Հայկական ժողովրդական երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայկական ժողովրդական երաժշտություն, հայ ժողովրդի հոգևոր մշակույթի նշանակալից բաժիններից։

«Հայ ժողովրդական երաժշտություն» հասկացության մեջ, գյուղական և քաղաքային միջավայրում ոչ մասնագիտական և հորինողների ստեղծած երաժշտությունից բացի, սովորաբար ներառնում են նաև ժողովրդական մասնագիտացած երգահանների՝ գուսանների ու աշուղների արվեստը։ Հայկական բուն ժողովրդական երաժշտությունը կոլեկտիվ հորինողության տիպական արգասիք է, սերնդից սերունդ փոխանցվել է բացառապես բանավոր հաղորդմամբ է, բոլոր ժամանակներում, ազգային երգարվեստի բոլոր մյուս տեսակների ու ճյուղերի համար ծառայել է որպես ոճական հիմք և սնուցող աղբյուր։ Գյուղական երաժշտությունն առանձնանում է երաժշտատեխնիկական (մասնավորապես՝ մեղեդիակերտման) նշանակալից վարպետությամբ, գաղափարահուզական խոր բովանդակությամբ և ցայտուն ազգային նկարագրով։ Կազմավորվել է հազարամյակների խորքերում, ազգային խոսակցական լեզվի հետ միաժամանակ և դրան զուգահեռ, նրանում, զարգացման բազմադարյա ճանապարհին, անդրադարձել են ազգային ընդհանուր մշակույթի զարգացման պատմության բոլոր նշանակալից փուլերը։ Պատմական Հայաստանի ընդարձակ տարածքի վրա, խոսակցական լեզվի ճյուղավորումների նման, գոյացել են հայ գյուղական երաժշտության մեղեդիական «բարբառներ», ինչպես գավառական բարբառները (ըստ Կոմիտասի՝ Ապարանի, Շիրակի, Ալաշկերտի, Վանի, Մոկքի, Մուշի, Ակնա և այլն), այնպես էլ գավառականի վրա իշխող, երգահանության առումով առանձնապես նշանավոր վայրերի ոճերը։ Այս ամենը հայ գյուղական երաժշտության միասնական ազգային-ժողովրդական ոճը հարստացրել են դրա հետաքրքրական տարբերակներով։

Կոմիտաս

Հայ ժողովրդական երաժշտությունը իր ընդհանուր կերտվածքով միաձայնային է։ Բաղկացած է երգային (մեներգ, զուգերգ, խմբերգ), նվագարանային (մենակատարում և անսամբլ) և նվագերգային տեսակներից։ Տարածված են նաև մենապարին ու խմբապարին ուղեկցող երգեցողության ու նվագի տարբեր տեսակներ։ Գլխավոր տեղը պատկանում է երգեցողությանը։ Հայ ժողովրդական երգերի բանաստեղծական մի շարք բնագրեր տեղ են գտել դեռես միջնադարյան ձեռագիր տաղարաններում, որտեղ դրանք երբեմն կրում են նաև խազագրության հետքեր։ Բնագրերի կանոնավոր հավաքումը սկիզբ է առել XIX դարի 2-րդ կեսից (Ղևոնդ Ալիշան, Ռափայել Պատկանյան, Միքայել Միանսարյանց, Գարեգին Սրվանձտյան, Ա. Սեդրակյան, Գևորգ Շերենց, Գարեգին Հովսեփյան, Երվանդ Լալայան, Ա. Մխիթարյան, Կոմիտաս, Մանուկ Աբեղյան և շատ ուրիշներ)։ Եղանակների նոտագրումը մինչև XIX դարի 3-րդ քառորդը, իրականացված նաև ռուս երաժիշտների ձեռքով, պատահական բնույթ է կրել։ XIX դարի 2-րդ կեսից տարածվել են հայկական նոտաներով ժողովրդական երգեր պարունակող ձեռագիր երգարաններ։ Եղանակների կանոնավոր հավաքումն ու գրառումը սկիզբ է առել 1870-ական թվականներից (Սահակ Ամատունի, Քրիստափոր Կարա-Մուրզա, Նիկողայոս Տիգրանյան, Կոմիտաս, Արշակ Բրուտյան, Ստեփան Դեմուրյան, Հ. Հարությունյան, Մ. Մելիքյան, Միհրան Թումաճան, Ա. Քոչարյան և ուրիշներ), նախ կատարողից՝ անմիջականորեն լսողությամբ, ապա, 1913 թվականից՝ նաև ձայնագրող սարքերով։ Այս բնագավառում ամենամեծ երախտիքը Կոմիտասինն է, որ հայ գեղջկական երաժշտությունը երևան բերեց ողջ բազմատեսակությամբ ու գաղափարական գեղարվեստական լիակատար խորությամբ։ Հավաքված երգերը (տպագրված է 2000-ից ավելի նմուշ) չնայած տարբեր ժամանակների ու տեղավայրերի արգասիք են, բայց ներկայացնում են հայ գեղջկական երգի ոճական ամբողջականությունը։

Գյուղական ժողովրդական երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ գեղջկական երգային երաժշտությունը բազմաժանր է.

  • աշխատանքային, երբ երգը դառնում է դաշտային կամ առտնին աշխատանքը կազմակերպող էական գործոն,
  • ծիսային՝ երգը կազմում է ավանդական ծեսի որոշակի մասնիկը,
  • վիպական և վիպաքնարական (այս ժանրերի երգերը դիտվում են նաև որպես ժողովրդական-պրոֆեսիոնալ ստեղծագործություններ),
  • պատմական,
  • քնարական (սիրո, բնության, հայրենիքի կարոտի, սոցիալական կեցության և բողոքի, զինվորագրության և այլն),
  • հումորի ու ծաղրի երգեր,
  • պարերգեր,
  • մանկական խաղերգեր և այլն։

Ժանրային հատկանիշները երևան են գալիս ոչ միայն բանաստեղծական բնագրերում, այլև երաժշտության մեջ՝ լադաելևէջային ու ռիթմային միջոցներով, համապատասխան երգային ձևերում։ Առանձին տեղ են գրավում որոշ տեսակի հոգևոր երգերի տարբերակները, հոգեոր բնույթի բանաստեղծություններով ժողովրդի մեջ ստեղծված երգերը և տարբեր բովանդակության աշխարհիկ տաղերը։ Այս բոլոր ժանրերից հայտնի են բազմաթիվ բնորոշ նմուշներ, որոնց թվում կան երաժշտական ֆոլկլորի համաշխարհային չափանիշներով բացառիկ արժեքավոր ստեղծագործություններ, դրանցից են՝ Կոմիտասի գրառած Լոռու, Ղարաբաղի, Ապարանի հորովելները, Մանահինի, Լոռու կալերգերը, Իգդիրի, Վայոց ձորի, Ղազախի սայլերգերը, սոցիալիական թեմայով՝ «Ծիրանի ծառ, բար մի տա», «Կանչե, կռունկ», «Սիրտս նման է էն փլած տներ», բնությանը նվիրված՝ «Լուսնակն անուշ», «Բինգյոլ», սիրո քնարական՝ «Գարուն ա», «Չինար ես՝ կեռանալ մի», «Քելեր, ցոլեր իմ յարը», «Կուժն առա ելա սարը» և «Գնա, գնա, հեաիդ եմ», հարսանեկան ծեսին ուղեկցող երգերի ամբողջական շարը, Ակնա բազմաժանր երգերի շարը, «Ալագյազ», «Խնկի ծառ» պար երգը են։ Հայ գյուղական նվագարանային երաժշտությունը իր ընդհանուր բնույթով ազգակից է երգայինին։ Առավել գործածականը փողային նվագարաններն են, որոնցով կատարվում են հովվական՝ աշխատանքային կամ վիպապատմողական բնույթի «ծրագրային» հատվածներ (բլուլ, թութակ կամ շվի), հանդարտերգային եղանակներ՝ պարային բնույթի աշխույժ կրկնակով (երկու դուդուկ, երկրորդը՝ ձայնառություն), ավանդական ծիսային՝ հարսանեկան, հուղարկավորության, ուխտագնացության, արևածագը դիմավորող և այլ ընդարձակ նվագներ (առավելապես երկու կամ երեք զուռնա կամ պարկապզուկ՝ դհոլի նվագակցությամբ), նաև զանազան երգեր ու ամեն տեսակի, մեծ մասամբ նույնպես ավանդական պարեղանակներ՝ «Երանգի», «Մարալի», «Ունաբի», «Ետ ու առաջ», «Շորոր» (Կարնո, Մշո և այլն)։ Լարային նվագարաններից ընդունված է եղել սազը, ներկայումս, քաղաքային մշակույթի ազդեցության տակ, գյուղ են մտել նաև այլ նվագարաններ։ Նվագերգական երաժշտությունը ընդգրկում է սազի, բլուլի և դուդուկի նվագակցությամբ կատարվող երգեր։

Հայ գյուղական երաժշտությունը, պատմականորեն զերծ մնալով կողմնակի շփումներից ու ազդեցություններից, պահպանել է բացառապես սեփական ավանդույթներ՝ դարերով կայունացած տեսակներ, ժանրեր ու ձևեր և կոմպոզիցիոն մեթոդներ։ Այդ երաժշտության ձևակերտման հիմքը մոնոդիան է զուտ մեղեդիական նախասկիզբը։ Բազմաթիվ դարերի ընթացքում մշակվել ու հաստատվել է նրա հիմնական դիատոնիկ հնչյունաշարը՝ բաղկացած մաժոր քառալարերի միակցումից։ Տեմպերացիան հավասարաչափ չէ, ինչի շնորհիվ հնչյունաշարում առկա է ինտերվալների արտակարգ բազմատեսակություն։ Ձայնակարգերը (լադերը) միատոնիկային են, հիմնական՝ միքսոլիդիական, էոլական, լոկրիական և ածանցյալ՝ հիպոհոնիական, հիպոդորիական և հիպոփռյուգիական հնչյունաշարերով, որոնք հանդես են գալիս ոչ միայն բնական, այլև ալտերացված (գերազանցապես կիսատոնով իջեցված) աստիճաններով և դրա շնորհիվ լադերում գոյանում են նոր, մասնավորապես մեծացված սեկունդա ինտերվալներ։ Առանձին տեղ է գրավում էոլական քառալարից կրկնակի ալտերացիայով (2-րդ աստիճանի իջեցումով և 3-րդի՝ բարձրացումով) գոյացած «հարմոնիկ» քառալար պարունակող լադը, որ հնագույն ժամանակներից բնական լադերի հետ կիրառվել է հավասարապես։ Բոլոր ձայնակարգերում պահպանված է, դարձյալ հնից եկած, օժանդակ հենակետի (տոնիկայից բացի երկրորդ համեմատական կայուն աստիճանի) ֆունկցիան, որը (օժանդակ հենակետը) յուրաքանչյուր լադում ինտերվալային մի նոր հարաբերության մեջ է տոնիկայի հետ։ Դիատոնիկ հնչյունաշարի յուրատեսակ տեմպերացիայի, լադային բնական ու ալտերացված հնչյունաշարերի և օժանդակ հենակետերի բազմազանության շնորհիվ հայ ժողովրդական երաժշտության ձայնակարգերը ունեն դինամիկական և երանգային արտահայտչության հարուստ հնարավորություններ և դարձել են այդ երաժշտության ինքնատիպությունը որոշող կարևոր գործոն։ Երաժշտակաան ստեղծագործության մեջ դրանք հանդես են գալիս միմյանց հետ որոշակի հարաբերություններով (լայնորեն կիրառվում են լադատոնայնական շեղումներն ու մոդուլացումները ) և միասին վերցված կազմում են ամբողջական համակարգ։

Seyid Shushinski ansambl.jpg

Հայ գյուղական երաժշտության ինտոնացիան ընդգծված դիատոնիկ բնույթ ունի։ Արտահայտչական իմաստով յուրատեսակ բնական է (նատուրալ), հավասարակշռված, բնորոշ է խոսքայինի հետ մոտիկությամբ, երաժշտական այս կամ այն հատվածները հաճախ ընկալվում են որպես մեղեդիացված խոսք։ Երգերում խոսքը և երաժշտությունը ընդհանուր տրամադրության տեսակետից սերտ փոխկապակցված են թե՛ ամբողջության մեջ, և թե՛ մանրամասերում։ Սակայն, ամբողջական ձևի որոշողը մեղեդիի տրամաբանությունն է, խոսքերը (տաղաչափական սեփական տրամաբանությամբ հանդերձ), կրկնություններով ու զանազան բացականչություններով լրացվելով, ենթարկվում են մեղեդիի ձևին։ Մեղեդիի գոյացման կարևորագույն եղանակը սկզբնական մոտիվհատիկի բազմակերպ տարբերակումն է, որի շնորհիվ ձևավորված է որոշակի ռիթմաինտոնացիոն հյուսվածք, սկզբնային հանգուցակապին հաջորդում է մեղեդիական զարգացում, որն իր հերթին բերում է մեղեդիական բարձրակետին և այնուհետև՝ հանգուցալուծմանը։ Տարբեր ժանրերում երգերի համար բնորոշ են մեղեդիական հյուսվածքի տարբեր տեսակներ՝ ասերգային-արտասանական, սահուն եղանակավոր կամ ծորուն–զարդարուն։ Զարդհնչյունների կիրառությունը նկատելիորեն սահմանափակ է։ Բազմահարուստ է ռիթմը։ Թե՛ վոկալ, և թե՛ նվագարանային երաժշտության մեջ հավասարապես կիրառված են ռիթմի կազմակերպման տարբեր սկզբունքները՝ պարային (համեմատաբար կարճաշունչ, կրկնվող ռիթմական պատկերներով), երգային (համեմատաբար երկարաշունչ, չկրկնվող պատկերներով) և իմպրովիզացիոն (ազատ մետրի հիման վրա տարատեսակ ռիթմական պատկերներով), ինչպես և դրանց զանազան զուգորդումները։ Ռիթմական զարգացման, մասնավորապես ռիթմաինտոնացիոն տարբերակման արտահայտչական նշանակությունն առանձնապես ակներև է երկարընթաց, շարունակվող մեղեդիներում, ուր հնչյունային անընդմեջ հոսքը առաջ է բերում մտքի խտացվածություն և լարման ինտենսիվություն։ Բնորոշ է նաև բազմազան խառը մետրերի շնորհիվ եղանակների (օրինակ, պարեղանակների) ռիթմի ընդգծված իմպուլսիվությունը։ Բազմատեսակ են երգերի և նվագարանային հատվածների ձևային կառուցվածքները՝ պարզագույն կրկնվող ֆրազից կամ նախադասությունից մինչև համաչափ կամ անհամաչափ պարբերույթներ, երկմաս կամ եռամաս, ծավալուն արիոզային կամ ազատ իմպրովիզացիոն ձևեր։ Բազմաձայնության տարրերը վոկալ երաժշտության մեջ երևան են գալիս անտիֆոնի (փոխերգեցողության) տարբեր տեսակներով (դաշտային աշխատանքի երգերում, պարերգերում և այլն), գործիքային երաժշտության մեջ՝ պահված ձայնի (դամ) և հետերոֆոնիայի տարբեր ձևերով (անսամբլային նվագում կարևոր տեղ ունի նաև տեմբրային պոլիֆոնիան)։

Երաժշտական լեզվի՝ վերը նկարագրված բոլոր տարրերը միշտ գործուն դեր են կատարում ամեն մի երգում կամ նվագարանային երկում երաժշտական կերպարի ամբողջացման, տրամադրության որոշակիացման համար։ Առանձնահատուկ է դրանց խիստ «տնտեսված օգտագործումը»։ Հայ գյուղական երաժշտության համար ընդհանրապես բնորոշ է արտահայտչամիջոցների գործադրման խնայողականությունը, նպատակամիտությունը, հնարավորին չափ սակավաթիվ հնչյուններով առավել խոր արտահայտչություն դրսևորելու սկզբունքը (օրինակ, «Դարունաա», «Կուժն առա ելա սարը» և այլն)։ Սրա հետ կապված է այդ երաժշտության մի այլ ընդհանուր հատկանիշ՝ արտահայտության յուրատեսակ զսպությունը և ողջախոհությունը, մեղկության բացարձակ բացասումը։

Քաղաքային ժողովրդական երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ միջնադարյան քաղաքներում զարգացած է եղել ժողովրդական երաժշտությունը, սակայն, ներկայումս կենցաղավարող երաժշտության մեջ (հայ քաղաքային երգերը և գործիքային եղանակները անհամեմատ փոքր քանակով են գրառված) հատկապես հնագույն ժամանակներից եկած տարրերը որոշակի առանձնացնելը դժվար է։ Վերջին երկու հարյուրամյակի երաժշտությունը իր մեղեդիական ոճով համեմատաբար ծավալուն է արմատները գյուղական են, շատ բան եկել է գուսանական–աշուղականից, դրանց հետ, սակայն հանդիպում են սազանդարական երաժշտության համաանդրկովկասյան տարածում ստացած տարրեր, ինչպես և հոմոֆոններդաշնակային մտածելակերպից բխող երևույթներ։ Այնուամենայնիվ, այդ երաժշտության առավել բնորոշ ստեղծագործություններում ոճը ամբողջական է և ազգային առումով միանգամայն որոշակի, այստեղ նույնպես կան մասնավորապես երաժշտական քնարերգության բազմաթիվ բարձրարժեք նմուշներ։ Հիմնական ժանրերն են՝ սիրո քնարական, կենցաղային (օրոր, սեղանի, զվարճական), մենապարի ու զուգապարի և այլ երգեր։ Առանձին տեղ են գրավում քնարական այն երգերը, որոնցում հնչում է գյուղացիների նկատմամբ կարեկցանքը և մի նոր տեսանկյունից անդրադարձվում գյուղական երգի սոցիալական թեման։ Մեծ բաժին են կազմում ազգային հայրենասիրական երգերը, որ զարգացել են 1860-ական թվականներից։ Ազատագրական թեման տեղ է գտել ինչպես հանդարտահոս քնարական նմուշներում, այնպես էլ քայլերգային և մարտաշունչ երգերում։ Հայրենասիրական երգերը ժամանակին մեծ դեր են կատարել ժողովրդի ազգային գիտակցությունը կազմակերպելու գործում։ Ընդհանուր առմամբ (գյուղականի համեմատությամբ) քաղաքային երգերը ավելի մտերմիկ, բացահայտ հուզականություն ունեն, կոմպոզիցիոն հատկանիշներով ևս ինչ–որ չափով առանձնանում են։ Լադային հիմքը գրեթե նույնն է՝ ալտերացված լադերի համեմատաբար ազատ կիրառումով, բայց մեղեդիի զարգացումն ավելի պարզ միջոցներով է ընթանում, ռիթմական կազմը համեմատաբար հստակ է, ձևային կառույցները թեև հաճախ ծավալուն (հատկապես սիրո քնարական երգերում՝ երկմաս երգային, ծավալուն ռոմանսատիպ կառուցվածքներ կամ երկու ինքնուրույն՝ դանդաղ և արագ երգերի միակցումներ), բայց նույնպես հստակ են, քառակուսիության տարրերով։ Համեմատաբար հին երգերում և պարեղանակներում դյուրին ընկալվում է դրանց տեղային պատկանելությունը՝ Երևանի, Ալեքսանդրապոլի (Լենինականի), Վանի, Թիֆլիսի, Ղարաբաղի և այլն։ Գյուղականից խիստ տարբերվում են խոսքային բնագրերը, որ գրական լեզվով են, մեծ մասամբ պրոֆեսիոնալ բանաստեղծություններ, հաճախ հեղինակն իսկ հայտնի։ Հայրենիքից դուրս ապրող հայերը, որոշ աշուղների նման, երբեմն հորինել են օտարալեզու երգեր։ Հայ քաղաքային ժողովրդական երգերի բնորոշ օրինակներ են՝ սիրո քնարական՝ «Լուսնակ գիշեր, բոլորովին քուն չունեմ», «Սարերի հովին մեռնիմ», «Դարդս լացեք, սարի սմբուլ», «Սիրուհիս, քեզ համար» և «Աղջիկ, դուն սիրուն», օրորոցային՝ «Քուն եղիր, պալաս», գյուղական թեմայով՝ «Մաճկալ ես, բեզարած ես», սոցիալական թեմայով՝ «Արազն եկավ լափին տալով», հայրենասիրական ազատագրական՝ «Մայր Արաքսի ափերով», «Արևն ելավ, զեյթունցիներ» և այլն։

Միջնադարյան քաղաքների նվագարանների մասին հասկացողություն ենք կազմում մանրանկարչությունից, պատմական հիշատակություններից ու ուսումնասիրական բնույթի հին գրություններից, այդ նվագարանները մասամբ վերացել, մասամբ վերափոխվել են։ Վերջին երկու հարյուրամյակների ընթացքում հայ քաղաքային ժողովրդական անսամբլների լարային նվագարանները մերձավորարևելյան ընդհանուր տարածում ունեցողների տեղայնացված տարբերակներն են՝ քամանչա, քաման, ուդ, թառ, սազ, չոնգուր, քանոն, սանթուր, փողային նվագարանները՝ շվի, դուդուկ և զուռնա, հարվածայինը՝ դհոլ, դափ, նաղարա (ներկայումս չի գործածվում)։ Նվագարանային երաժշտությունը, բացի երգերի նվագակցությունից, բազմատեսակ մենապարերից և ծիսական եղանակներից, ընդգրկում է ծավալուն իմպրովիզացիոն դանդաղ պիեսներ՝ սովորաբար ռիթմավորված կրկնակներով և տարբեր բնույթի պիեսներից կազմվող պոպուրիներ, մենանվագ կամ անսամբլով։ Անսամբլի կատարումը ունիսոն է՝ իմպրովիզացիոն հետերոֆոնիայի առատ տարրերով, լայնորեն կիրառվում է դամը։ Ներկայումս հին նվագարանները վերագտնելու, նորացնելու և նվագարանային «ընտանիքներ» ստեղծելու եռանդուն աշխատանք է տարվում։ Քաղաքային ժողովրդական նվագարանային անսամբլները հաճախ առաջնորդվում են պրոֆեսիոնալ բազմաձայն կոմպոզիցիայի կանոններով, անսամբլները՝ լարային, փողային կամ խառը։ Կատարման ընդհանուր դինամիկայի մեջ առանձնահատուկ դեր է ստանձնում հարվածային գործիքը, որի նվագամասը տարբերակվում և ինքնուրույն զարգացվում է։ Քաղաքային նվագարանային երաժշտության բնագավառում միշտ առանձնացել են վիրտուոզ երաժիշտներ, որոնց համբավը տարածվել է հայրենիքից և Անդրկովկասից դուրս, հարևան ու հեռավոր արևելյան ու եվրոպական երկրներում (Ա․ Օգանեզաշվիլի, Լ․ Կարախան և ուրիշներ)։

Հայ ժողովրդական՝ գյուղական և քաղաքային երաժշտության զարգացումը դարերի ընթացքում առաջնորդվել է գաղափարական և կոմպոզիցիոն կայուն նորմերով։ Նրանում մշակված արտահայտչամիջոցների սեփական համակարգը և դրանց գործադրման սեփական եղանակները, ձևավորված ինքնատիպ երաժշտաբանաստեղծական կերպարները և կառուցվածքների ընդհանուր յուրատեսակ արխիտեկտոնիկան, այս բոլորի հետ նաև հուզականության դրսևորման ինքնահատուկ կերպը՝ այդ երաժշտությունը դարձրել են ազգային բնավորությամբ օժտված ավանդական արվեստ։ Հայ ժողովրդական երաժշտությունը նկատելի տարբերվում է արևելյան այլ ժողովուրդների երաժշտությունից․ «․․․Մեր ժողովրդական երգերն ու պարերգերը․․․ բոլորովին այլ եռանդ, այլ զգացմունք և այլ միտք են պարունակում, քան մյուս արևելյան ազգերինը»[1]։ և ընդհանրապես հայ ժողովրդական եղանակները «ոչ արևելյան են, ոչ եվրոպական բացառապես»։ Կոմիտասյան այս էական եզրահանգումներին համահնչուն են նաև այլազգի մասնագետների բնութագրումները։ Իր գաղափարահուզական բովանդակությամբ և երաժշտաոճական հատկանիշներով հայ ժողովրդական երաժշտությունը աշխարհի բազմազգ ֆոլկլորը լրացրել ու բազմազանել է ազգային վառ նկարագիր ունեցող մի ամբողջական ու բարձրարժեք հատվածով։ Այդ երաժշտությունը բազմիցս ցուցադրվել է միջազգային գիտաժողովներում և փառատոներում ու մշտապես արժանացել գիտական շրջանների խոր հետաքրքրությանը և ունկնդիրների ջերմ հավանությանը։ Հայ գեղջկական, ինչպես և քաղաքային ժողովրդական երաժշտությունը հիմնարար դեր է կատարել ազգական մասնագիտացված (կոմպոզիտորական) արվեստի հիմնավորման ու զարգացման գործում։ Մեծ է դրա նշանակությունը նաև ընդհանուր հայագիտության համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կոմիտաս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Ե․, 1941, էջ 189
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png