Գալուստ Արխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գալուստ Արխանյան
Ծնվել է1870
ԾննդավայրՓոքր Արմտան
Մահացել է1905
Մահվան վայրԵրզնկա, Թուրքիա
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիդայի
Քաղաքական կուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

Գալուստ Արխանյան, Հաջի Բեկ, (1870, գ. Փոքր Արմտան (Մնձուրիի շրջանում) - 1905, Երզնկա), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, Հնչակյան կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախել է ծննդավայրի դպրոցը։ Աշխատել է Կ. Պոլսում, որտեղ ծանոթացել է հնչակյան գործիչների հետ և ընդգրկվել հեղափոխական շարժման մեջ։ 1890 թվականին մասնակցել է Գում Գափուի ցույցին։ Իր միջոցներով զենք է գնել և փոխադրել Արմտան։ 1891 թվականին կազմակերպել է ֆիդայիների խումբ, որը հիմնականում գործել է Արմտանի շրջանում։ 1892 թվականին զինված բախումներ է ունեցել Դերսիմի և Օվաճըկի քրդերի հետ, որոնք հաղթական ելք են ունեցել։ Թշնամու դեմ մղած մարտերում վիրավորվել է։ Գործակցել է Դերսիմի Քեռիի (Շիշմանյան Ռուբեն) հետ։ Իր մղած բազմաթիվ կռիվներով կարողացել է սանձել հայ գյուղացիությանը կեղեքող քուրդ ավազակախմբերը։ Արժանացել է «Մնձուրի առյուծ» անվանմանը։ 1893 թվականի սեպտեմբերին Արխանյանի խումբը պաշարվել է Փոքր Արմտանի մեջ։ Թուրքական կանոնավոր զորքի հետ մարտը տևել է երեք օր, հայդուկների մեծ մասը նահատակվել է և վիրավորվել, վերջացել է զինամթերքը, Արխանյանը ստիպված հանձնվել է, տեղափոխվել է Երզնկայի բանտ։ Դատավարությունը տևել է մեկ տարի։ Արխանյանը 12 տարի մնացել է բանտում, 2 անգամ փախուստի անհաջող փորձ է արել։ Մահացել է բանտում տարափոխիկ հիվանդությունից։

Արխանյանի անունը մեծ ժողովրդականություն է վայելել։ Նրա քաջագործություններին նվիրված են բազմաթիվ երգեր և բանաստեղծություններ։ Վրթանես Փափազյանը Արխանյանի կերպարը մարմնավորել է «Հաջի բեկ» վիպակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png