Jump to content

Սիմֆոնիա № 2 (Արամ Խաչատրյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմֆոնիա № 2 (Արամ Խաչատրյան)
Ձևերաժշտական գործ/ստեղծագործություն
ԿոմպոզիտորԱրամ Խաչատրյան
Մասերի քանակչորս
Տևողություն50 րոպե
Ստեղծման տարեթիվ1943 թվական
Առաջնախաղի տարեթիվ1943 թվականի դեկտեմբերի 30
Առաջնախաղի վայրՄոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճ
Հրատարակման տարեթիվ1946 թվական
ՏոնայնությունԼա մինոր

Սիմֆոնիա № 2 (e-moll), հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի Հայրենական մեծ պատերազմին նվիրված ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։ Կոմպոզիտորը սիմֆոնիան գրել է իր ստեղծագործական բուռն վերելքի տարիներին։

Երաժշտաքննադատ Գեորգի Խուբովը այս ստեղծագործությունն անվանել է «Զանգով սիմֆոնիա[1]»՝ սկիզբը և ավարտը ազդարարող զանգերի պատճառով։ 1946 թվականին սիմֆոնիայի համար կոմպոզիտորն արժանացել է ԽՍՀՄ պետական 1-ին կարգի Ստալինյան մրցանակի։

Երևանում Սիմֆոնիան առաջին անգամ կատարվել է 1945 թվականի վերջին դիրիժոր Միքայել Արսենի Թավրիզյանի ղեկավարությամբ։

Սիմֆոնիայի պարտիտուրան առաջին անգամ հրատարակվել է 1946 թվականին[2] (Մոսկվայում), հետագայում վերահրատարակվել է 1962 և 1969 թվականներին։ Ձեռագիր տարբերակը պահպանվում է Արամ Խաչատրյանի ընտանեկան արխիվում։

Արամ Խաչատրյան, 1971 թվական

Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիայի պրեմիերան կայացել է 1943 թվականի դեկտեմբերի 30-ին Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, Բորիս Խայկինի ղեկավարությամբ։

Պրեմիերայից հետո Արամ Խաչատրյանը որոշ փոփոխություններ է կատարում պարտիտուրի մեջ, նաև փոխում է հատվածները տեղերով, իրականացնում է սիմֆոնիայի նոր խմբագրությունը։ Արդեն նոր խմբագրությամբ սիմֆոնիան հնչում է 1944 թվականի մարտի 6-ին Մոսկվայի Կոնսերվատորիայի մեծ դահլիճում, ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, Ալեքսանդր Գաուկի ղեկավարությամբ։

Երևանում և Թիֆլիսում Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան առաջին անգամ հնչել է 1945 թվականի վերջին կոմպոզիտորի մտերիմ ընկերներից մեկի՝ դիրիժոր Միքայել Արսենի Թավրիզյանի ղեկավարությամբ[3]։

Արտասահմանում Երկրորդ սիմֆոնիան առաջին անգամ կատարվել է 1945 թվականի ապրիլի 13-ին (Լենինգրադի ներկայացումից մեկ օր առաջ)՝ Նյու-Յորքում դիրիժոր ԼԵոնարդ Բերնսթայնի ղեկավարությամբ, որից հետո այն հաստատուն քայլերով մտնում է Ամերիկյան և Եվրոպական հայտնի նվագախմբերի խաղացանկի մեջ։

Սիմֆոնիայի գաղափար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտորի խոսքով՝ սիմֆոնիայի գաղափարը կապված է Հայրենական մեծ պատերազմի ահեղ իրադարձությունների հետ.

Ես ուզեցի արտահայտել ցասման, վրեժի զգացումն ընդդեմ չարիքի, որ մեզ պատճառեց գերմանական ֆաշիզմը։ Մյուս կողմից՝ սիմֆոնիայում արտահայտված է վշտի տրամադրությունն ու մեր վերջնական հաղթանակի հանդեպ խորը հավատը։
- Արամ Խաչատրյան

Երկրորդ համաշխարհային պատերազմի թեժ պահին գրված Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան պատկերում է այն ցավը, որը մարդկությունն ու ինքը՝ կոմպոզիտորը, զգում էին այդ ժամանակին։ Կոմպոզիտորը բնորոշեց իր ստեղծագործությունը՝ որպես «…զայրույթի ռեքվիեմ, պատերազմի և բողոքի ռեքվիեմ…»[3]։

…Սիմֆոնիան ստեղծելիս ես ձգտում էի երաժշտության միջոցով արտահայտել այն մտքերն ու զգացումներն, որոնցով այսօր ապրում է մեր ժողովուրդը (…)[4]:
- Արամ Խաչատրյան,
Զ.Ա.Գայամովային, 1942 թվականի սեպտեմբերի 4, Պերմ։

Երկրորդ սիմֆոնիայում Խաչատրյանը ճշմարիտ ու պատկերավոր կերպով գովերգում է Հայրենական Մեծ պատերազմի օրերին խորհրդային ժողովրդի ցուցաբերած հերոսությունը, պայքարը, մտքերն ու ապրումները։ Պրեմիերայից օրեր անց Խաչատրյանը գրում է.

Իմ Երկրորդ սիմֆոնիան չունի գրական բովանդակություն, բայց ծրագրային է։ Նրա թեման ամփոփված է մեր դարաշրջանի հերոսականության և դրամատիզմի մեջ։ Ես երջանիկ կլինեմ, եթե ինձ հաջողվի այս ծավալուն ստեղծագործության մեջ արտահայտել Հայրենական պատերազմի շրջանում ժողովրդին պարուրած բոլոր մտքերն ու խոհերը։ Իմ մրցանակը՝ 100 000 ռուբլի, ես նվիրաբերում եմ Սովետական Միության զինված ուժերի Գլխավոր հրամանատարության հատուկ ֆոնդին (…)[5]:
- Արամ Խաչատրյան,
«Մոսկովսկայա Պրավդա» թերթին, 1943 թվականի դեկտեմբեր, Մոսկվա
Հոնոլուլու քաղաքում սիմֆոնիկ նվագախմբի համերգի ազդագիրը,1977 թվական

1942 թվականի փետրվարի 9-ին եղբորը՝ Վաղինակ Խաչատուրյանին հասցեագրած նամակում Արամ Խաչատրյանը գրում է.

Ես ծրագրել եմ մի քանի մեծ ստեղծագործություններ՝ նվիրված Հայրենական պատերազմի հերոսներին։
- Արամ Խաչատրյան
Վ․Ե․Խաչատուրյանին,1942 թվականի փետրվարի 9, Պերմ

1942 թվականի ամռանը, Հայրենական մեծ պատերազմի օրերին Արամ Խաչատրյանը գտնվում էր Պերմում և նոր էր ավարտել Գայանե բալետի ստեղծագործական աշխատանքները։ Միաժամանակ նաև Խաչատրյանի մոտ նոր գաղափար էր հասունանում, որը ծնունդն էր պատերազմական ծանր օրերի և ապրումների։

…Ես հիմա լցված եմ ավելի շատ երաժշտությամբ, որ կարող եմ ծնունդ տալ ոչ թե երկվորյակների, այլև՝ եռյակի և նույնիսկ ավելին։ Այս տարի ես պետք է շատ գրեմ։ Սիմֆոնիան կավարտեմ դեկտեմբերին, ոչ շուտ։ Թեկուզ թող սիմֆոնիան ուշանա, միայն թե լավը լինի։ Ես նրա հետ մեծ հույսեր եմ կապում, շատ ուժ եմ ներդրել։ Եթե մարդիկ ազնիվ գտնվեն, ապա նրա մասին պիտի խոսեն։ Իսկ եթե անգամ չնկատեն, միևնույնն է, այն կմնա այս դարաշրջանի եզակի ստեղծագործությունների մեկը (…)[4]:
- Արամ Խաչատրյան,
Զ.Ա.Գայամովային, 1942 թվական 23 օգոստոսի, Պերմ

Չնայած 1942 թվականի աշնանը սիմֆոնիայի վրա բավական աշխատանք էր տարվել, բայց աշխատանքի մեծ մասը դեռ առջևում էր։

… Հոկտեմբերի վերջն ու նոյեմբերի սկիզբը նվիրելու եմ սիմֆոնիային։ Տխուր եմ, որ սիմֆոնիան պատրաստ կլինի դեկտեմբերի վերջին միայն, իսկ գուցե և հունվարին։ Ինձ անընդհատ Մոսկվայից հայտնում են, որ սիմֆոնիան անպայման պատրաստ պիտի լինի 25-ամյակի համար։ Ես էլ եմ շատ ուզում, բայց ինչ կարող եմ անել, եթե չեմ հասցնում։ … Բոլորովին ժամանակ չունեմ, օրը 12-14 ժամ երաժշտություն եմ գրում։ Արդեն հոգնել եմ, հաճախ բթանում եմ, բայց վիճակս հաճելի է, ստեղծագործական (…)[6]:
- Արամ Խաչատրյան,
Զ.Ա.Գայամովային, 1942 թվական հոկտեմբերի սկիզբ, Պերմ

Ինչպես և ենթադրվում էր, Արամ Խաչատրյանը շուտով՝ Գայանե բալետի պրեմիերայից հետո /1942 թվականի դեկտեմբերի 9/ 1943 թվականի հունվարին ընտանիքով վերադառնում է Մոսկվա։ Զբաղվածությունը նրան թույլ չի տալիս անմիջապես վերսկսել աշխատանքները սիմֆոնիայի վրա։ Միայն 1943 թվականի ամռանն է Արամ Խաչատրյանը կարողանում շարունակել ստեղծագործել։

1943 թվականի ամռանը Խաչատրյանը սկսեց աշխատել Երկրորդ սիմֆոնիայի կլավիրի շարադրանքի վրա՝ միաժամանակ կատարելով նաև պարտիտուրային ուրվագծումներ։ 1943 թվականի հուլիսի 31-ին կոմպոզիտորը ավարտեց առաջին մասի կլավիրը՝ 4 օրում գրելով Andante-ն, 6 օրում՝ Scherzo-ն, 7 օրում՝ ավարտը։ Սեպտեմբերի 7-ին Խաչատրյանը ավարտում է աշխատանքները կլավիրի վրա, իսկ նոյեմբերի վերջին արդեն պատրաստ էր նաև պարտիտուրը[3]։

Սիմֆոնիան եռամաս է․

  1. Andante maestoso con passione
  2. Adagio sostenuto
  3. Allegro risoluto․

Սիմֆոնիան գրված է հետևյալ գործիքային կազմի համար՝

Փայտյա փողայիններ

Պղնձյա փողայիններ

Հարվածային գործիքներ

Լարային գործիքներ

և դաշնամուրի համար։

Երաժշտական ոճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համամարդկային աղետի մասին ազդարարող տագնապալի հնչյուններից, լարված պայքարի դրամատիզմից, խորը վշտից ու մարտական կանչից դեպի ֆինալի հաղթական հիմն. այսպես է զարգանում այս սիմֆոնիայի երաժշտությունը, այսպիսին է նրա երաժշտա-դրամատիկ կոնցեպցիան։ Եթե պատերազմի տարիներին այն պայքարի էր կանչում հանուն վերջնական հաղթանակի, ապա մեր օրերում սիմֆոնիայի ողբերգականությունը, հիշեցնելով անցած պատերազմի մասին, խաղաղության պահպանման կոչ է անում։ Երկրորդ սիմֆոնիան սկսվում է համամարդկային աղետի սկիզբն ազդարարող նախաբանով։

Երկրորդ սիմֆոնիայի առաջին մասը խտացնում է պայքարի առավել լարվածությունը, դաժանությունն ու դրամատիզմը։ «Նախաբանի զանգերի հարվածներն ընդգծում են կատարվածի կարևորությունը, ստիպում են կենտրոնանալ», - գրում է Արամ Խաչատրյանը։ Ես չէի ցանկանա, որ ունկնդիրները ֆաշիստ չարագործների պատճառած ոչ մարդկային տառապանքների կոնկրետ տեսարաններ փնտրեին այստեղ։ Բայց և չեմ կարող չխոստովանել, որ Andante-ն (III մասը) գրելիս աչքիս առջև գերմանական վայրագության ողբերգության տեսարաններն էին։ Այստեղ ես անդրադարձել եմ ռեքվիեմի ժանրին և ստեղծագործելիս օգտագործել եմ ժողովրդական հայկական մի երգ ազգային լացի թեմայով՝ «Որսկան ախպեր», որ մանկությանս տարիներին երգում էր մայրս»[3]։ Ֆինալում (IV մաս) ավարտվում է ստեղծագործության գեղարվեստական մտահղացումը։ Կյանքի հաստատման գաղափարն այստեղ մարմնավորվել է ինքնատիպ սիմֆոնիկ ձոնում[7]։

Իր ստեղծագործական կենսագրության մեջ կոմպոզիտորը մեծ տեղ էր տալիս Երկրորդ սիմֆոնիային։ «Եթե տասը տարի առաջ գրված առաջին սիմֆոնիան եզրափակեց իմ ստեղծագործության վաղ շրջանը, ապա նոր սիմֆոնիան, ասես, ընդհանրացնում է Դաշնամուրային կոնցերտի ստեղծմամբ սկսված ստեղծագործական գործունեությանս շրջանը»[8]։

Արվեստի դոկտոր, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժշտագետ, մանկավարժ ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Բորիս Յարուստովսկին, անդրադառնալով Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ժողովրդականությանը, իր հայտնի հոդվածում[9] անդրադարձել է նաև Երկրորդ սիմֆոնիային՝ այն համարելով ամենաժողովրդական սիմֆոնիաներից մեկը՝ գրված Հայրենական մեծ պատերազմի մասին։

Արամ Խաչատրյանի երկրորդ սիմֆոնիան Հայրենական մեծ պատերազմի մասին գրված, կարելի է ասել, ամենաժողովրդական սիմֆոնիան է, այն իմաստով, որ նրանում արտահայտված են ժողովրդական մտածելակերպի կերպարային -պոետիկ գծերը, այդ թվում՝  զանգերը որպես ժողովրդական աղետի՝ տագնապի ահազանգ։ Ժողովրդական արմատներ ունի նաև սիմֆոնիայի երրորդ մասը, որի հիմքում ընկած «Որսկան ախպեր» ժողովրդական երգն ընկալվում է որպես իրենց զավակների մահը սգացող մայրերի ընդհանրացված կերպար։
- Բորիս Յարուստովսկի

Ուսումնասիրելով Արամ Խաչատրյանի ստեղծագործական կյանքը՝ հայ երաժշտագետ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Իրինա Գևորգիի Տիգրանովան «Արամ Խաչատրյանի ոճի մի առանձնահատկության մասին» հոդվածում Արամ Խաչատրյանի ստեղծագործության, այդ թվում նաև նրա քնարերգության կարևոր ակունքներից մեկը համարել է հայկական ժողովրդական երաժշտությունը, ազգային կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաև Հայաստանի և ամբողջ Անդրկովկասի մշակույթի ավանդույթները։ Պատերազմի տարիներին կոմպոզիտորի ստեղծագործության մեջ ի հայտ եկան գաղափարական նոր ազդակներ։ Ինքը՝ կյանքը, արվեստին հաղորդեց նոր բովանդակություն, նոր բախումներ, կերպարներ և դրանց ճշմարտացի մարմնավորման համար պահանջեց նոր միջոցներ։ Խաչատրյանի երաժշտության մեջ երևան եկան ողբերգական և հերոսական կերպարներ՝ հագեցնելով այն ուժգին դրամատիզմով, սուր հակասություններով, մեծ հուզականությամբ։ Այսպես ծնունդ առան նրա ռազմաճակատային քնարական երգերը, որոնցում հերոսի զգացմունքներն անխզելիորեն կապված են հայրենիքի ճակատագրի, պատերազմի, թիկունքում, տանը մնացածների՝ մոր, սիրածի աղջկա հետ և այլն։ Այս շրջանի առավել նշանակալի ստեղծագործությունը Երկրորդ հերոսական ողբերգական սիմֆոնիան է, որում քնարական կերպարները հարստացել են ժամանակաշրջանի տրամադրություններից, զգացմունքներից ու մտքերից ծնված նոր բովանդակությամբ։ Ներշնչված լինելով հայրենիքի նկատմամբ անսահման սիրով՝ սիմֆոնիայի երաժշտությունը հերոսական-էպիկական պատկերների, լարված դրամատիզմի հետ միասին պարունակում է քնարական բազմաթիվ դրվագներ։ Դրանք ողջ սիմֆոնիայում սփռված թախծի, հառաչանքի, զայրույթի կամ հուսահատության, կարեկցանքի ինտոնացիաներն են, որոնք հայրենի երկրին հասած արհավիրքների նկատմամբ ունեցած հեղինակի վերաբերմունքի արտահայտությունն են։ Եվ, վերջապես, ողջ 3-րդ մասը, որը հերոսների հիշատակին նվիրված սիմֆոնիկ ռեքվիեմ է։ Ամբողջ մասով մեկ անցնող միջանցիկ երաժշտական թեմայի հիմքում կոմպոզիտորը դրել է «Որսկան ախպեր» հայկական ժողովրդական երգը։ Նրա սկզբնական տակտերն ու ինտոնացիոն որոշ դարձվածքներ հիմք են ծառայել թեմատիկ լայն ծավալման համար։ Ընտրելով ողբերգը (մայրը ողբում է որդու մահը)՝ Խաչատրյանը չափազանց ընդլայնում է նրա բովանդակությունը՝ հասցնելով մեծ ընդհանրացման[10]։

Հոդվածներ և հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Խաչատրյանի երկրորդ սիմֆոնիային բազմիցս անդրադարձ է կատարվել թե՛ խորհրդային, և թե՛ օտարերկրյա մամուլում։ Հոդվածների հիմնական թեման հանդիսատեսի ջերմ վերաբերմունքի, բուռն ընդունելության և կոմպոզիտորի հեղինակային համերգներին են վերաբերում։ Հոդվածներով հանդես է եկել նաև ինքը՝ Արամ Խաչատրյանը[11]։

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ սիմֆոնիայի համար Արամ Խաչատրյանը 1946 թվականին արժանանում է ԽՍՀՄ պետական 1–ին կարգի մրցանակի։

…Մեծագույն ուրախությամբ և երախտագիտության զգացումով կառավարության նկատմամբ, ես իմացա ինձ Ստալինյան մրցանակի դափնեկրի կոչում շնորհելու մասին։ Վերջին երեք տարիների ընթացքում խորհրդային կառավարությունն արդեն երկրորդ անգամ է ինձ պարգևատրում Ստալինյան մրցանակով։ Սա կառավարության և հասարակության շատ բարձր պարգև է, և իմ ստեղծագործության այդպիսի բարձր գնահատականը մեծապես պարտավորեցնում է (…)[5]:
- Արամ Խաչատրյան,
«Մոսկովսկայա Պրավդա» թերթին, 1943 թվական դեկտեմբեր, Մոսկվա
Աշխարհում պետք է իշխի հումանիզմը։ Իսկ հումանիզմն ու երաժշտության արվեստն անբաժան են։
- Արամ Խաչատրյան

Երկրորդ սիմֆոնիայի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչատրյանի առաջին ստեղծագործությունն է, որտեղ ողբերգական սկիզբը բարձրանում է շատ բարձր աստիճանի։ Բայց, չնայած իր ողբերգական էությանը, ստեղծագործությունը լի է խորը լավատեսությամբ և մեր արդար գործի, մեր հաղթանակի հանդեպ խորը հավատով։ Սիմֆոնիայում շատ են սգո և, միևնույն ժամանակ, ցնծագին հանդիսավորության հնչողությունները։ Ողբերգականության ու կենսահաստատության զուգորդումը ստանում է մեծ ուժ։

Երկրորդ սիմֆոնիայի մասին հիացմունքով է գրում ռումինացի հայտնի դիրիժոր Ջորջե Ջորջեսկուն.

Արամ Խաչատրյանի արվեստին ես ծանոթացել եմ մեր հանդիպումից շատ առաջ։ Մի անգամ ամռանը, մեկնելով Սև ծովի առողջարան, ես հետս վերցրի Երկրորդ սիմֆոնիայի պարտիտուրը։ Առաջին իսկ ծանոթությունից ինձ արտասովոր կերպով զարմացրեց նրա բովանդակության շքեղությունը, մեղեդիների հարստությունը, անկեղծությունը։ Շուտով ես ցանկացա ինչպես հարկն է ուսումնասիրել սիմֆոնիան և կատարել այն։ Անհամբերությամբ սպասեցի համերգաշրջանի սկզբին։ Աշնանը, Բուխարեստ վերադառնալուն պես, նվագախմբի հետ սկսեցի աշխատել Երկրորդ սիմֆոնիայի վրա, և շատ չանցած այն ներգրավվեց մեր չորս համերգների մեջ, որոնք հսկայական հաջողություն ունեցան։ Այլ կերպ չէր էլ կարող լինել այդպիսի վեհասքանչ ստեղծագործության հետ, որում հաջող կերպով զուգակցվում են ազգային արվեստից բխող կոլորիտն ու պոեզիան և ձևի դասական հստակությունը։ Համակցումն ինքնօրինակ է, թարմ։ Այս ստեղծագործությունը լի է խորը դրամատիզմով և բազմազան հնչողությամբ։ Սիմֆոնիայում, կարծեք, տրվում են մարդկանց սրտերում մոլեգնող բոլոր զգացմունքները։ Նրա հնչյունների մեջ ցասումն է և վրդովմունքը, թախիծն ու լիրիկան՝ մտորմիկ և, միևնույն ժամանակ, վսեմ։ Եվ զգացմունքների այդ ողջ բույլքին փոխարինում է տոնական տրամադրությունը՝ ավետելով կյանքի ուրախության բերկրանքը։ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան ամուր կերպով մտավ Բուխարեստի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագացանկի մեջ։ Այն նաև զգալի չափով նպաստեց մեր հյուրախաղերի հաջողությանը արտասահմանում՝ Մոսկվայում, Կիևում, Լենինգրադում, Վարշավայում, Պրահայում։ Ես բախտ եմ ունեցել ղեկավարել այն Հռոմում, Բելգրադում, Լայպցիգում, ինչպես նաև Բուխարեստում Ջորջե Էնեսկուի անվան առաջին միջազգային փառատոնին (1958 թվական)։
Արամ Խաչատրյանի երկրորդ սիմֆոնիան մոնումենտալ ստեղծագործություն է, դիրիժորի առջև այն դնում է բավական բարդ խնդիրներ։ Աշխարհահռչակ շատ դիրիժորների կատարմամբ եմ լսել այդ սիմֆոնիան թե ձայնագրությամբ, թե համերգասրահում, բայց ինչ-որ մի չասված բան միշտ մնացել է այդ մեկնաբանություններում։ Սա երևի հենց արվեստի յուրահատկություններից է։ Համենայն դեպս, ինչպես յուրաքանչյուր դիրիժոր, ես իմ պատկերացումներն ունեմ, մանավանդ 2-րդ մասին «Որսկան ախպեր» թեմայի ծավալման վերաբերյալ։ Ըստ իս, դրանք սիմֆոնիկ վարիացիաներ են, որոնց զարգացումը պետք է հասունացվի, վերածվի Բրուկների հսկայական սիմֆոնիաների դինամիկայի։ Եվ հավասարակշռելով մյուս մասերի հետ, կնպաստի սիմֆոնիայի ամբողջական կառուցվածքին[12]։
- Արամ Ղարաբեկյան
Հայաստանի ազգային կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

Երաժշտագետ, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գրիգորի Շնեերսոնի հիշողություններից՝

Վարշավա, սեպտեմբեր, 1962 թվական «Վարշավայի աշուն» միջազգային երաժշտական փառատոնի պատվավոր հյուրերից էր նաև Արամ Խաչատրյանը և Նինա Մակարովան։ Խաչատրյանի հեղինակային համերգի ծրագրում ներառված էին երկրորդ սիմֆոնիան, դաշնամուրի կոնցերտը և որոշ պարեր Գայանե բալետից։ Ինձ հաջողվեց արտասահմանում առաջին անգամ ներկա գտնվել Արամ Խաչատրյանի հեղինակային համերգին։ Ես մեծ հպարտություն և ուրախություն ապրեցի մեր արվեստի հաղթանակով՝ ականատեսը դառնալով վարպետի փառահեղ հաջողությանը։ Հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո կոմպոզիտոր-դիրիժորը ստիպված եղավ որպես «բիս» վեց համար կատարել – չափազանց հավադեպ հանդիպող դիպված սիմֆոնիկ համերգների պրակտիկայում։ Կոմպոզիտորի փառահեղ հաջողության գնահատականը մարդկանց բնական հրճվանքն ու հիացմունքն էր նրա արվեստով։
- Գրիգորի Շնեերսոն

Սիմֆոնիայի մասին քննադատական հոդվածներում հիմնականում կարելի է հանդիպել մասնակի նշանակության, հիմնականում ոչ էական դիտողությունների և մեկնաբանությունների։ Կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական քննադատ, հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1946) և Արվեստաբանության դոկտոր Նիկոլայ Յակովլևիչ Մյասկովսկին, ով նաև Արամ Խաչատրյանի ուսուցիչն էր, անդրադարձել է սիմֆոնիայի վերջին մասին, ինչպես նաև նյութի մասերի միջև հակադրություններին։ Սերգեյ Պրոկոֆևը ևս Արամ Խաչատրյանի երկրորդ սիմֆոնիան համարում է «…գերագույն մակարդակի տաղանդավոր, բայց նաև անհավասար սիմֆոնիա», ըստ էության, համակարծիք լինելով Ն. Յ. Մյասկովսկու մեկնաբանություններին[3]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայաստանում՝ Երևանում, Երկրորդ սիմֆոնիան առաջին անգամ կատարվել է 1945 թվականի վերջին դիրիժոր Միքայել Արսենի Թավրիզյանի ղեկավարությամբ[3]։
  • Արամ Խաչատրյանի վերջին համերգային շրջագայությունը 1977 թվականի աշնանն էր, իսկ վերջին հեղինակայաին համերգը՝ Հավայան կղզիներում՝ Հոնոլուլու քաղաքում հոկտեմբերի 14-ին, 16-ին և 18-ին, որտեղ ծրագրում ներառված էր նաև կոմպոզիտորի սիմֆոնիաները։
  • Սիմֆոնիայի երկրորդ մասում կոմպոզիտորը օգտագործել է Ավ. Իսահակյանի բանաստեղծության հիման վրա ստեղծված ժողովրդական «Որսկան ախպեր» երգի մեղեդին, որն իր մանկության տարիներին երգում էր մայրը։ «Երգում էր նա ամենից հաճախ շատ տխուր մեղեդիներ։ Հիշում եմ, թե ինչպես էր արտասվում՝ «Որսկան ախպերը» երգելիս։ Բոլորովին վերջերս եմ իմացել, որ ժողովրդական երգը հորինվել է հայ մեծ բանաստեղծ է Ավետիք Իսահակյանի բանաստեղծության հիման վրա, ինչի մասին պատկերացում անգամ չունի երգը երգող ժողովուրդը։ Հենց այսպես է պոետը ժողովրդին հետ վերադարձնում հենց ժողովրդով սնած սեփական ստեղծագործության պտուղները»[13]։
  • Գարուն, 1979 թվական. «Մոսկվայի աստղեր» փառատոնի համերգներից մեկը նվիրվում է մեկ տարի առաջ կյանքից հեռացած աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հիշատակին։ Առաջին անգամ, առանց հեղինակի ներկայության պետք է հնչեր Երկրորդ սիմֆոնիան նույն այն դահլիճում որտեղ երեք ու կես տասնամյակ առաջ կայացել էր սիմֆոնիայի պրեմիերան (Կոնսերվատորիայի մեծ դահլիճ) և նույն այն նվագախմբի կատարմամբ, որ կատարել էր սիմֆոնիան 1943 թվականին (ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախումբ), բայց այս անգամ արդեն դիրիժոր Ալեքսանդր Լազարևի ղեկավարությամբ, ով Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիայի պարտիտուրի գրեթե հասակակիցն էր[3]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գ. Խուբով, Արամ Խաչատրյան, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1977 թ., էջ 291։
  2. А․Хачатурян, Симфония № 2 (для большого оркестра), М.—Л.: Музгиз, 1946.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Юзефович, В., (1990). Арам Хачатурян: Монография. – М. էջեր 145–158.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. 4,0 4,1 Բնագիրը՝ ռուսերեն, պահպանվում է ԳԱԿԱ-ի /Գրականության և արվեստի կենտրոնական արխիվ Մոսկվայում/ ֆոնդերում։
  5. 5,0 5,1 Բնագիրը՝ ռուսերեն, պահպանվում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հավաքածուում
  6. Բնագիրը՝ ռուսերեն, պահպանվում է ԳԱԿԱ-ի /Գրականության և արվեստի կենտրոնական արխիվ Մոսկվայում/ ֆոնդերում։
  7. Ասատրյան, Ա. Գ. (2015) Մեծ հայրենականը և հայ կոմպոզիտորները. Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 2 . pp. 34-41. ISSN 0320-8117
  8. 5 Хачатурян А. Собр. соч., Симфония N 2, N 3, партитура, с. 8
  9. Б.Ярустовский. Еще раз о народности и современности в творчестве Хачатуряна (Арам Хачатурян / Г. Геодакян. – Ереван: Изд-во Академии на- ук Армянской ССР, 1972. – 268 с., էջ․՝ 74-75)
  10. Տիգրանովա, Ի․Գ․ (15.05.2021) [1970,]. «Արամ Խաչատրյանի ոճի մի առանձնահատկության մասին» (PDF). ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների պարբերական. Երևան. № 1.{{cite journal}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  11. Թվարկված բոլոր հոդվածները տեղ են գտել նաև Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի բաժնում։ (14.05.2021)
  12. «Հայ արվեստ» եռամսյա մշակութային հանդես, գլխ. խմբ` Կ.Մաթևոսյան, 2003. N 3
  13. Хачатурян А., «Творчество мое принадлежит моей Родине», стр. 61-62
  14. «Aram Khachaturian Biography 4/10».