Դիմակահանդես (սյուիտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմակահանդես սյուիտ
Տեսակերաժշտական գործ/ստեղծագործություն
Ժանրսիմֆոնիկ ստեղծագործություն
ԿոմպոզիտորԱրամ Խաչատրյան
Տևողություն17 րոպե
Ստեղծման տարեթիվ1941 թվական
Առաջնախաղի տարեթիվ1944 թվական
Առաջնախաղի վայրՄոսկվա
Հրատարակման տարեթիվ1947 թվական

Դիմակահանդես սյուիտ, Արամ Խաչատրյանի՝ հինգ մասից բաղկացած սիմֆոնիկ ստեղծագործություն։ Դիմակահանդեսի երաժշտությունը գրվել է 1941 թվականին Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի պատվերով Միխայիլ Լերմոնտովի համանուն դրամայի համար, որի առանձին հատվածների հիման վրա 1944 թվականին Արամ Խաչատրյանը ստեղծում է «Դիմակահանդես» սյուիտը։

Սյուիտը առաջին անգամ հնչել է 1944 թվականի նոյեմբերի 8-ին Համամիութենական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, դիրիժոր Սերգեյ Գորչակովի ղեկավարությամբ[1]։

Արտերկրում «Դիմակահանդես» սյուիտը առաջին անգամ հնչել է ԱՄՆ–ում 1946 թվականի մայիսի 7-ին Սանտա Մոնիկայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, դիրիժոր Ժաք Ռախմիլովիչի ղեկավարությամբ։

«Դիմակահանդես» սյուիտի դաշնամուրի համար առաջին փոխադրումը, Արամ Խաչատրյանի առաջարկով, կատարել է Ալեքսանդր Դոլուխանյանը։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1945 թվականին ԽՍՀՄ Մուզֆոնդի կողմից։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռագիր նոտաներ. Դիմակահանդես – վալս

Դիմակահանդեսի երաժշտությունը (բաղկացած էր 14 համարներից) գրվել է 1941 թվականին Միխայիլ Լերմոնտովի համանուն դրամայի համար։ Անդրեյ Տուտիշկինի բեմադրությամբ Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի պրեմիերան կայացել է 1941 թվականի հունիսի 21-ին Մոսկվայի Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնում և նվիրված էր Միխայիլ Լերմոնտովի մահվան 100-ամյակին։

1944 թվականին Արամ Խաչատրյանը կազմում է հինգ մասից բաղկացած «Դիմակահանդես» սյուիտը, որը սկսում է իր առանձին կյանքը որպես սիմֆոնիկ ստեղծագործություն։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին, Միխայիլ Լերմոնտովի մահվան հարյուրամյակին (1814-1841), Մոսկվայի Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնը բեմադրում է նրա Դիմակահանդես դրաման։ Սա անժամանակ մահացած բանաստեղծի ամենանշանակալից գործերից մեկն է։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Սիմոնովը (1939-1968) ներկայացման երաժշտությունը վստահում է Արամ Խաչատրյանին։

Մոսկվայի հայ մշակույթի տանը կից թատերական ստուդիայի ներկայացումները մտերմացրել էին Արամ Խաչատրյանին և թատրոնի ապագա գլխավոր ռեժիսոր Ռուբեն Սիմոնովին, ով բարձր էր գնահատում իրենց ստեղծագործական համագործակցությունը, երբ դեռ ուսանող Արամ Խաչատրյանը երաժշտություն էր գրում նրա բեմադրությունների համար։ Թատրոնի առաջարկը Արամ Խաչատրյանն ընդունում է մեծ ոգևորությամբ։

Կոմպոզիտորի ստեղծագործական որոնումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ես ապրում էի այդ դրամայով, երաժշտությունը սրտի թրթիռով էի գրում։ Իսկ թե ինչպես այն ծնունդ առավ, բառերով դժվար է արտահայտել...
- Արամ Խաչատրյան

«Դիմակահանդես»-ի վրա տարվող աշխատանքներից ստացված իր տպավորությունները հետագայում այսպես էր ներկայացնում Արամ Խաչատրյանը։

Արամ Խաչատրյանը սիրով ընդունում և մեծ ոգևորությամբ ու իրեն բնորոշ բծախնդրությամբ գործի է անցնում։ Կոմպոզիտորը նախ վերընթերցում է Միխայիլ Լերմոնտովի դրաման, ուշադրությամբ ուսումնասիրում է հերոսների բոլոր արտահայտությունները և ապրումները։ Արամ Խաչատրյանը երբեք չէր դադարում հիանալ «Դիմակահանդես»-ով․

Ես երբեք չեմ դադարի զարմանալ հրաշք Դիմակահանդեսով, որը Միխայիլ Լերմոնտովը ստեղծել է այդքան վաղ տարիքում:
- Արամ Խաչատրյան

«Փոխանցել հերոսների զգացմունքներն ու կրքերը» – սա էր Արամ Խաչատրյանը համարում դրամատիկական ներկայացումների համար երաժշտություն ստեղծագործող կոմպոզիտորի հիմնական խնդիրը:

Դիմակահանդեսի երաժշտությանը ես վերաբերվում էի մեծ լրջությամբ։ Շատ էին պատճառները, որոնց թվում էր նախ այն, որ ես շատ էի սիրում Վախթանգովի թատրոնը, որը վստահել էր ինձ այդ երաժշտությունը, և հաճախ էի լինում այնտեղ։ Բացի այդ, նաև գիտեի, որ տարիներ առաջ՝ 1917 թվականին Պետերբուրգում ռեժիսոր Վսեվոլոդ Մեյերխոլդի «Դիմակահանդես»-ի բեմադրության համար երաժշտություն էր գրել  ռուս մեծանուն կոմպոզիտոր Ալ.Գլազունովը։ Երբ 1938 թվականին այդ ներկայացումը վերականգնվեց և ես տեսա այն, շատ զարմացա, քանի որ Գլազունովի երաժշտության մեջ բացակայում էր վալսը, որն, ըստ իս, այս դրամատիկական ներկայացման երաժշտության ամենալերմոնտովյան մասն է։ Իմ հոգում մեծ հետք էր թողել Միխայիլ Լերմոնտովի խոսքերը, որ արտահայտված էին գլխավոր հերոսուհու՝ Նինայի շուրթերով. ճակատագրական պարահանդեսից հետո տուն վերադառնալով, իշխան Արբենինի երիտասարդ կինը՝ Նինան, բացականչում  է «Ի՜նչ լավն է նոր վալսը…»:
- Արամ Խաչատրյան

Գլազունովի ցանկությամբ ռեժիսոր Վսեվոլոդ Մեյերխոլդը օգտագործել էր ռուսական դասական երաժշտության հիմնադիր Միխայիլ Գլինկայի «Վալս-Ֆանտազիան» (1839 թվականին՝ դաշնամուրի համար, նվագախմբային խմբ.՝ 1856 թվական ընդլայնված տարբերակ սիմֆոնիկ նվագախմբի համար)։

Հեղինակը նաև նշում է, որ ամենից շատ մտատանջություն նրան պատճառել էր հենց վալսը։

Մտքումս անընդմեջ կրկնում էի լերմոնտովյան տողերը, կորցրել էի անդորրս և ապրում էի վալսով։ Չէի կարողանում գտնել հարմար թեմա, որը և նոր կլիներ, և լավը կլիներ, մի խոսքով ասած՝ «արժանի» կլիներ այս ներկայացմանը։ Նիկոլայ Յակովլեվիչ Մյասկովսկին, ում հետ ես կիսում էի ստեղծագործական մտատանջություներս, ինձ մինչգլինկյան ժամանակշրջանի ռոմանսների և վալսերի  մի ժողովածու տվեց, որը ես մանրամասնորեն ուսումնասիրեցի՝ չնայած և այն էլ ինձ մոտ թեմատիկ առումով որևէ պատասխան արձագանք չառաջացրեց։
- Արամ Խաչատրյան

Վալսը ծնունդ առավ հանկարծակի։ Ինչպես կոմպոզիտորն է նշում, այդ ժամանակ նա դիմանկարի համար բնորդում էր նկարչուհի Եվգենյա Վլադիմիրովնա Պաստեռնակի մոտ, և ահա, հերթական այցի ընթացքում հանկարծակի նրա մտքում «լսվեցին» այն հնչյունները, որոնք հետագայում դարձան իր ապագա վալսի թեման։ Ընդհատելով սեանսը՝ Արամ Խաչատրյանը անմիջապես գրի է առնում երաժշտությունը։

…Ես արդյո՞ք կարող եմ բացատրել, թե ինչպես այն ծնվեց իմ մեջ։ Հազիվ թե…բայց ես համոզված եմ, որ եթե չլինեին դրան նախորդող իմ տքնաջան փնտրտուքները, չէր ծնվի նաև այս թեման։ Վերջինս դարձավ կախարդական այն շղթան, որն ինձ հնարավորություն տվեց իր շուրջը հյուսելու երաժշտությունը, իսկ վալսը ծնվեց ինքնաբերաբար, շատ արագ։
- Արամ Խաչատրյան

Ներկայացումների երաժշտության հիման վրա ստեղծված խաչատրյանական սիմֆոնիկ սյուիտների պարտիտուրները մինչ օրս հնչում են համերգների ժամանակ։

Մի բան, անկասկած, հայտնի է ինձ իր բոլոր առանձնահատկություններով հանդերձ, թատրոնի ու կինոյի երաժշտությունն այնպես պետք է գրված լինի, որ կարողանա նաև սիմֆոնիկ էստրադայում հնչել, որ լինեն ոչ թե փշրանքներ, երաժշտական փոքր նկարներ, այլ մի ամբողջություն՝ միավորված մեկ գաղափարով[2]։
- Արամ Խաչատրյան

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմակահանդես դրամայի գլխավոր փորձը տեղի է ունեցել 1941 թվականի հունիսի 16-ին, իսկ պրեմիերան՝ հունիսի 21-ին։ Ներկայացման մասին հրապարակումները զուգահեռվեցին երկրորդ համաշխարհային պատերազմի ազդարարման լուրերի հետ։

Դեպի Լենինգրադ իմ հերթական ուղևորությունը անմիջապես «Դիմակահանդես»-ի փորձից հետո էր՝ հունիսի 16-ին, ես պետք է մասնակցեի «Երջանկություն» բալետի հերթական փորձին Մարիինյան թատրոնում,- պատմում է Արամ Խաչատրյանը։ Ես անգամ հասցրեցի Ռուբեն Սիմոնովի և ներկայացման մասնակիցների հետ հավաքվել թատրոնի ռեստորոնում /Всесоюзного театрального общества (ВТО)/, ապա անմիջապես ուղևորվել դեպի կայարան «Կարմիր նետ» /«Красная стрела»/ գնացքով մեկնելու Լենինգրադ։ Ով կարող էր այդ ժամանակ երևակայել, որ ընդամենը վեց օր հետո սկսվելու է պատերազմը[3]։
- Արամ Խաչատրյան

Պատերազմը կարծես ընդհատեց ներկայացման կյանքը, բայց ներկայացման երաժշտությունը առանձին հատվածների և սիմֆոնիկ սյուիտաների տեսքով, խմբագրված 1944 թվականին, շարունակում է հնչել շատ հաճախ։

Երևանում «Դիմակահանդես» ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 1949 թվականի հոկտեմբերի 2-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Թարգմանությունը՝ Տիգրան Հախումյանի, բեմադրությունը՝ Արմեն Գուլակյանի, նկարիչ՝ Միքայել Արուտչյան և Վասիլ Վարդանյան, երաժշտությունը՝ Արամ Խաչատրյանի, պարերը՝ Զարեհ Մուրադյանի։

Սյուիտը առաջին անգամ հնչել է 1944 թվականի նոյեմբերի 8-ին Համամիութենական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, դիրիժոր Սերգեյ Գորչակովի ղեկավարությամբ։ Սյուիտի պարտիտուրի առաջին հրատարակությունը տեղի է ունեցել Մոսկվայում 1947 թվականին ստեկլոգրաֆով Խորհրդային կոմպոզիտորների միության կողմից, իսկ երկրորդը՝ 1954 թվականին Մուզգիգ հրատարակչությունում[1]։

Արտերկրում «Դիմակահանդես» սյուիտը առաջին անգամ Սանտա Մոնիկայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել է ԱՄՆ–ում 1946 թվականի մայիսի 7-ին, դիրիժոր Ժաք Ռախմիլովիչի ղեկավարությամբ։

1952 թվականին Յուրի Ալեքսանդրովիչ Զավադսկին Մոսսովետի անվան պետական ակադեմիական թատրոնում բեմադրում է Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրաման՝ կրկին դիմելով Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»-ի երաժշտությանը։ Յուրի Զավադսկու բեմադրութունը թատրոնում ապրեց ավելի քան քառորդ դար։ «Մեր ներկայացմանը Արամ Խաչատրյանի երաժշտությունը այնպես ձուլվեց,- գրում էր ռեժիսորը, - որ անհնար էր պատկերացնել մեր «Դիմակահանդես»-ը առանց նրա»[4]։

1954 թվականին Բորիս Լավրենեւի «Լերմոնտով» ներկայացման երաժշտությունը կրկին վստահվեց Խաչատրյանին։

Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար Արամ Խաչատրյանի ստեղծած երաժշտությունը դարձավ նրա այս ժանրի ստեղծագործությունների գագաթնակետը:

Փոխադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոտաների գիրք.
Վալս «Դիմակահանդես» սյուիտից,
փոխադրություն դաշնամուրի համար, փոխադրումը՝ Արամ Խաչատրյանի,
1952 թվական

Արամ Խաչատրյանը 1952 թվականին կատարել է «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից Վալսի փոխադրումը դաշնամուրի համար։ Նոտաների գիրքը պահպանվում է Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի հավաքածուում։

«Դիմակահանդես» սյուիտի դաշնամուրի համար առաջին փոխադրումը Արամ Խաչատրյանի առաջարկով կատարել է Ալեքսանդր Դոլուխանյանը։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1945 թվականին ԽՍՀՄ Մուզֆոնդի կողմից։

Արամ Խաչատրյանի տուն–թանգարանը 2020 թվականին հրատարակել է «Դիմակահանդես» սյուիտի փոխադրությունը դաշնամուրի համար։ Փոխադրումը՝ Ավետիք Պիվազյանի։ Կազմող՝ Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի տնօրեն, դաշնակահուրի, պրոֆեսոր Արմինե Գրիգորյան։ Հրատարակության մեջ ընդգրկված են Մ․Լերմոնտովի «Դիմակահանդես», դրամայի համար գրված «Վալս», «Նոկտյուրն», «Մազուրկա», «Ռոմանս», «Գալոպ» ստեղծագործություննների փոխադրումները դաշնամուրի համար։

Հրատարակութունը նվիրված է Մ․Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար Արամ Խաչատրյանի երաժշտության ստեղծման 80–ամյակին[5]։

Արամ Խաչատրյանի անվան Եռյակի և Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի նախաձեռնությամբ 2016 թվականին կատարվել է «Դիմակահանդես» սյուիտի փոխադրությունը դաշնամուրային տրիոյի համար, փոխադրումը՝ Ավետիք Պիվազյանի։ Խմբագիրներ՝ Արմինե Գրիգորյան, Կարեն Շահգալդյան, Կարեն Քոչարյան։ Տվյալ հրատարակության ներառված են նաև Արամ Խաչատրյանի այլ հայտնի ստեղծագործությունների փոխադրությունները[6]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմակահանդես սյուիտը գրված է հետևյալ գործիքային կազմի համար[1]՝

Փայտե փողային՝

Հարվածային գործիքներ՝

Լարային գործիքներ

Պղնձե փողային՝

և զանգերի համար։

Սյուիտը բաղկացած է հինգ մասերից՝

I. Վալս

II. Նոկտյուրն

III. Մազուրկա

IV. Ռոմանս

V. Գալոպ

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արամ Խաչատրյանը «Դիմակահանդես»–ի վալսը նվիրել է Նինայի դերակատար Ալլա Կազանսկայային[7]։
  2. Արամ Խաչատրյանի վերջին հրաժեշտի ժամանակ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում ԽՍՀՄ Պետական սիմֆոնիկ նվագախումբը Եվգենի Սվետլանովի ղեկավարությամբ կատարել է Դիմակահանդեսի վալսը։ Այդ փառահեղ երաժշտությունը բոլոր ներկաներին ևս մեկ անգամ հիշեցրեց, թե ինչպիսի մեծ երաժիշտի նրանք կորցրեցին[3]։
  3. Դիմակահանդես սյուիտի ձեռագիր նոտաները պահպանվում եմ Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի ֆոնդերում։ 2013 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները եւ կինոերաժշտությունը» գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕԱշխարհի հիշողություն ծրագրի Միջազգային ռեեստրում[8]։
  4. Դիմակահանդեսի վալսը ճանաչվել է աշխարհում ամենահաճախ կատարվող տասը լավագույն վալսերից մեկը[9]։
  5. Արամ Խաչատրյանի հայտնի վալսը «Դիմակահանդես» սյուիտից, դարձել է Ամանորի խորհրդանիշներից մեկը Հայաստանում։ Հենց այս վալսի գեղեցիկ հնչյունների ներքո են Հայաստանում դիմավորում Ամանորը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտի ձայնագրությունները թողարկվել են սկսած 1940–ական թվականներից։ Սկավառակագրության ընդարձակ ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ, այդ թվում՝

  1. Չիկագոյի սիմֆոնիկ նվագախումբ, Բոստոնի «Պոպս» նվագախումբ, դիրիժոր՝ Արթուր Ռոդզինսկի; 1948 թվական
  2. Նյու–Յորքի սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Լեոպոլդ Ստոկովսկի;
  3. Հոլիվուդ Բոուլ սիմֆոնիկ նվագախումբ (Hollywood Bowl symphony Orchestra), դիրիժոր՝ Ալֆրեդ Նյուման; 1959 թվական
  4. Ինդիանապոլիսի սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Ֆաբիեն Սեւիտսկի; 1953 թվական
  5. Մոսկվայի Ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Սամուիլ Սամոսուդ, ջութակ՝ Լեոնիդ ԿոգանԽաչատրյան—Գլիեր; 1953 թվական
  6. RCA Victor սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Կիրիլ ԿոնդրաշինԽաչատրյան—Կաբալեւսկի; 1960 թվական, Իտալիա
  7. Մեծ Թատրոնի նվագախումբ, դիրիժոր՝ Մարկ Էրմլեր, Սովետական կոմպոզիտորների հայտնի սիմֆոնիկ ստեղծագործություններ, 1982 թվական, ԽՍՀՄ
  8. Պրահայի Ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Արամ Խաչատրյան (Դիմակահանդես), 1962 թվական, Չեխոսլովակիա

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վալս «Դիմակահանդես» սյուիտից․ կատարում է Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության Մեծ սիմֆոնիկ նվագախումբը (USSR All-Union National Radio and Central Television Symphony Orchestra), դիրիժոր՝ Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ, հատված «Պրավդա» թերթի 50-ամյակին նվիրված համերգից, ձայնագրվել է 1962 թվականին։ Youtube
  2. Սյուիտ «Դիմակահանդես»․ կատարում է Հյուսիսային Կարոլինայի սիմֆոնիկ նվագախումբը (The Moscow Philharmonic Orchestra), դիրիժոր՝ Իգոր Մանաշերով, Չայկովսկու անվան համերգասրահ, 2018 թվականի հունիսի 20–ին։ Youtube
  3. Սյուիտ «Դիմակահանդես»․ կատարում է Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը (The University of North Carolina Symphony Orchestra), դիրիժոր՝ Տոնու Քալամ, ձայնագրվել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Չապել Հիլլում գտնվող «Մեմորիալ հոլլ» սրահ, 2015 թվականի նոյեմբերի 18–ին։ Youtube
  4. Սյուիտ «Դիմակահանդես»․ կատարում է Նագանոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը (Nagano Philharmonic Orchestra), դիրիժոր՝ Դյունդի Յամագամի, ձայնագրվել է փետրվարի 14-ին, 2010 թվական։ Youtube
  5. Վալս «Դիմակահանդես» սյուիտից․ կատարում է Լա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախումբը (La Scala Philharmonic Orchestra), դիրիժոր՝ Դանիել Հարդինգ, «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշար «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հետ համատեղ՝ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, սեպտեմբերի 5, 2015 թվական։ Youtube
  6. Վալս «Դիմակահանդես» սյուիտից․ կատարում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմական նվագախումբը (La Scala Philharmonic Orchestra), դիրիժոր ՝ նվագախմբի ղեկավար, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, գնդապետ Սերգեյ Դուրիգին, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճ, փետրվարի 23, 2014 թվական։ Youtube
  7. Վալս «Դիմակահանդես» սյուիտից․ կատարում է Խաչատրյանի անվան Տրիոն (Khachaturian Trio), փոխադրումը՝ Ավետիք Պիվազյանի, Մալթայի Միջազգային Երաժշտական Փառատոն, ապրիլի 29, 2018 թվական։ Youtube
  8. Վալս «Դիմակահանդես» սյուիտից․ կատարում է Խաչատրյանի անվան Տրիոն (Khachaturian Trio), փոխադրումը՝ Ավետիք Պիվազյանի, «Հայ դասական երաժշտության գոհարները» ձայնասկավառակ (℗ 2016 Digital Project), օգոստոսի 29, 2016 թվական։ Youtube
  9. Ռոմանս «Դիմակահանդես» սյուիտից․ կատարում է Խաչատրյանի անվան Տրիոն (Khachaturian Trio), փոխադրումը՝ Ավետիք Պիվազյանի, «Հայ դասական երաժշտության գոհարները» ձայնասկավառակ, օգոստոսի 29, 2016 թվական։ Youtube
  10. Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի պաշտոնական կայք՝ http://akhachaturianmuseum.am/

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոտաների գիրք․ Դիմակահանդես սյուիտ. փոխադրություն դաշնամուրի համար, փոխադրումը՝ Ավետիք Պիվազյանի, Արամ Խաչատրյանի տուն–թանգարան, 2020 թվական
Նոտաների գիրք. Փոխադրումներ դաշնամուրային տրիոյի համար. Դիմակահանդեսի փոխադրումը՝ Ավետիք Պիվազյանի,
Արամ Խաչատրյանի տուն–թանգարան, 2016 թվական
  1. Սյուիտ Մ․Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից, փոխադրություն դաշնամուրի համար․ փոխադրումը՝ Ավետիք Պիվազյանի; Արամ Խաչատրյան․ – Եր․։ «Գրական հայրենիք» ՓԲԸ («Հայաստան» հրատ․), 2020.-44 էջ։ – Արամ Խաչատրյանի տուն–թանգարան, Հրատարակությունը նվիրված է «Դիմակահանդես» դրամայի համար Արամ Խաչատրյանի երաժշտության ստեղծման 80–ամյակին[5]։
  2. Արամ Խաչատրյան․ Փոխադրումներ դաշնամուրային տրիոյի համար․– Եր․։ Կոմիտաս, 2016․ – 108 էջ (+ ներդիր 28+28), Դիմակահանդեսի փոխադրությունը՝ Ավետիք Պիվազյանի; խմբագիրներ՝ Արմինե Գրիգորյան, Կարեն Շահգալդյան, Կարեն Քոչարյան։ Արամ Խաչատրյանի տուն–թանգարան[6]։
  3. Սյուիտ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից, պարտիտուրա, Խաչատրյանի ընծայագրով. երաժշտական խմբագիր՝ Վ․Դերևլյով, Մուզգիզ, Մոսկվա, 3 ապրիլի 1954թ.։ Նվիրատու՝ կոմպոզիտոր, երաժշտագետ՝ Բորիս Վ. Սակիլարի։ Պահպանման վայրը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հավաքածու։
  4. Սյուիտ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից, փոխադրություն դաշնամուրի համար, փոխադրումը՝ Ա․Դոլուխանյանի, երաժշտական խմբագիր՝ Հարոլդ Շելդոն, Լիդս մյուզիք քորփորեյշն, Նյու Յորք, 1948 թվական։ Պահպանման վայրը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հավաքածու։
  5. Սյուիտ Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից ըստ առանձին մասերի, փոխադրություն դաշնամուրի համար, փոխադրումը՝ Ա․Դոլուխանյանի, երաժշտական խմբագիր՝ Կ․Ա․ Գարբար, ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն, Մոսկվա, 1947 թվական։ Պահպանման վայրը՝ Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի հավաքածու։
  6. Սյուիտ Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից ըստ առանձին մասերի, փոխադրություն դաշնամուրի համար, փոխադրումը՝ Ա․Դոլուխանյանի, Փարիզ, 1957 թվական։ Պահպանման վայրը՝ Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի հավաքածու։
  7. Վալս Մ․Լերմոնտովի «Դիմակահանդես» սյուիտից, փոխադրություն դաշնամուրի համար, փոխադրումը՝ Արամ Խաչատրյանի, երաժշտական խմբագիր՝ Ա․Ստեպանով, ԽՍՀՄ Մուզֆոնդի Էստոնական հրատ․, Տալլին։ Պահպանման վայրը՝ Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի հավաքածու։
  8. Վալս Մ․Լերմոնտովի «Դիմակահանդես» սյուիտից, փոխադրություն դաշնամուրի համար, փոխադրումը՝ Ա․Դոլուխանյանի, երաժշտական խմբագիր՝ Ա․Ստեպանով, ԽՍՀՄ Մուզֆոնդի Էստոնական հրատ․, Տալլին, 1951 թվական։ Պահպանման վայրը՝ Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի հավաքածու։
  9. Վալս Մ․Լերմոնտովի «Դիմակահանդես» սյուիտից, փոխադրություն դաշնամուրի համար, փոխադրումը՝ Արամ Խաչատրյանի, երաժշտական խմբագիր՝ Կ․ Սորոկին, Պետական երաժշտ․ հրատ․, Մուզգիզ, Մոսկվա, 1954 թվական։ Պահպանման վայրը՝ Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի հավաքածու։
  10. Վալս Մ․Լերմոնտովի «Դիմակահանդես» սյուիտից, փոխադրություն դաշնամուրի համար, փոխադրումը՝ Անդրեյ Էշպայի, երաժշտական խմբագիր՝ Յուրի Յացեվիչ, Պետական երաժշտ․ հրատ․, Մուզգիզ, Մոսկվա, Լենինգրադ, 1952 թվական։ Պահպանման վայրը՝ Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի հավաքածու։
  11. Վալս Մ․Լերմոնտովի «Դիմակահանդես» սյուիտից, փոպադրություն դաշնամուրի համար, փոխադրումը՝ Անդրեյ Էշպայի, երաժշտական խմբագիր՝ Է․Բաբասյան, «Երաժշտություն» հրատ․, Մոսկվա, 1979 թվական։ Պահպանման վայրը՝ Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի հավաքածու։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 А․Хачатурян, Сюиты из музыки к драматическим спектаклям (для симфонического оркестра), Партитура․ Изд․ "Музыка", Москва – 1989, стр․ 8–9․
  2. Статья։ О музыке к драме "Маскарад" ("Музыкальная жизнь", 1970, № 3)։ Статьи и воспоминания, Автор: Арам Ильич Хачатурян; Изд․: Советский композитор, 1980 г․, Москва․ стр․ 136-137․
  3. 3,0 3,1 Арам Хачатурян։ Монография․–М․, Сов․ композитор, 1990․–296с, стр․ 66-72
  4. Завадский Ю., Верю, мы еще поработаем вместе., С. 23.
  5. 5,0 5,1 «Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը 2 նոր հրատարակություններ է լույս ընծայել». ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն. Վերցված է 23.06.2021-ին.
  6. 6,0 6,1 «Խաչատրյանի ստեղծագործությունների` դաշնամուրային տրիոյի համար փոխադրումներն ամփոփվել են նոտաների ժողովածուում». Հայաստանի Հանրային Ռադիո. 26 Հոկտեմբերի, 2016, 16:40. Վերցված է 23.06.2021-ին.
  7. «Маскарад (1941)». Государственный академический театр имени Евгения Вахтангова. Վերցված է 21.06.2021-ին.
  8. «Collection of note manuscripts and film music of Composer Aram Khachaturian». Memory of the World. Վերցված է 21.06.2021-ին.
  9. Mark Pullinger & Elisabeth Schwar (2018 թ․ դեկտեմբերի 28). «Bachtrack top ten: Waltzes». Bachtrack։ The classical music website for live & on demand. Վերցված է 21.06.2021-ին.