Կարմիր պղպեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Կարմիր պղպեղ
Madame Jeanette and other chillies.jpg
ԵնթատեսակՀատապտղային բույսեր, համեմունք և hամեմունքներ
Chili peppers Վիքիպահեստում

Կարմիր կծու պղպեղ (չիլի պղպեղ,դառը պղպեղ), արևադարձային կիսաթփերի որոշակի տեսակի թարմ կամ չորացված պտուղներ, համեմունք, որն ունի այրող համ: Ռուսերենում պղպեղի անվանումը համահունչ է Չիլի պետության անվան հետ, սակայն անվան ծագումը պայմանավորված է ժամանակակից Մեքսիկայի նաուատլ հնդկական ցեղի լեզվով նշանակում է կարմիր:

Բուսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսն ունի մինչև 60 սմ բարձրություն, ճյուղավորված ցողուններ, էլիպսաձև տերևներ, մեծ սպիտակ կամ մոխրամանուշակագույն պուտերով ծաղիկներով: Պտուղը քիչ հյութալի պտղապատյանով է, գնդաձև կամ կնճիթաձև, դեղնակարմիրից մինչև սև կամ ձիթապտղի գույն:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր պղպեղի առևտրի կետ Ուհան քաղաքում (Չինաստան)

Այս բույսի հայրենիքն արևադարձային Ամերիկան է[1]: Ինչպես վկայում են Պերուական գերեզմաններից գտածոները, դրանք մշակել են այդտեղ դեռևս մինչև եվրոպացիների Ամերիկա գալը: Իսպանացիներն ու պորտուգալացիները, որոնք իրենց ծովային ճամփորդությունների ժամանակ եվրոպացիների համար հայտնաբերել էին այս համեմունքը, այն անվանել էին «հնդկական»: Ներկայումս կծու պղպեղ աճեցնում են արևադարձային գոտում գտնվող երկրների մեծ մասում, բայց ավելի շատ Հնդկաստանում և Թայլանդում:

Օգտագործումն ացտեկների մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ացտեկների այս բույսի աստվածուհին եղել է Կաուշոլոտլը կամ Չանտիկոն[2]: «Նոր Իսպանիայի ընդհանուր պատմություն» աշխատության (1547-1577) մեջ Բերնարդինե դե Սաագուն, հենվելով ացտեկների տվյալների վրա, բերել է չիլի կարմիր պղպեղի վերաբերյալ տարբեր տեղեկություններ[3]: Նրանք դա ուտում էին նախաճաշին, ճաշին և ընթրիքին:

Բնութագիր և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր պղպեղն ունի ուժեղ սուր հոտ և սուր կծու և նույնիսկ այրող համ (պայմանավորված է կապսաիցինի ֆենոլային միացության պարունակությամբ (վանիլիլամիդ նոնիլային թթու) որը բացակայում է կարմիր քաղցր բուլղարական պղպեղի մեջ)։ Կապսաիցինը պարունակում է պտուղի սերմերի, երակների և մաշկի մեջ: Կարմիր պղպեղը պարունակում է մեծ քանակությամբ С և А վիտամիններ՝ կանաչ պղպեղում (չհասած կարմիր պղպեղը) այդ վիտամիններից էականորեն ավելի քիչ կան: Բացի այդ պղպեղը հանդիսանում է B խմբի վիտամինների՝ մասնավորապես B6 վիտամինի աղբյուր: Կարմիր պղպեղը հարուստ է նաև կալիումով, մագնիումով և երկաթով: Բացի կապսաիցինից, պտուղները պարունակում են 1,5 % եթերայուղ, ճարպ[4]:

Նախազգուշական միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր կծու պղպեղի մի շարք տեսակներ այնքան այրող են, որ մեկ հպումն էլ բավական է մաշկի գրգռում առաջացնելու համար: Դրանց պատրաստման համար անհրաժեշտ է հագնել ռետինե ձեռնոցներ և ոչ մի դեպքում չկպչել աչքերի հատվածին: Հետո անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ ձեռքերն ու ամանեղենը: Եթե չիլի պղպեղի հյութից մաշկը գրգռվել է, ապա վնասված հատվածը պետք է լվանալ սառը ջրով, ապա քսել բուսայուղ: Եթե դուք անզգուշաբար կծել եք շատ կծու չիլի պղպեղ, ապա չի կարելի ջուր խմել, այն չի օգնի: Այրոցը մարելու համար պետք է կաթ խմել, ուտել մի քանի գդալ յոգուրտ, կամ այրոցը կոտրել ինչ-որ թթու բանով (լիմոն, լայմ) :

Պատրաստման եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր պղպեղը հաճախ օգտագործում են համեմունքների հավաքածուի մեջ՝ համատեղելով սխտորի, գինձի, ռեհանի, ուրցի, դափնու տերևի փոշու և այլնի հետ: Համեմունքի համի վրա ազդում է մշակման եղանակը. չիլի պղպեղն օգտագործում են ինչպես թարմ, այնպես էլ չորացած վիճակում: Պղպեղը թարմ վիճակում օգտագործվում է նաև ամբողջովին (հիմնականում բանջարեղենային ուտեստներում և թթուների մեջ) կամ չորացրած (ինչպես ամբողջովինվ, այնպես էլ աղացած): Աղացած պղպեղն ավելացնում են ապուրներին, աղցանների հավելումներին, կեֆիրներին, թթվեցրած կաթին, մածունին, տարբեր ուտեստներին, այն ավելացնում են արգանակներին, շոգեխաշած մսին, թթվաջրին:

Թարմ չիլի պղպեղի օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարմ չիլի պղպեղի երակներն ու սերմերը ամենակծու մասն են, դրա համար էլ եթե անհրաժեշտ է, որ ուտեստը քիչ կծու լինի, ապա դրանք հեռացնում են: Եթե պղպեղի մածկը շատ հաստ է, ապա ցանկալի է, որ այն նունպես հեռացվի: Փոքրիկ պտուղները տապակում են նախապես տաքացրած թավայի մեջ, շուռ տալով դրանք այնքան, մինչև մգանան և փափկեն: Պղպեղը կարելի է նաև խորովել գազօջախի վրա, կամ տապակել ուժեղ կրակով՝ ջեռոցում: Երբ պղպեղները մգանում են, դրանք դնում են պոլիէթիլենե տոպրակի կամ պլասմասե տարայի մեջ, բերանը փակում սննդային թաղանթով և թողնում 15 րոպե: Դրանից հետո կաշին հեշտությամբ հետ է գնում և այն կարելի է հեշտությամբ մաքրել ձեռքերով:

Չիլի պղպեղի սառեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տապակած չիլի պղպեղը կարելի է սառեցնել: Դրա հետ մեկտեղ կաշին հանելը պարտադիր չէ, սառեցման ժամանակ այն ինքն իրեն հետ է գնում: Թարմ չիլի պղպեղները սառեցնելու համար՝ դրանք 3 րոպեով իջեցնում են եռման ջրի մեջ, ապա դնում քամիչում, հովացնում և տեղավորելով պլաստիկ տարայի մեջ՝ դնում սառցարանում:

Չորացրած չիլի պղպեղներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորացման ընթացքում պղպեղի պատյանն ավելի մուգ գույն է ստանում. մուգ կարմիրից մինչև կարմրանարնջագույն: Սովորաբար պղպեղը չորացնում են արևի տակ, որի հետևանքով պտուղները կնճռոտվում են: Հետո դրանք առանձնացնում են բաժակներից և աղում: Այդպես են ստանում օրինակ կայենական պղպեղը, որն անվանվել է Կայեննա քաղաքի անունով. այն Ֆրանսիական Գվիանայի վարչական կենտրոնն է (հարավային Ամերիկայում ֆրանսիական սեփականություն): Կարմիր (կայենական) պղպեղով կերակրում են դեղձանիկներին՝ նրանց գունավորումը լավացնելու համար: Պղպեղը նաև կարելի է կախել չոր տեղում և ապխտած վիճակում պահել ամբողջ ձմեռ: Մեծ չորացրած չիլի պղպեղները հաճախ օգտագործվում են մեքսիկական խոհանոցում, դրանցից պատրաստում են հայտնի սոուսներ (թանձրուք): Պատրաստումից առաջ չորացրած պտուղները տապակվում են՝ համն ուժեղացնելու համար և թրջում են ջրում, իսկ հետո այդ թուրմից պատրաստում են խյուսանման մածուկ: Տապակելուց և թրջելուց առաջ պետք է չորացրած պղպեղից հեռացնել սերմերն ու սպիտակավուն երակները: Չիլի պղպեղը տապակում են շատ քիչ՝ 1-2 րոպե նախապես տաքացրած թավայի մեջ, կամ 2-3 րոպե՝ ջեռոցում՝ 250 C/500 °F, հակառակ դեպքում դրանք դառնահամ են դառնում: Դրանից հետո կա՛մ դրանք անմիջապես աղում են սոուսի մեջ, կա՛մ թրջոց են դնում: Չոր չիլի պղպեղներն այսպես են թրջոց դնում. դրանք մասերի են բաժանում, հեռացնում են սերմերն ու երակները և 15 րոպե պահում են եռման ջրի մեջ (մեծ պղպեղներն ավելի երկար են պահվում): Այս փափկեցումից հետո պղպեղներն անցկացնում են մաղով: Մի շարք բաղադրատոմսերի դեպքում կարելի է ուղղակի աղալ չորացրած չիլի պղպեղը էլեկտրական աղացով կամ սրճաղացով:

Աճեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր պղպեղը կարելի է աճեցնել տնային պայմաններում՝ ծաղկամանների մեջ: Անհրաժեշտ պայմաններից են անընդհատ ջրելը և պարբերաբար պարարտացնելը՝ ծաղիկների համար նախատեսված պարարտանյութով:

Կիրառումը բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկության մեջ կիրառում են թփուտային միամյա պղպեղի միայն այրող տեսակները՝ (լատ.՝ Fructus Capsici) անվանումով: Պտուղների թուրմն օգտագործվում է ախորժակի գրգռման և նյութափոխանակության լավացման համար: Կարմիր պղպեղն օգտագործվում է բոլոր տեսակի շոկային վիճակների, սրտի նոպաների, ուշաթափության և կոլափսային վիճակների, արյունահոսության՝ մասնավորապես ստամոքսի արյունահոսության դեպքում: Ստորին վերջույթների ոչ բավարար արյան շրջանառության դեպքում ոտքերի համար պղպեղային խառնուրդից պատրաստում են տաք լոգանքներ: Հետազոտությունները, որոնք հրապարակվել են 2006 թվականին «Cancer Research» ամսագրում, ցույց էին տալիս կարմիր պղպեղի արդյունավետությունը ուռուցքային բջջիջների դեմ պայքարում[5]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Chile Pepper History & Chile Pepper Glossary»։ www.thenibble.com։ Վերցված է 23 Oct 2013 
  2. Пресвитер Хуан; Антонио Перес; фрай Педро де лос Риос (глоссы).։ «Кодекс Теллериано-Ременсис»։ www.kuprienko.info։ Վերցված է 2010-08-16 
  3. Саагун, 2013
  4. Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь : Справ. пособие / Под ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк., 1990. — С. 221—222. — ISBN 5-06-000085-0
  5. Красный перец как лекарство против рака — chilipepper.com.ua

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]