Թորգոմ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թորգոմ (այլ կիրառումներ)

Թորգոմ, ըստ առասպելի հայ ազգի հիմնադիր Հայկ նահապետի հայրը, Հայոց (հավանաբար Մեծ և Փոքր Հայքի) անվանադիր նախնի։ Հին կտակարանի ազգացանկում Թորգոմը դիտվում է Գոմերի (Գամրաց նախնի) որդին, Ասքանազի (սակերի նախնի) և Ռիփաթի (պափլագոնացիների նախնի) եղբայրը։
Մովսես Խորենացու մոտ պահպանված ազգացանկում Թորգոմը համարվում է Գոմերի թոռը և Հայոց անվանադիր նախնի Հայկի հայրը։ Եզեկիել մարգարեն հիշատակում է վաճառաշահ «Թոգարմա տունը» (Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ՝ «տուն Թորգոմայ»), որը Տյուրոս քաղաքի վաճառանոցը լցնում է ձիերով ու ջորիներով (Իէ, 14)։ Աստվածաշնչի հին մեկնիչները «տուն Թորգոմայ» կամ «Թորգոմական աշխարհ» ասելով հասկացել են գլխավորապես Հայաստանը։
Որոշ ուսումնասիրողներ «Թորգոմի տունը» նույնացնում են խեթական արձանագրություններում հիշվող Թեգարամա կամ Թագարամա և ասորեստանյան Թիլ-Գարիմմու երկրանուններին։
Աստվածաշնչի հայ հին մեկնիչները Գամերի որդիներ Ասքանազին և Թորգոմին ընդունում են իբրև Հայոց նահապետներ։ Ներկայիս որոշ ուսումնասիրողների մոտ Թորգոմ նահապետը դիտվում է որպես Հայ-Հուրիական ցեղերի /Միտանի, Հայասա, ՈՒրարտու և այլն/ նախահայրը, իսկ Ասքանազը՝ Սայսպերներ, Սպարդաներ («Իշքուզայի» նախասկյութական ցեղեր), Ալաններ, Սակեր և այլ սկյութական ցեղերի նախահայրը, որոնք իրենց մեծ ներդրումն են ունեցել Հայ ժողովրդի էթնոգենեզի ձևավորման պատմական ընթացքի վրա։[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մխիթարյան, Ամասիա (2002). Հաբեթի սերունդները [The descendants of Habet] (arm - հայերեն). Հայաստան, քաղ․ Երևան: Հեղինակայնի հրատարակություն. ISBN 99930-4-060-6.[1]

Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալիշան Ղ., Հայաստան յառաջ քան զլինելն Հայաստան, Վենետիկ, 1904, էջ 114—24:
- Տաշյան Հ., Ուսումն դասական հայերեն լեզուի, Վենետիկ, 1920։
- Ինգլիզյան Վ., Հայաստան Սուրբ Գրքի մեջ, Վենետիկ, 1947։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 205)։ |