Հմայակ Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հմայակ Ավետիսյան
Ծնվել էփետրվարի 19, 1912(1912-02-19)
ԾննդավայրՄանդան[1]
Վախճանվել էնոյեմբերի 27, 1978(1978-11-27) (66 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1937)[1]
Մասնագիտություննկարիչ, մանկավարժ և գծանկարիչ
Ժանրդիմապատկեր և բնանկար
ՈւսուցիչՎրթանես Ախիկյան և Ստեփան Աղաջանյան
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան,
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱմուսինԱրաքսյա Հունանյան
Հմայակ Ավետիսյան Վիքիդարանում

Հմայակ Ավետիսի Ավետիսյան (փետրվարի 19, 1912(1912-02-19), Մանդան[1] - նոյեմբերի 27, 1978(1978-11-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), սովետահայ գեղանկարիչ, գրաֆիկ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, մանկավարժ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960), Հայրենական Մեծ պատերազմի, մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հմայակ Ավետիսյաը ծնվել է Վանի նահանգի Արճակ գավառի Մանդան գյուղում։ Ծննդյան օրն անհայտ է[Նշում 1]։ Մեծ եղեռնի օրերին  ողջ ընտանիքից միայն փրկվել է Հմայակ Ավետիսյանը և հայտնվել Երևանի որբանոցներից մեկում,  իսկ 1920-1927 թվականներին գտնվել է  Ալեքսանդրոպոլի (Գյումրի) ամերիկյան որբանոցում (հայտնի Պոլիգոն անվանմամբ)։ Վաղ տարիքում հետաքրքրվել է նկարչությամբ և ընդունվել Պոլիգոնի միջնակարգ դպրոցին կից գործող նկարչական ստուդիա, ուր նրա առաջին ուսուցիչն է եղել գեղանկարիչ Ստեփան Ալթունյանը։ 1927 թվականին ընդունվել է Երևանի Գեղարդ տեխնիկում (3-րդ կուրս), աշակերտել  Վրթանես Ախիկյանին և Ստեփան Աղաջանյանին։ Ուսման տարիներին ապրել է Նորքի 2-րդ մանկատանը։ Տեխնիկումն ավարտելուց հետո՝ 1929-1931 թվականներին, որպես ուսուցիչ աշխատել է Ղուկասյանի շրջանի Քոռաղբյուր գյուղում,  դասավանդել է Լենինականի նկարչական դպրոցում։

1932 թվականին ընդունվել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիա,  սովորել է Կոնստանտին Ռուդակովի, Նիկոլայ Ռադլովի, Աննա Օստրոումովա-Լեբեդևայի, 3-րդ կուրսից՝ Եվգենի Լանսերեի և Վլադիմիր Բելկինի արվեստանոցներում։

Ուսումն ավարտելուց հետո՝ 1937 թվականին, Ավետիսյանը վերադարձել է Երևան և օգոստոսի 25-ից աշխատանքի անցել Երևանի գեղարվեստի ուսումնարանում որպես գծանկարի և կոմպոզիցիայի դասախոս։ Նույն ամսին ամուսնացել է Պոլիգոնի տարիների մանկության ընկերուհու՝ Արաքսյա Հունանյանի հետ, ով հետագայում դարձել է հանրապետությունում նախադպրոցական մանկավարժության բնագավառի առաջատար մասնագետներից մեկը։ 1938 թվականին նորաստեղծ ընտանիքում առաջին անգամ նշվել է նկարչի ծննդյան օրը։ Պոլիգոնում այն որբերին, որոնք չգիտեին իրենց ծննդյան ամսաթիվը, տրվում էին միասնական օրեր. հունվարի 1-ը կամ հուլիսի 1-ը։ Հետագայում Ավետիսյանի անձնագրում հունվարի 1-ը փոխարինվել է առաջին եռամսյակ նշումով։ Կնոջ ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, որը մոտավորապես համընկնում էր առաջին եռամսյակի կեսին, այնուհետ դարձել է նաև Հմայակ Ավետիսյանի ծննդյան օրը։

1939 թվականին Ավետիսյանը դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ (անդամատոմսը  համար 23)։ Նույն թվականին նա 7 աշխատանքով մասնակցել է  «Հայկական ՍՍՀ կերպարվեստը» ցուցահանդեսին, որը կայացել է Մոսկվայում հայկական արվեստի տասնօրյակի կապակցությամբ։

1940-1941 թվականներին մասնակցել է մի շարք ցուցահանդեսների՝ Հայաստանի 20-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսին, գրաֆիկայի սեկցիայի, շրջիկ արվեստանոցի, էտյուդների ցուցահանդեսներին և այլն։ 1941 թվականի գարնանը Հայաստանի Նկարչի տանը տեղի է ունեցել Հմայակ  Ավետիսյանի, Բաբկեն Քոլոզյանի և Եփրեմ Սավայանի ստեղծագործական հաշվետու երեկոն։

1941 թվականի հունիսի 22-ին սկսվել է Խորհրդա-գերմանական պատերազմը և առաջին օրերից մինչև 1945 թվականի հոկտեմբեր Ավետիսյանը ծառայել է սովետական բանակում։ Այնտեղ դարձել է ԽՄԿԿ անդամ։ Պատերազմական պայմաններում չի դադարել նկարել։ 1943 թվականին դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։

1945 թվականի աշնանը Երևանում սկսել է գործել  գեղարվեստի պետական ինստիտուտը, որտեղ հիմնադրման օրից մինչև իր կյանքի վերջը Ավետիսյանը դասավանդել է գծանկար։ 1968 թվականից Խաչատուր Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է նաև գեղանկարչություն։ Մանկավարժի բնատուր տաղանդի շնորհիվ Ավետիսյանը կրթել և դաստիարակել է հայ արվեստագետների մի քանի սերունդ, որոնց թվին են պատկանում  ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՌԴ և ՀՀ ժողովրդական ու վաստակավոր նկարիչներ Ղուկաս ՉուբարյանըՄկրտիչ ՍեդրակյանըԱնատոլի Պապյանը, Արա Հարությունյանը, Հովհաննես Շարամբեյանը, Զաքար ԽաչատրյանըԽաչատուր ԻսկանդարյանըՎաղինակ Ասլանյանը, Ռուբեն Ադալյանը և  այլ անվանի արվեստագետներ։  

Հմայակ Ավետիսյանը մահացել է 1978 թվականի նոյեմբերի 27-ին Երևանում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուրջ հիսուն տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում կերտել է հարյուրավոր գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ։ Ավետիսյանի արվեստը ձևավորվել և զարգացել է ռեալիստական դիրքորոշման շրջանակներում։ Նկարչի ողջ ստեղծագործությունն  իր կյանքի պատմությունն է, որում արտացոլվել է մի ողջ դարաշրջան։ Վաղ տարիքում կրած հոգեկան ցնցումը՝ հայրենիքի, ընտանիքի անվերադարձ կորուստը, որբանոցներում անցկացրած մանկական և պատանեկան տարիները, տանջալից տպավորություններն իրենց արտացոլումն են գտել նրա գործերում («Որբը», 1927, «Անցյալի առօրյայից», 1960): 1965 թվականին՝ հայոց Մեծ եղեռնին ընդառաջ, Ավետիսյանը կերտել է «Երախտապարտ ենք» մոնումենտալ կոմպոզիցիան։ Նրա պատմական և թեմատիկ կտավների շարքում հատուկ տեղ են զբաղեցնում «Ազատարարները» (1956), «Արշալույս» (1972), «Ազատության զինվորները» (1976), ինչպես նաև լենինյան թեմային նվիրված մեծադիր կտավները՝ «Վլադիմիր Լենինը և Մաքսիմ Գորկին Կապրի կղզում» (1950), «Նախօրեին» (1963), «Ուսուցչի հետ» Վ. Լենին և Ալեքսանդր Մյասնիկյան (1967), «Բոգդան Կնունյանցի ելույթը ՌՍԴԲԿ 2-րդ համագումարում 1903 թվականին Լոնդոնում» (1969):

Նկարչի բազմաթիվ դիմանկարներն աչքի են ընկնում ընդհանրացման բարձր աստիճանով և մարդկային բնության խոր ըմբռնումով։ Չափազանց լայն է նկարչի պատկերած անձանց շրջանակը թե' պատմական, թե' սոցիալական և նույնիսկ տարիքային առումով։ Նկարիչը կերտել է հայ մշակույթի երախտավորների՝ Մեսրոպ Մաշտոցի (1962), Խաչատուր Աբովյանի (1956), Րաֆֆու (1965), սովետահայ մտավորականության ներկայացուցիչների՝ Վ. Աճեմյանի (1958), Լ. Զոհրաբյանի (1959), Վ. Փափազյանի ( 1967), Խ. Դաշտենցի (1969), արվեստակիցների՝ Հ. Կոջոյանի, Կ. Մեծատուրյանի, Է. Իսաբեկյանի, Ռ. Խաչատրյանի և այլոց դիմանկարները։ Ուշագրավ են նաև  բանվորների, հողի աշխատավորների («Լենինականի դեպոյի փականագործ Մ. Գյուլնազարյան» (1957), «Վեդիեցի Մանուկ քեռին» (1961), «Կոլտնտեսուհին» (1960), երեխաների («Անուշ» 1964, «Իռա Փահլավունի» 1964) և հարազատների դիմանկարները («Կյանքի է կոչում» 1938, «Կնոջս՝ Արաքսյայի դիմանկարը» 1940, դուստրեր Անահիտը (1957, 1958, 1960) և Արմենուհին (1957, 1958)։ Խմբակային դիմանկարներում («Ընկերուհիներ» 1962, ««Սպարտակ» կոմունիստսկան երիտասարդական կազմակերպությունը» 1971) ուրույն տրամադրությամբ առանձնանում է «Չվերադարձան» (1975) կտավը, նվիրված «Հայրենական մեծ պատերազմում» զոհված նկարիչ-ընկերներին։ Ինքնադիմանկարներում ի հայտ է գալիս նկարչի ստեղծագործական անհատականությունը՝ մեղմ և զուսպ առօրյա կյանքում, նա արվեստում անզիջում բարձրաձայնում է իր արժեքային կողմնորոշումը և համոզմումքները։  Երկար տարիներ Ավետիսյանի որոշ աշխատանքներ արգելված էին, այդ թվում «Նախօրեին», «Երախտապարտ ենք», «Մուսալեռցի տատը» (1955), «Լենինականի դեպոյի փականագործ Ռ. Հակոբյանը» (1957)։

Մեծաթիվ է նաև Ավետիսյանի բնանկարչական ժառանգությունը։ Այդ գործերը թույլ են տալիս հետևել նրա ստեղծագործական էվոլյուցիային՝ բացահայտելով նկարչի խոհերի, ապրումների և տրամադրությունների ողջ բազմազանությունը՝ ցավագին մտորումներ մեր պատմության ողբերգական անցքերի մասին («Խավարես, լուսին» 1973, «Հառիճ. Գիշեր» 1974, «Տեղեր» 1975), տանջալից հայրենաբաղձություն («Նկարչի ծննդավայրը՝ Վանի նահանգի Մանդան գյուղը» 1973), մեղադրանք և պահանջ պահպանել հայրենի բնությունը («Սևանի բողոքը» 1966), ինչպես նաև մեղմ քնարականությամբ («Ամպամած օր Բերդում» 1968, «Ճանապարհ դեպի Մարինե եկեղեցի» 1972), ապրելու զմայլանքով և բերկրանքով լի ստեղծագործություններ («Բջնի» 1952), «Արևոտ օր. Ծակքար» 1965, «Տեղեր. Աստվածածնի եկեղեցին» 1974, «Վարդենիս. Կարճաղբյուր» 1977)։ Բնանկարներում, ինչպես և դիմանկարներում առանձնակի ուժով է դրսևորվել Հ. Ավետիսյան  գեղանկարչի և գրաֆիկի վարպետությունը։

Ավետիսյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և դրա մասնաճյուղերում, Ե. Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում, Վանաձորի կերպարվեստի թանգարանում, հանրապետության այլ պետական և հասարակական հաստատություններում, Ուլյանովսկի, Ամուրի Կոմսոմոլսկի և այլ թանգարաններում, Հալեպի «Սարյան ակադեմիա»-ում (Սիրիա), ինչպես նաև Հայաստանի և արտերկրյա մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին առաջին անգամ Ավետիսյանը մասնակցել է ցուցահանդեսի՝ «Սովետական Հայաստանը 11 տարում»։ 1939 թվականից (բացառությամբ պատերազմական տարիների) մասնակցել է բոլոր հանրապետական, ինչպես նաև համամիութենական ցուցահանդեսներին Մոսկվայում, Լենինգրադում։ Ավետիսյանի աշխատանքները ցուցադրվել են Լատվիայում, Էստոնիայում, Մոլդովայում, Վրաստանում և այլուր։ Մոսկվայում կայացած հայ արվեստի և գրականության 2-րդ տասնօրյակին ցուցադրված «Ազատարարները» կտավը 1957 թվականին լույս է տեսել որպես փոստային բացիկ «Սովետսկիյ խուդոժնիկ» հրատարակչության կողմից։ 1974 թվականին Հայաստանի Նկարչի տանը կայացել է Ավետիսյանի հոբելյանական անհատական ցուցահանդեսը։ Նույն տեղում 1985 թվականին կայացել է նկարչի հետմահու ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված էին 200-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործություններ։ Ցուցահանդեսը մեծ հաջողություն է ունեցել և լայն արձագանք գտել մամուլում, հեռարձակվել հեռուստատեսությամբ և ռադիոյով։ Ավետիսյանի մասնակցությամբ ցուցահանդեսների լրիվ ցանկը (73), ինչպես նաև մատենագրության ցանկը գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահի ձեռագրահուշագրային բաժնում և Հայաստանի ազգային արխիվում։

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ հաղթանակի համար» մեդալ
  • «Պատվո նշան» շքանշան (1956)
  • Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960)
  • «1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 20 տարի» հոբելյանական մեդալ
  • Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի գծանկարի ամբիոնի դոցենտ (1966)
  • Մատաղ սերնդի դաստիարակման գործում երկարամյա անբասիր աշխատանքի և Լենինականի Ս. Դ. Մերկուրովի անվան նկարչական դպրոցի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ ՀԽՍՀ Կուլտուրայի մինիստրության պատվոգիր (1971)
  • Հայ թատերական և կերպարվեստի կադրեր պատրաստելու գործում մատուցած ծառայությունների համար և Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ պատվոգիր (1971)
  • ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգիր սովետահայ կերպարվեստի զարգացմանը մատուցած ծառայությունների և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ (1972)
  • Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի գծանկարի ամբիոնի պրոֆեսոր (1977)

Մեջբերումներ Հմայակ Ավետիսյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել գծանկար նշանակում է խորհել կյանքի, իրականության իմացության, նրա կապակցությունների և հակադրությունների մասին, հոգեբանական վիճակների, պլաստիկական արտահայտությունների, գեղեցիկի ըմբռնման մասին։
Կերպարվեստի  արտահայտչամիջոցներից դժվարագույնը գծանկարն է։ Այն մարդկային մտքի, հույզերի և զգացումների արտահայտման ամենասուր և լակոնիկ ձևերից մեկն է։ Նկարիչը պետք է կարողանա նկատել գեղեցիկը, իսկ գեղեցիկը արտահայտելու համար պետք է լինել անկեղծ ու ազնիվ
Իսկական արվեստի արդյունքը միշտ էլ բարոյական է։

Մեջբերումներ Հմայակ Ավետիսյանիի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ստեղծագործական մեծ դիապազոնի նկարիչ է, նուրբ և հարուստ կոլորիստ, փայլուն գծանկարիչ։ Նրա կտավները լի են էքսպրեսիայով, հագեցած են մեծ դրամատիզմով և խորությամբ։ Այդ ամենին նկարիչը հասնում է արվեստի միջոցներով` գույնով, գծով, բծով։ Հմայակ Ավետիսյանը, գեղանկարում և գրաֆիկայում, մեզ ցույց տվեց իր ոչ մեկին չնմանվող Հայաստանը` տառապած, խիստ, չքնաղ
- Վլադիմիր Այվազյան
...մի իսկական հայ ևս պակասեց մեր մտավորական շրջանակներից, մի մարդ, որի կրծքի տակ մխացող մի վիշտ կար, որ իրենն էր ու միայն իրենը չէր, բոլորինս էր։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պոլիգոնում այն որբերին, որոնք չգիտեին իրենց ծննդյան ամսաթիվը, տրվում էին միասնական օրեր. հունվարի 1-ը կամ հուլիսի 1-ը։ Հետագայում Ավետիսյանի անձնագրում հունվարի 1-ը փոխարինվել է առաջին եռամսյակ նշումով։ Կնոջ ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, որը մոտավորապես համընկնում էր առաջին եռամսյակի կեսին, այնուհետ դարձել է նաև Հմայակ Ավետիսյանի ծննդյան օրը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 613