Ափիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ափիոն
Opium poppy seed pod exuding latex from a cut
Ափիոնային խաշխաշի (քնաբեր կակաչ) պատիճի կտրվածքից ծորացող կաթնահյութ (լատեքս)
Կենսաբանական
Papaver somniferum (լատ․)
Ընդհանուր տեղեկատվություն
Աշխարհագրական ծագում Անհայտ, հնարավոր է Հարավային Ամերիկա[1]
Ակտիվ բաղադրիչներ Մորֆին, կոդեին, թեբաին, պապավերին, նոսկապին
Հիմնական արտադրողներ Աֆղանստան, Պակիստան, Հյուսիսային Հնդկաստան, Թայլանդ, Թուրքիա, Լաոս, Մյանմա, Մեքսիկա, Հունգարիա
Իրավական կարգավիճակ

Ավստրալիա՝ վերահսկվում է (Ս8)[2], Կանադա՝ Ցուցակ 1[3], ՄԹ՝ Դաս Ա, ԱՄՆ՝ Ցուցակ 2[4],

ՄԱԿ՝ Թմրամիջոցների Ցուցակ 1[5]

Ափիոն (կակաչի արցունքներ (անգլ․՝ poppy tears, լատ․՝ lachryma papaveris)), քնաբեր կակաչից (խաշխաշ, լատ․՝ Papaver somniferum) ստացվող կաթնահյութի (պարունակվում է քնաբեր կակաչի չհասունացած տուփիկների կաթնանոթներում) չորացրած տարբերակ[6][7]։ Այն ունի յուրահատուկ հոտ և դառը համ, պատկանում է ցավազրկող միջոցների շարքին։ Ափիոնային կաթնահյութը պարունակում է մոտավորապես 12% մորֆին անալգետիկ ալկալոիդ, որը քիմիական ճանապարհով օգտագործվում է հերոին և այլ արհեստական (սինթետիկ) ափիոնատիպ նյութեր ստանալու համար, որոնք օգտագործվում են բժշկության մեջ (որպես ցավազրկող, հազը հանգստացնող և խորխաբեր դեղամիջոցներ) և թմրամիջոցների անօրինական առևտրում։ Կաթնահյութը պարունակում է նաև ֆենանտրենի այլ ածանցյալներ՝ կոդեին և թեբաին, որոնք մորֆինի և ֆենանտրենի մյուս ածանցյալների հետ միասին ազդում են գերազանցապես կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Այն պարունակում է նաև ոչ անալգետիկ այնպիսի ալկալոիդներ, ինչպիսիք են պապավերինը և նոսկապինը (իզոխինոլինի ածանցյալներ)։ Դրանք թուլացնում են հարթ մկանները։ Կաթնահյութ ստանալու ավանդական, արդյունավետ տարբերակը դեռահաս սերմնահատիկները ձեռքով քերելն է․ կաթնահյութը դուրս է հոսում, չորանում դեղնավուն կպչուն նյութի տեսքով, որն այնուհետև քերվում և ջրազատվում է։ «Մեկոնիում» (ստացվել է հունական «ափիոնատիպ» բառից, սակայն այժմ օգտագործվում է որպես նորածնի առաջին կղանքի անվանում) բառը պատմականորեն կապվում է քնաբեր կակաչի այլ մասերից կամ կակաչի այլ տեսակներից ստացվող ավելի թույլ պատրաստուկների հետ[8]։

Բուն ափիոնի ստացումը որպես այդպիսին չի փոխվել դեռևս հին ժամանակներից։ Այնուամենայնիվ, քնաբեր կակաչի ընտրողական մշակման ներկայիս պայմաններում ալկալոիդներ մորֆինի, կոդեինի և ավելի փոքր քանակությամբ թեբաինի չափաբաժինն ավելացել է։ Ներկայումս հիդրոկոդոնի, հիդրոմորֆոնի և այլ կիսասինթետիկ ափիոնատիպ նյութերի սինթեզի ժամանակ որպես հումք ծառայող թեբաինի մեծ մասը ստացվում է Պապավեր օրիենտալ և Պապավեր բրակտեատում բույսերից։

Անօրինական գործածման ափիոնը հիմնականում ներկայանում է հերոինի տեսքով, որն ավելի փոքրածավալ է, ինչը հեշտացնում է մաքսանենգությունը, և որը բազմապատկում է դրա ուժգնությունը մորֆինից ավելի քան երկու անգամ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Papaver somniferum-ի ծաղիկներ

Քնաբեր կակաչի մշակումը սննդում, ցավազրկման և ծիսակատարություններում օգտագործելու համար գալիս է դեռևս Նեոլիթի ժամանակաշրջանից (Նոր քարի դար)։ Շումերական, Ասորական, Եգիպտական, Հնդկական, Մինոսյան, Հունական, Հռոմեական, Պարսկական և Արաբական կայսրություններում ափիոնի օգտագործումը լայն տարածում ուներ հատկապես որպես ցավազրկող միջոց, որը՝ որպես այն ժամանակ հայտնի ամենաուժեղ միջոց, հին ժամանակների վիրաբույժներին թույլ էր տալիս իրականացնել երկարատև վիրահատական միջամտություններ։ Ափիոնի մասին խոսվում է հին աշխարհի ամենակարևոր բժշկական տեքստերում և հեղինակների կողմից, այդ թվում՝ Էբերսի պապիրուս, Դիոսկորիդես, Գալեն, Ավիցեննա։ Չմշակված ափիոնի լայն տարածումը շարունակվեց Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ընթացքում, որից հետո այն իր տեղը զիջեց մորֆինին և դրա իրավահաջորդներին, որոնք կարող էին ներարկվել հստակորեն վերահսկվող դեղաբաժիններով։

Չինաստանում ափիոնի գործածումը ժամանցի նպատակով սկսվեց 15−րդ դարում, սակայն այն սահմանափակ էր հազվագյուտ լինելու և բարձր գնի պատճառով։ Ափիոնի առևտուրն ավելի կանոնավոր դարձավ 17−րդ դարից, երբ այն սկսեցին խառնել ծխախոտի հետ և օգտագործել ծխելու միջոցով․ հենց այդ ժամանակ էլ պարզ դարձավ, որ ափիոնը կախվածություն է առաջացնում։ Չինաստանում ափիոնի արգելք սկսեց կիրառվել 1729 թվականից, որից հետո մոտ երկու դար այն ակտիվորեն օգտագործվում էր։ Բրիտանիայի հետ առևտրում Չինաստանն ուներ դրական առևտրային հաշվեկշիռ, ինչը հանգեցնում էր բրիտանական արծաթի նվազեցմանը։ Հետևաբար, բրիտանացիները ձգտում էին խրախուսել Չինաստանում ափիոնի օգտագործումը՝ հաշվեկշիռն իրենց օգտին ավելացնելու նպատակով։ Նրանք իրենց իսկ հսկողության ներքո Չինաստան ափիոն էին մատակարարում հնդկական նահանգներից։ Հնդկաստանում ափիոնի մշակումը, արտադրությունը և անօրինական տեղափոխումը Չինաստան իրականացվում էր Բրիտանական Օստ-Հնդկական ընկերության կողմից՝ որպես բրիտանական կառավարության խիստ մենաշնորհ[9]։ Հնդկաստանում գործում էր Օստ-Հնդկական ընկերության տարբեր գործակալությունների կողմից ափիոնի արտադրության և մատակարարման գործընթացների վերահսկման ու կառավարման խիստ բարդ համակարգ։ Չինական Դաոգուանգ կայսեր գաղտնի պատվիրակի կողմից ափիոնի զանգվածային ոչնչացումը՝ ներկրումը դադարեցնելու նպատակով, հանգեցրեց Ափիոնային առաջին պատերազմին, որում Բրիտանիան հաղթեց Չինաստանին։ 1860 թվականից հետո Չինաստանում ափիոնի գործածումը շարունակեց լայնորեն աճել։ Մինչև 1905 թվականը արական սեռի բնակչության 25%–ը այդ թմրամիջոցի կանոնավոր գործածողներ էին։ Աշխարհի մյուս հատվածներում, ըստ ափիոնի գործածման վերաբերյալ զեկույցների, դրա գործածումը հազվադեպ էր ընդհուպ մինչև 19-րդ դարի վերջը[10]։

Ափիոնի գլոբալ կարգավորումը սկսվեց 1870-ականներին Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆորնիայում չինացի ներգաղթյալների և ափիոնային որջերի դատապարտմամբ ու շարունակվեց մինչև 1909 թվականին Ափիոնի միջազգային հանձնածողովի ձևավորումը։ Այս ժամանակահատվածում գրականության մեջ ափիոնը սկսեց նկարագրվել բարոյալքված և բռնի կերպով, բրիտանական ափիոնի առևտուրը դուրս մղվեց չինական ներքին արտադրանքի կողմից, մաքուր մորֆինը և հերոինը հասանելի դարձան ներարկումների համար և ափիոն պարունակող արտոնագրված դեղերը հասան հանրաճանաչության գագաթնակետին։ 20-րդ դարի սկզբում ափիոնն արգելվեց բազմաթիվ երկրներում՝ հանգեցնելով ափիոնի արտադրության ժամանակակից իրավիճակին՝ անօրինական արտադրություն որպես թմրամիջոց վաճառելու նպատակով և օրինական արտադրություն խստորեն կարգավորվող իրավական դեղատոմսերով դուրս գրելու նպատակով։ Ափիոնի անօրինական արտադրությունը, որը ներկայումս գերակշռում է Աֆղանստանում, վերացվեց 2000 թվականին, երբ Թալիբանն արգելեց այն, սակայն դրա փոխարեն այն կայուն կերպով աճում է 2001 թվականին Թալիբանի անկումից հետո և Աֆղանստանում ընթացող պատերազմի ամբողջ ընթացքում[11][12]։ 2014 թվականին ափիոնի համաշխարհային արտադրության համար օգտագործվել է ավելի քան 224 000 հեկտար հողատարածք[13]։

Կիրառությունը հնագույն ժամանակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ափիոնն ակտիվորեն օգտագործվել է դեռևս հնագույն ժամանակներից և, հնարավոր է, Ռիգվեդայում բազմաթիվ անգամ նշվող Սոմայի բույսն է։ Չնայած Արևմուտքի գիտնականներն այդ տեքստին վերագրում են մ․թ․ա․ 1500-ական թվականները, այնուամենայնիվ հնդիկ գիտնականները պնդում են, որ դրանում առկա հատվածները և պատմությունը բանավոր կերպով փոխանցվել են դրանից դեռևս մի քանի հազար տարի առաջ։ Սոման Վեդաներում լուսնի անվանումն է սանսկրիտով, որը բնորոշում է ինչպես դրա տեսքը, այնպես էլ դրա գիշերային հյութի հոսելը, որը հնագույն ժամանակներում հնարավոր էր տեսնել միայն լուսնի լույսի ներքո[14]։ Աֆղանստանում տղամարդու տարածված անուն է «Ռեդեյը», որ աֆղաներեն նշանակում է «կակաչ», «խաշխաշ»[15]։ Այս եզրույթը հնարավոր է վերցված է սանսկրիտի rddhi և hrdya բառերից, որոնք համապատասխանաբար նշանակում են «կախարդական բժշկական բույսի տեսակ» և «սրտին հաճելի» ։ Աֆղանստանի վերին հարավ-ասիական գոտին, Պակիստանը, հյուսիսային Հնդկաստանը և Մյանման առ այսօր ապահովում են ափիոնի համաշխարհային առաջարկի գերակշիռ մասը։

Հայտնի է նեոլիթյան բնակավայրերից քնաբեր կակաչի ավելի քան 17 գտածոների մասին, որոնցից մեկը Իսպանիայի Cueva de los Murciélagos կամ Bat Cave գերեզմանոցում հայտնաբերված կակաչի մեծաքանակ սերմնապատիճներն են, որոնք հավանաբար մ․թ․ա․ 4200 թվականից են։ Հայտնի են նաև քնաբեր կակաչի հայտնաբերման դեպքեր բրոնզե և երկաթե դարաշրջանների բնակավայրերից[16]։ Ափիոնի մշակման պատմության մեջ հայտնի առաջին վայրը Միջագետքն է, որտեղ մ․թ․ա․ 3400-ական թվականներին այդ բույսի մշակմամբ զբաղվում էին շումերները, ովքեր այն անվանում էին hul gil՝ «զվարճանքի բույս»[17][18]։ Բաղդադից հարավ գտնվող շումերական կենտրոն Նիպպուրում հայտնաբերված արձանագրություններում նկարագրվում է առավոտյան կակաչի հյութի հավաքումը և դրա օգտագործումը ափիոնի պատրաստման մեջ[19]։ Մշակումը շարունակվեց Միջին արևելքում ասորիների կողմից, ովքեր նույնպես առավոտյան կակաչի պատիճներից երկաթե շերեփով հյութ էին հավաքում․ նրանք այդ հյութն անվանում էին aratpa-pal՝ հավանաբար «կակաչի արմատ»։ Ափիոնի արտադրությունը շարունակվեց բաբելոնացիների և եգիպտացիների կողմից։

Ափիոնն օգտագործվում էր թունավոր մոլեխինդի հետ՝ մարդկանց արագ և անցավ սպանելու նպատակով, սակայն այն օգտագործվում էր նաև բժշկական նպատակներով։ Ափիոնի մեջ թաթախված սպունգերն օգտագործվում էին վիրահատությունների ժամանակ[17]։

Եգիպտոսից ափիոնն արտահանվում էր Փյունիկիա և Մինոս, ինչպես նաև Միջերկրական ծովի շրջակայքի այլ վայրեր, օրինակ՝ Հունաստան, Կարթագեն և Եվրոպա։ Մ․թ․ա․ 1100 թվականից ափիոն սկսեց մշակվել նաև Կիպրոսում, որտեղ վիրահատական դանակի որակի դանակներ էին օգտագործվում սերմնապատիճները բացելու համար։ Այդպիսով՝ ափիոնզ մշակվում, վաճառվում և գործածվում էր ծխելու նպատակով[20]։ Ափիոնը հիշատակվում է նաև Պարսկաստանի կողմից մ․թ․ա․ 6-րդ դարում ասորական և բաբելոնյան հողերի նվաճումից հետո[19]։

Դեռևս հնագույն ժամանակներից ափիոնին վերագրվել է ծիսակատարություններում օգտագործման կարևորությունը, և հնէաբանները գտնում են, որ հնում քահանաները օգտագործել են այս թմրամիջոցը՝ որպես իրենց ուժի ապացույց[17]։ Եգիպտոսում ափիոն կարող էին օգտագործել միայն քահանաները, մոգերը և ռազմիկները․ ըստ պատմության՝ այն Իսիդա ատվածուհու կողմից տրվել էր Ռա աստծուն՝ որպես ցավազրկող։ Մինոսյան «թմրամիջոցների աստվածուհին» ներկայացվում էր թագով, որի վրա կային երեք կակաչներ[21]։ Հունական աստվածներ Հիպնոսը (քուն), Նիքսը (գիշեր) և Թանատոսը (մահ) պատկերվում էին կակաչների մեջ կամ դրանք ձեռքերում բռնած։ Կակաչները հաճախ զարդարում էին Ապոլլոնի, Ասկլեպիոսի, Պլուտոնի, Դեմետրայի, Աֆրոդիտեի, Կիբելայի և Իսիդայի արձանները՝ խորհրդանշելով գիշերային ունայնություն[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Professor Arthur C. Gibson. "The Pernicious Opium Poppy". University of California, Los Angeles. Retrieved February 22, 2014.
  2. Department of Health, Poison Standard 2015 (Cth) 207-209
  3. Վերահսկվող թմրամիջոցների և նյութերի մասին ակտ, Ցուցակ 1
  4. Վերահսկվող նյութերի ցուցակներ, Ցուցակ 2
  5. ՄԱԿ-ի 1961թ.-ի «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիա, Ցուցակ 1
  6. "Define Opium at Dictionary.com"
  7. "Opium definition"
  8. Health on the Net Foundation Mother and Child Glossary
  9. "Opium Factories of Bihar - Bihargatha". Bihargatha․
  10. Opium : Dikotter, Frank, Lars Laamann and Zhou Xun. 2004. Narcotic Culture: A History of Drugs in China. Chicago: University of Chicago Press; Zheng Yangwen. 2005. The Social Life of Opium in China. New York: Cambridge University Press.
  11. Paul Harris in Peshawar (November 25, 2001). "Victorious warlords set to open the opium floodgates". London: Observer.guardian.co.uk.
  12. "UN World Drug Report 2007 – Afghanistan"
  13. The Spoils of War: Afghanistan’s Multibillion Dollar Heroin Trade: Washington's Hidden Agenda: Restore the Drug Trade, Global Research, May 25, 2015
  14. Sanskrit Dictionary
  15. Pashto Names for Boys
  16. Suzanne Carr (1995). "MS thesis".
  17. 17,0 17,1 17,2 M J Brownstein (June 15, 1993). "A brief history of opiates, opioid peptides, and opioid receptors". Proc Natl Acad Sci USA 90 (12): 5391–5393. doi:10.1073/pnas.90.12.5391. PMC 46725. PMID 8390660
  18. PBS Frontline (1997). "The Opium Kings".
  19. 19,0 19,1 19,2 Paul L. Schiff, Jr. (2002). "Opium and its alkaloids". American Journal of Pharmaceutical Education.
  20. P. G. Kritikos and S. P. Papadaki (January 1, 1967). [www.opiumpoppies.org/2001/07/13/the-early-history-of-the-poppy-and-opium/ "The early history of the poppy and opium"]. Journal of the Archaeological Society of Athens.
  21. E. Guerra Doce (January 1, 2006). "Evidencias del consumo de drogas en Europa durante la Prehistoria". Trastornos Adictivos (in Spanish) 8 (1): 53–61. doi:10.1016/S1575-0973(06)75106-6.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]