Միհրան Թումաճան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միհրան Թումաճան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհոկտեմբերի 21, 1890(1890-10-21)[1][2]
Կյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա[1][2]
Երկիր Օսմանյան կայսրություն,  ԱՄՆ և  ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 28, 1973(1973-10-28)[1][2] (83 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մասնագիտություներաժիշտ և ազգագրագետ
ԱշխատավայրԳուսան[1][2] և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ[2]
ԿրթությունՍտամբուլի համալսարան (1913)[1]

Միհրան Թովմասի Թումաճան (հոկտեմբերի 21, 1890(1890-10-21)[1][2], Կյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա[1][2] - հոկտեմբերի 28, 1973(1973-10-28)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ երաժիշտ, ազգագրագետ, Կոմիտասի աշակերտներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:Parsegh Ganachian With Gomidas and his friends.jpg
Կոմիտասը՝ իր աշակերտների հետ. Թումաճանը՝ ներքևի աջ անկյունում:

Միհրան Թումաճանը ծնվել է 1890 թվականի հոկտեմբերի 21-ին Արևմտյան Հայաստանի Կյուրին քաղաքում։ Կրթությունը ստացել է Կոստանդնուպոլսում։ 1913 թվականին ավարտել է Կոստանդնուպոլսի համալսարանը։ 1910-1915 թվականներին երգել է Կոմիտասի «Գուսան» երգչախմբում և եղել Կոմիտասի «հինգ» սաներից մեկը՝ մասնակցելով նրա մասնավոր դասընթացին, որի նպատակն էր պատրաստել հայ երաժշտության գործիչներ։ Մյուս չորս աշակերտներն էին Վարդան Սարգսյանը, Բարսեղ Կանաչյանը, Վաղարշակ Սրվանձտյանը և Հայկ Սեմերջյանը։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զրկվելով իրենց անվանի ուսուցչից, անցնելով պատերազմի դաժան ճամփաներով ու ապրելով նրա արհավիրքները, Կոմիտասի սաներն իրար վերագտան զինադադարից հետո միայն, 1918 թվականին։ Նրանք խանդավառությամբ ձեռնարկեցին հայկական երաժշտության, հատկապես իրենց ուսուցչի ստեղծագործությունների տարածմանը. կազմակերպեցին երգչախմբեր՝ Պոլսում, Ադանայում, Իզմիրում ու տվեցին համերգներ, հրատարակեցին երգարաններ, որոնց հասույթով Փարիզում լրացրին իրենց երաժշտական ուսումը։ Միհրան Թումաճանն այնտեղ սովորել է 1920-1922 թվականներին։

Գործունեությունը ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին Կոմիտասի հինգ սաները ցրվեցին տարբեր երկրներ, և նրանցից յուրաքանչյուրն ընթացավ իր ընտրած ուղիով։ Միհրան Թումաճանը մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ և այնտեղ բնակություն հաստատելով՝ ամերիկահայ գաղութում մեծ գործունեություն ծավալեց. այստեղ նա հիմնեց «Հայ երգ» խմբերգային ընկերությունը, կատարելով Կոմիտասի և իր դասընկեր Բարսեղ Կանաչյանի խմբերգերը։ Իսկ խմբավարական աշխատանքին զուգընթաց զբաղվեց նաև Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից հրաշքով փրկված ու Ամերիկա ապաստանած հայերից ժողովրդական երաժշտության նմուշներ հավաքելով ու ձայնագրելով (նոտագրելով)։ Այստեղ կատարած շուրջ քառասուն տարվա համբերատար ու ջանադիր աշխատանքի շնորհիվ Թումաճանը կազմեց «Հայրենի երգ ու բան» ժողովածուն։ Թումաճանն իրեն բախտավոր է համարում, որ Բոստոնում հանդիպել է երաժշտասեր մի երիտասարդի, և պարզվել է, որ նա ու իր ընտանիքի անդամները բավական մեծ թվով Չմշկածագի ու ազգային երգեր գիտեն։ Այդ ընտանիքից գրի առած երգերը ևս նա ընդգրկել է իր ժողովածուի մեջ` ափսոսալով, որ նման բարեբախտություն ավելի հաճախ չի ունեցել։

Բաղիկյան և Ջելալյան ազգանուններով այդ մեծ ընտանիքը՝ տարբեր սերնդի ու հասակի անդամներով, 1915 թվականից առաջ ու հետո գաղթել էր Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ-ում Թումաճանն անկարող եղավ իր արժեքավոր հավաքածուն հրատարակչության պատրաստել։ Թումաճանը մի տեղ նշել է[փա՞ստ], որ իր աշխատությունը կատարվել է աննպաստ պայմաններում, քանզի գոյություն չունեին անհրաժեշտ տվյալներ և ժողովրդական կանոնավոր կյանք։

Հայրենադարձությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավոր Ամերիկայի մի անկյունում անհայտության մեջ ծվարած և տարագիր մարդու շատ դառնություններ կրելուց հետո 1965 թվականին Միհրան Թումաճանը վերադարձավ հայրենիք և հաստատվեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում։ Այստեղ նա աշխատանքի անցավ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում և հնարավորություն ունեցավ մաս-մաս տպագրության պատրաստելու բազմամյա աշխատանքի արդյունքում ստեղծված արժեքավոր ժողովածուն։ Նեղ շրջանակում տեղի է ունենում իր այդ նյութերի հրապարակման գործնական հարցերին նվիրված խորհրդակցություն, և երբ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գիտաշխատող բանագետ Արտաշես Նազինյանն առաջարկում է ժողովածուն անվանել «Հայրենի երգ ու բան», Թումաճանը մանկան պես հրճվում է՝ մեծ ոգևորությամբ ընդունում առաջարկը։ Դրանից հետո նա եռանդով լծվում է նյութերը տպագրության պատրաստելու գործին՝ դրանց տրամադրելով իր աշխատանքային բոլոր կարողությունները, որոնք, ցավոք, արդեն շատ չէին։ Թումաճանն արդեն համարյա բոլորել էր իր ութերորդ տասնամյակը։ Նրա առողջական վիճակի շարունակական վատացման և ֆիզիկական ուժերի աստիճանական սպառման հետևանքով, նույնիսկ օգնականների առկայության պայմաններում, գործը դանդաղ էր առաջ գնում։ Այնուամենայնիվ առաջին հատորը լույս տեսավ նրա կենդանության օրոք՝ 1972 թվականին[3]։ Թումաճանը բառացիորեն երջանկացած էր. «Ես հասկացա, որ իմ աշխատանքների գնահատողներն այստեղ են», հաճախ հուզվելով ասում էր նա։ Եթե առաջին հատորի աշխատանքը տարիներ տևեց, ապա երկրորդ հատորը մնաց գրեթե սևագիր վիճակում։ Թումաճանը վախճանվեց 1973 թվականի հոկտեմբերի 28-ին Երևանում։

Թումաճանի «Հայրենի երգ ու բան» ժողովածուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումաճանն իր հավաքած երգերն ու նյութերը դասավորել է ըստ դրանք հաղորդողների ծննդավայրերի և այդպիսով ներկայացնում է Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներ, առանձին քաղաքներ ու ավաններ կամ Պատմական Հայաստանից դուրս գտնվող բայց և Թուրքիայի տարածքում գտնվող հայաբնակ կենտրոններ, ինչպիսին էր, օրինակ, Բութանիան։ Նրա թողած ազգագրական ժառանգությունը բաղկացած է երկու հիմնական մասից՝ բանահյուսական և երաժշտական։ Բանահյուսականն ընդգրկում է ժողովրդական քնարական բանաստեղծություններ, առակներ ու զրույցներ, առածներ ու ասացվածքներ, աղոթքներ ու անեծքներ՝ տեղական բարբառներով ու հնչյունաբանական նրբություններով գրանցված։ Իսկ երաժշտականը՝ գյուղական ու քաղաքային կենցաղում գոյացած ժողովրդական երգեր ու պարերգեր են (երբեմն՝ նաև պարերգեր) և գուսանաաշուղական երգարվեստի առանձին նմուշներ են։ Թումաճանը դրանք դիտում էր երկու գլխավոր հատվածներում՝ ավանդական երգեր և ժամանակակից կենցաղի նյութեր։ Ավանդականներն իրենց ժանրերով ու բանաստեղծական թեմաներով բազմազան են.

  • ծիսական՝ հարսանիքի, Բարեկենդանի, Ծննդյան տոնի, ուխտագնացության և այլ երգեր,
  • կենցաղային երևույթներին ուղեկցող, այսինքն՝ տնային աշխատանքներին երգեր, օրորոցայիններ, ողբերգեր,
  • ժողովրդի սոցիալական կեցության որոշ երևույթներին անդրադարձող երգեր, մասնավորապես՝ պանդխտության երգեր,
  • պատմական իրադարձությունների թեմաներով առանձին նմուշներ,
  • սիրային-քնարական երգեր, հատկապես՝ մանիներ, մանկական երգեր ու խաղերգեր։

Բացի «Հայրենի երգ ու բան»-ի առաջին հատորը տպագրելուց, Թումաճանը, բարեբախտաբար, հասցրեց դասավորել իր գրառած ամբողջական նյութը, ինչը հետագայում մյուս հատորների լույս ընծայման համար ուղեցույց դարձավ։ Առաջին հաջտորում ընդգրկված էին Բութանիայի և Իզմիրի երգերը՝ թվով 137։ Երկրորդ հատորը, որ լույս տեսավ 1983 թվականին, ընդգրկում էր Կյուրինի, Մալաթիայի, Խարբերդի, Եդեսիայի, Այնթափի, Կեսարիայի, Չմշկածագի, Ակնա, Արաբկիրի, Բինկյանի, Արմտանի և Երզնկայի թվով 208 երգ։ Mոտավորապես այդքան էլ՝ 3-րդ և 4-րդ հատորները։

Ժողովրդական երգերի հետ որոշակի առնչություն ունեն նույն արևմտահայերից գրի առած այն երգերը, որոնք երգված են թուրքերենով կամ քրդերենով, որոնցում ևս տեսանելի են ավանդական և ժամանակակից կենցաղը ներկայացնող նմուշներ։ Փոքր քանակով կան քրդական ու թուրքական երգեր, ապա՝ երգեր, որոնք ընդհանուր են եղել կողք կողքի բնակված ժողովուրդների համար, և մեծ քանակով երգեր, որոնք թեև երգվել են թուրքերենով ու քրդերենով, բայց իրենց բովանդակությամբ հատուկ են եղել միայն հայերի կենցաղին ու բարքերին։

Թումաճանի թողած ժառանգության կարևորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական ստեղծագործությունները ժամանակի ընթացքում կորչող, իսկ որոշ դեպքերում՝ արագորեն կորչող, անհետացող երևույթներ են։ Ուստի, գտնված, գրի առնված նմուշները խիստ արժեքավոր են։ Եթե Թումաճանն իր սեփական նախաձեռնությամբ, առանց կողմնակի օժանդակության, հավաքած չլիներ արևմտահայության այս երգերը, ապա հայ ժողովրդի այդ բավականին խոշոր հատվածի ժողովրդական-երաժշտական մշակույթի մասին մեր պատկերացումը լրացնելու կամ ընդլայնելու մի այլ լավագույն առիթ հազիվ թե ունենայինք։ Ժողովրդական ստեղծագործությունների բոլոր ժանրերն էլ ուսումնասիրողների ու հետաքրքրվողնրի համար արժեքավոր են հավասարապես։ Բայց, եթե այնուամենայնիվ հարց ծագի, դժվար առավելություն չտալ հատկապես ավանդական այն ժանրերին, որոնց նմուշները այլ ժանրերի համեմատ սովորաբար սակավ են պահպանված։ Այսպիսի մոտեցման դեպքում Թումաճանի գրի առած երգերում հարկ կլիներ առանձին գնահատանքի արժանացնել հարսանեկանները, պանդխտի երգերը, օրորները, ողբերը, միջնադարյան գուսանական ստեղծագործության նմուշները։ Հենյց այդպիսի երգերում գտնում ենք հայ ժողովրդական մեղեդիական վարպետության առանձին գեղեցիկ դրսևորումները։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարեկան մեծ համերգ։ III շրջան։ Ծրագիր, Թումաճան Միհրան Թովմասի, Հայերգ երաժշտական միութիւն, Նյու- Յորք, 1928։
  • Հայրենի երգ ու բան։ Միհրան Թովմասի Թումաճան, Ռ. Ա. Աթայան, Ա. Մ. Նազինյան, Հայկական ԽՍՀ ԳԱ Հրատարակչություն, 1972։
  • Յուշամատեան։ Ալբոմ, Թումաճան Միհրան Թովմասի, Նյու-Յորք, Մ. Մինասյան , 1974։
  • Թումաճան Մ. Թ., Հայրենի երգ ու բան, հ. 1-3, ժողովածուներ, 1973-1986։
  • Հայրենի երգ ու բան։ 4 / Армянские народные песни: 4 / Armenian folk songs: 4, Թումաճան Միհրան Թովմասի, Թագակչյան Զ. Պ, Պիկիչյան Հռիփսիմե, Սարգսյան Կարինե, Սարգսյան Մարինա, Մանուկյան Մարատ, Արվեստի ինստիտուտ ՀՀ ԳԱԱ, Երևան, «Զանգակ-97», 2005[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միհրան Թումաճան, Յուշամատեան, Նյու-Յորք, 1974։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. Թումաճան, Միհրան Թովմասի (1972). Հայրենի երգ ու բան. Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհրան Թումաճան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 232