Ջրատնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջրատնտեսություն, ակվակուլտուրա, ջրային կուլտուրաներ, վերահսկվող պայմաններում[1] ջրային օրգանիզմների (ձկներ, խեցգետնանմաններ, փափկամարմիններ, ջրային բույսեր) բուծման պրակտիկաների ամբողջություն[2][3]։ Ներառում է քաղցրաջրային և աղաջրային պոպուլյացիաների աճեցումը՝ հակադրվելով կոմերցիոն ձկնորսությանը, որն իրենից ներկայացնում է միայն վայրի պայմաններում ձկների զանգվածային որսը։ Պարզունակ ձկնորսության նկատմամբ ունի նույն արդիականացնող նշանակությունը, ինչը ժամանակին ունեցել է գյուղատնտեսությունը՝ պարզունակ որսորդության ու հավաքչության նկատմամբ։

Հանդիսանում է մեծ տեմպերով աճող արդյունաբերություն՝ ահռելի դերակատարում ունենալով ձկնամթերքների հանդեպ առկա համաշխարհային մեծ պահանջարկի բավարարման հարցում[1]։ Արդյունաբերության վերելքը պայմանավորված է անվտանգ և մատչելի սննդի հանդեպ հանրային պահանջի աճով, ինչպես նաև կոմերցիոն ձկնորսության ոլորտում առկա գերորսով և ջրերի աղտոտվածությամբ[1]։

Ենթատեսակներից են համարվում ձկնաբուծությունը, խեցգետնաբուծությունը, ոստրեբուծությունը, ջրիմուռաբուծությունը, ծովաբուծությունը (մարիկուլտուրա) և դեկորատիվ ձկնապահությունը։ Հիբրիդային եղանակներից է ակվապոնիկան, որի դեպքում համադրվում են ակվակուլտուրան և հիդրոպոնիկան (բույսերի աճեցումն առանց հողի)՝ ջրային միջավայրում բույսերի աճեցման համար որպես օրգանական պարարտանյութ օգտագործելով ձկների արտաթորանքը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]