Արաքսյա Հունանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հունանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արաքսյա Գևորգի Հունանյան (փետրվարի 19, 1912(1912-02-19), Վոլգոգրադ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 16, 2001(2001-09-16), Երևան, Հայաստան), հայ մանկավարժ, նախադպրոցական դաստիարակության մասնագետ[1]։

Արաքսյա Հունանյան
Ծնվել էփետրվարի 19, 1912(1912-02-19)
ԾննդավայրՑարիցին(Այժմ Վոլգոգրադ), Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 16, 2001(2001-09-16) (89 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունմանկավարժ
ԱմուսինՀմայակ Ավետիսյան

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաքսյա Գևորգի Հունանյանը ծնվել է Ցարիցինում՝ Պարսկաստանի Սալմաստ գավառի Հավթվան գյուղից գաղթած հողագործ Գևորգ Հունանյանի ընտանիքում։ Հոր մահից հետո 1919 թվականին նրան իր կրտսեր երկու քույրերի և եղբոր հետ հանձնեցին հայկական եկեղեցուն կից որբանոց Կիսլովոդսկում, ուր ընտանիքը տեղափոխվել էր հեղափոխությունից հետո։ Հայկական եկեղեցին փակվելուց հետո նրանք գտնվում են քաղաքային մանկատանը, ապա երեխաներին ուղարկում են Թիֆլիս՝ բարեկամների մոտ։ Վրաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո կապը ընտանիքի հետ խզվում է, և 1922 թվականին երեխաները հայտնվում են Լենինականի ամերիկյան որբանոցում։ 1924 թվականի ամռանը լիկվիդացվեց Կազաչիյ պոստ աղջիկների որբանոցը, և հունիսի 19-ին նրան տեղափոխեցին Պոլիգոնի №18 որբանոցը, որտեղ նա սովորել է Ամերկոմի կրթական բաժնի մանկավարժական տեխնիկումում։ Ինչպես նշված է Ամերկոմի կրթական բաժնի վարիչ Ջոզեֆ Բիչի[2] կողմից տրված վկայականում, Ա. Հունանյանը «համաձայն իր ցանկությանն արձակվում է Պոլիգոնի մանկատնից կանոնավոր կերպով սույն 1928 թվականի մայիս 23-ին, խոստանալով լինել պատվավոր և բարի քաղաքացի ու այլևս ուրիշի խնամքի չդիմել»։ Այդ խոստմանը նա հավատարիմ մնաց մինչև իր կյանքի վերջին օրը։ Մայիսի 23-ին քառասուն մեկ հոգուց բաղկացած խմբի հետ նրան ուղարկել են Սուխում՝ աշխատանքի։ Այստեղ հատուկ, փշալարերով շրջապատված, հողամաս կար ամերիկյան օֆիսով, ուր նախապես հայտարարված էր լինում որբերի ժամանելու օրը։ Տարբեր տեղերից և շրջաններից հայեր և այլ ազգի մարդիկ հավաքվում և սկսում էին ընտրություն կատարել ինչպես շուկայում, հիմնականում ընտրում էին առողջ, ֆիզիկական աշխատանքի ընդունակ որբերին։ 7-րդ օրը Արաքսյային վերցրեց մասնագիտությամբ ատամնաբույժ Զինաիդա Նիկոլաևնա Տուրչինսկայան, որն և օգնեց նրան գտնել իր հարազատներին, որոնք բնակվում էին Մոսկվայում։

1929 թվականին փետրվարի 28-ից - ապրիլի 30-ը Ա. Հունանյանը հաճախել է Մոսկվայի ուսուցիչների կատարելագործման ինստիտուտի ազգային փոքրամասնությունների համար կազմակերպված նախադպրոցական դաստիարակության կարճատև դասընթացները և գործուղվել Կիսլովոդսկ՝ Բուդյոննովսկ գյուղում աշխատելու։ 1929-1931 թթ. աշխատանքին զուգընթաց սովորել է Եսենտուկիի մանկավարժական տեխնիկումում։ 1931-1933 թթ. աշխատել է Կիսլովոդսկի «Նացմեն» մանկապարտեզում որպես դաստիարակ, ապա՝ վարիչ։ Ակտիվ և նվիրված աշխատանքի համար Կիսլովոդսկի ՀամԼԿԵՄ քաղկոմը 1933 թվականին գործուղել է Ա. Հունանյանին Մոսկվա՝ Ն. Կ.Կրուպսկայայի անվան Կոմունիստական դաստիարակության ակադեմիայում սովորելու, ուր նրա ուսուցիչներն են եղել անվանի գիտնական Ս. Լ. Ռուբինշտեյնը, հայազգի հայտնի հոգեբան Բ. Գ. Անանևը, մանկավարժներ Ե. Յա. Գոլանտը, Պ. Ն. Գրուզդևը, Ա. Մ. Լեուշինան։ Ուսման տարիներին, արձակուրդների ժամանակ նա շարունակել է աշխատել որպես դաստիարակ։ 1934 թվականին Ակադեմիան տեղափոխվեց Լենինգրադ։ Նոյեմբերին Հայաստանի խորհրդայնացման 14-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ուսանողները հրավիրվել էին բժշկական ինստիտուտի մեծ դահլիճ, ուր զեկուցումով հանդես եկավ ակադեմիկոս Հ. Օրբելին։ Այդ օրը Ա. Հունանյանը հանդիպեց Պոլիգոնի նախկին իր ընկերներին, որոնք սովորում էին Գեղարվեստի ակադեմիայում։ Այդտեղ էր նաև Հմայակ Ավետիսյանը (հետագայում՝ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր)։ Ուսումն ավարտելուց հետո նրանք գործուղվել են Երևան և 1937 թվականի օգոստոսին ամուսնացել։

1937-1940 թթ. Հունանյանն աշխատել է Լուսժողկոմատին կից հանրապետական նախադպրոցական մեթոդ-կաբինետում որպես մեթոդիստ։ Համատեղության կարգով 1939 թվականից մինչև 1958 թվականը դասավանդել է մանկավարժական ուսումնարանում, որտեղ վարել է նախադպրոցական մանկավարժություն, մանկավարժության պատմություն և հոգեբանություն առարկաները/դասընթացները։ ՍՄԿԿ անդամ՝ 1946- 1990 թթ։ 1944 թվականին Ա. Հունանյանը նշանակվել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան (մինչև 1960 թ.): Նույն թվականից վարել դասախոսություններ, իսկ 1949-1967 թթ. աշխատել որպես ավագ դասախոս։ Օժտված լինելով նախաձեռնող բնավորությամբ՝ Ա.Հունանյանը 1944 թվականի հոկտեմբերին հիմնել է նախադպրոցական մանկավարժության ամբիոնը[3] և որպես ամբիոնի վարիչ ղեկավարել այն մինչև 1955 թվականի սեպտեմբերը։ Սկսած 1940-ականների վերջից նրա ջանքերով հիմնադրվեցին ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի բոլոր բաժինները. հոգեբանության – տրամաբանության բաժինը (1948-49 ուս. տարի), դպրոցական բաժինը (1956-57 ուս. տարի), որից հետո երգ-երաժշտության, 1959-60 ուս. տարում կազմակերպվեցին ռուսական և ադրբեջանական բաժինները և նկարչության մեթոդիկայի բաժինը։ Ա. Հունանյանը ոչ միայն անմիջականորեն ղեկավարել է այդ բաժինները(կազմել համապատասխան բաժինների ուսումնական պլաններ, կազմակերպել երկհերթ աշխատանք, ձեռք բերել համապատասխան գույք՝ մոլբերտներ, երաժշտական գործիքներ), այլև՝ համալրել երաժշտության և նկարչության ամբիոնները բարձրակարգ մասնագետներով։ Հետագայում որոշ բաժիններ վերածվել են ինքնուրույն ֆակուլտետների։ 1966 թվականին Ա. Հունանյանն ստանձնել է Հանրապետական նախադպրոցական գիտամեթոդական կաբինետի ստեղծման գործը և որպես տնօրեն ղեկավարել է այն մինչև 1974 թվականի դեկտեմբերը:«Ինձ միշտ բախտ է վիճակվել սկսել մի նոր գործ, և դա հիանալի է՝ միշտ ապրել հեռանկարով», - ասել է Ա. Հունանյանը կաբինետի կազմավորման եռուն օրերին։ Կարճ ժամանակում կաբինետը դարձավ նախադպրոցական մանկավարժության կարևորագույն կենտրոն։ Այն ղեկավարում էր ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի և Ադրբեջանի հայաբնակ շրջանների նախադպրոցական ցանցի աշխատողների գիտամեթոդական աշխատանքը։ Ա. Հունանյանը հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների և մեթոդական ձեռնարկների, նշենք մի քանիսը՝ Գեղագիտության դաստիարակության հարցեր[4], Խաղը որպես երեխաների կյանքի ու գործունեության կազմակերպման միջոց[5], Աշխատանքային դաստիարակության մի քանի հարցեր[6], «Օգնություն մանկավարժական ընթերցումներին» նախապատրաստվողներին (Եր., 1969)[7]: 1997 թվականին լույս է տեսել նրա «Նախադպրոցական դաստիարակության երախտավորները։ Նախադպրոցական դաստիարակության հանրապետական գիտամեթոդական կաբինետի պատմությունից» գիրքը։ Ա. Հունանյանը հանդես է եկել բազմաթիվ ելույթներով և զեկուցումներով, մասնակցել հանրապետական և համամիութենական կոնֆերանսներին։ Նա հանրապետության նախադպրոցական ոլորտի ամենաճանաչված դեմքերից էր։ Ինչպես նշվել էր Ա. Հունանյանին նվիրված մեծարման երեկոին (Խ. Աբովյանի անվան ինստիտուտի մեծ դահլիճ, 26.12.1967), դժվար է այժմ գտնել նախադպրոցական ցանցի մի աշխատող, որը չլիներ նրա սանը կամ էլ սանի սանը։ 1982 թվականի ապրիլին Ա. Հունանյանի 70-ամյակի առթիվ մեծարման հանդիսությանն իր շնորհակալական խոսքում նա ասել է. «Լավ մանկավարժ-դաստիարակը նա չէ, ով կարողանում է միայն լավ ուսուցանել նյութը՝ սովորեցնել ոտանավոր, հաշվել, նկարել, երգել և այլն. դա հեշտ է։ Լավ մանկավարժը նա է, ով լավ ուսուցման հետ մեկտեղ, լավ մարդ է դաստիարակում՝ օգտակար իր ընտանիքին, ժողովրդին։»

Իր գործունեության սկզբնական շրջանից ի վեր, ապա ինստիտուտում և նրանից դուրս Ա. Հունանյանն ակտիվորեն մասնակցել է բազմաթիվ հասարակական աշխատանքների՝ անգրագիտության վերացում, ագիտատոր, ՀՍՍՀ Գերագույն դատարանի ատենակալ և այլն։ Հանրապետական կարգի անհատական կենսաթոշակառու, աշխատանքի վետերան Արաքսյա Հունանյանը մահացել է 2001 թվականի սեպտեմբերի 16-ին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ 1941-1945 թթ. աշխատանքային արիության համար», մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 30 տարին» մեդալ
  • «Խ. Աբովյանի» մեդալ (1967 թ.)
  • «Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի» մեդալ
  • «Աշխատանքի վետերան» (1979 թ.)
  • «1941-1945 թթ. Մեծ պատերազմում հաղթանակի 50 տարին» մեդալ
  • Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգիր (1954 թ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՊՄՀ նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոն
  2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԿՈՄԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ(չաշխատող հղում)
  3. aspu.am
  4. «Սովետական դպրոց», 20.11.1964
  5. «Սովետական մանկավարժ», 1969, №9
  6. «Սովետական մանկավարժ», 1974, №10
  7. Համառոտ տեղեկություններ Երևանի Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի և նախադպրոցական մանկավարժության ամբիոնի վերաբերյալ։ 1983 թ Ազգային արխիվ ֆոնդ 681, ցուցակ 26, գործ 7։ Քառասնամյա բեղմնավոր ուղի «Մանկավարժ», 15.02.1985

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արաքսյա Հունանյան։ «Սովետական մանկավարժ» 1972, №3:
  2. Վահրամ Խաչիկյան. Ազնիվ ու շիտակ կյանք։ «Մանկավարժ» 7.05.1982 թ։
  3. Ռ. Գյուրջինյան. Շյուղեր հաստաբուն ծառի վրա։ «Սովետական դպրոց» , 18.03.1982 թ։
  4. Ռ. Գյուրջինյան. Ամբիոնի 40-ամյա ուղին(չաշխատող հղում): «Սովետական դպրոց» , 31.01.1985 թ։
  5. Եթե ապրում ես, ապրիր ազնիվ ու լիարյուն կյանքով։ Տես՝ Յուրի Արտավազդ. Ծաղկած խնձորենի։ Եր., 2013, էջ 190-206