Դրենաժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ցամաքուրդից)
Ցամաքուրդ Լոթալում

Ցամաքուրդ, դրենաժ (ֆր.՝ drainage), գյուղատնտեսական հողերի ցամաքեցման եղանակ՝ ստորգետնյա արհեստական ջրհոսքերի (դրեններ) միջոցով։ Կիրառվում է հավելուրդային խոնավություն ունեցող հողերը ցամաքեցնելու (ցամաքեցման ցամաքուրդ), աղակալած հողերը աղազերծելու (աղազերծման ցամաքուրդ), ծանր կավային հողերում գազափոխանակությունն ուժեղացնելու (աերացիային ցամաքուրդ) համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կավե խողովակներով ցամաքուրդներ կիրառվել են մ․ թ․ 2000 տարի առաջ, Իրաքի և Սիրիայի այժմյան տարածքում, Հին Հռոմում։ Եվրոպայում (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) ցամաքուրդը սկսել են կիրառել XVII - XVIII դարերում, Ռուսաստանում՝ XIX դարի երկրորդ կեսին։ Մինչև Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը ցամաքեցված հողատարածությունն (առանց Մերձբալթյան հանրապետությունների տարածքի) 2-3 հազար հա էր, 1956 թվականին ԽՍՀՄ - ում՝ 0,8 մլն հա, 1971 թվականին՝ ավելի քան 3,4 մլն հա, 1985 թվականին՝ 15,0 մլն հա։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ձևի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցամաքուրդները լինում են բաց և փակ։ Բաց ցամաքուրդները տեղադրվում են մինչև 200 մ հեռավորության վրա՝ 1-2 մ խորությամբ, շեպերի 1 – 1,5 թեքվածքով, տարբեր տիպի առվափորիչներով։ Փակ ցամաքուրդները հիմնականում գետնաջրերի հեռացման համար են։ Այս դեպքում կառուցում են խրամներ, դրանց հատակին դնում տարբեր կառուցվածքներով ցամաքուրդներ և ծածկում հողով։ Ջրատար շերտից ջուրը հոսում է ցամաքուրդի մեջ, որի հետևանքով իջնում է ջրի մակարդակը։ Հեռավորությունը փակ ցամաքուրդների միջև 10-50 մ է (ըստ տեղական, երկրաբանական, հողային պայմանների)։

Ըստ նպատակի և նշանակության[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ նշանակության ցամաքուրդները լինում են՝

  • Ցամաքեցման ցամաքուրդ, կիրառում է այն հողերում, որտեղ գրունտային ջրերի մակարդակը չորացման չափաքանակից ցածր է (գրունտային ջրերի այն խորությունը, որն ապահովում է հողի արմատամերձ շերտի խոնավությունը)։ Գործնականում կիրառվում է հորիզոնական խողովակային ցամաքուրդ (հողերի ցամաքեցման տարածքում հավասարաչափ բաշխված)՝ խողովակների համակարգ հոծ ցամաքուրդային գծերի ձևով։ Հանքային հողերի չորացման համար հիմնականում օգտագործում են կավե ցամաքուրդային խողովակներ՝ 4-10 սմ տրամագծով և 33 սմ երկարությամբ։ Դրանք դրվում են խրամատի հատակին (անկայուն հողերում տախտակե դարակների վրա) մեկը մյուսին կցված (կցման լայնությունը 1-2 մմ-ից ոչ ավել), փաթաթում ֆիլտրող նյութով (մամուռ, ապակեթել, ապակեհյուսվածք) և խրամատը ծածկում հողով։ Կավե ցամաքուրդի օգտագործման ժամկետը 50-80 տարի Է։ Ավելի երկարակյաց են են պլաստմասսայից պատրաստված ցամաքուրդները։ Կիրառվում է նաև խլուրդային ցամաքուրդ՝ չամրացված պատերով խոռոչների համակարգ, որոնք տարածքում հավասարաչափ բաշխված են մեկը մյուսից 2-10 մ հեռավորությամբ և 0,6-0,8 մ խորությամբ։ Օգտագործման ժամկետը 5 տարի Է։
  • Աղազերծման ցամաքուրդ, կիրառվում է գրունտային ջրերի մակարդակի իջեցման, լվացման ջրերի հեռացման և ոռոգվող հողերի աղակալման դեմ պայքարելու համար։ (Տես Աղակալած հողեր, Աղուտներ)։ Այս աշխատանքներում տարբերում են երկու շրջան՝
  1. մելիորացման շրջան (1-3 տարի), որի ընթացքում աղազերծում են 1-2 մմ-անոց շերտը և հեռացնում աղիացած գրունտային ջրերը
  2. շահագործման շրջան, երբ պահպանում են ստացված վիճակը։

Ոռոգելի հողերում կիրառում են հորիզոնական և ուղղաձիգ աղազերծման ցամաքուրդներ։ Առավել նպատակահարմար է հորիզոնական, համեմատաբար խորը (մոտ 3 մ) մշտական սիստեմատիկ խողովակային ցամաքուրդը, որը մելիորացման շրջանում լրացվում է 1 մ խորությամբ և 20-50 մ հեռավորությամբ բաց ջրանցքներով։ Աղակալած ոռոգվող հողերում ցամաքուրդները պետք է ստեղծեն գետնաջրերի անընդհատ արտահոսք և ջրափոխանակություն ջրատար շերտում, որի շնորհիվ ապահովվում է հողի արմատաբնակ շերտի և գետնաջրերի լրիվ աղազերծումը։

  • Ուղղաձիգ սիստեմատիկ ցամաքուրդ, որոշակի տարածքում հավասարաչափ բաշխված ուղղաձիգ հորատանցքերի համակարգ, որոնցից (յուրաքանչյուրից առանձին) ջուրը պոմպով դուրս է մղվում։ Հորատանցքի խորությունը 30-150 մ Է, տրամագիծը՝ 15-60 սմ, մղման բարձրությունը՝ 6-20 մ, ջրի ծախսը՝ 25-300 լ/վրկ։ 50–200 հա-ի վրա տեղադրում են մեկ հորատանցք։ Հողից հեռացվող ջրերը կարելի է օգտագործել ոռոգման համար ⟨տարածված է Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ադրբեջանում, Կիրգիզիայում ու այլ շրջաններում⟩։
  • Գլխային ցամաքուրդ և պատվարներ․ ծառայում են բարձրավանդակներից հոսող ստորգետնյա ջրերը պատնեշելու (գլխային ցամաքուրդ) կամ ջրամբարների և գետերի ջրերով հողերը ողողումից պաշտպանելու համար (պատվարներ կամ ափային ցամաքուրդ)։ Պաշտպանվող տարածքի սահմանների երկարությամբ, ստորգետնյա ջրերի հոսքի շարժման լայնությամբ տեղադրում են մեծ տրամագծով խողովակներ կամ ինքնահոս, ինչպես նաև պոմպերով մղվող ուղղաձիգ ջրհորներ։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում ցամաքուրդներ կիրառում են Արարատյան դաշտի, Վարդենիսի, Գեղարքունիքի, Կալինինոյի, Լոռու մարզերի հողատարածքների հավելուրդային ջրերը հեռացնելու, հողերն աղազերծելու նպատակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 140
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրենաժ» հոդվածին։