Ակվապոնիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակվապոնիկ ակվարիում, որում բուծվում են լոքոյաձկներ
Բույսերի աճեցումն ակվապոնիկ եղանակով

Ակվապոնիկա, սիմբիոզային միջավայրում ավանդական ջրային տնտեսության (ակվակուլտուրա, ձկների, խխունջների, խեցգետնանմանների և այլ տեսակի ջրային կենդանիների բուծումն արհեստական ավազաններում) և հիդրոպոնիկայի (բույսերի աճեցումը ջրային եղանակով) համադրման գործելակերպ։ Տվյալ պարագայում բույսերի աճեցման համար հողի փոխարեն օգտագործվում է ջուրը, իսկ բուծվող ջրային կենդանիներից ստացված արտազատումներն անմիջապես օգտագործվում են որպես օրգանական պարարտանյութ[1]։

Սովորական ձկնաբուծական տնտեսություններում, ձկների կամ բուծվող այլ կենդանիների արտազատումները կուտակվում են ջրի մեջ՝ ավելացնելով ջրի թունայնությունը։ ի հակադրումն դրա, ակվապոնիկ համակարգերում օգտագործված ջուրն անցնում է հիդրոպոնիկ համակարգին՝ այդ ընթացքում նիտրիֆիկացիոն մանրէների միջոցով ջրում առկա ազոտային միացությունները, մասնավորապես ամոնիակը (NH3) տրոհվում է նիտրիտների (NO2) և նիտրատների (NO3), որոնք էլ իրենց հերթին որպես սննդարար նյութեր յուրացվում են բույսերի կողմից։ Տվյալ գործողությունից հետո օգտագործված (ֆիլտրված) ջուրը ենթարկվում է վերաշրջանառության՝ վերադառնալով երկրորդային օգտագործման։

Հանդիսանալով ակվակուլտուրայի և հիդրոպոնիկայի հիբրիդային տեխնոլոգիան` ակվապոնիկ համակարգերը կարող են տարբերվել իրենց չափով, ջրի շրջանառության աստիճանով և աճեցվող բուսական տեսակներով[2]։

Ակվապոնիկան մշակաբույսերի աճեցման էկոլոգիապես մաքուր, բնական և օրգանական մեթոդ է, որն իր մեջ է ներառում ձկնապահության և հիդրոպոնիկայի լավագույն հատկանիշները, չունի ջրի ֆիլտրման անհրաժեշտություն և բացառում է քիմիական ծագման պարարտանյութերի օգտագործումը։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ակվապոնիկայի առաջացման մասին առկա վիճարկումներին` տվյալ պրակտիկան ունի հնագույն ծագում։ Ացտեկները մեզոամերիկյան շրջանում քաղցրահամ լճերի ծանծաղային հատվածներում գտնվող լողացող գյուղատնտեսական կղզյակներում՝ չինամպաներում, ցանում էին մշակաբույսեր, որոնք տարին մի քանի անգամ բերք էին տալիս[3]։ Այս ձևը կարող է համարվել ակվապոնիկայի առաջին դրսևորումներից։ Ակվապոնիկայի վաղ ձևերից կարող է համարվել նաև բրնձի աճեցման դարավոր տեխնոլոգիան Չինաստանում, Թայլանդում և Ինդոնեզիայում, որի ժամանակ բույսն աճեցնում են ջրային ծանծաղ հատվածներում, իսկ ջրում ազատորեն լողում են ձկները[4]։ Տվյալ գյուղատնտեսական եղանակներն առավել տարածված են եղել Հեռավոր Արևելքի երկրներում։ Նման տեխնոլոգիաներով բուծվել են ձկների բազմաթիվ տեսակներ։

Ակվապոնիկ համակարգի բաղադրիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմերցիոն ակվապոնիկ համակարգ, որում պոմպը ավազանի հետադարձային ջուրը հասցնում է բույսերին, իսկ արդեն զտված ջուրը վերադարձնում է հետ դեպի ավազան

Ակվապոնիկան բաղկացած է երկու հիմնական մասերից՝ ակվակուլտուրայից (ջրային կենդանիների բուծում) և հիդրոպոնիկայից (բույսերի աճեցումն առանց հողի)[5][6]։ Փակ կամ կիսափակ շրջանառությամբ ձկնաբուծարաններում հետադարձային ջրերը պարունակում են արտազատումներ։ Բարձր քանակությամբ արտազատումներով հարուստ ջուրը խիստ վտանգավոր է ձկների (ինչպես նաև բուծվող ցանկացած ջրային կենդանիների) համար, սակայն միևնույն ժամանակ այն պարունակում է առանցքային սննդարար նյութեր բույսերի աճի համար[5]։

Չնայած հիմնականում վերոնշյալ երկու մասերից բաղկացած լինելուն` ակվապոնիկան սովորաբար բաժանված է մի քանի բաղադրատարրերի և ենթահամակարգերի, որոնք կոչված են պինդ թափոններն արդյունավետորեն հեռացնելու, հիմքերի ներմուծմամբ թթուները չեզոքացնելու, կամ հաստատուն մակարդակի վրա պահելու ջրի օքսիգենացիան[5]։ Այդպիսի բաղակացուցիչներ են համարվում ներքոնշյալ տարրերը.

  • Ավազաններ կամ ակվարիումներ, կառուցվածքներ որտեղ բուծվում են ձկները,
  • Տղմազտիչ ավազան, ավազան, որտեղ կուտակում է չմարսված և/կամ չօգտագործված կերը, առանձնացված կենսաժապավենը, ինչպես նաև լուծվում նրբագույն մասնիկները,
  • Բիոֆիլտր, միջավայր, որտեղ բազմացած նիտրիֆիկացիոն մանրէները ամոնիակը վերածում են նիտրատների, ինչն էլ որպես սնունդ օգտագործվում է բույսերի կողմից[5],
  • Հիդրոպոնիկ ենթահամակարգ, համակարգի ենթամաս, որտեղ աճեցվում են բույսեր, որոնք էլ մարսում են ջրից ստացված ավելցուկային սննդարար նյութերը,
  • Դրենաժային հոր, համակարգի ցածրագույն կետը, որտեղ ի վերջո լցվում է ջուրը և պոմպի միջոցով անմիջապես հետադարձ կատարում դեպի ավազան կամ ակվարիում։

Կախված համակարգի կառուցվածքային բարդությունից կամ օպերացիոն ծախսերից՝ պինդ թափոնների հեռացման, բիոֆիլտրացիայի և/կամ հիդրոպոնիկ ենթահամակարգերը կարող են համատեղվել մեկ կառուցվածքի կամ ենթահամակարգի ներքո[5], որը կարգելափակի ջրի ուղիղ հոսքը ձկնաբուծական հատվածից դեպի բուսաբուծական հատվածը։

Կենդանի բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիֆորնիայի համալսարանի (Սակրամենտո) ուսանողների կողմից ակվապոնիկ եղանակով աճեցված մշակաբույսեր

Ակվապոնիկ համակարգի հաջող աշխատանքը կախված է մի շարք այսպես կոչված կենդանի բաղադրիչներից, որոնք են՝ բույսերը, ձկները (կամ ջրային այլ կենդանիները) և բակտերիաները։ Որոշ համակարգեր կարող են լրացուցիչ կենդանի բաղադրիչներ ունենալ (օրինակ՝ որդեր

Բույսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ բուսատեսակներ կարող են հարմար լինել ակվապոնիկայում աճեցնելու համար։ Այնուամենայնիվ, բույսերի որոշ տեսակների հաջող աճեցումը կախված է ձկների հասունությունից և բուծման խտությունից։ Սույն բաղադրիչներն ազդում են ձկների արտազատումներից ստացված սննդարար նյութերի կոնցենտրացիայի և մանրէների միջոցով բույսերի արմատներին դրանց հասանելության աստիճանի վրա։

Ցածր միջին սննդային պահանջներ ունեն տերևաբանջարները, որոնք բավականին լավ են հարմարվում ակվապոնիկ միջավայրին։ Ակվապոնիկայում առավել հաճախ հանդիպող տերևաբանջարներից են չինական կաղամբը, մշակովի հազարը, ռեհանը, սպանախը, սոխուկը, ջրկոտեմը և կանաչեղենները[6]։

Այլ տեսակի մշակաբույսեր, ինչպիսիք են լոլիկը, վարունգը և պղպեղը, առավել բարձր պահանջներ ունեն սննդարար նյութերի հանդեպ, ուստի կարող են աճեցվել միմիայն բարձր բուծման խտություն ունեցող ձկնաբուծարաններում։

Ակվապոնիկ համակարգերում առավել մեծ հաջողությամբ են աճեցվել աղցանային բույսերը, այդ թվում՝ վարունգը, լոլիկը, շալոտը, հազարը, կարմիր պղպեղը, տաքդեղը, կարմիր գլուխ սոխը և ոլոռը[7]։

Առավել շահավետ է համարվում չինական կաղամբի, հազարի, ռեհանի, վարդի, լոլիկի, բամիայի, կանտալուպի և պղպեղի աճեցումը։

Ակվապոնիկայում լավ աճող բուսատեսակներից են նաև գինձը, մաղադանոսը, կիտրոնախոտը, եղեսպակը, լոբին, սիսեռը, շաղգամակաղամբը, տարոն, բողկը, գետնաելակը, բոստանային մշակաբույսերը (ձմերուկ, սեխ և այլն), սոխը, շաղգամը, մշակովի ստեպղինը, բատատը, կաղամբը, ծաղկակաղամբը, բրոկկոլին և սմբուկը[7]։

Ծիածանափայլ իշխան

Ձկներ (ջրային այլ կենդանիներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակվապոնիկ համակարգերում առավել հաճախ պահվում են քաղցրահամ ջրի ձկներ, ինչպես նաև սովորական խեցգետիններ և ծովախեցգետիններ։ Գոյություն ունի նաև ակվապոնիկայի ենթատեսակ, որն զբաղվում է աղի ջրերի ձկների բուծմամբ։ Գոյություն ունեն տաք և սառը ջրերի ձկնատեսակներ, որոնք բավականին լավ հարմարվում են ակվապոնիկ միջավայրին[8]։

Գործնականում, տնային և կոմերցիոն ակվապոնիկայում մեծ տարածում ունի թիլապիա (տիլյապի) կոչվող ձկնատեսակի բուծումը, քանի որ, համարվելով տաք ջրերում հանդիպող տեսակ, վերջինս բավականին լավ է հարմարվում բուծման բարձր խտություններին և ջրային պայմանների փոփոխություններին[9]։ Ակվապոնիկայում կարող են աճեցվել նաև լատես, սպիտակ պերկես, երկարավուն լոքո, նեֆրիտային պերկես, մյուրեյյան ձողաձոուկ, ջրանցքային լոքոյիկ[10], ծիածանափայլ իշխան, պերկես, ծածան, արկտիկական տառեխ և բազմաթիվ այլ ձկնատեսակներ[6][9]։

Դեկորատիվ նպատակներով կարելի է պահել ճապոնական կարպ-կոյ և ոսկե ձկնիկ։

Բակտերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական ձկնաբուծական տնտեսություններում ձկները յուրացնում են կերը և արտադրում են ամոնիակ, որի մեծ մասը ջրի հետ դուրս է գալիս հոսող ջրով համակարգից և հայտնվում էկոհամակարգում, որտեղ այն կլանվում է բնության կողմից, եթե դրա խտությունը շատ բարձր չէ։ Նիտրատացումը, որն իրենից ներկայացնում է օդակյաց օրգանիզմների միջոցով ամոնիակը նիտրատների տրոհելու գործընթացը, համարվում է ակվապոնիկ համակարգերի առանցքային գործառույթներից մեկը։ Նիտրատացման միջոցով ձկների համար իջեցվում է ջրում թունայնության մակարդակը, իսկ նիտրատային միացությունները որպես սննդարար նյութեր օգտագործվում են բույսերի կողմից։ Ձկների նյութափոխանակության արդյունքում արտազատումների տեսքով, ինչպես նաև խռիկների միջոցով ամոնիակը կայուն կերպով արտանետվում է ջրի մեջ։ Կանոնավոր կերպով ամոնիակի ֆիլտրումը բացառում է դրա բարձր կոնցենտրացումների հետևանքով ձկների սատկը։ Չնայած բույսերը որոշ աստիճանով կարող են կլանել ամոնիակը, սակայն նիտրատային վիճակում դրա յուրացումն համեմատաբար ավելի դյուրին է[6]։ Ամոնիակը այլ տեսակի ազոտական միացությունների կարող է տրոհվել հետևյալ բակտերիաների միջոցով։

  • Նիտրոզոմոնաս, ամոնիակը (NH3) նիտրիտի (NO2) տրոհող բակտերիայի տեսակ․
  • Նիտրոբակտեր, նիտրիտը (NO2) նիտրատի (NO3) տրոհող բակտերիայի տեսակ․
Փոքրամասշտաբ ակվապոնիկ ջերմոցային տնտեսություն

Հիդրոպոնիկ ենթահամակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ համակարգում բույսերի աճեցումը կատարվում է հիդրոպոնիկայի տեխնոլոգիայով, որի դեպքում բույսերի արմատներն ընկղմված են սննդարար նյութերով հարստացված հոսող ջրի մեջ։ Սա բույսերին հնարավորություն է տալիս ֆիլտրել ամոնիակը և/կամ դրա նյութափոխանակիչները (մետաբոլիտներ)։ Երբ ջուրն անցնում է հիդրոպոնիկ ենթահամակարգի միջով, այն ենթարկվում է մաքրման և թթվածնային հարստացման, և պատրաստ է վերադարձվելու ձկնաբուծական հատվածի մեջ։ Տվյալ ցիկլը շարունակական է։ Ակվապոնիկայում առավել հաճախ հանդիպող հիդրոպոնիկ ենթաձևերը բերված են ստորև։

  • Խորջրյա լաստանավակային ակվապոնիկա, պենոպլաստե լողացող տախտակամածներ, որոնք պահվում են համեմատաբար խորահուն ավազանների ջրային մակաերևույթի վրա։
  • Շրջանառու ակվապոնիկա կամ փակ հանգույցով ակվապոնիկա, ձկնաբուծության կողմից օգտագործված ջուրը լցվում է պինդ կրիչներով (օրինակ՝ մանրախճով կամ կավով) լի կոնտեյների մեջ։
  • Մխոցային ակվապոնիկա, պինդ կրիչներով լի կոնտեյները լցվում և դատարկվում է հատուկ ջրահեռացման ծծափողերի (սիֆոն) միջոցով։

Գոյություն ունեն բազմաթիվ այլ ենթատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները[11]։

Քանի որ աճի և զարգացման տարբեր ենթափուլերում հանքանյութերի և սննդարար նյութերի հանդեպ բույսերի պահանջը տարբեր է, որոշ բույսերի բերքահավաքը համընկնում է մյուսների սածիլների տեղադրման ժամկետների հետ։ Այս կերպ ապահովվում է ջրում սննդարար նյութերի պարունակության ստաբիլացմանը, քանի որ ջրում առկա տոքսինները շարունակաբար ենթարկվում են սիմբիոզային զտման[12]։

Բիոֆիլտր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակվապոնիկ համակարգերում ամոնիակը բույսերի համար գործածելի նիտրատների վերածող բակտերիաները, ողջ համակարգի պինդ մակերևույթների երկարությամբ ձևավորում են այսպես կոչված կենսաժապավեն և հաստատուն կերպով գտնվում ջրի հետ շփման մեջ։ Ֆիլտրացման արագությունը մեծապես կախված է ջրում ամոնիակի և նիտրիտների կոնցենտրացիաների չափից։ Չափազանց կարևոր է բակտերիաների գաղութների խնամքը, քանի որ միայն դրանց լիակատար աշխատունակությամբ է հնարավոր կազմակերպել ամոնիակի և նիտրատի ասիմիլյացիան։ Հենց սա է պատճառը, որ ակվապոնիկ համակարգերը հագեցված են բիոֆիլտրացիոն բլոկով, որում պայմաններ են ստեղծվում անհրաժեշտ միկրոօրգանիզմների բազմացման համար։

Քանի որ նիտրատաացման ընթացքում ջուրը ենթարկվում է օքսիդացման, ապա ջրում pH-ի բաղադրությունը հնարավորինս չեզոքացնելու համար կարող են ավելացվել ոչ նատրիումային հիմքեր, ինչպիսիք են կալիումի (KOH) և կալցիումի հիդրօքսիդները (Ca (OH)2)[5]:

Շահագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգի շահագործման հինգ հիմնական բաղադրիչներն են ջուրը, թթվածինը, լուսավորումը, կերը (ջրային կենդանիների) և էլեկտրաէներգիան (պոմպամղման, զտման և ջրի օքսիգենացիայի)։ Համակարգի կայունության համար դուրս բերվող հասուն ձկները կարող են փոխարինվել մանրաձկներով և մատղաշներով։ Որպես վերջնական արդյունք՝ համակարգից շարունակաբար ստացվում է հիդրոպոնիկ եղանակով արտադրված բուսատեսակներ և ակվակուլտուրային եղանակով աճեցված ուտելի ձկնատեսակներ։

Վիրջինյան կղզիների համալսարանի պրոֆեսոր, Ակվապոնիկ հետազոտությունների ծրագրի տնօրեն Ջեյմս Ռակոսիի կողմից մշակվել են հաջող ակվապոնիկայի ստեղծման տասը ուղենշային սկզբունքները[13]։ Սկզբունքները հետևյալն են՝

  • Հաշվարկել յուրաքանչյուր աճեցված բույսի քառակուսի մետրի չափով ձկների կերակրման չափը,
  • Համեմատաբար հաստատուն պահել կերակրման չափը,
  • Համակարգը լրացուցիչ ապահովել կալիումով, կալցիումով և երկաթով,
  • Ապահովել պատշաճ աերացիա,
  • Հեռացնել պինդ մասնիկները,
  • Զգույշ վարվել կոնստրուկիցոն ագրեգատների հետ,
  • Օգտագործել խոշոր տրամագծով խողովակներ,
  • Կենսաբանական եղանակով պայքար վնասատուների դեմ,
  • Ապահովել պատճաճ բիոֆիլտրացիա,
  • Ջրածնային ցուցչի (pH) կառավարում։

Կերակրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես բազմաթիվ ձկնաբուծական տնտեսությունների դեպքում, բուծվող ձկների համար նախատեսված կերերի մեջ մեծ չափաբաժին ունի առավել ցածրարժեք ձկնատեսակների մնացորդներից ստացված ձկնալյուրը։ Այնուամենայնիվ, վայրի ձկների վտառների զանգվածային որսի պատճառով, տվյալ պրակտիկան անկայուն մակարդակի վրա է։ Առավել կենսունակ այլընտրանք կարող են համարվել օրգանական ձկնակերերը։ Այլընտրանքային այլ լուծումներ են ակվապոնիկ համակարգում ջրոսպի աճեցումը[14], խոհանոցային մնացորդների միջոցով որդաբուծական կոմպոստի ստացումը, և այլն[15]։

Ջրօգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար ակվապոնիկ տնտեսություններում ջուրը ոչ թե թափվում է դրենաժ, այլ ենթարկվում արդյունավետ վերաշրջանառման։ Համակարգը հիմնված է կենդանիների և բույսերի հարաբերակցության վրա՝ այդ կերպ ապահովելով կայուն ջրային միջավայր՝ հարակից սննդարար նյութերի և թթվածնի մակարդակների նվազագույն տատանումներով։ Ջրի որոշակի նվազումը կարող է պայմանավորված լինել բույսերի կողմից կլամամբ ու գոլորշիացմամբ, մակերևութային գոլորշիացմամբ, տեղումների պատճառով առաջացած արտահոսքերով, ինչպես նաև կենսազանգվածի հեռացմամբ (ինչպիսին են օրինակ համակարգի նստվածքային պինդ թափոնները)։ Որպես արդյունք, նույն մշակաբույսի աճեցման համար ակվապոնիկան օգտագործում է ավանդական տնտեսության օգտագործած ջրի ընդամենը 2%-ը։ Սրա շնորհիվ, ակվապոնիկ տնտեսություններն առավել մեծ նշանակություն ունեն հենց այն գոտիներում, որտեղ սահմանափակ են թե՛ ձկնարտադրության և թե՛ մշակաբույսերի աճեցման համար անհրաժեշտ ռեսուրսները։ Ակվապոնիկ համակարգերը կարող են նաև օգտագործվել որպես արհեստական ջրաճահճային հանդակների կրկնօրինակում։ Վերջիններս բավականին օգտավետ են ինչպես բիոֆիլտրացիայի, այնպես էլ կենցաղային կոյուղաջրերի մաքրման հարցերում[16]։ Սննդարար նյութերով հագեցած ավելցուկային ջրերը կարող են պաշարվել ջրհավաք բաքերում կամ ավազաններում և օգտագործվել հողում ավանդական եղանակով աճեցված մշակաբույսերի արագ աճն ապահովելու համար, ինչպես նաև պոմպի միջոցվով կարող են հետ մղվել դեպի ակվապոնիկ միջավայր։

Էլեկտրաէներգիայի սպառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերաշրջանառում իրականացնելու և ջրային միջավայրի հաստատուն ջերմաստիճան ստանալու համար ակվապոնիկ կառուցվածքները որոշակիորեն հիմնվում են արհեստական էներգետիկայի, տեխնոլոգիական լուծումների և բնապահպանական վերահսկողության որոշ բաղադրատարրերի վրա։ Ակվապոնիկ համակարգերում չափազանց մեծ ուշադրություն է տրվում էներգաարդյունավետությանը։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանգլադեշի գյուղատնտեսական համալսարանի ձեռնարկմամբ հիմնված տնային ակվապոնիկ տնտեսություն
Միլուոքիի քաղաքային ակվապոնիկ համակարգը
Ակվապոնիկ ջերմոց (Հայաստան, Ապագա գյուղ)

Կարիբյան ծովում գտնվող Բարբադոս կղզի-պետության կառավարությունն առաջ էր քաշել տնային ակվապոնիկ համակարգերի նախաձեռնությունը։ Ակվապոնիկայից ստացված արտադրանքը վաճառվում էր զբոսաշրջիկներին։ Այս կերպ փորձ էր կատարվում նվազեցնելու երկրի ահագնացող կախվածությունը ներկրվող սննդամթերքից։

ԱՄՆ Հյուսիսային Դակոտա նահանգի Բոտինո բնակավայրում գտնվող Բոտինոյի քոլեջում գործում է ակվապոնիկայի կրթական ծրագիր, որն ավարտած ուսանողներին շնորհվում է սերտիֆիկատ կամ կրթական աստիճան ակվապոնիկայի բնագավառում։

Բանգլադեշում, որը համարվում է աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից մեկը, սննդամթերքի արտադրությունն արագացնելու և երկար պահպանման ժամկետներ ապահովելու պատրվակով ֆերմերների մեծամասնությունը լայնորեն օգտագործում է ագրոքիմիական պարարտանյութեր։ Բացի այդ, երկրում սննդի անվտանգության վերահսկողության միջոցառումները գտնվում են չափազանց ցածր մակարդակի վրա[17]։ Խնդրին որոշակի լուծում տալու համար, Բանգլադեշի գյուղատնտեսական համալսարանի Գյուղատնտեսական գիտությունների դեպարտամենտի անձնակազմի կողմից ձեռնարկվել էր սակավարժեք ակվապոնիկ համակարգերի հիմնումը՝ երկրի անբարենպաստ գոտիներում (աղակալված գոտիները հարավում և գերխոնավ գոտիներն արևելքում[18]) տեղակայված բնակիչներին էկոլոգիապես մաքուր բուսական և ձկնային պարենամթերքով ապահովելու համար։ Ծրագիրը բավականին իրատեսական էր գնահատվում թե բնամթերքային գյուղատնտեսության, և թե՛ մասշտաբի էֆեկտի իրագործման տեսանկյուններից։

Գազայի հատվածում գտնվող պաղեստինյան գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 1/3-ից ավելին իսրայելան ուժերի կողմից վերածվել են անվտանգության ապահովման բուֆերային գոտիների, ինչի հետևանքով Գազա քաղաքի բնակելի շենքերի տանիքներում ներկայումս առկա են բազմաթիվ ակվապոնիկ ջերմոցային տնտեսություններ[19]։

Վերջին ժամանակներում մեծ տեղաշարժ է նկատվում ակվապոնիկայի համայնքային ինտեգրման մեջ։ Միլուոքի քաղաքում տեղակայված ամերիկյան «Growing Power» հիմնադրամը, բացի այսպես կոչված՝ քաղաքային ակվապոնիկ տնտեսություններ հիմնելուց, երիտասարդների համար կազմակերպում է բազմաթիվ դասընթացներ և սեմինարներ։ Քաղաքային ակվապոնիկայի մոդելն օգտագործվել է նաև այլ քաղաքներում, օրինակ՝ Նոր Օռլեանում, որտեղ վիետնամական համայնքը ներկայացնող ձկնաբույծները մեծապես տուժել էին Մեքսիկական ծոցում «Deepwater Horizon» նավթային հարթակի պայթյունից[20]։ Մոդելն օգտագործվում է նաև Նյու Յորքի Բրոնքս թաղամասում։

ԱՄՆ Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում տեղակայված «Whispering Roots» շահույթ չհետապնդող կազմակերպությունն ակվապոնիկայի, հիդրոպոնիկայի և քաղաքային գյուղատնտեսության միջոցով սոցիալապես և տնտեսապես անապահով համայնքներն ապահովում է իր կողմից աճեցված պտուղ-բանջարեղենով[21][22]։

Բացի այդ, աշխարհի տարբեր անկյուններում ակվապոնիկայով զբաղվող այգեգործները սովորաբար հավաքվում են վիրտուալ հարթակներում և ֆորումներում, կիսվում գիտելիքներով և ամեն կերպ փորձում խթանել տվյալ ոլորտի զարգացմանը և մասսայականացմանը։

Գոյություն ունեն նաև հավաքովի ակվապոնիկ համակարգեր, որոնք նախատեսված են տնային պայմաններում օրգանական բանջարեղեն և կանաչեղեն ստանալու համար, ինչպես նաև ծառայում են որպես ներքին հարդարանք[23]։

Ակվապոնիկան Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ բազիլիկ հայկական ակվապոնիկ ջերմոցում

Ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում ակվապոնիկան նույնպես համեմատաբար նոր պրակտիկա է։ Չնայած դրան, ակվապոնիկայի բաղադրիչ համարվող հիդրոպոնիկան նորույթ չէ երկրում և 1947 թվականից ի վեր Հայաստանում գործում է Հիդրոպոնիկայի հիմնախնդիրների ինստիտուտը (նախկինում՝ Ագրոքիմիական հիմնախնդիրների և հիդրոպոնիկայի ինստիտուտ), որտեղ տեսական և պրակտիկ պայմաններում իրականացվում են հիդրոպոնիկ մեթոդով բույսերի աճեցումներ և փորձարկումներ։ Բույսերի անհող աճեցման առաջին փորձերը կատարվել են դեռ 1956 թվականին։

Հայաստանում առաջին ակվապոնիկ ջերմոցային տնտեսությունը ստեղծվել է 2014 թվականին՝ Արմավիրի մարզի Ապագա գյուղում (150 քմ)՝ «Գրին Էյջ»(չաշխատող հղում) հասարակական կազմակերպության կողմից։ Բազմաթիվ առավելությունների շարքում, կազմակերպությունը նաև ընդգծում է այն հանգամանքը, որ ակվապոնիկ համակարգեր կարելի է հիմնել հատկապես այն համայնքներում, որտեղ հողը բերրի չէ, իսկ ավանդական հողագործությամբ զբաղվելը՝ ոչ շահավետ։ 150 քառակուսի մետր տարածք զբաղեցնող ջերմոցային տնտեսության կողմից օգտագործվում է ընդամենը 34 տոննա ջուր (և խնայվում ևս 350 տոննա), որը մշտապես գտնվում է փակ շրջանառության մեջ[24]։ 3 տարվա ընթացքում, «Գրին Էյջ»(չաշխատող հղում) թիմի անդամները հաջողությամբ փորձարկել են 14 բուսատեսակի աճեցում։ 2016 թ․ այս ջերմոցը դարձավ Ակվապոնիկայի Եվրոպական Ասոցիացիայի անդամ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նոր տեխնոլոգիաներ հայկական շուկայում․ ջերմոց, որտեղ հողի փոխարեն ջուր է». «ITtrend.am». hուլիսի 14, 2015. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  2. «Update on Tilapia and Vegetable Production in the UVI Aquaponic System»(անգլ.)
  3. Բուտեվելուչ, Խուանիտա (2007 թ․ դեկտեմբերի 15). «Ացետկյան ակվապոնիկայի արդիականացում». «Napa Valley Register». Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  4. Համապարփակ գյուղատնտեսություն-ջրատնտեսություն. ՊԳԿ. 2001. ISBN 9251045992.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Ռակոսի, Ջեյմս Է.; Մասեր, Մայքլ Փ.; Լոզորդո, Թոմաս Մ. (նոյեմբեր, 2006). «Վերաշրջանառվող ջրային կուլտուրաների արտադրական համակարգեր։ Ակվապոնիկա՝ համախմբելով ձկնային և բուսական կուլտուրաները» (PDF) (454). Հարավային տարածքային ակվակուլտուրային կենտրոն. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 6,3 Դայվեր, Սթիվ (2006). «Ակվապոնիկա՝ հիդրոպոնիկայի և ակվակուլտուրայի համադրություն» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. 7,0 7,1 «Որո՞նք են ամենահեշտ բույսերը, որոնք կարելի աճեցնել ակվապոնիկայում». aquaponicsideasonline.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  8. Բակային ակվապոնիկա. «Ձկների կարևորությւոնը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.
  9. 9,0 9,1 «NMSU: Արդյո՞ք ակվապոնիկան անհրաժեշտ համակարգ է». aces.nmsu.edu. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  10. «Ձկնաբանություն և ձկնաբուծություն» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Պիպոյան Սամվել, Կրթության ազգային իսնտիտուտ
  11. Լենարդ, Ուիլսոն Ա.; Լեոնարդ, Բրայան Վ. (2006). «Երեք տարբեր հիդրոպոնիկ ենթահամակարգերի համեմատությունը փորձարարական ակվապոնիկ համակարգում». «Aquaculture International». 14 (6): 539–550. doi:10.1007/s10499-006-9053-2.(անգլ.)
  12. Ռակոսի, Ջեյմս Է.; Շուլց, Ռ. Չառլի; Բեյլի, Դոնալդ Ս.; Թոման, Էրիկ Ս. (2004). Մ. Ա. Նիքոլս (ed.). «Թիլապիայի և ռեհանի ակվապոնիկ արտադրություն» (PDF). «Acta Horticulturae» (648). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.(անգլ.)
  13. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  14. Ռոգոսա, Էլայ. «Օրգանական ակվապոնիկա». Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  15. Ամադորի, Մայքլ (2011 թ․ հուլիսի 5). «Ձկները, հազարի տերևներն ու սննդային թափոնները նոր էջ են բացում ակվապոնիկայի պատմության մեջ». Newswise. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  16. Հիգնստրոմ, Յան Ռ.; Սկիպթոն, Շերոն Օ.; Ուոլդտ, Ուեյն. «Կենցաղային կեղտաջրերի տեղամասային մաքրում։ Արտահոսքային կոյուղաջրերի մաքրումն արհեստական ջրաճահճային հանդակների միջոցով» (PDF). Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  17. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
  18. «এ্যাকোয়াপনিক্স প্রযুক্তিতে মাছ-সবজি চাষ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  19. Տանիքային այգիները լուծում են տալիս «Գազայի հարցին»։ «Ալ-Ջազիրա», հունվարի 24, 2015(անգլ.)
  20. Հարիս, Լ. Կասիմու. «Վիետնամական համայնքում ակվապոնիկայի դասընթացներ». «Louisiana Weekly». Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.(անգլ.)
  21. «Առաքելություն՝ | Whispering Roots». whisperingroots.org. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  22. Լի, Շերիլ. «Երեխաներ և համագործակցություն». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  23. «The Indoor Aquaponics Farm». Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  24. «Ակվապոնիկ ջերմոցային համակարգը Հայաստանում. բույսերն ապահովում են մաքուր ջուր ձկների, իսկ ձկները` սննդանյութ բույսերի համար». «Հետք». 2016 թ․ փետրվարի 27. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]