Թմրամիջոց
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թմրանյութ (այլ կիրառումներ)
Թմրամիջոց, (հունարեն՝ ναρκωτικός, narcosis՝ ընդարմացում (ստուպոր)), ԱՀԿ (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) սահմանման համաձայն՝ նյութ, որն առաջացնում է ընդարմացում, կոմա կամ անզգայացում՝ ցավազրկում, ցավերի նկատմամբ անզգայություն[1]։ Եզրույթն առավել նեղ իմաստով սովորաբար վերաբերվում է ափիոնատիպ նյութերին կամ օփիոիդներին, որոնց բժշկագիտության մեջ հաճախ անվանում են «նարկոտիկ անալգետիկներ» (թմրամիջոցային ցավազրկողներ)[2][3][4]։
Համարվում է, որ «ναρκωτικός» (narcosis) եզրույթն առաջին անգամ կիրառվել է հույն բժիշկ Հիպոկրատի կողմից այնպիսի նյութերի նկարագրման համար, որոնք առաջացնում են զգայունության կորուստ կամ պարալիչ (կաթված)։ Այս եզրույթը կիրառել է հին դարերի հանրահայտ բժիշկ Գալեն Կլավդիոսը։ Որպես այդպիսի նյութ Գալենը, օրինակ, հիշատակում էր մանդրագորի[5] արմատը, էկլատի կամ կակաչի[6] սերմերը։
20-րդ դարի վերջում եզրույթի նշանակությունն ընդլայնվեց։ Սկզբնական նշանակությունից տարբերությունն այն է, որ թմրամիջոցներ սկսեցին համարվել նյութեր, որոնք նախկինում այդպիսին չէին համարվում[7]. կանեփը, ցնորածին սնկերը և այլն։
Ներկայումս «թմրամիջոց» եզրույթը հայալեզու բժշկագիտության և իրավագիտության մեջ ոչ միշտ է կիրառվում ճիշտ նշանակությամբ (երբեմն սխալմամբ կիրառվում է նաև «թմրանյութ», «թմրադեղ»)՝ տարածվելով բոլոր տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի վրա (այդ թվում՝ հոգեմետ դեղերի)՝ անկախ դրանց ազդեցության մեխանիզմից և դեղագիտական նշանակությունից։ Վերոնշյալ բացատրության մեջ ներկայացված է բուն «նարկոտիկ» եզրույթը, իսկ հայաստանյան իրականության մեջ «թմրամիջոց» եզրույթն ունի մի փոքր այլ բացատրություն, որին անդրադարձ կկատարվի օրենսդրական սահմանման մեջ[8]։
Ներկայումս երկրների մեծ մասում թմրամիջոցների շրջանառությունը սահմանափակ է։ Աշխարհի պետությունների գերակշիռ մասը (շուրջ 96%) միացել են ՄԱԿ-ի 1961 թվականի «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիային[9][10]։
Սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն ԱՀԿ-ի
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյութ, որն առաջացնում է ընդարմացում, կոմա կամ անզգայացում՝ ցավազրկում, ցավերի նկատմամբ անզգայություն։ Եզրույթը առավել նեղ իմաստով սովորաբար վերաբերում է ափիոնատիպ նյութերին կամ օփիոիդներին, որոնց անվանում են «նարկոտիկ անալգետիկներ» (թմրամիջոցային ցավազրկողներ)։
Իրավական ուժ ունեցող սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄԱԿ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ՄԱԿ-ի 1961 թվականի «Թմրամիջոցների մասին միասնական» կոնվենցիայի[9]՝ «թմրամիջոց» տերմինը սահմանվում է նյութերի ուղղակի դասակարգմամբ։ Թմրամիջոցներ են հանդիսանում ՄԱԿ-ի 1961 թվականի «Թմրամիջոցների մասին միասնական» կոնվենցիայի 1-ին և 2-րդ ցուցակներում ընդգրկված սինթետիկ և բնական նյութերից յուրաքանչյուրը։
Յուրաքանչյուր երկրի օրենսդրություն սահմանում է նմանատիպ ցուցակներ։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի օրենքի[11] համաձայն՝ թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորներ եզրույթները մեկնաբանվում են հետևյալ կերպ. թմրամիջոցները, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը և դրանց պրեկուրսորները բնական կամ արհեստական ծագում ունեցող նյութերի, պատրաստուկների և բույսերի ամբողջություն են, որոնց շրջանառությունը և դրանց նկատմամբ հսկողությունը Հայաստանի տարածքում իրականացվում է Հայաստանի օրենսդրությանը և Հայաստանի միջազգային պայմանագրերին, այդ թվում՝ ՄԱԿ-ի 1961 թվականի «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիային[9], 1971 թվականի «Հոգեմետ նյութերի մասին» կոնվենցիային[12] և 1988 թվականի «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» կոնվենցիային[13] համապատասխան։
Պրեկուրսորներն այն նյութերն են, որոնք կիրառվում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ստացման, պատրաստման, վերամշակման ընթացքում։
Գիտական բնորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թմրամիջոց են անվանում այն նյութը, որը համապատասխանում է հետևյալ 3 հատկանիշներին[14].
- Բժշկական հատկանիշ. նյութ, դեղամիջոց, որն առաջացնում է յուրահատուկ (խթանող, հանգստացնող, ցնորածին և այլ) ազդեցություն կենտրոնական նյարդային համակարգի վրա, ինչն էլ հանդիսանում է դրա՝ ոչ բժշկական նպատակներով գործածման պատճառ։
- Սոցիալական հատկանիշ. ուսումնասիրվող նյութի ոչ բժշկական նպատակներով գործածումը հասնում է մեծ ծավալների, ինչի հետևանքով հասցվող վնասը ստանում է սոցիալական նշանակություն։
- Իրավական հատկանիշ. նյութը պաշտոնապես ճանաչված է թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ և ընդգրկված է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի (ցանկի)[15] մեջ։
ԱՀԿ-ի սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյարդային համակարգի վրա ազդող և հոգեկան գործընթացների (ֆունկցիաների) խանգարում առաջացնող նյութերը համարվում են հոգեներգործուն (հոգեակտիվ)։ Սովետական մեծ հանրագիտարանի համաձայն՝ հոգեներգործուն նյութերը, որոնք առավելապես ազդում են հոգեկան ֆունկցիաների վրա, ընդունակ են կառավարել հոգեկան գործընթացները և բժշկության մեջ կիրառվում են հոգեկան հիվանդությունների բուժման համար, կոչվում են հոգեմետ։ Օրինակ՝ բենզոդիազեպինային տագնապամարիչները (տրանկվիլիզատորներ) (դիազեպամ, լորազեպամ և այլն) և նեյրոլեպտիկները (հալոպերիդոլ, լևոմեպրոմազին և այլն)։ ԱՀԿ համաձայն՝ հոգեներգործուն նյութեր և հոգեմետ նյութեր եզրույթները հոմանիշներ են[16]։ Այսինքն՝ լայն իմաստով հոգեմետ նյութերն ունեն նույն նշանակությունը, ինչ հոգեներգործուն նյութերը։ Յուրաքանչյուր հոգեներգործուն նյութ (դաս) տարբերվում է մարդու կենտրոնական նյարդային համակարգի վրա ազդեցության միայն իրեն յուրահատուկ մեխանիզմներով և առաջացող հոգեկան գործընթացների փոփոխությունների առանձնահատկություններով։ «Հոգեներգործուն» եզրույթը չի ենթադրում, որ տվյալ նյութի գործածումը պարտադիր կերպով ընդունակ է առաջացնելու կախվածություն։
Առօրյա նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոխաբերական իմաստով հաճախ «նարկոտիկ» անվանում են կոմպուլսիվ հակումով ուղեկցվող վարքի ցանկացած դրսևորում՝ որևէ գործողություն կատարելու հակվածություն, անզուսպ ցանկություն, պահանջ, որի բացակայության կամ անհնարինության հետևանքով մարդու մոտ առաջանում է զգայական անկայունություն, դյուրագրգռություն և կոնֆլիկտայնություն (օրինակ՝ «կախվածություն» համացանցից[18], համակարգչային խաղերից, հեռուստացույցից[19], կրոնից, մոլախաղերից և այլն)։
Առողջ ապրելակերպի քարոզման գործում «նարկոտիկ» բառը գործածվում է նաև բազմաթիվ արգելված հոգեներգործուն նյութերի, ինչպես նաև ալկոհոլի և նիկոտինի նկատմամբ. դրանց շարունակական գործածումը կարող է հանգեցնել առողջական և սոցիալական բարեկեցության համար ծանր հետևանքների[20][21]։ ԱՀԿ Հիվանդությունների միջազգային դասակարգում 10-րդ դասակարգչի համաձայն՝ ալկոհոլը, կոֆեինը և ծխախոտը նույնպես կարող են առաջացնել հոգեկան և վարքային խանգարումներ[22], ինչպես նաև կախվածության համախտանիշ։
Թմրամիջոցների դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ կախվածություն առաջացնելու արագահասության՝ թմրամիջոցները պայմանականորեն բաժանվում են 2 խմբի՝ «թեթև» և «ծանր»[23]։ Ըստ ծագման՝ թմրամիջոցները բաժանվում են 3 խմբի՝ բնական (բուսական), կիսաարհեստական (կիսասինթետիկ. պատրաստվում (սինթեզվում) են բուսական հիմքից) և արհեստական (սինթետիկ)[24]։ Ըստ առաջացրած ազդեցության (էֆեկտի)՝ թմրամիջոցները լինում են հանգստացնող (սեդատիվ), խթանող (ստիմուլյատոր) և ցնորածին (հալյուցինոգեն) ազդեցության։ Գոյություն ունեն թմրամիջոցների տարբեր դասակարգումներ, այդ թվում՝ ինչպես առանձին՝ ըստ քիմիական կառուցվածքի կամ կլինիկական ազդեցության, այնպես էլ խառը[25]։
Օրենսդրական դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն նյութերի) և դրանց պրեկուրսորների նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի (ցանկի)»[15] 4 ցուցակներին համապատասխան.
- Ցուցակ N 1. Թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է,
- Ցուցակ N 2. Թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանափակ է,
- Ցուցակ N 3. Թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, որոնց շրջանառության հսկողության նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են որոշակի պայմաններ,
- Ցուցակ N 4. Պրեկուրսորներ, որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում սահմանափակ է, և որոնց նկատմամբ սահմանված են հսկման եղանակներ։
Թմրամիջոցների գործածման եղանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թմրամիջոցների գործածման եղանակներն են.
- Ներքին ընդունման (այդ թվում՝ ենթալեզվային) եղանակ,
- Ծխելու միջոցով (օրինակ՝ կանեփից պատրաստվող թմրամիջոցներ, ափիոնատիպ նյութեր),
- Ներշնչելու միջոցով (օրինակ՝ կոկաին, երբեմն հերոին),
- Ներարկային եղանակով (օրինակ՝ ափիոնատիպ նյութեր (հերոին), էֆեդրոն, երբեմն կոկաին)։
Ազդեցության մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեթե բոլոր թմրամիջոցները ուղղակի կամ անուղղակի կերպով ուղղված են գլխուղեղի «պարգևատրման համակարգի» վրա՝ հետսինապտիկ նեյրոններում խթանելով դոֆամին և սերոտոնին միջնորդանյութերի (մեդիատորներ) արտադրությունը[26][27][28]։ Այդ միջնորդանյութերն առաջացնում են հաճույքի, երանության զգացում, ազդում են ուսուցման և շահադրդման (մոտիվացիոն) գործընթացների վրա։ Դրանք բնականոն կերպով մեծ քանակությամբ արտադրվում են մարդու կողմից իրականացվող որոշ գործողությունների արդյունքում՝ առաջացնելով դրական հույզեր, ապրումներ, զգացողություններ. օրինակ՝ սեռական հարաբերություն, համեղ սննդի ընդունում, մարմնական հաճելի զգացողություններ, ինչպես նաև դրանց հետ ասոցացվող ազդակներ[29]։ Նյարդակենսաբանական գիտական փորձերը ցույց են տվել, որ անգամ դրական հիշողությունները կարող են ավելացնել դոֆամինի մակարդակը[30]։ Վերոնշյալ միջնորդանյութերը (մեդիատորներ) պայմանավորում են գլխուղեղի գնահատման և շահադրդման (մոտիվացիոն) գործընթացները՝ ապահովելով գոյատևման և տեսակի պահպանման համար անհրաժեշտ գործունեությունների կարևոր տեսակները[31]։
Թմրամիջոցներըի գործածումն աղավաղում է բնական «պարգևատրման համակարգը»՝ «արհեստականորեն» խթանելով դոֆամինի արտադրությունն ու դրա արդյունքում հաճելի զգացողությունների առաջացումը։ Օրինակ՝ ամֆետամինն ուղղակիորեն խթանում է դոֆամինի արտադրությունը՝ ազդելով դրա տեղափոխման մեխանիզմի վրա[32]։ Այլ խթանիչ թմրամիջոցներն (օրինակ՝ կոկաին, տարբեր հոգեխթանիչներ) արգելափակում են դոֆամինի հետադարձ կլանումը՝ ավելացնելով դրա մակարդակը սինապտիկ ճեղքում[33]։ Մորֆինը և նիկոտինը «կեղծում են» («իմիտացնում») բնական միջնորդանյութեր, իսկ ալկոհոլն արգելափակում է դոֆամինի անտագոնիստները[34]։ Եթե անձը շարունակում է վերախթանել իր «պարգևատրման համակարգը», ապա գլխուղեղի համապատասխան կենտրոններն աստիճանաբար ադապտացվում են դոֆամինի բարձր մակարդակներին՝ արդյունքում արտադրելով ավելի քիչ միջնորդանյութեր, նվազեցնելով «պարգևատրման համակարգի» ընկալիչների (ռեցեպտորներ) քանակը[35] և նպաստելով հոգեներգործուն նյութերի մշտական գործածողների կողմից գործածվող նյութի չափաբաժնի ավելացմանը՝ նախկին էֆեկտը ստանալու համար։ Քիմիական հանդուրժողականության (տոլերանտության) հետագա զարգացումն աստիճանաբար կարող է հանգեցնել նեյրոններում և գլխուղեղում ծանր, կայուն փոփոխությունների և երկարաժամկետ հեռանկարում առաջացնել գլխուղեղի տարբեր հատվածների ախտահարումներ։ Բացի այդ, մորֆինը ազդում է նաև էնդորֆինային ընկալիչների վրա, իսկ նիկոտինը՝ նիկոտինային, ինչն էլ հիմնականում նպաստում է այդ երկու նյութերից կախվածության առաջացմանը։
Բազմաթմրամոլություն (պոլինարկոմանիա)
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաթմրամոլությունը (պոլինարկոմանիա), որպես կանոն, դիտավորյալ կերպով համակցված հոգեներգործուն նյութերի գործածման նկատմամբ հիվանդագին կոմպուլսիվ հակումն է։ Սովորաբար հոգեներգործուն նյութերի համակցման նպատակը ազդեցության պոտենցումն է հանդիսանում կամ կողմնակի ազդեցությունների բացառումը կամ մեղմումը. օրինակ՝ սպիդբոլի (կրեկի և հերոինի համակցություն) գործածման դեպքում կրեկին բնորոշ կարճատև հաճույքին հաջորդող տրամադրության ֆոնի անկումը մեղմվում կամ բացառվում է հերոինի երկարատև ազդեցությամբ։
Ըստ Հիվանդությունների միջազգային դասակարգում 10-րդ դասակարգչի (ՀՄԴ-10)՝ վերոնշյալ եզրույթը F19-ն[36] է՝ «Հոգեկան և վարքային խանգարումներ թմրամիջոցների և այլ հոգեակտիվ նյութերի համակցված գործածման հետևանքով»։
Հաճախ համակցումը տեղի է ունենում առանց դիտավորության։ Սուրճի, ծխախոտի, ալկոհոլի, դեղերի միաժամանակյա գործածումն արգելված հոգեներգործուն նյութերի հետ նույնպես պոլինարկոմանիա է հանդիսանում՝ յուրաքնաչյուր համակցության դեպքում բնորոշ էֆեկտներով և վտանգավոր հետևանքներով[37][38]։
Թմրամիջոցների գործածման հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թմրամիջոցների ընդունման հիմնական և ուղղակի հետևանքն այսպես կոչված «թմրամիջոցային հարբեցումն» է։ Թմրամիջոցների պարբերաբար կամ մշտական գործածման դեպքում գործածվող թմրամիջոցի (կամ թմրամիջոցների որոշակի դասի) նկատմամբ զարգանում է «հանդուրժողականության» (տոլերանտության) բարձրացում, ինչն արտահայտվում է գործածվող թմրամիջոցի միևնույն չափաբաժնի ընդունմանը հաջորդող ազդեցության (էֆեկտի) աստիճանական նվազմամբ. տոլերանտության բարձրացումը դրդում է թմրամիջոց գործածող անձին նախկին արդյունքին հասնելու համար հետզհետե ավելացնել գործածվող թմրամիջոցի չափաբաժինները։ Թմրամիջոցներն առաջ են բերում նաև «կախվածություն», որն արտահայտվում է «զրկանքի (ժուժկալման, աբստինենտային) համախտանիշով»), թմրամիջոցի նկատմամբ հիվանդագին (կոմպուլսիվ) հակմամբ, ինչպես նաև հոգեկան, վարքային, նաև մարմնական այլ ախտանիշներով։
Թմրամիջոցային հարբեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թմրամիջոցային հարբեցումը վիճակ է, որը հաջորդում է թմրամիջոցի գործածմանը և արտահայտվում է ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ ախտանիշներով։ Օբյեկտիվ ախտանիշները պայմանավորված են ընդունած թմրամիջոցի նկատմամբ օրգանիզմի ֆիզիոլոգիական արձագանքով և կարող են զգալիորեն տարբերվել միմյանցից՝ պայմանավորված թմրամիջոցային հարբեցում առաջացնող թմրամիջոցի տեսակով (կամ դասով)[39]։
Հարբեցման սուբյեկտիվ ախտանիշները, որպես կանոն, արտահայտվում են էյֆորիայի, իսկ որոշ դեպքերում՝ հոգեկան տարբեր ոլորտների խանգարումների, հատկապես, ընկալման խանգարումների դրսևորմամբ։ Ի տարբերություն օբյեկտիվ ախտանիշների՝ շրջապատող անձանց կողմից դրանք նկատելի չեն և կարող են հայտնաբերվել թմրամիջոցային հարբեցման վիճակում գտնվող անձի կողմից ոչ ադեկվատ վարքի դրսևորման դեպքում։
Տարբերում են ընկալման խանգարումների առնվազն 3 տեսակներ[39].
- Սրացում (խթանիչներ),
- Ընտրողականություն (ափիոնատիպ նյութեր),
- Նվազում (հանգստացնող նյութեր)։
Կախվածություն (կախվածության համախտանիշ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Թմրամիջոց գործածողների համար հատկանշական է գործածվող նյութից կախվածության համախտանիշը։ Թմրամիջոցի գործածման դեպքում սովորաբար տարբերակում են կախվածության երկու՝ հոգեբանական և ֆիզիոլոգիական կողմեր։ Բոլոր դեպքերում, դրանց երկուսի հիմքում էլ մարդու նորմալ և ախտաբանական ֆիզիոլոգիան է ընկած։
Պայմանավորված թմրամիջոցի տեսակով, ինչպես նաև գործածման հաճախականությամբ և անձի ֆիզիոլոգիական առանձնահատկություններով՝ կախվածության համախտանիշի զարգացմանը բերող թմրամիջոցի գործածման ժամանակահատվածը կարող է տարբեր լինել[40]։
Հոգեբանական կողմը բնութագրվում է թմրամիջոցը գործածելու ուշացմամբ պայմանավորված վիճակի վատթարացմամբ, ինչպես նաև թմրամիջոցը գործածելիս հոգեկան վերելքով, բավարարվածությամբ։ Հիվանդության զարգացման ընթացքում սովորական դարձած թմրամիջոցի ազդեցության տակ ի հայտ է գալիս հոգեկան ֆունկցիաների բարելավման ախտանիշ։ Այդ կերպ թմրամիջոցը դառնում է հոգեկան գոյատևման և գործելու համար անհրաժեշտ պայման։ Այս ախտանիշը ի հայտ է գալիս թմրամոլության բոլոր ձևերի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ թմրամիջոցի ընդունման ժամանակ հոգեկանը միշտ կազմալուծվում է (գիտակցության փոփոխված վիճակ ստեղծող միջոցներ)։
Ֆիզիոլոգիական կողմը, որն առավել կարևոր է և բոլոր տեսակի հոգեներգործուն նյութերի դեպքում առկա է, քանի որ ազդում է մարդու ֆիզիոլոգիայի վրա, պայմանավորված է նրանով, որ թմրամիջոցի շարունակական գործածումը խեղաթյուրում (աղավաղում) է բնականոն նյարդաֆիզիոլոգիական և նյարդաքիմիական գործընթացները թմրամիջոց գործածողի օրգանիզմում։ Դա հանգեցնում է ախտաբանական փոփոխությունների։ Արդյունքում գործածվող թմրամիջոցի նկատմամբ առաջանում է հիվանդագին կոմպուլսիվ հակում, հանդուրժողականության (տոլերանտության) բարձրացում, զրկանքի համախտանիշ։ Կախվածության համախտանիշի զարգացման դեպքում թմրամիջոցի գործածման դադարեցումը կարող է հանգեցնել ինչպես հոգեկան ֆունկցիաների, այնպես էլ օրգան-համակարգերի գործունեության խանգարումների[41]։
Զրկանքի (ժուժկալման, աբստինենտային) համախտանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զրկանքի (ժուժկալման, աբստինենտային) համախտանիշը հոգեկան և մարմնական ախտանիշների համակցություն է, որն առաջանում է թմրամիջոցներից կախվածությամբ տառապող անձանց մոտ թմրամիջոցի գործածումը դադարեցնելու կամ գործածվող օրական չափաբաժնի նվազեցման հետևանքով (ալկոհոլից կախվածությամբ («ալկոհոլիզմ») տառապող անձանց դեպքում՝ ալկոհոլի գործածումը դադարեցնելուց հետո. այսպես կոչված «վերապրուկ», «պախմելիայի համախտանիշ»)[42]։
Արտահայտված զրկանքի համախտանիշ սովորաբար դիտվում է ալկոհոլի, քնաբեր և հանգստացնող որոշ հոգեներգործուն նյութերի (օրինակ՝ բարբիտուրատներ, բենզոդիազեպինային տագնապամարիչներ), ափիոնատիպ նյութերի (օրինակ՝ հերոին, մորֆին, ացետիլացված ափիոն), հոգեխթանիչների (օրինակ՝ մեթամֆետամին, ֆենամին, կոկաին, նիկոտին) շարունակական գործածման և կախվածության զարգացման դեպքում։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեներգործուն նյութերի պատրաստումն և գործածումն ունեն ավելի քան 7000 տարվա պատմություն։ Դրանց մասին հիշատակումներ կարելի է գտնել բազմաթիվ ազգերի մշակութային հուշերում։ Օրինակ՝ Հին Եգիպտոսի տրակտատներում հիշատակվում է ափիոնը, իսկ քնաբեր կակաչի թմրեցնող հատկանիշները ներկայացված են Հոմերոսի «Իլիականը» աշխատության մեջ։ Հարավային Ամերիկայում ինկերը կոկան օգտագործում էին ծիսական նպատակներով[43]։
Սկզբնական շրջանում հոգեներգործուն նյութերը կիրառվում էին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով ու կրոնական ծեսերի իրականացման համար (օրինակ՝ շամանություն) և տաբու (արգելված) էին հասարակության լայն հատվածի համար։
Մարդկությանը հայտնի ամենահին թմրամիջոցը, թերևս, քնաբեր կակաչն (Papaver somniferum, խաշխաշ) է։ Դրա մասին առաջին հիշատակումը վերագրում են մեր թվարկությունից 5000 տարի առաջ գոյություն ունեցող շումերների հնագույն քաղաքակրթությանը, ովքեր ընդգծել են քնաբեր կակաչի քնաբեր ազդեցությունը (այն անվանում էին «գիլ հուլ»՝ «ուրախության բույս»)՝ դարձնելով այն պաշտամունք։ Այդ ավանդույթը շարունակեցին բաբելոնացիները, որոնցից էլ փորձը փոխանցվեց Միջին և Մերձավոր Արևելք։ Ափիոնի արտադրությունը մ.թ.ա. 15-րդ դարում Միջագետքից տեղափոխվեց Եգիպտոս, մ.թ.ա. 9-րդ դարում՝ Պարսկաստան, իսկ արդեն մ.թ.ա. 5-րդ դարում՝ Փոքր Ասիա։ Ափիոնի շուկան մեծ ակտիվություն ձեռք բերեց հատկապես 19-րդ դարում Հնդկաստանի և Չինաստանի միջև ափիոնի առևտրի ընթացքում, որն ուղեկցվում էր Չինաստանում ափիոնից կախվածության (ափիոնային թմրամոլության) համաճարակով. 1810 թվականից մինչև հարյուրամյակի ավարտը Չինաստան ներկրվող ապրանքատեսակների ավելի քան կեսը բաժին էր ընկնում ափիոնին, և այն արգելելու Չինաստանի փորձն ավարտվեց ափիոնային պատերազմներով[44]։
Կաննաբիսը գործածում էին Կենտրոնական Ասիայում և Չինաստանի հյուսիս-արևմուտքում դեռևս մ.թ.ա. 4-րդ հազարամյակում։ Հետագայում կանեփից ստացվող թմրամիջոցների գործածումը տարածվեց դեպի Հնդկաստան (մ.թ.ա. 15-րդ դար), Միջին և Մերձավոր Արևելք (մ.թ.ա. 9-րդ դար), Եվրոպա (մ.թ.ա. 1-ին դար), Հարավ-Արևելյան Ասիա (2-րդ դար), Աֆրիկա (11-րդ դար), Ամերիկա (19-րդ դար)։ 1-ին հազարամյակի սկզբին Պարսկաստանում գոյություն ուներ հաշիշինների ռազմակրոնական դաշինք, որը կաննաբիսի օգնությամբ իր շարքերն էր գրավում երիտասարդների, որոնք տեսել էին «դրախտի ակնթարթային կերպարը»։ Երկրորդ հազարամյակի կեսերին կաննաբիսը հատկապես հանրահայտ դարձավ արաբական աշխարհում։
Եվրոպայում Միջնադարում կաթոլիկ եկեղեցին կաննաբիսը կապում էր կախարդության հետ։
20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում կոկաինային թմրամոլության համաճարակ էր, որն ավարտվեց կոկաինի արգելքով։ 1903 թվականին Կոկա-Կոլայի արտադրությունում կոկաինի փոխարեն սկսեցին կիրառել կոֆեին[45]։
Թմրամիջոցների շուկան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս թմրամիջոցների շուկան հանդիսանում է «սև շուկա», որում պահանջարկը ըստ գնի բացարձակ ճկուն չէ։
ԱՄՆ-ի որոշ նահանգներում[46], Կանադայում[47], Չեխիայում, Բելգիայում, Իսրայելում և որոշ այլ երկրներում մարիխուանայի վաճառքը թույլատրված է բժշկական նպատակներով։ Հոլանդիայում թույլատրված է փոքր չափերով վաճառք հատուկ խանութներում, որոնք 2012 թվականից դարձել են փակ ակումբներ՝ հասանելի միայն ռեզիդենտների համար։ Ընդ որում՝ թմրամիջոցների առավելագույն գինը կարգավորվում և վերահսկվում է պետական մարմինների կողմից։ Հավանական է, որ Հյուսիսային Ամերիկան հանդիսանում է մարիխուանայի ամենամեծ արտադրողն աշխարհում, սակայն այդ շուկան մեկուսացված է. առաջարկի 2/3-ը բավարարվում է երկրի ներսում։
Թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օր
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականից հունիսի 26-ը նշվում է որպես Թմրամիջոցների չարաշահման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր։ Այս նախաձեռնությունը պատկանում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային։ Այս օրը հնարավորույթյուն է տալիս ևս մեկ անգամ վերհիշել թմրամիջոցների անօրինական շրջանառության և չարաշահման դեմ պայքարի գործում այն նպատակների մասին, որոնց շուրջ ՄԱԿ-ի անդամ պետությունները համաձայնության են եկել՝ թմրամիջոցներից զերծ միջազգային հասարակություն ստեղծելու համար[48]։
ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC – United Nations Office on Drugs and Crime) յուրաքանչյուր տարի թմրամիջոցների չարաշահման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա համար ընտրում է թեմաներ է և իրականացնում տարբեր արշավներ՝ թմրամիջոցների հիմնախնդրի վերաբերյալ պետությունների, հասարակությունների և անհատների զգոնությունը պահպանելու և ուժեղացնելու նպատակով։ Առողջությունը թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային արշավի 2014 թվականի թեման է։
Յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակն ուղերձ է հղում համաշխարհային հանրությանը։ Այսպես, 2014 թվականի ուղերձը հետևյալն էր. «Թմրամիջոցների օգտագործման հետևանքները հնարավո՛ր է կանխել և բուժել»։
2015 թվականին գրասենյակը հանդես է գալիս հետևյալ ուղերձով․ «Եկեք զարգացնենք մեր կյանքը, ինքնությունը, համայնքները առանց թմրամիջոցների»[49]։
Ըստ վերոնշյալ գրասենյակի տվյալների՝ ավելի քան 200.000 մարդ[50][51] ամեն տարի մահանում է թմրամիջոցների պատճառով։
Սակայն թմրամիջոցներն ազդում են ոչ միայն թմրամիջոցներ գործածող անձանց վրա, այլև հսկայան դժվարություններ ու խնդիրներ են առաջացնում նրանց ընտանիքների և հարազատների համար։ Թմրամիջոցների գործածման բացասական հետևանքները քայքայում են միջանձնային փոխհարաբերությունները, խիստ բացասաբար ազդում ընտանիքի անդամների (հատկապես՝ երեխաների) բարօրության վրա, խաթարում ուսումնական և աշխատանքային հնարավորությունները։ Դրանց ազդեցությունը զգալի է շրջապատում, հասարակությունում և քրեական համակարգում։ Թմրամիջոցների օգտագործման հետևանքներից տառապողներին հնարավոր է օգնել՝ կիրառելով միայն ոլորտի հետ առնչվող հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկվող սկզբունքներին համապատասխանող հիմնավորված միջոցառումներ՝ ապացուցողական բժշկության եղանակներ, սոցիալական և հոգեբանական օժանդակության միջոցառումներ, վերաինտեգրացման արդյունավետ միջոցառումներ։ Թմրամիջոցների գործածումից մահվան պատճառները բազմաթիվ են. գերդոզավորումը (որն իրականում հնարավոր է կանխել իրազեկվածության դեպքում), օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների հետևանքով առաջացող բարդությունները և ուղեկցող հիվանդությունները, իսկ թմրամիջոցների ներարկային եղանակով գործածող անձանց շրջանում նաև արյան միջոցով փոխանցվող վարակային հիվանդությունները (ՄԻԱՎ, վիրուսային հեպատիտներ), արյունատար անոթների ախտահարումներն ու դրանց հետևանքով զարգացող հյուսվածքների սնուցախանգարումները։
Դեռահասները և երիտասարդները նույնպես պետք է տեղեկացված և իրազեկված լինեն թմրամիջոցների գործածման խիստ վտանգավոր և կործանարար հետևանքների մասին[50]։
Միջազգային մոնիտորինգ և համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի և համաճարակաբանական համալիր (միասնական) համակարգն անհրաժեշտ է 2000 թվականին Լիսաբոնյան համաձայնությամբ ընդունված ստանդարտներին համապատասխանող օբյեկտիվ, հուսալի և համադրելի տվյալների հավաքագրման, մոնիտորինգի, վերլուծության և զեկույցների հրապարակման համար, որի միջոցով հնարավոր կլինի մշտադիտարկել, վերլուծել և գնահատել յուրաքանչյուր երկրում ապօրինի թմրամիջոցների գործածման հետ կապված իրավիճակը, թմրամիջոցների պահանջարկի և առաջարկի նվազեցմանն ուղղված միջոցառումներն ու իրականացվող գործողությունները, այդ թվում՝ իրականացնել Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնի՝ ԹԹՄԵԿ (անգլ.՝ EMCDDA: European Monitoring Centre for Drugs and Drug Addiction[52]) 5 առանցքային համաճարակաբանական ցուցանիշների[53] գնահատում.
- թմրամիջոցների օգտագործման տարածվածության ուսումնասիրություններ ազգաբնակչության, երիտասարդների, դեռահասների և առավել վտանգի ենթարկվող (ռիսկային) խմբերի շրջանում,
- թմրամիջոցների խնդրահարույց օգտագործողների թվաքանակի գնահատում (ներարկային թմրամիջոցներ օգտագործողներ, թմրամիջոցներից կախվածություններ, «ծանր» թմրամիջոցների՝ ափիոնատիպ նյութերի, կոկաինի, ամֆետամինների չարաշահում),
- թմրամիջոցներ օգտագործողների շրջանում վարակիչ հիվանդությունների տարածվածության գնահատում (հեպատիտ C, B և ՄԻԱՎ վարակ),
- թմրամիջոցներ օգտագործողների շրջանում մահացության, ինչպես նաև թմրամիջոցների օգտագործմամբ ուղղակիորեն և անուղղակիորեն պայմանավորված մահացության գնահատում, հանրային առողջության համար վտանգավոր (ռիսկային) նոր թմրամիջոցների վաղ հայտնաբերում,
- նարկոլոգիական բուժման պահանջարկի գնահատում, ինչպես նաև նարկոլոգիական ծառայությունների, տրամադրվող նարկոլոգիական բուժման տեսակների որակի և արդյունավետության գնահատում ու համեմատություն միջազգային հեղինակավոր կազմակերպությունների՝ ԱՀԿ (անգլ.՝ WHO) և ՄԱԿ ԹՀԳ (անգլ.՝ UNODC) կողմից առաջարկվող ստանդարտների հետ։
Հայաստանյան իրավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրենսդրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում թմրամիջոցների ոլորտը կարգավորվում է տեղական օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով։ Հայաստանը միացել է ՄԱԿ-ի հետևյալ 3 կոնվենցիաներին.
- 1961 թվականի «Թմրամիջոցների մասին միասնական» կոնվենցիա
- 1971 թվականի «Հոգեմետ նյութերի մասին» կոնվենցիա
- 1988 թվականի «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» կոնվենցիա
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2002 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունվել է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքը։ Օրենքով կարգավորվում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության հետ կապված հարաբերությունները, սահմանվում քաղաքացիների առողջության, պետության և հասարակության անվտանգության ապահովման նպատակով դրանց ապօրինի շրջանառությունը կանխարգելելու պետական քաղաքականության իրավական հիմքերը և թմրամոլության դեմ պայքարի հիմնական միջոցները։
Բացի վերոնշյալ օրենքից՝ ոլորտը կարգավորում են նաև հետևյալ իրավական ակտերը.
- ՀՀ քրեական օրենսգիրքը[54]
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը[55]
- ՀՀ-ում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին կառավարության որոշումը[56]
- «Թմրամոլների նկատմամբ բժշկական դիտարկման և նրանց հաշվառման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշումը[57]
2008 թվականի մայիսի 26-ին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի՝ առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելու արարքի համար պատասխանատվություն սահմանող 271-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչվեց։ Փոխարենը, վերոնշյալ արարքի համար պատասխանատվություն սահմանվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 44² հոդվածով։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի այն չափերը, որոնք համարվում են «մանր»։ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի «զգալի», «խոշոր» և «առանձնապես խոշոր» չափերը։
Թմրամիջոցների գործածման վերաբերյալ ուսումնասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Սյունիքի մարզում «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խմամք» ՀԿ-ն իրականացրել է «Դպրոցներում ալկոհոլի և թմրամիջոցների վերաբերյալ եվրոպական հետազոտության» (անգլերեն՝ ESPAD)[58] ծրագիր։
2009-2010 թվականներին Հայաստանում իրականացվել է Դպրոցական երեխաների առողջության վարքագծի ուսումնասիրություն (անգլերեն՝ HBSC)[59] հանրապետության հանրակրթական դպրոցներում։
2010 թվականին «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի[60] կողմից իրականացվեց «ՀՀ-ում սեռական ծառայություններ տրամադրող կանանց, տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդկանց, թմրամիջոցների ներարկային օգտագործողների չափերի գնահատում» հետազոտությունը, որի արդյունքների համաձայն 2010 թվականին Հայաստանում թմրամիջոցների ներարկային օգտագործողների հաշվարկային թվի միջինը կազմել է 12.700 (8.300-27.500), իսկ տարածվածության համապատասխանեցված միջին ցուցանիշը՝ 0, 62% (0, 41-1, 35%)։ Հայաստանի 3 խոշոր քաղաքների համար ստացվել են հետևյալ միջինացված արժեքները. Երևանի համար՝ 4.531 (կամ 18 տարեկան և ավելի բարձր ազգաբնակչության 0.70 %-ը), Վանաձորի համար՝ 258 (0.42%) և Գյումրիի համար՝ 156 (0.19%)[8]։
2014 թվականի փետրվարին առողջապահության նախարարության և արդարադատության նախարարության համագործակցությամբ, թմրամիջոցների գործածման պատճառահետևանքային կապերի ուսումնասիրության նպատակով, իրականացվել է անանուն հարցում թվով 157 ազատազրկված թմրամիջոցների գործածման հետ կապված հաշվառված անձանց շրջանում[61]։
Նարկոլոգիական հաշվառում և բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշվառված դեպքերը ներառում են ինչպես բուժման նպատակով նարկոլոգիական ծառայություններ տրամադրող հաստատություններ ընդունված և հետագայում դիսպանսեր հսկողության մեջ վերցվող անձանց, այնպես էլ իրավապահ մարմինների որոշումներով նարկոլոգիական փորձաքննություն անցած հաշվառման մեջ գտնվող անձանց թվաքանակները[61]։
2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանրապետության նարկոլոգիական ծառայությունների կողմից թմրամիջոցների գործածման հետ կապված հաշվառված անձանց թվաքանակը եղել է 4.922, որոնցից 58.96%-ը հաշվառվել են կաննաբինոիդների գործածմամբ պայմանավորված, 41%-ը՝ ափիոնատիպ նյութերի, 0.04%-ը՝ կոկաինի։ Հաշվառված անձանց ավելի քան 70%-ը կազմում են 28-49 տարիքային խումբը։ Հաշվառված անձանց ընդհանուր թվաքանակում կանանց մասնաբաժինը կազմում է 1.36%:
Ներկայումս հանրապետությունում նարկոլոգիական բուժումն իրականացվում է երկու եղանակով՝ առանց թմրամիջոցների դետոքսիֆիկացիոն բուժում և փոխարինող բուժում։
Նարկոլոգիական բուժում տրամադրում են հետևյալ հաստատությունները (առաջին չորսը՝ նաև փոխարինող բուժում).
- «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ
- «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՓԲԸ
- Շիրակի մարզի «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ
- ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մի շարք հիմնարկներ, այդ թվում՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ
- «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ
Խնդրահարույց գործածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն ԹԹՄԵԿ (անգլ.՝ EMCDDA) սահմանման՝ թմրամիջոցների խնդրահարույց գործածում է համարվում թմրամիջոցների ներարկային եղանակով գործածումը կամ «ծանր» թմրամիջոցների՝ ափիոնատիպ նյութերի, կոկաինի, ամֆետամինի կանոնավոր կամ երկարատև գործածումը[63]։
Հայաստանում թմրամիջոցների ներարկային օգտագործողների գերակշիռ մեծամասնությունը գործածում են ափիոնատիպ նյութեր՝ ափիոն, ացետիլացված ափիոն, հերոին, դեզոմորֆին, ոչ հաճախ ապօրինի մեթադոն և բուպրենորֆին (սուբուտեքս)[61]։
2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նարկոլոգիական ծառայությունների կողմից «ծանր» թմրամիջոցների գործածման հետ կապված հաշվառման մեջ գտնվող անձանց ընդհանուր թվաքանակը եղել է 2020, որոնցից 2018 (այդ թվում՝ 41 կանայք) անձ հաշվառված են ափիոնատիպ նյութերի (F11) և 2 անձ՝ կոկաինի (F14) գործածման հետ կապված[61]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի Հանրապետության թմրամիջոցների վերաբերյալ ազգային զեկույց 2013» (2012 թվականի տվյալներ), Ս. Նազինյան, Լ. Ներսեսյան, Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի կենտրոն, Երևան 2013
- Альберт Хоффман. ЛСД - мой трудный ребёнок
- Шабанов П.Д. Наркология. Практическое руководство для врачей. - М.: ГЭОТАР-МЕД, 2003.
- Пятницкая И. Н. Общая и частная наркология: Руководство для врачей. - М.: Издательство «Медицина», 2008.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Анестезиология. Как избежать ошибок Под ред. К. Маркуччи, Н. А. Коэна, Д. Г. Метро, Дж. Р. Кирша. Перевод с англ. / Под ред. В. М. Мизикова. ГЭОТАР-Медиа, 2011 статья. Амит Шарма - 164. Не стоит гадать в отношении эквивалентных доз опиоидных анальгетиков стр 794/1065
- ↑ Ալկոհոլային և թմրամիջոցային եզրույթների բառացանկ. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն։ Վերցված է 2 մարտի 2015 թ.
- ↑ «Ալկոհոլից, թմրամիջոցներից և այլ հոգեմետ նյութերից կախվածության հետ կապված եզրույթներ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
- ↑ Drug Abuse Treatment and Rehabilitation: A Practical Planning and Implementation Guide United Nations Publications, 2003, Հոգեմետ նյութեր հոդված
- ↑ J. Richard Stracke. Բուսական բառարան
- ↑ Francis Edmund Anstie. M1 Խթանիչներ և թմրամիջոցներ. դրանց կապերը - 1865
- ↑ Թմրամիջոց (նարկոտիկ) բառի բացատրությունը բժշկական բառարանում
- ↑ 8,0 8,1 «Հայաստանի Հանրապետության թմրամիջոցների վերաբերյալ ազգային զեկույց 2013» (2012 թվականի տվյալներ), Ս. Նազինյան, Լ. Ներսեսյան, Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի կենտրոն, Երևան 2013
- ↑ 9,0 9,1 9,2 ՄԱԿ-ի 1961թ.-ի «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիա
- ↑ Թմրամիջոցների վերահսկողության միջազգային կոմիտեի զեկույց, 2009։ Վերցված է 2 մարտի 2015 թ.
- ↑ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենք։ Վերցված է 2 մարտի 2015 թ.
- ↑ «ՄԱԿ-ի 1971 թվականի «Հոգեմետ նյութերի մասին» կոնվենցիա» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «ՄԱԿ-ի 1988 թվականի «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» կոնվենցիա» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Бабаян Э. А. Нарикомании и токсикомании // Руководство по психиатрии / Под ред. Г. В. Морозова. - М.: Медицина, 1988. - էջ 169.
- ↑ 15,0 15,1 Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմ (ցանկ)
- ↑ Ալկոհոլային և թմրամիջոցային եզրույթների բառարան. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն։ Վերցված է 2 մարտի 2015 թ.
- ↑ Աղբյուր Филлипс Род. История вина. - М.: Эксмо, 2004. - էջ 18
- ↑ Ախտորոշումը՝ համացանցային կախվածություն. Քիմբերլի Յանգ
- ↑ «Հեռուստատեսությունը՝ էլեկտրոնային թմրամիջոց». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
- ↑ Հոգեկան և վարքային խանգարումներ
- ↑ «Drugs: the real deal (Թմրամիջոցներ. իրականությունը)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
- ↑ Հոգեկան և վարքային խանգարումների դասակարգումը ըստ ԱՀԿ-ի, ՀՄԴ-10
- ↑ Информационное письмо Департамента здравоохранения г. Москвы от 29.12.2007 N 31/309 «Влияние курения табака на начало употребления наркотических веществ среди учащихся общеобразовательных учреждений»
- ↑ В. П. Сальников. Наркотики в России: преступления и расследования : научное издание. Серия «Общество и наркомания--социальная опасность». Страницы Российской Истории. Издатель Фонд «Университет», 1999. էջ 154/425
- ↑ Ю. И. Пиголкин, И. Н. Богомолова, Д. В. Богомолов, А. В. Орловская Թմրամիջոցների դասակարգման հիմնախնդիրները
- ↑ Գլխուղեղը և թմրամիջոցները Վերցված է 2 մարտի 2015 թ.
- ↑ Your Brain on Drugs: Dopamine and Addiction Վերցված է 2 մարտի 2015 թ.
- ↑ Dopamine - A Sample Neurotransmitter Արխիվացված 2011-08-14 Wayback Machine Վերցված է 2 մարտի 2015 թ.
- ↑ Ձեր ուղեղը սեռական հարաբերության ժամանակ Արխիվացված 2011-08-22 Wayback Machine Վերցված է 2 մարտի 2015 թ.
- ↑ Պատճառը՝ դոֆամին Արխիվացված 2011-07-16 Wayback Machine Վերցված է 2 մարտի 2015 թ.
- ↑ Դոֆամին և ցանկություն Վերցված է 2 մարտի 2015 թ.
- ↑ A Mechanism for Amphetamine-Induced Dopamine Overload Վերցված է 2 մարտի 2015 թ.
- ↑ How drugs affect neurotransmitters Վերցված է 2 մարտի 2015 թ.
- ↑ Գիտնականները պարզել են, որ տղամարդիկ առավել հաճախ են ալկոհոլից կախվածություն ձեռք բերում դոֆամինի պատճառով Վերցված է 2 մարտի 2015 թ.
- ↑ Կախվածությունը և դոֆամինը. D2 ընկալիչների մակարդակը Վերցված է 2 մարտի 2015 թ.
- ↑ «Հոգեկան և վարքային խանգարումներ թմրամիջոցների և այլ հոգեակտիվ նյութերի համակցված գործածման հետևանքով»
- ↑ Маркова И.В. Клиническая токсикология детей и подростков. - Санкт-Петербург: Интермедика, 1998. - Т. 1-й. - էջ 148.
- ↑ Веселовская Н. В., Коваленко А. Е. Наркотики. Свойства, Действие, Фармакокинетика, Метаболизм. Пособие для работников наркологических больниц, наркодиспансеров, химико-токсикологических и судебно-химических лабораторий. - Москва: Триада-Х, 2000. - էջ 93-94.
- ↑ 39,0 39,1 Шабанов П.Д. Наркология. Практическое руководство для врачей. - М.: ГЭОТАР-МЕД, 2003
- ↑ Пятницкая И. Н. Общая и частная наркология: Руководство для врачей. - М.: Издательство «Медицина», 2008., էջ 229-235
- ↑ Пятницкая И. Н. Общая и частная наркология: Руководство для врачей. - М.: Издательство «Медицина», 2008., էջ 104-131
- ↑ Զրկանքի համախտանիշ
- ↑ Борьба с контрабандой наркотических средств, психотропных и сильнодействующих веществ, Издательский дом «Питер», էջ 6
- ↑ Bulletin on Narcotics: A Century of International Drug Control United Nations Publications, 2010, էջ 10
- ↑ Bulletin on Narcotics: A Century of International Drug Control United Nations Publications, 2010
- ↑ The New York Times. Los Angeles Marijuana Sellers Limited Վերցված է 2015-03-02
- ↑ MedicalMarihuana.ca Grow Marijuana Legally Արխիվացված 2014-07-15 Wayback Machine
- ↑ Հունիսի 26
- ↑ Logos 2015
- ↑ 50,0 50,1 Statement from Mr Yury Fedotov, Executive Director of UNODC on International Day against Drug Abuse and Illicit Trafficking
- ↑ Statement from Mr Yury Fedotov, Executive Director of UNODC on International Day against Drug Abuse and Illicit Trafficking, 26 June 2015
- ↑ ԹԹՄԵԿ-ի պաշտոնական կայք
- ↑ Համաճարակաբանական 5 առանցքային ցուցանիշներ
- ↑ ՀՀ քրեական օրենսգիրք
- ↑ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք
- ↑ ՀՀ-ում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին կառավարության որոշում
- ↑ ««Թմրամոլների նկատմամբ բժշկական դիտարկման և նրանց հաշվառման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ ESPAD. պաշտոնական կայք
- ↑ HBSC. պաշտոնական կայք
- ↑ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ 61,0 61,1 61,2 61,3 Հայաստանի Առողջապահության նախարարության Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի կենտրոնի տվյալներ
- ↑ «Փոխարինող բուժումն աշխարհում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
- ↑ Բարձր ռիսկային թմրամիջոցների գործածում
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |