլորի ուշադրության կենտրոնում էր, իսկ շքեղ հարսանեկան արարողությունը լուսաբանվում էր համաշխարհային մամուլի կողմից:

1960 թվականի հոկտեմբերի 31-ին ծնվել է գահաժառանգը՝ Ռեզա Փահլավին: Մոհամմադ Ռեզա Փահլավիի և Ֆարահ Փահլավիի ամուսնությունից ծնվել են չորս երեխաներ.

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ազատ ժամանակը կայսրուհին նվիրաբերում էր արվեստին ու մշակույթին: Պարսկերենին զուգընթաց, նա տիրապետում էր անգլերեն, ֆրանսերեն և ադրբեջաներեն լեզուներին: Հագնվում էր նորաձև ու պերճաշուք: Նրան շատերը համեմատում էին Ժակլին Քենեդու հետ: Ֆարահի միջնորդությամբ Իրանում բացվեցին բազմաթիվ թանգարաններ: Նա ձեռք էր բերել այնպիսի նկարիչների կտավներ, ինչպիսիք էին Մարկ Ռոտկոն, Պաբլո Պիկասոն, Կլոդ Մոնեն, Գեորգ Գրոսը, Ջեքսոն Պոլլոքը, Էնդի Ուորհոլը և Ռոյ Լիխտենշտայնը: Դրան զուգահեռ, նրա ջանքերով երկիր վերադարձվեցին ազգային նկարիչների՝ ժամանակին դուրս տարված ստեղծագործությունները:

Գործի դնելով իր ազդեցությունը, նա կարողացավ շահի ուշադրությունը հրավիրել Իրանում կանանց կարգավիճակի վրա: Շուտով կանայք սկսեցին կրել եվրոպական հագուստներ և այլևս չէին ծածկում դեմքերն ու ձեռքերը: Կայսրուհու հովանավորչությամբ ստեղծվել են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք նպաստում էին պատմական և ժամանակակից պարսկական արվեստի հետագա զարգացմանն ու ճանաչմանը ոչ միայն Իրանում, այլ նաև Արևմուտքում: Նա կարողացավ ստիպել ամուսնուն, որպեսզի վերջինս միջոցներ տրամադրի ժամանակին Իրանից դուրս բերված հնությունները ետ գնելու և հայրենիք վերադարձնելու համար: Նրա շնորհիվ, Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանը իր հավաքածույով խոշորագույնն էր դարձել ողջ Ասիայում: Դրա հետ միասին, հաճախակի էին դարձել պահպանողականների և կրոնական արմատականների դժգոհությունները՝ շքեղությանն ու պերճանքին կայսրուհու հակվածության վերաբերյալ:

Իրանի հեղափոխությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն իսկ 1978 թվականի սկզբին, շահական կառավարման դեմ բողոքներն ու դժգոհությունները ավելի ցայտուն դարձան: Գնալով դժգոհությունների ալիքն ավելի սաստկացավ, որն էլ հետագայում հանգեցրեց միապետության դեմ զանգվածային ելույթների[8]: 1978 թվականի վերջերին, քաղաքական իրավիճակը վատթարացավ: Անկարգություններն ու ժողովրդական հուզումները հաճախակի էին դարձել և իրենց վերջնակետին հասան 1979 թվականի հունվարին: Կառավարությունը ռազմական դրություն մտցրեց բոլոր խոշոր քաղաքներում: Այդ ժամանակ էլ շահը որոշում կայացրեց՝ լքել երկիրը: Նրա ընտանիքը Իրանից հեռացավ 1979 թվականի հունվարի 16-ին և հանգրվանեց Եգիպտոսում:

Տարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարոկկոյի թագավոր Հասան II-ի հրավերով՝ շահի ընտանիքը կարճ ժամանակով բնակվել է նաև Մարոկկոյում[9]: 1980 թվականի հուլիսի 27-ին շահը վախճանվեց: Նրա մահից հետո կայսրուհին Եգիպտոսում մնաց ևս երկու տարի: Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի սպանությունից մի քանի ամիս անց, կայսրուհին ընտանիքի հետ հեռացավ Եգիպտոսից: ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը հայտնել էր, որ պատրաստ են նրան ընդունել ԱՄՆ-ում[10]:

Սկզբնական շրջանում Ֆարահ Փահլավին հաստատվեց Մասսաչուսեթս նահանգի Ուիլյամսթաուն քաղաքում, իսկ հետագայում բնակություն հաստատեց Կոնեկտիկուտի Գրինվիչ քաղաքում: Դստեր մահից հետո նա տեղափոխվեց Մերիլենդ նահանգի Պոտոմակ քաղաք, Վաշինգտոնից ոչ հեռու, որպեսզի մոտ լինի որդուն ու թոռներին: Ներկայումս նա չորս թոռնուհիների տատիկ է[11]:

Տարին մեկ անգամ Ֆարահ Փահլավին մեկնում է Կահիրե, այցելում Ալ-Ռիֆաի մզկիթում թաղված ամուսնու դամբարանին: Զբաղվում է բարեգործությամբ, մասնակցում աշխարհի թագավորական ընտանիքներում կազմակերպվող միջոցառումներին:

2003 թվականին լույս է տեսել նրա «Ամուր սեր. Իմ կյանքը շահի հետ» հիշողությունների գիրքը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց գրական աշխարհում: 2009 թվականին պարսկա-շվեդական ռեժիսոր Նահիդ Փերսոն Սարվեստանին Ֆարահ Փահլավիի կյանքի մասին նկարահանել է «Թագուհին ու ես» վավերագրական կինոնկարը, որը ցուցադրվել է միջազգային տարբեր կինոփառատոներում[12]: 2012 թվականին, հոլանդացի ռեժիսոր Քիս Ռոռդան, ոգեշնչվելով Ֆարահ Փահլավիի տարագրության մեջ անցած կյանքից, բեմադրել է ներկայացում[13]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. Shakibi, Zhand. Revolutions and the Collapse of Monarchy: Human Agency and the Making of Revolution in France, Russia, and Iran. — I. B. Tauris, 2007. — ISBN 1-84511-292-X; p. 90: «In 1959 he (Mohammad Reza) married Farah Diba, who came from a prominent Azeri family.»
  3. Taheri, Amir. The Unknown Life of the Shah‎. Hutchinson, 1991. ISBN 0-09-174860-7; p. 160
  4. Pahlavi, Farah. ‘An Enduring Love: My life with The Shah. A Memoir’ 2004
  5. Farah Pahlavi. «An Enduring Love: My Life with the Shah: A Memoir» — Miramax Books, 2005 — ISBN 1-4013-5961-2, 9781401359614
  6. Фарах Пехлеви - иранская императрица, азербайджанка по происхождению(ադրբ.) // NewsMe. — 25 июня 2010 года.
  7. Meng J. I. (2013-07-29)։ Translation, History and Arts: New Horizons in Asian Interdisciplinary Humanities Research (անգլերեն)։ Cambridge Scholars Publishing։ ISBN 9781443851176 
  8. «1978: Iran's PM steps down amid riots»։ BBC News։ 5 November 1978։ Վերցված է 2 May 2010 
  9. Information On Farah Pahlavi.
  10. Pahlavi, Farah. ‘An Enduring Love: My life with Shah. A Memoir’ 2004
  11. «Announcement of Birth»։ Reza Pahlavi։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-07-ին։ Վերցված է 2011-08-05 
  12. «The Queen and I»։ sundance.org 
  13. «Farah Diba, World's Prettiest Woman: Premiere in Haarlem»։ iranian.com։ 2012