Բարսեղ Կանաչյան
Բարսեղ Կանաչյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | ապրիլի 17, 1885[1] Թեքիրդաղ, Adrianople Vilayet, Օսմանյան կայսրություն |
Երկիր | ![]() |
Մահացել է | մայիսի 21, 1967[1] (82 տարեկան) Բեյրութ, Լիբանան |
Մասնագիտություն | դիրիժոր և կոմպոզիտոր |
Պարգևներ |
Բարսեղ Կանաչյան (1885, ապրիլի 17, Ռոդոսթո - մայիսի 21, 1967, Բեյրութ), հայ կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ։ «Գուսան» երկսեռ երգչախմբի վերահիմնադիրն է Կոմիտասի հիվանդությունից հետո։(1933 - 1961)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Ռոդոսթոյում (այժմ Թեքիրդաղ՝ Թուրքիա) 1885 թվականին։ 1888 թվականին ընտանիքը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որտեղ Կանաչյանն ստանում է նախնական կրթությունը։ 1896 թվականին ընտանիքը գաղթում է Վառնա։ Նաթան-Բեկ Ամիրխանյանից երաժշտության դասեր է վերցնում (ջութակ, երաժշտության տեսություն, խմբավարություն)։ 1903 թվականից սովորում է Բուխարեստում (դաշնամուր և հարմոնիա)։ 1908 թվականի օսմանյան սահմանադրության ընդունումից հետո Կանաչյանների ընտանիքը ապագայի ակնկալիքներով վերադառնում է Թուրքիա՝ Կոստանդնուպոլիս։ Կանաչյանը այստեղ կազմում է «Քնար» փողային նվագախումբը, զբաղվում դասավանդմամբ, անում ստեղծագործական առաջին փորձերը։ Նրա համար որոշիչ է լինում Կոմիտասի հետ հանդիպումը 1910 թվականի դեկտեմբերին։ Կանաչյանը հանդես է գալիս «Գուսան» երգչախմբում, Կոմիտասի «հինգ սաներ»-ի թվում, հարմոնիայի դասեր է առնում, հետևում խմբավարական արվեստին։ 1919 թվականին Կոմիտասին նվիրված համերգին հանդես է եկել որպես խմբավար 400 հոգանոց միացյալ երգչախմբով։ «Հինգ սաներ»-ով ներդաշնակում և մշակում են հայրենասիրական երգեր։ 1920 թվականից շարունակել է երաժշտական կրթությունը Փարիզում։ 1922 թվականից հայկական գաղթօջախներում զբաղվել է խմբավարական գործով։ 1928 թվականից դասավանդել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունում, 1933 թվականից Նշան Փալանջյան ճեմարանում։ 1936 թվականին Բեյրութում հիմնում է «Գուսան» երկսեռ երգչախումբը, այդ խմբի համար մշակում հայկական և մի քանի արաբական ժողովրդական երգեր։ 1946 թվականին նշվում է Բարսեղ Կանաչյանի երաժշտական գործունեության 40-ամյակը։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանաչյանը գրել է շուրջ 30 խմբերգ («Հոյնար», «Դալիլո», «Վարդերի հետ» և այլն) և հայ բանաստեղծների խոսքերով 10 մեներգ՝ դաշնամուրի նվագակցությամբ («Օրոր», «Ասում են ուռին», «Ալվարդի երազը» և այլն), որոնք առանձնանում են մեղեդայնությամբ և վոկալի նուրբ զգացողությամբ։ Հեղինակ է նաև 20 մանկական երգերի և «Աբեղա» (ըստ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի) երգային օպերայի։ Կանաչյանի ստեղծագործության մեջ առավել ուշագրավ է «Նանոր» վիպական-դրամատիկական խմբերգային ծավալուն պատկերը, որը հայ դասական խմբերգային արվեստի նշանավոր երկերից է։ Հայտնի է «Բա՛մ, փորոտան» հայրենասիրական երգի նրա մշակումը։ Կանաչյանի խմբերգերն ու մեներգերը մասամբ հրատարակվել են Բեյրութում (1946–1948) և Երևանում (1969)[2]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արաբական մշակույթի զարգացմանը նպաստելու համար Կանաչյանը պարգևատրվել է արաբական և ֆրանսիական շքանշաններով, այդ թվում Լիբանանի «Մայրու Առաջին կարգի» պատվո նշանով։
«Օրօր»-ի տեքստը[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 135)։ ![]() |
- Ապրիլի 17 ծնունդներ
- 1885 ծնունդներ
- Ռոդոսթո քաղաքում ծնվածներ
- Մայիսի 21 մահեր
- 1967 մահեր
- Բեյրութ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Լիբանանահայ կոմպոզիտորներ
- Ռումինահայ կոմպոզիտորներ
- Օրհներգերի հեղինակներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ խմբավարներ
- Երաժշտական գործիչներ
- Հայ դիրիժորներ