Կյուրին կամ Գյուրուն (դասական ուղղագրությամբ՝ Կիւրին, թուրքերեն՝ Gürün), գյուղաքաղաք Թուրքիայում (պատմական Սեբաստիայի վիլայեթիԿյուրինի գավառակի կենտրոն, այժմ՝ Սիվասի մարզի Կյուրինի շրջանի կենտրոն), Թոհմասու (Մելաս) գետի բերրի և ծառաշատ հովտում։ XX դարի սկզբին ուներ 3000 տուն բնակիչ, որից 1550-ը՝ հայեր։ Զբաղվում էին արհեստներով, առևտրով, մասամբ՝ երկրագործությամբ։ Հայերն ունեին եկեղեցի և դպրոց։ Կյուրինի հայ բնակչությունը տարագրվել և բնաջնջվել է 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։
Ոմանք Կյուրինը նույնացնում են խեթական և ասորեստանյան սեպագիր արձանագրություններում հիշատակվող Գաուրաինա (Գուրիմմի), Թեգարամա (Տեգարամա) քաղաքների հետ, որոնք էլ ոմանք կապում են աստվածաշնչյան Թորգոմի հետ[3]։
Քաղաքը բաղկացած էր հետևյալ գլխավոր թաղամասերից. Շուղուլ, Օրեն կամ Էրան, Տարեր, Սմկընա, Չերչիկոր, Խոնավ բլուր (Յաշ թեփէ), Աշուր, Սև բլուր (Գարա Թեփե), Ֆերման մահլե, Սաղ, Քեթեն-շայըր, Խաս-բաղ, Ձախ-ձոր կամ Չախ-ձոր[6]։ Կյուրինը հայտնի էր այստեղ արտադրված մանիսա գործվածքներով և հատուկ շալերով, որոնք մեծ պահանջարկ ունեին հարևան շրջաններում։ XIX դարի երկրորդ կեսին կյուրինցիները առևտրական կապեր էին հաստատել Ալեքսանդրիայի, Կեսարիայի, Վառնայի և Տրապիզոնի հետ, ի թիվս այլ քաղաքների[5]։ Ուներ եկեղեցիներ (հայ առաքելական, ինչպես նաև կաթոլիկ և բողոքական) և դպրոց[3][5]։ Ենթարկվում էր Կիլիկիո կաթողիկոսությանը[5]։
Կյուրինի հայ բնակչությունը տարագրվել և բնաջնջվել է Մեծ եղեռնի ժամանակ, որից հետո փրկվածների մեծ մասը հայտնվել է Լիբանանում, Սիրիայում և Եգիպտոսում։ Այն տեղերից մի մասն ներգաղթեց Սովետական Հայաստան, բայց շատերն արտագաղթեցին Արգենտինա, Ֆրանսիա, Հունաստան և Միացյալ Նահանգներ հետագա տասնամյակներում[5]։
«Կյուրնո հայրենակցական միությունը» հիմնադրվել է Բոստոնում 1899 թվականին որպես ուսանողական կազմակերպություն։ Ավելի ուշ մասնաճյուղեր են բացվել Հալեպում, Աթենքում, Բեյրութում, Բուենոս Այրեսում, Լիոնում և Նյու Յորքում։ Միությունը օգնել է ցեղասպանությունից փրկված փախստականներին։ Նաև միջոցներ է հայթայթել, որպեսզի Սովետական Հայաստանում հիմնադրվի Նոր Կյուրին գյուղը։ Հայրենակցական միությունը երկու պարբերական է հրատարակել՝ «Կյուրինի հուշ» (1930-1933 թթ․) և «Կյուրինի հուշեր» (1976-1981 թթ․), ինչպես նաև գիրք՝ «Պատմագիրք Կյուրինի» (1974 թ․) վերնագրով[7]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 494)։